Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերը հավերժ է... (մաս 2)

12:31, կիրակի, 04 մայիսի, 2014 թ.

Բայց…
     Օ՛հ, այդ «բայց» -ը…Եղավ այդ բայցը նաև մեր կյանքում:
     Այդ օրն էլ մյուս բոլոր օրերի նման ժպիտը դեմքիս սպասում էի ՆՐԱՆ:
     Եկավ… թախծոտ ու լռին, դանդաղ քայլերով մոտեցավ ինձ… երկար ժամանակ մնաց անշարժ ու ոչ մի բառ չարտաբերեց…նայում էր տամուկ աչքերով, շրթունքները պինդ սեղմած իրար, ըստ երևույթին զսպելով իրեն, որ լաց չլինի: Չէր պատասխանում իմ ոչ մի հարցին…միայն երկար ժամանակ պնդելուց հետո հազիվհազ արտաբերեց հետևյալ տողերը.
     - Մոռացիր ինձ խնդրում եմ…Ես չէի ուզում, որ ամեն ինչ այսպես ստացվեր, ներիր ինձ…
     Այդ խոսքերից հետո կարծես քարացա, չէի զգում ոչինչ, չէի գիտակցում, չէի ապրում: Զգում էի մի բան միայն՝ խեղդվում էի… ՆՐԱ խոսքերը անընդհատ հնչում էին ականջներումս, բայց չէի ուզում հավատալ, թվում էր, թե երազ է, կարթնանամ ու ամեն ինչ նորից իր տեղը կընկնի…բայց, միայն թվում էր… Աչքիցս հոսեց մի կաթիլ աղի արցունք, դողացող ձեռքս անօգուտ շարժում արեց բարձրանալու և սրբելու այն, իսկ արցունքոտ շրթունքներս շշնջացին. «Ինչու՞…»
     Հարցիս պատասխանը լսելուց հետո ես հասկացա, որ ամեն ինչ կտայի, միայն թե չիմանայի այն, ինչ ՆԱ այդքան անկեղծորեն ինձ խոստովանեց… Բայց արդեն ուշ էր, ես լսել էի…
     Վերջին անգամ նայեցինք իրար ու լուռ բաժանվեցինք… Ես ոչինչ չասացի… համաձայնեցի…Ես ուղղակի լռեցի` ձևացնելով, թե այդպես էլ պետք է լիներ…Իսկ համաձայնություն հայտնող ամեն մի բառիս հետ ՆՐԱՆ գրված անհամար արցունքներ, անթիվ կոտրված երազանքներ էին թափվում: Հպարտությունս ասես դեմ էր առել սրտիս և ստիպում էր ցած չիջնել, չնվաստանալ…Իսկ սիրտս` ուղղակի խեղդված վիրավորանքից, այլևս չէր պայքարում` ՆՐԱՆ արդարացնելու համար …
     Այդ օրից ի վեր շատ բան փոխվեց իմ մեջ…ողջ աշխարհը ասես մի վայրկյանում ամայացավ, իսկ այն տրամադրությունը, այն զգացողությունը` հուզմունքից մատների տարօրինակ սառնությունը, երեսիցս չպակասող, ինձ չենթարկվող ժպիտը վերացավ: Այն ամենը, ինչը միշտ ինձ հետ էր, երբ ՆԱ կողքիս էր, մի վայրկյանում հօդս ցնդեց, ամայացավ…
     Այդ պահին ամեն ինչ ամենից շատ կուզեի, որ աշխարհում լիներ մեկը, ով սիրտս կփոխարիներ մի ցեխոտ քարով, ամուր քարով, որ կյանքում չփշրվեր, որ չսիրահարվեր, որ չբաբախեր նույնիսկ, որ չտանջեր հոգիս, որ չտանջեր աչքերս…
     Մի՞թե մեղավոր էի, որ սիրտս սկսել էր սովորականից ավելի արագ բաբախել, որ զգացմունքներս ակամա ծաղկել էին… Եթե մեղավոր էի, ապա, կներեք, որ սիրտս ջերմացել էր ՆՐԱ սիրուց, որ դեմքիս ժպիտ էր հայտնվել:
     Ախր ինչու՞ չէի կարող սիրտս կանգնեցնել և այդպես ապրել, ինչու՞ չէի կարող զգայարաններս սառեցնել այնպես, որ կյանքում էլ չհալչեն, ինչու՞ չէի կարող իմանալ այս ինչուների պատասխանները…Ինչուներիս որովհետևն էի ես փնտրում…
     Խնդրում եմ, բերեˊք ինձ մոտ այնպիսի մի մարդու, ում հնչեցրած բոլոր նախադասությունները կսկսվեն որովհետև շաղկապով…
     Եթե ես իմանայի, որ այդ օրը կարթնանամ ու ՆՐԱՆ կկորցնեմ, ապա հաստատ չէի արթնանա կամ էլ չէի քնի, որ գիշերը չգա, որովհետև եթե այդ գիշերը չգար, նոր օրը չէր բացվի ու մենք իրար չէինք կորցնի…
     Եթե իմանայի, ես կհամաձայնեի, որ այդ գիշերը հավերժ մնար: Թող հավերժ մթություն տիրեր աշխարհում, միայն թե ՆԱ չհեռանար: Ամեն դեպքում ՆՐԱ հեռանալուց հետո ես կամա թե ակամա չքնելու կարողություն ձեռք բերեցի, երևի վախենում էի, որ եթե քնեմ, կարթնանամ ու էլի ինչ-որ բան կկորցնեմ: Գիշերը ցերեկվա պես լուսավոր դարձավ, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ ցերեկս խավարի վերածեց իր հեռանալով:
     Ես հասկացա, որ երջանկությունն էլ անձրևի պես մի բան է: Անձրևի նման նա էլ ուժգին թափվում է գլխիդ և մինչ հասցնում ես գիտակցել, որ երջանիկ ես, կտրվում է, անհետանում: Նրանից միայն մնում են ասֆալտի վրա մնացած ջրափոսերը` հիշողությունները: Մեծ անձրևից մեծ ջրափոսեր են մնում, մեծ երջանկությունից` խորը հիշողությունները: Որոշ ջրափոսեր արագ են չորանում, որոշներն էլ դանդաղ և նույնիսկ չորանալուց հետո հետք են թողնում ասֆալտի վրա` ինչպես հիշողությունները:
     Չէի հավատում…մի՞թե սա էր այն վերջը, որը նախատեսված էր մեզ համար…թե երբ գտանք իրար, սիրեցինք ու կորցրեցինք մեկմեկու այդպես էլ չհասցրի հասկանալ… Ոչ ոք չէր հրավիրել ՆՐԱՆ իմ կյանք, ՆԱ գեղեցիկ ներխուժեց և «գեղեցիկ» էլ հեռացավ… ՆԱ եկավ առանց հրավերի՝ իր շնչով լցնելու իմ աշխարհի դատարկությունը, իր լուսանկարն ընդմիշտ դաջելու իմ հոգու պատկերասրահի մերկ պատերին ու հեռանալու….
