Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

N707 համարում

16:08, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
N707 համարում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ամերիկյան դրամատուրգ Նիլ Սայմոնի «Կալիֆոռնիական մեղեդիներ» գործի հիման վրա բեմադրված ներկայացումը ՝ «N 707», տրագիկոմեդիայի ժանրում էր: Այն բաղկացած էր երեք տարբեր պատմություններից, որոնց լուծումներն էլ ինքնին տարբեր էին: Ներկայացման գլխավոր դերակատարներն էին Լուիզա Ղամբարյանը և Հրաչյա Հարությունյանը, որը նաև բեմադրիչ ռեժիսորն է, Ալիսա Մելիքսեթյանը: Այս ներկայացումը «պայթեցրեց» բեմը մոդեռնիստական կահույքով, ճոխ դեկորներով և լուսային էֆեկտներով. այս ամենին ավելացավ ֆրենկ Սինատրայի «Նյու Յորք» երաժշտությունը, որն ուղղակիորեն հագեցրեց այս շոու ներկայացումը: Հյուրանոցային 707 համարի շքեղաշուք և կոկիկ տեսքը գրավել էր հանդիսատեսի համակրանքը:
     Առաջին գործողություն
    
     Հյուրանոցի 707 համարում բնակվում էին մարդկային երեք տարբեր ճակատագրերով կանայք, որոնց երեքին էլ մարմնավորում էր հանդիսատեսի և հեռուստադիտողի կողմից սիրված, գնահատված արտիստուհի Լուիզան՝ Հաննա անունով:
     Հաննան, որ առաջին պատմության մեջ 40 տարեկան ամուրի, լեզվանի, դժվարությամբ զիջող, բիզնես լեդի էր, բաժանումից հետո կապվել էր 24 տարեկան երիտասարդ տղայի հետ, որը գրում էր «Washington» թերթում: Պերճախոս կին, որ ամուսնուն խոսքի իրավունք չէր տալիս և ամեն պահը օգտագործում էր խայթելու համար, և ամուսինը՝ Բիլլին, որ, ամուսնալուծությունից հետո հետևելով առողջ ապրելակերպին, թողել էր ծխելը, չէր օգտագործում ալկոհոլ, քնելու համար հաբեր չէր օգտագործում, նախընտրությունը տալիս էր բնական հյութերին, թեպետ սիրեկան ունենալու հարցում չէր զիջել կնոջը: Հաննայի և Բիլլի կապող օղակը նրանց 17- ամյա դուստրն էր, որին մի տարի էր մնացել, որպեսզի ընդունվի քոլեջ: Աղջիկը գերադասում էր մնալ հոր մոտ, թեպետ մայրը, դրա հետ այդքան համաձայն չէր, ու փոխզիջման գնալով՝ աղջիկը մնաց հոր մոտ:
     Երկրորդ գործողություն
    
     707 լյուքս համարում Սիդնեյը հոգատար, ուշադիր, սուր հումորի զգացում ունեցող, հմայիչ տղամարդ էր: Նա փորձում էր «Օսկար» մրցանակաբաշխություն գնալուց առաջ, շքեղ, ակնհաճո զգեստով, տոնական սանրվածքով և գեղեցիկ աքսեսուրաներով զարդարված կնոջը` Դիաննային հավատ ներշնչել, որ այդ ճաղատ, մերկ մարդու մրցանակը նրան է շնորհվելու: Չկայացած դերասանուհու աստեղային ժամը այդպես էլ չեկավ. իր չիրականացված երազանքը նա խեղդել էր ալկոհոլի մեջ: Իսկ ամուսինը հերթական դասական պահվածքով փորձում էր հանգստացնել հարբած կնոջը, որ ամեն խոսքի մեջ նշում էր, թե սա մեր համարը չէ:

Երրորդ գործողություն
    
    
     707 համար, որտեղ ամուսինը գլխացավով արթնացավ շիկահեր, մետաքսե գիշերազգեստով աղջկա կողքին, այն էլ այն անպատեհ պահին, երբ կինը համար ժամանեց:
     Մարվինը, որ, խուճապահար եղած, փորձում էր թաքցնել շիկահեր սիրուհուն կնոջից՝ նրան ուղարկելով գնումների՝ դեղատուն, և կինը` Միլլին՝ լինելով համեստ և զուսպ մեկը, որի մտքով անգամ չէր էլ անցնում, թե մի պատ այն կողմ ով կարող է տիրել նրա անկողնուն, քանի որ, նրա արտաքինին նայելով, բավ էր կարծել, որ նա սուր հոտառություն չունեցող կանանցից էր: Մարվինը, փորձելով բացատրությունները հեռվից մոտեցնել իրականությանը, կնոջը ուղեկցեց սենյակ՝ վստահ լինելով, որ նա կտեսնի այդ շիկահերին և այս տագնապահար իրավիճակից դուրս կգա: Միլլին շոկի մեջ էր...
    
     Այս ներկայացման հաջողության բանաձևը այն էր՝ դերասան-ռեժիսոր (դերասան) շփում կար, հոգեվիճակներ էին փոխվում, ինչ-որ մի կյանք էր մտնում: Կան ներկայացումներ, որ դահլիճն ուղղակի շնչում է բեմի շնչառության հետ զուգահեռ. կարծում եմ՝ սա այդ ներկայացումներից մեկն է:


     Սվետլանա Մուրադյան
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4358 | 0 | 0
Facebook