Ո՞վ եմ ես, չգիտե՛մ, ես այնքան տարբեր եմ ու այնքան նման այս մարդկության խումբ կոչվող մարդկանց: Գուցե ես մի թռչնակ եմ, ով ուզում է թևերը բացել ու թռչել, բայց չի հասկանում, որ թռչելու համար՝բացի թևերից, հարկավոր է նաև իմաստ: Գուցե ես մի ծաղիկ եմ, ով ուզում է դուրս գալ հողից, ժպտալ արևին, դիմավորել մեղուներին ու երկար ապրել, բայց չի հասկանում, որ ծաղիկները շուտ են մեռնում: Նրանք էլ, մարդկանց պես, ուզում են ազատություն ձեռք բերել, ուզում են պոկվել հողից, բայց չեն հասկանում, որ ժամանակ առ ժամանակ հենց մեր ազատությունն է մեզ սպանում: Ես այնքան տարբեր եմ իմ շրջապատից. ցավեր տեսած, խնդիրներ լուծած, դավաճանությանն ու կեղծիքին արդեն համակերպված մեկը, ով իր աչքերում պահում է մի կիսախավար հավատ, որը գուցե դառնա լույս: Մի անխորհուրդ ու ավերված հավատ, որ դեռ կան բարին, հավատը, վստահությունը: Ո՛չ, ես ավելի շատ նման եմ լուսնին, որը շրջապատված է բազմաթիվ աստղերով, բայց, միևնույն է, մենակ է: Նրան նման չէ ոչ մի աստղ, ոչ մի մոլորակ: Իսկ լուսինը արտաքուստ սառն է, որովհետև նրան էլ չի ջերմացնում ոչ ոք: Բայց այո՛, մենք նաև տարբեր ենք, եթե նա կարիք ունի մեկի, ով կջերմացնի իրեն, ապա ես վաղուց հասկացել եմ, որ ոչ մեկի վրա հույս դնել չի կարելի, քանզի այդ հույսերը հօդս են ցնդում, վերանում: Ես նման եմ լճի, որից այնքան գետակներ են դուրս գալիս, բայց ոչ մեկը ներս չի թափվում: Տալիս եմ հոգիս, բայց պատասխան չեմ ստանում: Վերցնում են հոգիս ու հեռանում: Ես նաև մի տերև եմ, որ մնացել է աշնանային վերջին տերևաթափից, որի ընկերներին քամին քշել է արդեն, տարել է հեռու: Իսկ ես դեռ պառկած եմ գետնին, գուցե չեմ էլ ուզում թռչել-գնալ, քանզի այնքան եմ թուլացել, անգամ փոքրիկ մարմնիս խորը վերքեր են առաջացել: Ես գուցե մի բողբոջ եմ, ում կտրեցին ծառից ու մի այլ տեղ թաղեցին, բայց մոռացան խնամել, ու այն չորացավ... Ու, քավ լիցի, եթե անգամ չիմանամ, թե ով եմ ես, ապա վերջում կդառնամ ծովի ալիք, որը կտարուբերվի քամուց, բայց, այդ պահը կանգնեցնելու խենթ ցանկությամբ, չի լքի ծովը...