     Ես բազմիցս լսել էի մարդկանցից, որ հիասթափված են, մոլորված, բայց երբեք չէի հասկացել նրանց այնպես, ինչպես այդ ժամանակ: Կյանքում ամենադաժան բանը հիասթափությունն է… տարօրինակ է, որ դրանից հետո մարդ արարածը կենդանի է մնում: Իսկ մի՞թե «դրանից հետո» լինում է… Արդեն չգիտեմ էլ …
     Միայն մի բան է հաստատ՝ առանց սիրո ես չմահացա … այո՛, չմահացա, բայց դա դեռևս չէր նշանակում, որ ես ապրում էի …Սևակը տեղին է ասել.
     «Ասում են, թե առանց սիրո
     Կարելի է մեկտեղ ապրել:
     Ես ժխտում եմ.
     Կարելի է չմահանա՜լ,
     Ո՛չ թե ապրել»:
     …Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել նկարագրել այն ամենը, ինչ տեղի ունեցավ ինձ հետ ՆՐԱ գնալուց հետո… Միևնույնն է ուրիշը երբեք չի կարող իմանալ, թե ոնց եմ ես տառապել, որովհետև նա ուրիշ մեկն է, ես չեմ…
     …Ինձ համար դժվար էր աշխարհը պատկերացնել առանց ՆՐԱ… իսկ մոռանալ նրան, ում հետ ես մոռանում էի ամենքին, պարզապես անհնար էր: Մոռանալ…մի տեսեք, թե ինչ խոսք է: Մարդը չի կարող ապրել առանց մոռացության, բայց և չի կարող մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:
     Մոռանալու բուռն ցանկությունն էր նրան հիշելու ամենաուժեղ խթանը… Խոստովանում եմ, որ ես ավելի շուտ կմոռանայի ինքս ինձ, քան ՆՐԱՆ: Ես ամուր կապերով կապված էի ՆՐԱ հետ, և բանականությունը չէր կարող քանդել սիրո շղթաներով ամրացված այդ կապերը:
     Այդպես սիրում են միայն մեկ անգամ …… ինքնամոռաց, անձնվիրաբար: Կարծում եք չափազանցնու՞մ եմ: Ո՛չ… Պատկերացնու՞մ եք, թե որքա՜ն ցավ ու տառապանք է բերում այդ սերը: Իսկ գիտե՞ք, թե որքան դժվար է հրաժարվել նրանից: Չէ՛, չեք կարող պատկերացնել… Երբ ստիպված ես լինում բաժանվել մեկից, ում սիրում ես կյանքիցդ շատ ու մի քիչ էլ ավելի, երբ գիտակցում ես, որ էլ չպետք է նրան սիրել քեզանից շատ, երբ ոռնում է սիրտդ…
     Իսկ ի՞նչ եք կարծում, այդ սերը ատելության է վերածվում: Ո՛չ, այն հենց այդպես էլ մնում է, չի փոխվում: Ժամանակի ընթացքում այն թվացյալ քուն է մտնում, խամրում, շղարշվում նոր զգացումներով… Բայց բավական է մի լուսանկար, մի երգ, մի բառ անցյալից ու ամեն ինչ վերակենդանանում է:
     Պետք չէ այդպես սիրել, չի կարելի… երբ ես հասկացա, արդեն շատ ուշ էր…
     Այդպես շատ քչերը կարող են սիրել, եզակիները, չգիտեմ էլ` եզակի բախտավորները, թե դժբախտները… այնուամենայնիվ ես այդ եզակիներից եղա ու չեմ զղջում, որ հենց այդպես եմ սիրել… Ինչի՞ համար զղջալ: Այն գեղեցիկ պահերի, այն երջանկությա՞ն համար, որ ապրեցի այդ կարճ ժամանակահատվածում: Զղջալը կյանքում ամենաանօգուտ բանն է…Թեև հիմա ՆԱ` իմ կյանքի փոքրիկ այդ լույսը, վաղուց արդեն չի լուսավորում իմ ներկան, միևնույնն է ես զղջալու ոչ մի առիթ և պատճառ չունեմ… Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել. դա անհնար է, և պետք էլ չէ: Ուղղակի պետք է ապրել ու վայելել այդ ակնթարթը: Ակնթարթ, որը կարող է երբևէ էլ չկրկնվել, որը կարող է վերջանալ նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի և սկսվել էր: Եվ եթե այդ ակնթարթը սկսվելուց եղել ես «այս աշխարհի ամենաերջանիկ մարդը» պետք չէ վերջում զղջալ:
