Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդու իրավունքները Արմավիրի մարզի դպրոցներում

17:00, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
Մարդու իրավունքները Արմավիրի մարզի դպրոցներում

Հունվարի 16-ին և 17-ին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի միջնակարգ դպրոցում «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն անցկացրեց մարդու իրավունքների թեմայով երկօրյա դասընթաց, որին մասնակցեցին 8-ից 10-րդ դասարանների 9 աշակերտներ:

«Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Ազիզյանը, ողջունելով մասնակիցներին, խոսեց դասընթացի նպատակների մասին, ապա մասնակիցները ներկայացրեցին իրենց ակնկալիքները դասընթացից:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանը, ով վարում էր դասընթացը, ներկայացրեց Մարդու իրավունքների հայեցակարգն ու սկզբունքները, քննարկվեցին, թե ինչ արժեքներ են ընկած մարդու իրավունքների հասկացության հիմքում: Ապա մասնակիցներին տրվեց ժամանակ, որպեսզի նրանք երկու առանձին խմբերով նախապատրաստեն և մնջախաղային բեմականացման միջոցով ներկայացնեն մարդու իրավունքների խախտումներ պարունակող դեպքեր այնպես, որ տարբեր մշակույթներ կրթող և տարբեր լեզուներով խոսող մարդկանց համար հասկանալի լինի: Բեմականացումները ցուցադրելուց հետո ներկաները քննարկեցին, թե որքանով էին այդ խախտումները համարվում մարդու իրավունքների խախտումներ, և ինչ իրավունքներ էին խախտված:

Մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի, որոնցից յուրաքանչյուրին տրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 10-ական հոդված՝ ծանոթանալու: Ապա բոլոր խմբերի մասնակիցները միմյանց ներկայացրեցին իրենց հանձնարարված հոդվածները: Այդպիսով բոլորը ծանոթացան ամբողջ հռչակագրին: Ընդհանուր քննարկման ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց, թե որ հոդվածներն են առավել տպավորվել իրենց մեջ:

Ներկայացվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:

Երեխայի իրավունքների ներկայացումից առաջ քննարկվեցին տարբեր դեպքեր` երեխայի իրավունքների խախտումներով և առանց խախտումների, մասնակիցները որոշում էին, թե ո՞ր դեպքերում կան երեխայի իրավունքների խախտումներ:

Մասնակիցներին ծրարներով տրվեցին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հոդվածներով քարտեր, և նրանք պետք է ըստ առաջնահերթության դասավորեին առավել կարևոր 9 հոդվածները: Խմբերով առանձին աշխատելուց հետո աշակերտները ներկայացրեցին իրենց առանձնացրած առավել կարևոր հոդվածները, ապա ընդհանուր քննարկման ընթացքում եկան այն համոզման, որ առաջնահերթ և երկրորդական իրավունքներ գոյություն չունեն` բոլորն էլ հավասարապես կարևոր են:

Դասընթացի մասնակիցներին հանձնարարվեց զանգվածային լրատվամիջոցներից, համացանցից գտնել մարդու իրավունքների ոտնահարումներ արծարծող նորություններ: Մասնակիցների առանձնացրած լուրերը քննարկվեցին. արդյոք ներկայացված դեպքերը պարունակո՞ւմ էին մարդու իրավունքների խախտումներ, և ի՞նչ իրավունքներ էին խախտված:

Դասընթացի վերջում մասնակիցները գնահատեցին դասընթացը` անդրադառնալով իրենց ակնկալիքներին, քննարկեցին, թե որքանով են դրանք իրականացել:

Նմանատիպ դասընթացներ իրականացվելու են նաև Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ, Արմավիր քաղաքի թիվ չորս, Հայթաղի և Նորապատի միջնակարգ դպրոցներում` 8-12-րդ դասարանի թվով 8-10 աշակերտների շրջանում: Վերջիններս իրենց ստացած գիտելիքներով կիսվելու են իրենց դպրոցների այլ աշակերտների հետ, ինչը հնարավորություն կտա մյուսներին ևս տեղեկացված լինելու իրենց իրավունքների մասին: Մարտ ամսին ծրագրին մասնակցած դպրոցների միջև տեղի կունենա միջդպրոցական մրցութային միջոցառում:

Դասընթացներն իրականացվում են «Ես կարող եմ պաշտպանվել» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել Արմավիրի հանրակրթական դպրոցների աշակերտների իրավագիտակցության մակարդակը` նպաստելով նրանց նկատմամբ բռնության դեպքերի նվազեցմանը:

«Ի զարմանս ինձ, երեխաները բավականին տեղեկացված էին, նրանք հեշտությամբ ներգրավվեցին գործընթացին և ակտիվորեն մասնակցեցին դասընթացին: Կարծում եմ, որ սեմինարների ավարտին երեխաներն արդեն տարբերում են մարդու իրավունքների խախտումներն այլ իրավախատումներից», - ասաց դասընթացավար Հասմիկ Հովհաննիսյանը:

"Մարդու իրավունքները" թեմայով դասընթաց Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի դպրոցում
"Մարդու իրավունքները" թեմայով դասընթաց Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի դպրոցում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4781 | 0 | 0
Facebook