Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՀՀ վարչապետին և նախարարներին պետք է կրթել». Ստեփան Դանիելյան

11:04, հինգշաբթի, 24 հունվարի, 2013 թ.
«ՀՀ վարչապետին և նախարարներին պետք է կրթել». Ստեփան Դանիելյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր հարցը նախագահի լիազորությունների և իշխանության սահմանափակումն է, «անհրաժեշտ է ապահովել դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից»: Նա այս տեսակետը հայտնեց և մեկնաբանեց այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

Ավ. Իշխանյանը նկատեց, որ ռազմավարությունում քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանական բաժանմունքներում անձանց նկատմամբ կատարվող խոշտանգումների կանխարգելման քայլերի մասին մեկնաբանություններ չկան: Նա մտահոգություն հայտնեց նաև այն հարցի վերաբերյալ, որ ըստ օրենքի լրագրողների մուտքը ՔԿՀ չի արգելվում, սակայն օրենքը չի գործում, լրագրողների մուտքը քրեակատարողական հիմարկներ խոչընդոտվում է և արգելվում:

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» վերաբերյալ հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան ելույթներով` խոսելով ռազմավարության դրույթների, բացթողումների և թերի կողմերի մասին:

Ըստ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանի` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից թիրախային խումբ են իշխանության ներկայացուցիչները` վարչապետը և նախարարները, որոնց պետք է կրթել:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ Հայաստանում այսօր հրատապ է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման խնդիրը, որի լուծմանը կնպաստեն նմանատիպ քննարկումները:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իր ելույթում նշեց, որ ռազմավարությունում անտեսված են անչափահասների իրավունքները, խտրականությունից զերծ մնալու իրավունքը, միավորումների ազատության իրավունքը, բացակայում է տրամաբանական կապն այլ փաստատթղթերի հետ: Ըստ բանախոսի` փաստաթղթի նկատմամբ պրոֆեսիոնալ վերաբերմունք չի ցուցաբերվել:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հակված է մտածելու, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացթողումներն ու թերացումները ոչ թե պետական պաշտոնյաների միտումնավոր գործողությունների արդյունք են, այլ նրանց անտեղյակության և անգրագիտության հետևանք: Անդրադառնալով տեղեկատվության ազատության խնդրին` Բարսեղյանը նշեց, որ իշխանությունն իր փողերը չունի, ժողովրդի փողերն է ծախսում, ուստի բարեխիղճ իշխանությունը պետք է պատշաճ տեղեկատվություն տրամադրի հանրությանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն իր ելույթում նշեց, որ ռազմավարությունում անդրադարձ չի կատարվել կոռուպցիայի խնդրին, ընտրախախտումների, ընտրական իրավունքի հետ կապված խնդիրները ևս արծարծված չեն այս փաստաթղթում:
    
     Աղբյուրը` armhels.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4318 | 0 | 0
Facebook