     Զղջալ մեկի համար ով երջանկացրե՞լ է, ով պարգևել է հեքիաթային վայրկյաններ, ում հաղորդագրություններից ու զանգերից հետո այս աշխարհը ուղղակի երազ ու անիրական է թվացել: Մի՞թե կարելի է զղջալ այդպիսի ակնթարթների համար… Ակնթարթներ, որոնք յուրաքանչյուր ուրիշը կերազեր նույնիսկ երազում տեսնել: Եվ միևնույնն է ինչքան է տևել այդ առասպելական ակնթարթը, դու ուղղակի քեզ պետք է համարես այս կյանքում այն հաջողակներից մեկը ով զգացել է, թե ինչպես է շունչը կտրվում, սիրտը այնքան ուժգին բաբախում և թե ինչպես են ոտքերն ու ձեռքերը դողում քո այդ թվացյալ հեքիաթի հերոսին տեսնելիս: Եվ նշանակություն չունի, թե հեքիաթի հեղինակը ինչ վերջաբան է գրում: Ճիշտ է այդ վերջաբանը կարող է քո սրտով չլինել, քեզ ցավ պատճառել, բայց երբեք չի կարելի մոռանալ այդ հեքիաթի գեղեցիկ սկիզբն ու ընթացքը: Եվ ինչքան էլ ցավոտ լինի այդ հեքիաթի վերջը, միևնույնն է, միշտ հիշեք` երբ վերջանում է հեքիաթը, գիրքը պետք է փակել…
     Մեր հեքիաթը չավարտվեց, որ ես իմ ձեռքով փակեի գիրքը… իրադարձությունների քամին ինքը փակեց գիրքը՝ չթողնելով ավարտին հասցնել հեքիաթը:
     ՆՐԱ հեռանալուց հետո ժամանակը կարծես կանգ էր առել… Օրացույցին էի նայում ՝ օրերը հաջորդում էին իրար, կյանքն առաջ էր շարժվում, բայց ինձ համար դեռ շարունակվում էր այն երկուշաբթին, երբ բաժանվեցինք… Ամեն օր երկուշաբթի էր… Ամեն ինչում մեղավոր էին կիրակիները` չլինեին կիրակիները, չէին լինի նաև երկուշաբթիները… Իրականում ես էի մեղավոր, որ ամեն հաջորդ օրս նախորդից ոչնչով չէր տարբերվում…Ես պարզապես չէի կարողանում բաց թողնել անցյալս…
     Այդպես անցնում էին օրեր ու ամիսներ …
     Ամեն գիշեր ինքս ինձ համոզում էի, որ հենց այդ գիշերը փակվում է իմ կյանքի մի ամբողջ շրջան, վաղվանից սկսվում է նորը: Բայց հինը նորից բաժանող ոչ մի գիշեր հնարավոր չէր լինում քնել: Երբ գլուխս դնում էի բարձին, անհոգ քնելու հույսով ծածկվում տաք վերմակով, ինձ հյուր էին գալիս ՆՐԱ մասին մտքերը… Ինձ շարունակ տանջող այն մտքերը, որ ամեն գիշեր հավաքվում էին գլխումս ու մահու չափ վախենալու հեգնանքով ինձնից անկախ սկսում էին քննարկվել: Հանգիստ չէի գտնում, մի տեսակ քաոս էր իմ գլխում, որ նկարում էր իմ փակ աչքերի առաջ հազար ու մի անորոշ պատկերներ, որոնք, հայտնվելուն պես` դարձյալ արագությամբ չքանում էին, որպեսզի տեղ տային ուրիշ պատկերների: Աչքիս առաջ ուրվագծվում էր ՆՐԱ դեմքը, մեր երջանիկ օրերի պատկերները ու արդեն չէի էլ զգում, թե ինչպես էին արցունքներս հանդարտ գլորվում….Արտասվում էի՝ խեղդելով իմ մեջ կուտակած ու ամուր պահած այն ուժգին ցավը, որ ցերեկները թաքցնում էի ժպիտի ներքո …
     Ա՜խ, այդ հիշողություն կոչվածը, որից այնքա՜ն դժվար է ազատվել… Մարդկային հիշողությունը սարսափելի պարգև է. այն միշտ ծառայության մեջ է սրտի մոտ: Իսկ սիրտը… Լինում են այնպիսի պահեր, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում իր անվերծանելի զգացմունքների համար: Ահա այդպիսի վիճակում էի հայտնվել ես…Սիրտս ու միտքս տարբեր ուղղություններով էին շարժվում:
     Մտքումս- երանի չհանդիպեինք, ես քեզ չսիրեի, կարողանայի ջնջել քեզ սրտիցս ընդամենը մի վայրկյանում, ապրեի ուրիշ կյանքով, որտեղ չլինեիք դու ու քո սերը…գուցե ավելի հեշտ լիներ, գուցե ավելի ուրախ լինեի…գուցե…
     Սրտումս- անկարող եմ…իմ ուրախությունը դու ես, կյանքիս իմաստն ու իմ միակ սերն ես, և չեմ էլ փոշմանում, որ քեզ սիրել եմ ու միակս եմ կոչում…այդպես եղել է կա ու կմնա, համոզված եմ…
     Ահա այսպիսի պայքարի մեջ էին սիրտս ու միտքս… Սիրտս աջ ու ձախ խփում էր «կարելիի» ու «չի կարելիի» պատերին: Մարդն իրեն խեղդել է «չի կարելիով»: Փոքր ժամանակ իրեն են ասում չի կարելի, մեծանալուց հետո ինքն է ասում չի կարելի: Թվում է` կարելին մարդու համար չէ: Եվ եթե մարդ ուժ է ունենում հաղթելու «չի կարելին», և որոշ ժամանակ, որոշ պահեր «կարելին» դառնում է սեփականություն, ամբողջ կյանքում կծկված ներաշխարհով է ապրում, որ հանկարծ չբացահայտվի:
