Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շնորհավոր Նոր Տարի ...

19:43, կիրակի, 29 դեկտեմբերի, 2013 թ.
     Եվս մի քանի օր և բոլորիս կողմից այդքան սպասված Նոր Տարին…Այդքան սպասված նոր էջը, նոր օրը, մեր կյանքի նոր փուլը …և պարզապես ՆՈՐ հնարավորությունը ամեն ինչ նորից սկսելու, նորից երազելու և նորից հավատալու, որ անպայման կիրականանա այն ամենը, ինչի մասին երազում ենք…Նոր տարին իր մեջ շատ հետաքրքիր խորհուրդ է պարունակում, հենց այդ գիշեր ենք մենք վերհիշում մեր ամբողջ անցած տարին, հիշում ստացվածը և չստացվածը, ձեռքբերածն ու կորցրածը, հաջողությունները և անհաջողությունները: Եվ այդ ամենը վերհիշում ենք մի տեսակ բարությամբ, ժպիտով ու մեր սրտում ամենահրաշալի զգացումով` ՀԱՎԱՏՈՎ: Հավատով, որ ամենահրաշալին դեռ առջևում է, եկող Նոր տարվա օրերում…
     Եվ այս օրերին աշխատանքից հոգնած տուն եկող, առօրյա հոգսերի մեջ հեքիաթը կորցրած, տոնական սեղանների ու նվերների հոգսով ապրող մարդիկ, ովքեր մտածում են ի՞նչ դնեն սեղանին, որպեսզի տարբերվեն, ի՞նչ հագնեն, որ եկող տարին հաջող անցնի, թող մի պահ կանգ առնեն և հիշեն, որ այդ ամենը չէ, որ գեղեցկացնում է տոնը, դա չէ, որ իրենց կերջանկացնի….
     Ուզում եմ շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ և ցանկանալ, որ կյանքում գնահատեն իրական արժեքները: Ուզում եմ, որ Նոր տարին սկսենք և ապրենք այն հավատով, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործները: Միշտ հիշեք, որ ձեր կողքին ապրում են մարդիկ, ում համար ամենաթանկ նվերը դուք եք, ովքեր հպարտանում են ձեզանով: Ապրում են մարդիկ, ովքեր կարոտում են ձեզ, ամեն վայրկյան ձեր մասին մտածելով՝ աղոթում են ձեզ համար…մարդիկ, ովքեր սպասում են ձեր ջերմ խոսքերին, ուզում են միշտ ձեր կողքին լինել…մարդիկ, ովքեր անկեղծ ուրախանում են ձեր հաջողություններով և միշտ ձեր կողքին են, սիրում են ձեզ անկախ ամեն ինչից, կան մարդիկ, ովքեր երազում են ձեր ուշադրության մասին և ամեն ինչ կտային, որ կանգ առներ ժամանակը, երբ ձեր կողքին են….Գնահատե՛ք այդ մարդկանց: Բացեք ձեր սրտերը և ուրախ դիմավորեք Նոր տարին: Թողեք անցյալում այն ամենը, ինչը այս տարի խանգարում էր ձեզ երջանիկ և անհոգ ապրել:
     Շնորհակալ եմ 2013թ-ին իմ այս տարվա բոլոր երջանիկ և տխուր օրերի համար, ձեռքբերումների և հաջողությունների համար: Ես այս տարի բազմիցս համոզվեցի, որ այս կյանքում ոչինչ պատահական չի լինում, իսկ մեր կյանքի դարբինը միայն մենք ենք: Շնորհակալ եմ նաև դա հասկանալու համար......
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2613 | 0 | 0
Facebook