Աղոթք
18:54, չորեքշաբթի, 09 հուլիսի, 2014 թ.
Հա՛յր մեր… - Այո՛… - Մի՛ ընդհատիր, ես աղոթում եմ: - Բայց չէ՞ որ դու Ինձ կանչեցիր: - Կանչեցի՞, Քե՞զ… Ես Քեզ չեմ կանչել, ես պարզապես աղոթում եմ: Հա՛յր մեր, որ երկնքում ես… - Ահա՛, կրկին դու կանչեցիր Ինձ: - Ի՞նչ արեցի: - Կանչեցիր Ինձ, ասացիր. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»: Ահա և Ես, ի՞նչ է պատահել: - Ես ոչինչ էլ չէի ուզում դրանով ասել, ես պարզապես իմ ամենօրյա աղոթքն եմ անում: Միշտ այսպես եմ աղոթում: Մի տեսակ զգում եմ, որ պարտավոր եմ անել այն: - Լա՛վ, շարունակի՛ր: - Թո՛ղ Քո անունը սուրբ լինի… - Մեկ րոպե… դու ի՞նչ ի նկատի ունես: - Դե՜… դա նշանակում է… Որտեղի՞ց կարող եմ իմանալ՝ դա ինչ է նշանակում: Պարզապես աղոթքի մի մասն է: Իմիջիայլոց, ի՞նչ է դա նշանակում: - Դա նշանակում է արժանի, սուրբ, հրաշալի, փառավոր… - Այ հիմա պարզ է: Մինչ այդ երբևէ չէի մտածել՝ ինչ է նշանակում «սուրբ լինի»: Թո՛ղ Քո արքայությունը գա, թո՛ղ Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: - Դու իրականում ցանկանո՞ւմ ես դա: - Իհա՛րկե, իսկ ինչո՞ւ ոչ: - Իսկ ի՞նչ ես պատրաստվում անել այդ դեպքում: - Անե՞լ… Երևի ոչինչ: Ուղղակի կարծում եմ շատ լավ կլինի, երբ Դու ամեն բան Քո վերահսկողության տակ պահես այստեղ, ինչպես որ երկնքում: - Իսկ Ես ունե՞մ իշխանություն քեզ վրա: - Դե՜… ես եկեղեցի եմ հաճախում: - Դա այն չէ, ինչ Ես հարցրի: - Բավական չէ՞ ինձ մեղադրել: Ես ոչնչով վատը չեմ երեսպաշտներից, որ նույնպես եկեղեցի են գնում: - Ների՛ր, բայց կարծում եմ դու աղոթում էիր, որ Իմ կամքը լինի: - Դե լավ: Կարծում եմ մի քանի բանի վրա կարելի է աշխատել: - Հիանալի՜ է: - Տե՛ր, ես պետք է ավարտեմ աղոթքս: Սովորաբար այն այսքան երկար չէր տևում: Հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր… - Այո՛, իսկ դու անընդհատ անհանգստանում ես վաղվա օրվա համար: - Մեկ րոպե. դա ի՞նչ է նշանակում: Ես այստեղ կանգնած՝ փորձում եմ իրականացնել իմ կրոնական պարտականությունները, իսկ Դու անվերջ ընդհատում ես ինձ և հիշեցնում զանցանքներիս մասին: - Գիտե՞ս, երբ աղոթում ես, մշտապես «վտանգ» կա, որ այն կավարտես լիովին փոխված: Դու կանչեցիր Ինձ, և ահա Ես այստեղ եմ: Շարունակի՛ր աղոթել: - Ես վախենում եմ… - Ինչի՞ց… - Արդեն չգիտեմ՝ ի՞նչ կասես: - Փորձի՛ր և կտեսնես: - Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին… - Եվ ինչպե՞ս են գործերդ ներման հետ կապված: - Դեե՛… Ես չեմ կարող նրան ներել, Դու Ինքդ գիտես այդ մասին: - Այդ դեպքում ո՞ւր մնաց աղոթքդ, ի՞նչ էիր աղոթում քիչ առաջ: - Ես նկատի չունեի այն, ինչ աղոթում էի: - Ուրեմն այսուհետ իմացի՛ր… Եթե աղոթքիդ նպատակն Ինձ հետ զրուցելը չէ, այլ աղոթում ես, որովհետև հարկն է այդպիսին, ապա դա միայն կրոն է… և Ես այնտեղ չկամ… Ես ականջ եմ դնում սրտին, այլ ոչ երբեք՝ խոսքերին…) |
Հավանել
0
Չհավանել
0
2183 | 0 | 0 | 0