     Ու թեև ես քաջ գիտակցում էի, որ բանականությունս ճիշտ է, սակայն ոչ մի կերպ չէի կարողանում մոռանալ ՆՐԱՆ: Փորձել մոռանալ մեկին, ում դու իսկապես սիրել ես, նույնն է, թե փորձել հիշել մեկին, ում մասին դու երբեք չես իմացել:
     …Ամեն մի մանրուք ՆՐԱՆ էր հիշեցնում… Ես չէի կարող ներքև նայել, նրա դեմքը ուրվագծվում է սալաքարի վրա: ՆՐԱ դեմքը ամպի յուրաքանչյուր բեկորի, յուրաքանչյուր ծառի մեջ էր. գիշերը լցնում էր օդը, ցերեկը հայտնվում ամեն մի առարկայի ուրվագծում, շուրջս ամենուրեք նրա պատկերն էր: Բովանդակ աշխարհը սարսափելի հուշաթերթ էր, որը հիշեցնում էր ինձ, որ ՆԱ գոյություն է ունեցել, ես սիրել եմ ՆՐԱՆ, և որ մենք կորցրել ենք իրար:
     Չկա ավելի մեծ տանջանք, քան տխուր օրերի մեջ երջանիկ օրերի հիշողությունը: Երբեմն մենք պարզապես ձևացնում ենք, թե մոռացել ենք, ինքներս մեզ հույս ենք տալիս, թե ամեն ինչ լավ է, բայց հոգու խորքում բոլորս էլ ունենք այնպիսի պահեր, որոնց մասին հիշողություններից պարզապես չենք ուզում բաժանվել:
     Պարզապես կան խոսքեր, որոնք չեն մոռացվում, երբեք կուլ չեն գնում. դրանք անընդհատ հնչում են ականջներումդ: Կան աչքեր, որոնք չեն մոռացվում. դրանք հանգիստ չեն տալիս հիշողությանդ, հոգիդ տակնուվրա են անում: Ու փրկություն չկա այդ աչքերից: Կան ձեռքեր, որոնց ջերմությունը չի մոռացվում: Ամեն անգամ նրանց զգալիս դու կրկին հասկանում ես, որ երբեք չես ուզում, որ դրանք բաց թողնեն քեզ, որ էլ չգրկեն ու չփրկեն հոգիդ: Նույնիսկ տարիներ անց դու զգում ես նրանց թողած ջերմությունը ափերիդ մեջ, մտքումդ գծագրում ես այն մատները, որոնք կրում էին այդ ջերմությունը: Կան ժպիտներ, որոնք չեն մոռացվում: Ժպիտներ, որոնք կյանք էին տալիս, ժպիտներ, որոնք հավատ էին ներշնչում վաղվա օրվան:
     Չէ՜, չէր մոռացվում ու վերջ … այն ճամփաները, որ պիտի տանեին ինձ դեպի մոռացում, ՆՐԱՆՈՎ էին խաչվում, ու չէր մոռացվում… Ջնջելն անհնար էր: Իսկ գուցե և բնավ հարկավոր չէ՞ր մոռանալ այն ամենը, ինչ ժամանակին եղել էր ապրելուս միակ իմաստը… այնքա՜ն քաղցր պահեր…
     Հաճախ բարկանում էի ինձ վրա, ցանկանում էի փոխվել, մաքրել անցյալը գլխիցս և նոր կյանք սկսել, մտածել ուրիշ մեկի մասին, բայց չգիտես ինչու չէր ստացվում. ինչպես կասեր Սևակը՝ «Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում, ոչ մեկի սերը սրտիս չի կպնում…»
     Երբ դուրս էի գալիս փողոց, ամեն քայլ անելուց, կարծես զգում էի ՆՐԱՆ, կարծես թիկունքիս կանգնած լիներ, կարծես զգայի ՆՐԱ շունչը: Այդ ժամանակ սիրտս սկսում էր չգիտես ինչու արագ բաբախել, ուզում էի հետ շրջվել այն հույսով, որ միգուցե իսկականից ՆՐԱՆ կտեսնեմ իմ ետևում կանգնած, բայց վախենում էի…Կարոտից բոլոր մարդիկ կարծես ՆՐԱՆ էին նմանվում: Դրսում զբոսնելուց, սկսում էի խելագարի նման բոլորին ուշադիր նայել, ուզում էի գտնել ՆՐԱՆ, յուրաքանչյուրին այնքան էի նայում, մինչև համոզվում էի, որ դա ՆԱ չէր:
     Հաճախ ինչ-որ մի տեղ նստած, սկսում էի մի պահ մոռանալ, թե որտեղ եմ գտնվում, ու սկսում էի երազել, մտածել, պատկերացնել ՆՐԱ մասին, մեր մասին՝ իհարկե այդ պահվածքով սովորական մարդկանց մոտ թողնելով տարօրինակի տպավորություն:
     Ամեն մի մեղեդու մեջ փորձում էի գտնել այնպիսի հնչյուններ, որոնց հետ կրկին գնում էի անցյալ, ամեն մի երգի նախադասություններից առանձնացնում էի հատվածներ, որոնք ինձ հոգեհարազատ էին, որոնք ինձ հիշեցնում էին ՆՐԱՆ:
