Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ սերը լույս դարձավ կամքի և կյանքի շնորհիվ

01:16, չորեքշաբթի, 20 մայիսի, 2015 թ.
Երբ սերը լույս դարձավ կամքի և կյանքի շնորհիվ

Մայիսի 19-ին Կրթության միջազգային ակադեմիայում տեղի ունեցավ ուսանողուհի Աստղիկ Սարգսյանի «Երբ սերը լույս դարձավ» և բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Ելինյանի «Կամք և Կյանք» գրքերի շնորհանդեսը:
     «Կամք և Կյանք» գրքի հեղինակ Նաիրա Ելինյանը նշեց, որ գիրքը նվիրված է եղեռնից փրկված Մարիամ և Սիրեկան Չիչյանների հիշատակին, գրքում ներկայացված է Եղեռնից փրկված մի աղջնակի՝ ողջ մնալու պատմությունը: Մարդկության հոգու ձայնը երբեք չի լռել: Մեր նախնիների ողբերգությունը ուժ է տալիս պայքարելու արդարության համար, դատապարտել Հայոց ցեղասպանությունը, Եղեռնը չընդունած երկրներին նետել կուտակված ցասումը, որ վերջապես բարոյական ուժ գտնեն ու ընդունեն Ցեղասպանության փաստը: 2015թ.Ապրիլ. Հայաստանը ծաղկեփնջի նման ներկայացավ աշխարհին:
     -Ծաղկի արբեցնող բուրմունքով գարունը հեռու չէ, -եզրափակեց իր խոսքը Նաիրա Ելինյանը:
     «Երբ սերը լույս դարձավ» գրքի հեղինակը խոսեց գրքի լույս տեսնելու և գրքում զետեղված ստեղծագործությունների մասին: Աստղիկ Սարգսյանի լույս տեսած գրքում ներառված են 2013-2015թթ ստեղծագործությունները. գիրքը բաղկացած է 3 պատմվածքներից և բանաստեղծություններից: Գրքի ամենագլխավոր գործը «Կնոջ նավը» ստեղծագործությունն է, որը արվեստի թելերով հյուսված սիրո մասին է, հերոսները ձգտում են կատարելության, մեկը Աստված-բնություն ճանապարհով է փորձում հասնել կատարելության մյուսը` արվեստի և ոգեշնչման միջոցով, թեպետ ճանապարհին հերոսները կորցնում են ու գտնում նոր արժեքներ, որոնք այլ կերպ են ընտրում և մի ուրիշ աշխարհայացք են ձևավորում: Աստղիկն իր խոսքում նաև նշեց, որ իր մոտ ավելի շատ շոշափելի են կյանք, բնություն, Աստված և սեր թեմաները:
     Եվ շնորհանդեսի վերջում իր տպավորություններով կիսվեց գրականագետ Նաիրա Բալայանը:
     Նաիրա Ելինյանի գիրքը կարդալիս բովանդակությունը ընթերցողին տանում էր իր աշխարհ, -ասաց Նաիրա Բալայանը:
     Եղեռնի սահմռկեցուցիչ պատկերներ երևան են գալիս Արամ Հայկազի և Վարուժան Ոսկանյանի գրքերում, բայց Նաիրա Ելինյանի գրքի հիմքում ընկած էր վերապրումը: Գիրքը բաղկացած է երկու մասից. ժամանակային և տարածության զուգահեռումները, ինչպես հիմա ընդունված է գրականության տեսության մեջ ասել, քրոնոտոպը բավական ցայտուն է: Անցյալի և ներկայի կապը սերտորեն միահյուսված է.առաջին մասում անցյալն է, երկրորդ մասում ներկան է, բայց զարմանալիորեն ներկան ուղեկցվում է անցյալով: Առաջին մասում հնգամյա աղջնակի ոդիսականն է, իսկ երկրորդ մասում ծեր կնոջ (տատիկի) պատմությունն է իր թոռնիկին ներկայով, բայց հիշողության հոսքով գնում է դեպի 1915թ-ի այն իրողությունները, որոնք առաջին մասում ընդհատվում են ՝ 2-րդ մասում դառնալով անցյալի վերապատմում-հիշողություն:
     «Պիտի ապրենք, պիտի մնանք հայ, պիտի առաջ գնանք»:
     -Գրականագետի աչքերով կարդացի Աստղիկ Սարգսյանի «Երբ սերը լույս դարձավ…» գիրքը, հասկացա որ ես գործ ունեմ պատկերավոր, մեծ մտածողություն ունեցողի անհատի հետ: Ցանկացած գրող ով ստեղծագործում է պիտի ներքին ջիղ ունենա. ներշնչումը և շնորհը Աստղիկի մոտ ցայտուն կերպով նկատելի են: Աստղիկի ստեղծագործությունները արհեստածին չեն, և երբեք արձակ գործերը, բանաստեղծությունները չպետք է արհեստական լինեն, - եզրափակեց գրականագետ Նաիրա Բալայանը:
    
     Սվետլանա Մուրադյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4901 | 0 | 0
Facebook