Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդը ինքը պիտի իր ձեռքերով ստեղծի իր դրախտը ու ԴՈՂԱ իր դրախտի համար...

13:04, հինգշաբթի, 11 հունիսի, 2015 թ.
Մարդը ինքը պիտի իր ձեռքերով ստեղծի իր դրախտը ու ԴՈՂԱ իր դրախտի համար...
     Գիշերը վաղուց կիսվել է, իսկ անքնությունը համառ հյուրի նման եկել, բազմել է սենյակումս: Ինքը քիչ է, հետն էլ մի շարան հիշողություններ է բերել: Եկել են ու հարմար տեղավորվել: Ամենահամառը փորձում է լուռ զրույցի բռնվել: Սենյակում լսվում է կողակցիս հանգիստ շնչառությունը: -Տեսնո՞ւմ ես, ինչ հանգիստ քնած է, - ասում է նա: -Հետո ինչ, - պատասխանում եմ ես: -Դե ոչինչ, ուղղակի էն ժամանակ ինչ խենթ ու խելառ էր, հիմա մեծացել է, -ասում է նա: -Նա հիմա էլ խենթ ու խելառ է, տարիքն է մեծացել, հոգին նույնն է, - ասում եմ ես: -Իսկ ծաղիկները հիշո՞ւմ ես, - հարցնում է նա: -Իհարկե, հիշում եմ... ... Մեր տունը երկհարկանի էր: Ամռանը պատուհանները բաց էինք քնում: Այդ ժամանակ ես քսան տարեկան էի ու խենթի նման սիրահարված Նրան: Ուրախանում էի, երբ գիշեր էր գալիս, քանի որ կարող էի երազել, ժպտալ ու քույրս չէր ասի. «Լսի, երեք անգամ նույն հարցը տալիս եմ, որտե՞ղ ես»: Երազում էի ու էդպես քնում: Առավոտյան զգում եմ, որ մի բան թրմփոցով ընկնում է դեմքիս: Աչքերս բացում եմ ու... ծաղիկների մի հսկա փունջ է դեմքիս ընկած: Լսում եմ քրոջս կիսահեգնական ձայնը. «Վեր կաց, Սիրահարը գիշերը պատուհանից ծաղիկ է գցել»: Լուռ ժպտում եմ: Զարմանալի էր: Հանդիպում էինք, զրուցում, թափառում, բայց ոչ մի անգամ դրսում ծաղիկներ չէր նվիրում: Հաջորդ առավոտյան սենյակումս ծաղիկների փունջ էի գտնում ու խենթանում: Ու ծաղիկների ու նվիրողի հետ գյուղ գնացի` ասելով նրան իր համար ամենացանկալի ու նվիրական խոսքերը. «Որտեղ դու, այնտեղ ես»: Մեկ տարի հետո ծնվեց մեր ավագ որդին, երեք տարի հետո` երկրորդը: Ու մեր երջանկությունը կրկնապատկվեց: Եվ այգում սկսեցին ծաղկել ծաղիկները` մեր տնկած նշենու, դեղձենու, տանձենու: Հետո ծաղկեցին վարդերն ու երիցուկները: Ուրախությունից պար էինք գալիս, երբ մեր որդիները իրենց փոքրիկ ցնցուղով ծաղիկներն էին ջրում... Իսկ ձմռա՞նը: Ձմռանը մեր այգին նորից ծաղկում էր, որովհետև, երբ ձյուն էր գալիս, սկսում էի կասկածել` ձյո՞ւն է եկել, թե՞ խնձորենին է բացել իր սպիտակ, վարդագույն թերթիկները: Թեպետ միշտ չէր, որ ամեն ինչ այդպես հարթ ու սիրուն էր առաջ գնում: Լինում էին և հոգսեր, և խնդիրներ, և ինչու չէ, նաև արցունքներ, բայց քանի որ շաղախված էին սիրով, հեշտությամբ էլ անցնում էին: Ու ես մի բան հասկացա, որ պետք չէր մարդուն տանել, բնակեցնել դրախտում: Մարդը ինքը պիտի իր ձեռքերով ստեղծի իր դրախտը ու ԴՈՂԱ իր դրախտի համար... Չգիտեմ` ոնց եմ քնել: Սուրճի ծանոթ բույրը արթնացնում է: Բացում եմ աչքերս... Մահճակալիս կողքին իմ սիրած սուրճն է ու ինձ նայող թանկ, հարազատ, ժպտացող աչքերը... Շնորհակալ եմ, Տեր Աստված, շատ, շատ, շատ..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4112 | 0 | 0
Facebook