     Հատկապես մենակ մնալուց, հիշողություններն այցելում էին և ակամա արցունքներն արագ-արագ թափվում էին այտերիս վրայով, կարծես հարմար ժամանակ էին սպասում, որ թափվեն:
     Հաճախ ցանկություն էր առաջանում թոթափել հպարտությունս, մոռանալ ամեն վիրավորանք ու փրկել մեր սերը: Ուզում էի դառնալ քամի, որ ՆՐԱՆ կարոտելուց գնայի ու հանդարտ դիպչեի երեսին, ամուր գրկեի, կարոտս առնեի ու նորից ետ գայի: Դառնայի լուսին կամ աստղ, որ գիշերները պատուհանից թաքուն տեսնեի, թե ինչպես էր ՆԱ քնում, ամբողջ գիշեր նայեի ՆՐԱՆ ու չկշտանայի, հսկեի ՆՐԱ քունը, որ ոչ մի քամի չարթնացներ ՆՐԱՆ…
     Ու չնայած այս ամենին, ես ինքս ինձ շարունակ մեղադրում էի, որ անընդհատ միտքս ՆՐԱՆՈՎ էր ողողված, որ սիրտս դեռ բաբախում էր ՆՐԱ սիրուց մնացած փշրանքներով, որ աչքերս շարունակ տեսնում էին ՆՐԱ կիսամաքրված պատկերը, գիշերները քնում էի ՆՐԱ այցին սպասելով և գոնե երազումս ՆՐԱՆԻՑ կարոտս առնեի, լուսնին նայելով ՆՐԱՆ էի տեսնում և ցանկանալով գնալ ՆՐԱ մոտ, նորից տխրում էի, գլուխս կախում՝ հասկանալով, որ ՆԱ շատ հեռու է:
     Հիասթափվում էի ինձանից… հիասթափվում էի, որ դեռ ՆՐԱ հետ էի պատկերացնում ամեն րոպեն, վայրկյանը, ժամը, որ չնայած ամեն ինչին՝ ՆՐԱ հետ էի պատկերացնում իմ ապագան, որ ամեն րոպե մտքով ՆՐԱ հետ էի խոսում, ՆՐԱ հետ ծիծաղում, ՆՐԱ հետ բարկանում և ՆՐԱ հետ տխրում: Մեղավոր էի… մեղավոր էի, որ շարունակ ՆՐԱ մասին մտածելով, չէի կարողացել ՆՐԱՆ մոռանալ… Չէի ուզում հասկանալ, որ չէի ունենալու ՆՐԱՆ, որ պետք է հարմարվեի ՆՐԱ կորստին, ՆՐԱ բացակա ձայնին …
     Իրոք որ, սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը: Այն անցյալը, որը շատ հաճախ ուզում ենք մոռանալ ու երբեք չհիշել, սակայն մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք. կան բաներ, որ հիշվում են սրտով…Առանց անցյալի մարդն ապագա չի կարող ունենալ: Շատ հաճախ հարկավոր է շնորհակալություն հայտնել անցյալին, որովհետև այդ անցյալի շնորհիվ է, որ մենք հիմա այսպիսին ենք…կարևոր է, երբ մարդ կարողանում է ասել «շնորհակալություն» , դա նշանակում է, որ նա գնահատում է այն, ինչ ունեցել է ժամանակին:
     Ես շնորհակալ եմ…Չնայած ամեն ինչին, ես անսահման շնորհակալ եմ, որ հանդիպել եմ ՆՐԱՆ, սիրել ու սիրում եմ հենց ՆՐԱՆ… ՆԱ ինձ շատ բան սովորեցրեց… սովորեցրեց սիրել ու նվիրվել, սովորեցրեց աչքերիս արցունք թափել, սառել, սպասել. ախր այդ ամենը մինչ ՆՐԱՆ հանդիպելը ես չգիտեի: ՆԱ եղավ ուսուցիչ շուրթերիս համար. նրանց սովորեցրեց ժպիտ կազմել… ես առհասարակ շնորհակալ եմ, որ ՆԱ կա այս աշխարհում ՝ դա արդեն բավական է, որ ես իմ մեջ ապրելու ուժ գտնեմ…
     Շատերն էին զարմանում ինձ վրա, որ այդքան տանջանքներից հետո կարողացել էի ներել ՆՐԱՆ ու դեռ շարունակում էի սիրել …Խոստովանում եմ, որ սկզբում ես էլ էի կարծում, որ չեմ կարողանա այլևս ՆՐԱՆ սիրել այնպես, ինչպես նախկինում, բայց կյանքը ցույց տվեց, որ այդպես լինում է…
     Վիրավորանքից հետո անցնում է մեկ օր, հետո նորից մեկը, և կյանքը նորից նայում է աչքերիդ մեջ՝ հիշեցնելով իր գոյության անառարկելի փաստը: Կյանքը քեզ հիշեցնում է իր մասին, քո մասին և դու դառնում ես արդեն ոչ այնքան մռայլ:
     Վիրավորանքը, որ թրջել էր աչքերդ, արևի ջերմությունից, որ արդեն զգում ես, վերածվում է անձրևի կաթիլների, որոնք էլ գոլորշիանում են այտերիդ վրայից:
     Հետո մազերիդ մեջ է ներխուժում քամին ու իր ամենազոր ձեռքերով խառնում մազերդ, փորձում է մաքրել այտերիդ վրա արցունքներից մնացած չորացած աղի հետքերը, փորձում է…բայց հոգուդ վրա մնում են աղի հետքերը, սպիանում՝ պարբերաբար հիշեցնելով քեզ իրենց մասին:
     Այդպես լինում է…
     Պետք չէ լաց լինել ձեզ վիրավորողի կամ նեղացնողի պատճառով, ուղղակի պետք ժպտալ ու ՆԵՐԵԼ … այդպես ավելի հեշտ կլինի և´ ձեզ, և´ նրանց համար:
     Նայե՛ք ձեր հոգու արտացոլանքին սիրո մաքուր լճի մեջ: Նայե՛ք ու կտեսնեք, որ այն աղավաղված չէ: Կզգաք, որ ինչ- որ մի աներևույթ ձեռք կոփում է ձեր զգացմունքները, հզորացնում ձեզ:
     Հավատացեք ինքս էլ չեմ հասկացել, թե երբ ու ինչպես եմ ՆՐԱՆ ներել… ուղղակի մի գեղեցիկ օր, հերթական անգամ ՆՐԱ անունը մտքումս տալիս, ես ինձ խոստովանեցի, որ շարունակում եմ ՆՐԱՆ սիրել: Մարդը քանի սիրում է, կարողանում է ներել… Որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ սիրտս կարողացել էր ՆՐԱ արարքին արդարացում գտնել… Թեև ՆՐԱ բացակայության ընթացքում ես հասցրել էի շատ բան սովորել, բայց …
     Ես սովորել էի չմրսել, երբ ՆԱ իմ ձեռքերը չէր բռնում…
     Ես սովորել էի դատարկ ծիծաղով անկյանք աչքերս հառել աշխարհի անամոթ դեմքին, երբ ներսումս ամեն ինչ տակնուվրա էր լինում…
     Ես սովորել էի հարմարվել այն փաստին, որ չեմ լսելու ՆՐԱ ձայնը…
     Ես սովորել էի ՆՐԱ լուսանկարներին նայելիս չարտասվել…
     Ես սովորել էի հանգիստ արձագանքել այն բառերին, որոնք շատ հաճախ նրանից էի լսում…
     Ես սովորել էի այրվել, բայց չմոխրանալ…
     Ես շատ բան էի սովորել, բայց կային բաներ, որոնք ես այդպես էլ չսովորեցի.
     Ես չսովորեցի չմտածել, թե ինչպե՞ս է ՆԱ, որտե՞ղ է կամ ի՞նչ է անում…
     Ես չսովորեցի հուսալքվել…ու պետք էլ չէր…
     Ես չսովորեցի չսպասել ՆՐԱՆ…դա էլ պետք չէր…
     Եվ վերջապես ես չսովորեցի չսիրել ՆՐԱՆ… անկարող էի…
     Որոշումս հետևյալն էր. քանի դեռ ապրում եմ, պետք է ՆՐԱՆ սիրեմ… Իմ այդ քայլին ես հիմա ոչ մի տրամաբանական բացատրություն չեմ կարող տալ, պարզապես սիրտն ունի խորհուրդներ, ուր չի թափանցում ոչ մի տրամաբանություն: Սիրտը գիտի ամեն ինչ… Եթե լավ ճանաչենք մեր սրտին, կիմանանք նրա բոլոր ցանկությունները և կկարողանանք կառավարել նրան: Իսկ սեփական սրտից ոչ մեկին չի հաջողվում փախչել: Այնպես որ, ավելի լավ է լսել, թե նա ինչ է ասում: Երբ մենք չենք լսում մեր սրտի ձայնը, սիրտը նեղանում է մեզանից, սկսում է խոսել ավելի ու ավելի ցածր, բայց երբեք չի լռում: Ուղղակի ջանում է, որ իր խոսքերը լսելի չլինեն. Որովհետև չի ցանկանում, որ հետագայում փոշմանենք ու տառապենք այն պատճառով, որ ժամանակին չենք լսել նրա ձայնը:
     …Ես հետևում էի սրտիս ձայնին, չէի հուսալքվում ու հավատում էի… մարդը միշտ հույսով է ապրում, նույնիսկ այն ժամանակ, երբ համոզված է, որ այլևս հուսալու ոչինչ չկա…
     Փորձեք հիշել դուք փոքր ժամանակ խաղաքարտերով «տուն» շարե՞լ եք: Երբ շարելուց ամեն մի քարտը մեկի վրա եք դրել զգույշ, խնամքով և նույնիսկ շունչը պահած, որ հանկարծ չքանդվի, որ հնարավոր լինի էլ ավելի բարձրանալ, հնարավոր լինի հաջորդ հարկն էլ շարել… «Զգույշ, միայն չփլվես, խնդրում եմ» . այս խոսքերն եք ասել մտքում, այնպես չէ՞…Իսկ վեր բարձրանալու համար ի՞նչ էր հարկավոր, ի՞նչ եք կարծում: Լավ ես կասեմ՝ համբերություն, զգուշություն, հավատ ու կամք…
     Իսկ կյանքո՞ւմ: Մի՞թե կյանքում էլ այդպես չէ… Իհարկե այդպես է… Ինչ էլ որ կառուցեք, քարը քարին պետք է դնել զգույշ, համբերատար, չփլվելու հույսը սրտում:
     Մենք այդպես մեր Սերն էինք կառուցել … Նույն հույսերով ու երազանքներով ու սրտում էլի նույն վախը` միայն չփլվի…
