Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՐԴԱՆ ԽԱՐԱԶՅԱՆ ԱՆՀԱՅՏ ՀԱՍՑԵՆԵՐ՝ ԱՆԳՏՆԵԼԻ ՎԱՅՐԵՐՈՒՄ... (Այս Նովելը նվիրվում է ԱՆԱՀԻՏԻՆ)

12:29, չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2016 թ.
ՎԱՐԴԱՆ ԽԱՐԱԶՅԱՆ ԱՆՀԱՅՏ ՀԱՍՑԵՆԵՐ՝ ԱՆԳՏՆԵԼԻ ՎԱՅՐԵՐՈՒՄ... (Այս Նովելը նվիրվում է ԱՆԱՀԻՏԻՆ)
     Նա նստեց սալարկին... Միջօրե էր, բայց ոչ ոք չկար փողոցում... Ծովի հեռուներից մեղմասլաց քամու զգույշ հոսանք կար օդում... Տաք, քնքուշ շոյանք էր՝ յոդի եվ մագնեզիումի խառը բուրմունքով... Արմավենու փնջերը ճոճվում էին երկնքում, ծիծաղում էին ուրախությունից եվ մնչոցներ արձակում... Երբ տխուր ես՝ նայիր արմավենիներին... Նրանք միշտ ծիծաղում են՝ նույնիսկ երբ օրը մռայլ է... Ծիծաղ հասկացությունը աշխարհում միայն նրանց է վերաբերում... Բոլոր արմավենիները ծիծաղ են... Երկինքը ճաճանչափայլ կապույտ է... Ասես Աստծու առաջին կապույտը՝ աշխարհի վրա... Վարդաթփերը փաթաթվել ու բարձրացել են կիպարիսների շարքերով վեր եվ հավակնում են սրածայր գագաթներին... Լայնասփյուռ մի ծառ թռչներամի թեվաթափահարման պատրանք է արձակում... Քամու եվ սկյուռների վազվզոց կա ստվար ճյուղերի մեջ...
     Տղամարդը նստեց ծառուղու սալարկին, ձախ ձեռքի ափը ետ դրեց սիզախոտին ու հենվեց վրան, իսկ աջով սուրճի կապրոնե գավաթը մոտեցրեց շուրթերին... Նրան թվաց, թե մի ձայն կանչեց իրեն, բայց ոչ ոք չկար, ինքն էր միայն ծառուղում, որը ձգվում էր երկար-երկար ու հեռու մի տեղ թվում է հանդիպում էր ծովի ոսկեգույն ավազին... «» , - հանկարծ, չգիտես որտեղից, միտն եկավ՝ ասես գտնվեց այդ հուշը, ինչպես որ սառած վառարանի մոխիրների միջից խաղացող մանուկն է փորփրելով գտնում ուլունքի մի պսպղուն քար... Ահա այդպես նա հիշեց վաղեմության քշված ծվեններից քամուց կրկին հրաշքով իրեն բերված պատանեկության այդ ժապավենը... Որտե՞ղ է նա՝ վաթսունական թվականների այն դեռատի անծանոթ կինը, որն իրեն՝ տասնամյա տղային, Գագրայի մի լիքը ավտոբուսում՝ համբուրելու պես ժպտաց... Այնպես ստացվեց, որ տղայի ծունկը հայտնվեց նրա ծնկների արանքում, եվ աղջիկը տղայի ծունկը իր ծնկներով շոյեց... Տղայի մայրը նստած էր մի չերեվացող տեղ, ու ժամանակ առ ժամանակ իր անվան կանչով հսկում էր իրեն, ավտոբուսը լիքն էր եվ ո՞ւր էր ինքը մոր հետ գնում՝ չգիտեր... Եվ ահա մի տեղ, մի կանգառում այդ աղջիկը ավտոբուս բարձրացավ ու հայտնվեց իր դիմաց... Աղջիկը հարթակի վրա էր, իսկ ինքը աստիճանի, բայց իր մի ոտքը հարթակի վրա էր... Ռուս էր նա, հյուսիսային օտար աշխարհներից Սեվ ծովի ափին իջեվանած մի հովեկուհի՝ ուրիշ աչքերով, ուրիշ վարսերով, ինչը իրեն՝ տղային, հիացքի մատնեց աբխազ կանանցով լիքը այդ ավտոբուսում, եվ աղջիկը գուցե դա զգաց ու համբուրելու պես ժպտաց իրեն... Ամառ էր... Եվ իր ծունկը հայտնվեց նրա ծնկների մեջ... Ավտոբուսի ժխորի ու մերթընդմերթ ճոճումների մեջ միայն իրենք իմացան դա...