Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊՈԼԻԷԹԻԼԱՅԻՆ, ԹԵ՞ ԹՂԹԵ ՏՈՊՐԱԿՆԵՐ

22:16, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
ՊՈԼԻԷԹԻԼԱՅԻՆ, ԹԵ՞ ԹՂԹԵ ՏՈՊՐԱԿՆԵՐ

Մինչ աշխարհի մի շարք երկրներում արդեն հրաժարվել են պոլիէթիլենային տոպրակներից՝այն համարելով չափազանց վտանգավոր շրջակա միջավայրի համար, Հայաստանում օգտագործում են և չեն էլ պատրաստվում հրաժարվել այդ «չարիքից»: Այն դարձել մեր կենցաղի անբաժանելի մասը, որն այդպես էլ չի վերանում մեր փողոցներից, մայթերից, այգիներից, գետնանցումներից և չի կորցնում իր նշանակությունն ու ներկայությունը մեր կենցաղում: Օրվա ընթացքում պոլիէթիլենային տոպրակ օգտագործվում է մինչև 20 անգամ, սակայն այն շատ ուշ է քայքայվում՝100-400 տարվա ընթացքում: Գիտնականններն ապացուցել են, որ աշխարհի աղբի մոտավորապես 75%-ը պոլիէթիլային տոպրակներն են:

Պոլիէթիլենից արդեն իսկ հրաժարվել են ԱՄՆ-ի Լոս Անջելես, Սան Խոսե և Սան-Ֆրանցիսկո քաղաքներում: Ավստրալիայում 2008 թվականից հանրախանութներում արգելվում է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը: Իռլանդիայում յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի գնման համար լրացուցիչ 15 տոկոս վճարելը դրանց օգտագործումը կրճատել է 75-90 տոկոսով: Իտալիան արգելել է օգտագործել մեկ անգամ կիրառվող պոլիէթիլենային տոպրակները 2012 թվականին՝ մասամբ բնապահպանական, մասամբ էլ տնտեսական նկատառումներով, որպեսզի զարկ տա կենսաբանորեն քայքայվող պոլիէթիլենային տոպրակների արտադրմանը, իսկ Եվրոպական միությունը վերջերս օրենք է ընդունել այդ նույն պոլիէթիլենային տոպրակները գալիք 15 տարիների ընթացքում 80 տոկոսով կրճատելու մասին: Վերջերս էլ նախաձեռնությանը միացավ նաև Ֆրանսիան, որտեղ օրենք ընդունվեց, որով արգելվեց պոլիէթիլենային տոպրակների կիրառումը հանրախանութների դրամարկղներում, իսկ 2020 թվականից կարգելվի նաև պլաստիկ ամանեղենի կիրառումը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ պոլիէթիլենային տոպրակները լայն տարածում են գտել վերջին 15 տարիներին, օրենքի որևէ կետ չի սահմանափակում դրանց կիրառությունը: Ընդհակառակը` վերջին տարիներին Հայաստանում խանութները սկսել են սեփական լոգոտիպով տոպրակներ գործածել՝ վերածելով դրանք գովազդի ամենատարածված տարբերակի: Պոլիէթիլենային տոպրակները և պլաստմասսաե տարաները բնությանը և շրջակա միջավայրին վնաս են հասցնում ոչ միայն չքայքայված, այլ անգամ այրված կամ թաղված վիճակում:


    

Դեռևս 2008 թվականին Չինաստանում արգելվել էր անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել գնորդներին, որի շնորհիվ մեկ տարվա ընթացքում գրեթե 3 մլն տոննա նավթ է տնտեսվել:

Իսկ Հայաստանում ընդհամենը ամիսներ առաջ սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները սկսեցին վաճառել գնորդներին, սակայն դա էլ չի խանգարում ժողովրդին կիրառությունից հանել դրանք:

Վերջին մի քանի տարիներին մթերքի որոշ խոշոր խանութներում պոլիէթիլենային տոպրակներին զուգահեռ հնարավորություն է ստեղծվել նաև օգտվելու թղթե տոպրակներից, որոնք, սակայն, հազվադեպ են գործածվում: Սուպերմարկետներից էլ «ՍԱՍ» -ում կարելի է օգտվել թղթե տոպրակներից, սակայն, ըստ խանութի քաղաքականության, դրանք տրամադրվում են միայն միրգ ու բանջարեղեն գնելիս:


    

Ի տարբերություն պոլիէթիլենային տոպրակների, որոնց պատրաստման համար օգտագործվում են քիմիական նյութեր, թղթե տոպրակները ստանում են փայտից, հետևաբար` դրանք էկոլոգիական տեսանկյունից մաքուր են: Բացի այդ, թղթե և կտորե տոպրակները կարելի է բազմիցս օգտագործել: Թղթի քայքայման ժամանակահատվածը շատ կարճ է, որից հետո այն վերածվում է օրգանական նյութերի, իսկ պոլիէթիլենը չի քայքայվում մոտավորապես 150 տարի: Թղթե տոպրակների առավելությունները բազմաթիվ են, հատկապես կարևոր է դրանց էկոլոգիական մաքրությունը, քանի որ տնտեսական առումով թղթե տոպրակները ամենևին էլ ձեռնտու չեն: Բանն այն է, որ դրանց արտադրությունը 5-10 անգամ ավելի թանկ է` պոլիէթիլենային տոպրակների համեմատ: Մեր երկրում պահանջը էկոլոգիապես մաքուր թղթե տոպրակների նկատմամբ այդքան էլ մեծ չէ: Ցավոք, թղթե տոպրակ ասելով` մարդիկ հասկանում են տոպրակներ, որոնք պատրաստված են հաստ թղթից և նախատեսված են նվերների համար: Եթե յուրաքանչյուր հաճախորդ ամեն առավոտ խանութում պոլիթիլենային տոպրակի փոխարեն պահանջի թղթե տոպրակ կամ օգտագործի կտորից պատրաստված տոպրակ, ապա Երկիր մոլորակում պոլիէթիլենային աղբը այս չափերի չէր հասնի: Հուսանք, մարդիկ կսկսեն մտածել այս ուղղությամբ, քանի որ այսպիսով նախ և առաջ կլուծվի բնության պահպանության խնդիր, այլ հարց է` արդյոք մեր հասարակությունն ի վիճակի՞ է կրկնակի վճարել` բնությանը վնաս չպատճառելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7556 | 0 | 0
Facebook