     Բայց պատահում էր չէ՞, որ ինչքան էլ զգույշ էիք լինում, հանկարծակի փլվում էր տունը:
     Մեր կառուցած Սերն էլ այդպես փլվեց… Բայց հույսն ու հավատը ինձ ուժ տվեցին պայքարելու ու ամեն ինչ սկզբից սկսելու…Չեմ ժխտում, ամեն մի նոր քայլը անելիս հիշում էի թափված խաղաքարտերը, բայց չէի նահանջում…
     Սիրտս հուշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ու ես հավատում էի…ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻ …այս բառը պարզապես բայ չէ, այն օգտագործելիս պետք է հոգուդ խորքում վստահ լինես, որ չես կասկածում…Եթե նույնիսկ մի փոքր կասկածես, ապա հավատալդ ապարդյուն կլինի…Պետք է հավատալ ու համբերատար սպասել… Մարդը կարող է սպասել որքան պետք է, միայն թե համոզված լինի, որ իզուր չէ… Այս կյանքում ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի… Մեզ մնում է կանգնել կյանքի հերթում և սպասել մինչև ժամանակը հասնի, ճիշտ այնպես, ինչպես կայարանի տոմսարկղի առաջ են հերթ կանգնում… և մեր հերթը անպայման կգա, եթե համբերությամբ սպասում ենք, այլ ոչ թե մի հերթից վազում մյուսը…
     Ես հավատում եմ այն մտքին, որ եթե մարդ ինչ-որ բան ցանկանում է ամբողջ սրտով, ապա անպայման հասնում է դրան: Ուղղակի պետք է հստակ իմանալ, թե ինչ ես ուզում կյանքից, և այդ ժամանակ ցանկությունդ կիրականանա:
     Երազանքների կատարմանը միշտ միայն մի բան է խոչընդոտել ՝ անհաջողության վախը: Իսկ վախը կարելի է հաղթահարել միայն հավատի միջոցով…»:
     Մի քանի րոպե լուռ նայեց գրածին… Նա իր մեջ գրելու ունակությունը բացահայտել էր իրենց բաժանումից մի քանի ամիս անց, երբ ցանկացել էր խոսել ինչ-որ մեկի հետ, բայց համոզված լինելով, որ ոչ ոք իրեն չի հասկանա, որոշել էր, որ լավագույն «ունկնդիրները» թուղթն ու գրիչն են: Մինչ այժմ նա տետրում գրում էր միայն այն, ինչ տեղի էր ունենում իր հետ: Բայց այդ օրը նրա մոտ տարօրինակ ցանկություն էր առաջացել դեպքերից առաջ ընկնել ու գրել այն իրադարձությունների մասին, որոնք, ի սրտե հավատում էր, որ պիտի տեղի ունենային իր կյանքում: Հետաքրքիր կլիներ, տարիներ հետո բացել այդ տետրն ու գրածը համեմատել արդեն կատարվածի հետ: Չցանկացավ ժամանակ կորցնել, վերցրեց գրիչն ու սկսեց գրել…
     «…Այդ օրն էլ մենք կարող էինք իրար չբարևել: Կարող էինք նայել կամ չնայել իրար ու հետո անցնել-գնալ՝ ինչպես ամեն օր, ինչպես եղել էր մոտ մեկ տարի… Բայց, ո՛չ, ես այդպես չէի պատկերացնում իմ ապագան, այլ այսպես…
     Սովորական, շատ սովորական էր այդ օրը: Նույնիսկ այնչափ, որ արևը ծագելու պատճառ չուներ, նույնիսկ մարդիկ փողոցում անելիք չունեին, նույնիսկ ձայները հնչելու կարիք չունեին…սովորական էր այդ օրը իր անմեղությամբ:
     Ցերեկը ամբողջովին ննջել էր ու վայելում էր առանց իրեն քաղաքի դատարկությունը, ժամը չէիր գուշակի մարդկանց հետևելով, ամեն ինչ կանգ էր առել…Մայթերը գորշացել էին ասֆալտի թացությունից. երկինքն էր արտասվել…
     Ու ուղևորվում էի դեպի ոչ մի տեղ… քայլում էի մայթերով, մայթերով թրջված, մայթերով մենակ: Զարմանում էի, աշխարհը նույնն էր, ոչինչ չէր փոխվել մեր բացակայից, իսկ ես կարծում էի այն փուլ պիտի գա…սարսափելիորեն նույնն էր մնացել:
     Քայլում էի ու կիսաձայն շշնջում. «Ների՜ր ինձ, սիրելիս, ների՜ր, որ այսքան ժամանակ բաց չեմ թողնում ստվերդ, ների՜ր, որ իրանել եմ այն, ու փորձում եմ բռնվել դրա փեշերից: Միթե՞ կարծում ես երջանիկ եմ ես, միթե՞ փորձում ես ապրել առանց անունս վանկարկելու, միթե՞ կարող ես ժպտալ առանց ինձ…ների՜ր սիրելիս, որ կորել եմ հեռուներումդ, ների՜ր, թանկագինս, որ աղոտ է շուրջս, որ մթագնել են երազներս…