Նրա մաշկը գգվեց իր մաշկին... Մայրը իրեն կարճ տաբատ էր հագցնում ծովափին, եվ իր մերկ տղայական ծունկը այդ իրենից մեծ դեռատի կինը իր ծնկներով շոյեց... Ընդամենը մեկ անգամ ինքը համարձակվեց նայել կնոջը երբ իր ծունկը նրա ծնկների մեջ էր, եվ նա ժպտաց իրեն... Ողջ ճանապարհին ինքը զգաց այդ դեռատի շիկահեր կնոջ անբառբառ գուրգուրանքը իր մաշկին, մինչեվ որ մոր ձայնն ասաց, թե իջնելու ժամանակն է... Ինքը կուզեր գնալ նրա հետ, բայց մայրը իջեցրեց... Էլ երբեք ինքը իր ամբողջ կյանքում նման գգվանք չունեցավ, իր ծնկի մաշկը մի այլ մաշկից երբեք այլեվս նման հպում չստացավ...Աբխազական կամ վրացական կամ համշենական մի գյուղակի մոտ ինքն ու մայրը իջան, իսկ ավտոբուսը տարավ նրան՝ մուգ-կանաչ աչքերով, ծովափի չթե թեթեվ զգեստով շիկահեր այդ աղջկան, որն իրենից մեծ կլիներ մի տասնհինգ տարով, բայց որն իրեն սիրեց մի անըմբռնելի քնքշության երբեք չմոռացվող ուժի կնիքով եվ միակ հանդիպման ենթագիտակցականության խորին մղումով... Դա սեռերի սեր չէր, այլ մեծ քրոջ գգվանք իր փոքր եղբորը, կնոջ կանացիության նվիրում այն տղային, որը գեղեցիկ աղաչանք է՝ հայտնված այս չար աշխարհում... Որտե՞ղ է տեսնես հիմա նա, - մտածեց տղամարդը, - նա, որի ոչ անունն է երբևէ իմացել, ոչ էլ ձայնն է երբևէ լսել, որի հետ մեկ բառ, մեկ խոսք անգամ փոխանակած չկա... Ընդամենը մի տասնհինգ րոպե եղել են դեմ դիմաց՝ պատահականության խաղով, եվ ընդամենը տղայի իր արեվաթուխ ծունկը գգվել է նրա ծնկների հպումներում, ու միայն իրենք են իմացել եվ հասկացել այն, ինչ ոչ մի բառով հնարավոր չէ երբևէ շարադրել... Կա՞, արդյոք, նա աշխարհի երեսին, եվ որտե՞ղ է արդյոք... Ինչպիսի՞ն է հիմա նրա դեմքը, մազերը, աչքերը... Կնճիռներն են պատել նրան, այն գեղեցիկ աղջկան, որը սիրեց իրեն հեռավոր ամառվա այդ կորած-մոլորած աբխազական ավտոբուսում... Իսկ գուցե նա մեռել է վաղուց եվ չկա այլեվս աշխարհի երեսին... Չկա իր մայրը, չկան ավտոբուսի աբխազուհի կանայք, չկան այն օրերը, ինքն է մենակ՝ այն աղաչանք-տղան եվ քամու բերած այրող հուշերը...
     «» ... ՎԱՐԴԱՆ ԽԱՐԱԶՅԱՆ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4672 | 0 | 0
Facebook