Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավետիք Իշխանյան. Այս անգամ մենք գնում ենք քվեարկության

11:10, հինգշաբթի, 31 հունվարի, 2013 թ.
Ավետիք Իշխանյան. Այս անգամ մենք գնում ենք քվեարկության

Հայաստանը պատրաստվում է թվով 6-րդ նախագահական ընտրություններին: Այսօր տարածված է այն կարծիքը, որ ներկայիս ընտրարշավը մրցակցային և բովանդակային չէ: Մեծ աղմուկ և հիասթափության ալիք բարձրացրեց այն հանգամանքը, որ Ազգային Ժողովում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից հետո առավել մեծ ներկայացվածություն ունեցող խորհրդարանական երեք կուսակցությունները գալիք նախագահական ընտրություններին հրաժարվեցին թեկնածուի առաջադրումից և չհայտնեցին, թե որ թեկնածուին են սատարելու: Այնուամենայնիվ, ի՞նչ մթնոլորտում է ընթանում այսօր նախընտրական քարոզչությունը, ինչպես է այն լուսաբանվում, օրենսդրական ի՞նչ խնդիրներ կան ներկայում, ի՞նչ արդյունքներ են ակնկալվում այս անգամվա ընտրություններից:
    
    

Այսօր Կոնգրես հյուրանոցում «Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիտարկումները 2013 թ. ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող գործընթացների վերաբերյալ» հանրային լսումների ժամանակ քննարկվեցին վերոնշյալ հարցերը: Հանդիպմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ, ովքեր հանդես եկան զեկույցներով և իրենց մտահոգող հարցերով:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նկատեց, որ մեր երկրում ընտրություններն ուղեկցվում են քաղաքական ճգնաժամերով:
    
    

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով Հայաստանում ոչ մի ընտրություն չի համապատասխանել միջազգային չափանիշներին և չի հանգեցրել իշխանափոխության: «Ընտրությունը միայն քվեարկությունը չէ, դա ընտրությանը հաջորդող հինգ տարիներն են, որոնց ընթացքում ժողովուրդը որոշում է, թե հաջորդ ընտրությանը ում կտա իր ձայնը»: Ըստ Ավետիք Իշխանյանի դիտարկումների` նախորդ նախագահական ընտրություններն անցել են մրցակցության մթնոլորտում, թեպետ դրանք ուղեկցվել են ժողովրդի հիասթափություններով, հետընտրական ծանր վիճակով, բռնություններով և քաղբանտարկյալներով, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունները ողբերգական էին:
    
    

«Իշխանությունները, նախորդ ընտրություններից հետևություններ անելով, փորձեցին բացառել նախորդ փորձի կրկնությունը: 3 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ԱԺ ընտրություններին իշխող կուսակցությունից հետո առավելագույն ձայներն էին հավաքել, գաղտնի բանակցություններից` հետո առանց լուրջ բացատրության հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցելուց: Ես համարում եմ, որ այս անգամվա ընտրությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ այս անգամ մենք գնում ենք քվեարկության», - ասաց Ավետիք Իշխանյանը` հավելելով, որ ընտրության նման համակարգը հատուկ է բռնապետական երկրին: Նրա կարծիքով համատարած հիասթափությունն է պատճառը, որ մենք այսօր ունենք ոչ մրցակցային ընտրություններ:
    
    

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ ընտրական գործընթացը դարձել է ավելի կազմակերպված, քանի որ մշակվել են կեղծիքների նոր մեխանիզմներ, որոնք առերևույթ չեն: Ավետիք Իշխանյանն ասաց, որ ընտրակեղծիքների նոր մեխանիզմները մշակվում են ոչ թե տեղական, այլ միջազգային դիտորդների համար: Տիկին Այվազյանը, խոսելով ՀՀ ընտրական օրենսգրքում առկա բացթողումների մասին, ասաց, որ եթե նույնիսկ օրենքն ամբողջությամբ կիրառվեր, և չլինեին խախտումներ, միևնույն է` օրենքում առկա բազմաթիվ խնդիրները սահմանափակում են խոսքի ազատությունը: Բանախոսը մեր երկրում առավել տարածված ընտրախախտումներից առանձնացրեց պաշտոնյաների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը, սպառնալիքների գործադրումը և ընտրացուցակների կեղծումը:
    

Սոնա Այվազյանը հայտնեց, որ ԱԺ-ին ընտրացուցակները հրապարակելու առաջարկ են ներկայացրել. «Սա նվազագույնն է, որ պետք է անեն իշխանությունները` իրենց նկատմամբ վստահությունը մեծացնելու համար»:
    
    

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ ինչպես 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ հեռուստաընկերությունները թեկնածուների նկատմամբ խտրական մոտեցում չեն ցուցաբերում: Նա այս հանգամանքը բացատրեց նրանով, որ հեռուստաընկերությունները պոզիտիվ ցուցում են ստացել, նույն հաջողությամբ նրանք կարող էին հակառակ ցուցում ստանալ, ինչի դեպքում պատկերն այլ կլիներ: Պարոն Մելիքյանը սա չի համարում խոսքի ազատության վիճակի բարելավում:
    
    

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով նախընտրական քարոզչության լուսաբանման օբյեկտիվության խնդրին, նշեց, որ ԶԼՄ-ները պարտավոր են թեկնածուներին տրամադրել հավասար հնարավորություններ, այլ ոչ թե հավասար ժամանակ. տրամաբանական է, որ ակտիվ թեկնածուներն ավելի շատ են լուսաբանվում:
    
    

Քննարկումը կազմակերպեցին Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումիՀայաստանի ազգային պլատֆորմը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:
    
     Աղբյուրը` armhels.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4037 | 0 | 0
Facebook