     Գիտե՞ս, կարծում եմ կյանքն արդար է, այն ինձ քեզ է շնորհել, ու հիմա թեկուզ և ստվերդ, բայց ես այն ունեմ, ների՜ր, որ քեզ բաց չեմ թողել դեռ, ների՜ր, որ անունդ լսելիս սիրտս առաջվա նման արագ է բաբախում …
     Միշտ հիշի՛ր, ես քեզ հետ եմ…գիտեմ, դեռ սիրտս շատ պիտի փշրվի, երբ անցորդների մեջ քեզ փնտրեմ, ու չգտնեմ…բայց հավատա դեռ կհանդիպենք… այնտեղ՝ հեռվում, ես քեզ էլի կսպասեմ…»
     Քայլերս ինձ տանում էին հեռու այս կյանքից ու աշխարհից … Մտքով ՆՐԱ հետ էի կրկին ու շարունակ անցորդների մեջ ՆՐԱ հայացքն էի որոնում: Ու մինչ ամեն անցորդին զզնելուց հետո ես հերթական հիասթափությունն էի ապրում, կատարվեց անսպասելին… ՆԱ էր… Աչքերիս չէի հավատում, կարծում էի երևակայությունս հերթական չար կատակն է խաղում… բայց, ո՛չ… իրական էր… Թվում էր՝ պետք է հոգիս ճչար խուլ խոսքերով, սիրտս պարուրեր մարմինս իր թուլությամբ և կամ էլ միտքս մթագներ անանուն լույսից, բայց… միայն կարողացա ժպտալ… ՆԱ էլ ժպտաց…
     -Բարև…
     -Բարև…
     Կարծում եմ այդ մի հատիկ բառին մենք երկուսս էլ շատ երկար էինք սպասել… Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն… Դժվար թե մենք կարողանայինք դեմ առ դեմ կանգնել և չհիշել այն ամենը, ինչ եղել էր մեր միջև… Ես այդ պահին հասկացա, որ այս հանդիպմանը երկուսս էլ սպասել էինք… Հասկացե՛ք, երբ երկուսը մի անձրև են կիսել, չեն կարող այլևս ընդհանուր արևի չսպասել:
     Քամին կանգ էր առել, վախենում էր շշնջալ թեկուզ, տարիներ շարունակ մաղվելուց հետո հազիվ պարուրել էր անցյալը իր արցունքոտ բառերով, ու ՆԱ էլ ինձ պես շշմած միայն ձեռքս էր բռնել ու կարծես չէր հավատում տեսածին… Միայն անթարթ հայացքով նայում էր դեմքիս… Ես էլ էի քարացած… վախենում էի դիպչել, միթե՞ իրական էր, միթե՞ քամին չէր փչացնի պատկերը, ինչպես շատ հաճախ երազում, միթե՞ նայում էի ՆՐԱՆ այսքան անդունդների հատակը համբուրելուց հետո…
     - Ասա, որ դեռ սիրում ես, որ կմնաս կողքիս որպես անվերջ երազ, կմնաս բոլորին ապացուցելու, որ սերը հաղթահարում է ցանկացած խոչընդոտ, կմնաս, որ հավատամ՝ ներել ես հավերժություն թվացող բացակայիս համար, կմնաս, որ կառուցենք մեր երազած տունը, նկարենք միասին երեխաներին, ասա՛, խնդրում եմ …
     Աչքիցս արտասուք գլորվեց, ու ես հասկացա, որ մեծ երջանկության մեջ էլ արցունքներ կան: Սեղմեցի ՆՐԱ ձեռքն ամբողջ ուժով, նայեցի աչքերին ու լուռ ժպտացի…
     - Սիրում եմ քեզ …
     Այդ պահին հասկացա, որ զուր չեմ սպասել, որ սիրտս ինձ չի խաբել ու մի բան էլ հասկացա, որ հաշտության րոպեն թանկ է բարեկամաբար ապրած մի ամբողջ կյանքից:
     Երջանկության արցունքները գլորվեցին երկուսիս աչքերից, ու միմյանց ականջի շշնջացինք. «ՍԵՐԸ ՀԱՎԵՐԺ Է…»
     Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է… Չգիտեմ, կարողացա՞ արդյոք գտնել բոլոր խոսքերը, թե ոչ… որտեղ ազատ տեղ կտեսնեք, կարդացեք ՝
     ԵՍ ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՄ…»:
     Վերջին տողերն էլ գրեց ու երջանիկ ժպիտը դեմքին փակեց տետրը:
     Գիտե՞ք` սովորաբար երջանիկ մարդիկ վերջաբանի համար ժամանակ չեն գտնում ևս մի գլուխ տառակույտ գրել. չէ՞ որ կարելի է ուղղակի վերջակետ դնել ու վերջ:


    

Հետգրություն՝ այսքանը կարդալուց հետո, եթե ես ձեզ ասեմ, որ կերպարները հորինված էին ու ցանկացած համընկնում պատահական էր, կհավատա՞ք…
    
     http://nasirele.blogspot.com/p/blog-page_4.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4096 | 0 | 0
Facebook