Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազանքի ճերմակ ու նուրբ փաթիլները ավլել պետք չէ...

11:03, կիրակի, 08 դեկտեմբերի, 2013 թ.
    
Ձյան փաթիլները դանդաղ պարելով իջնում են ներքև: Նրանք, ասես, ասելիք ունեն, որը ժպտալով պատմում են: Նրանցից ամեն մեկը մի առանձին խոսք ունի, որը ասում է աշխարհին: Փաթիլները իջնում են ու զրուցում մեզ հետ:
    

Դրսում ցուրտ է, համաձայն եմ, սակայն անգամ այդ ցրտի մեջ յուրօրինակ մի պոեզիա կա, անգամ այդ քար լռության մեջ, որը ստեղծում է ձյունը, կա մի յուրահատուկ մեղեդի: Սպիտակ անուրջների իրականացման ճանապարհին ես յուրօրինակ խնդություն եմ ապրում, երբ ձյունը կամաց-կամաց իջնում է աշխարհի վրա:

Ձմեռը միակ եղանակն է, երբ աշխարհը կարելի է տեսնել լրիվ ուրիշ տեսքով, սավանի տակ է ամեն ինչ... կարծես ծածկվում են հիասթափություններն ու տխրությունները, բոլոր վատ մտքերը, սխալները, անկումները: Սպիտակ սավանը ծածկում է այդ ամենը...

Պատուհանից նայում եմ, ու փաթիլները շարունակում են իջնել: Նրանք ինձ էլ են ժպտում, նրանք գիտեն մի բան, որը ոչ ոք չգիտի, նրանք ժպտում են ու ակնարկում, որ կյանքի հավերժության ու ժամանակի ընթացքի ամբողջ գաղտնիքը իրենց մեջ է:
     Դուրս եմ գալիս... Ճերմակ սերը լուռ հպվում է նուրբ քամուց խառնված մազերիս, սիրառատ գրկում նրանց, ականջիս շշնջում, որ հրաշքներ լինում են: Փաթիլները մեղմ հպվում են դեմքիս, այտերիս, ու կարոտող սրտիս թվում է, թե դու ես համբուրում: Փաթիլները նուրբ գրկում են ինձ և ինձ թվում է, թե քո գրկի մեջ եմ: Ես այնքան երջանիկ եմ: Բառերը չեն հերիքում, որ բացատրեմ, թե որքան ուժ, որքան սեր, որքան հույս են լցրել կյանքիս մեջ այս երազանքի ճերմակ ու նուրբ փաթիլները: Շուրջս ամեն ինչ այնքան գեղեցիկ է: Թվում է, սիրտս կպայթի անսահման երջանկությունից: Հույսերս խառնվել են ճերմակ ու նուրբ փաթիլների հետ, պար են գալիս օդում: Կյանքիցս ջերմ սիրո և մաքուր փաթիլների հոտ է գալիս: Ձայնդ ուղեկցում է ինձ, հայացքդ գրկում է, ժպիտդ տաքացնում է ինձ: Սերդ ինձ հեքիաթ է նվիրել ու խոստացել, որ գալուդ պես հեքիաթս իրականություն կդարձնես:
    
    

Այսօր մի շատ կարևոր բան հասկացա. երազանքի ճերմակ ու նուրբ փաթիլները ավլել պետք չէ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3653 | 0 | 0
Facebook