Մի՛ թարգմանիր ինձ…
Կարծես իրար չենք հասկանում,
Այլ լեզվով ես խոսում կարծես,
Ես փորձո՛ւմ եմ, անվե՜րջ փորձում,
Վերծանե՛լ քեզ, թարգմանե՛լ քեզ:
Ու մերթընդմերթ հնչում են ինձ ծանոթ բառեր,
Ու ես` կառչած հույսի վերջին շողից,
Սկսում եմ մեղքի մթին իմ քարայրում
Հույսե՛ր փնտրել, լույսե՛ր փնտրել:
Լույսեր, որոնք ինձ ցույց կտան ճամփան կյանքի,
Քեզ կարդալու՛, թարգմանելու՛, հասկանալու՛…
Բայց չի ստացվում…
Շատ խրթին է ու շատ բարդ է հոգուդ լեզուն…
Ու չե՛մ ուզում կրկին խաբվել լուրթ երազի իմ պատրանքով,
Մի անհատնու՜մ քամահրանք, մի խենթություն խելակորույս
Պարուրում է միտքս անպարտ,
Ու ես կրկին ցա՛ծ եմ նետում վե՛հ քարայրից հոգի՜ս հպարտ:
Ձեռքս վերցնում քեզ թարգմանող բառարանը
Ու փորձում եմ, նորի՜ց փորձում
Գտնել այնտեղ ծանոթ բառեր,
Իմ մթագնած հոգուն հարի՜ր, լուսաբանող անգո խոսքեր…
Բայց իզու՜ր է: Դու ասում ես…
Մի՛ թարգմանի՜ր…
Ես չե՛մ ուզում…
Կարդա դու ինձ թե կարող ես` ԲՆԱԳՐՈՎ…
Ու հասկացա՛ խորհուրդը քո քաղցր խոսքի;
Գիտե՛մ լեզուն, որով պիտի ընթերցեմ քեզ ու հասկանամ…
Սիրո՛ լեզուն….
Պա՛րզ, անմարմի՛ն ու անանո՛ւն…
Ու հանդարտվե՛ց հոգիս հպարտ:
Ես հասկացա շա~տ պարզ մի բան.
Երբ սիրում ես, հարկավո՛ր չէ
Ո՛չ թարգմանիչ, ո՛չ բառարան…