Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերը հավերժ է... (մաս 1)

12:14, կիրակի, 04 մայիսի, 2014 թ.


    
    
    
     Այս պատմվածքը գրել եմ, որպեսզի բոլորն իմանան, որ սիրո համար ժամկետ չկա, միշտ էլ կարելի է սիրել, քանի դեռ սիրտդ բաբախում է: Հավատացե՛ք, միայն մեզանից է կախված մեր զգացմունքների հավերժությունը…

Գրելիս չեմ պահպանել պատմվածքին բնորոշ բաղադրիչների (հանգույց, կուլմինացիա, լուծում) հերթականությունը, չէ՞ որ կյանքում էլ չկա այդպիսի սահմանված հերթականություն. երբեմն ավարտը կարող է վրա հասնել շատ շուտ՝ դեռ չսկսված, երբեմն էլ սպասված ավարտին մի նոր սկիզբ է հաջորդում…
     Պատմվածքում սերն այնքա՜ն շատ է… Սեր, որն ապրել է կամ կապրի մեզանից յուրաքանչյուրը…
     Եթե դուք արդեն սիրում եք, ուրեմն շարունակեք սիրել ու պահպանեք ձեր սերը:
     Եթե դեռ միայնակ եք, ապա ընդմիշտ հիշեք, որ սերն ամենուր է, ուղղակի պետք այն նկատել:
     Ամեն պարագայում մի՛ դադարեք հավատալ հավերժական սիրո գոյությանը, նույնիսկ եթե իմ պատմվածքը ձեզ չհամոզի դրանում:


    

Լենա Մխիթարյան
     «Սերը հավերժ է…»
     2013 թ.


    
     ՍԵՐԸ ՀԱՎԵՐԺ Է …

Նվիրում եմ ՆՐԱՆ…


    
     …Ասացեք, իսկ դուք երբևէ սիրե՞լ եք… սիրե՞լ եք ամբողջ հոգով…. սիրել ամեն ինչից ու ամենքից շատ… զգացե՞լ եք այն, ինչ զգում են, երբ սիրում են…. սիրում են անկեղծորեն… երբ ապրում են միայն նրանով… երբ պարզապես սիրում են, առանց որևէ պատճառի, որովհետև ուղղակի անկարող են չսիրել ….
     …Սիրե՞լ եք…
     Նա… նա սիրել է…
     Չգիտեմ ինչ կարելի է ասել այդ աղջկա մասին: Նա ձեզանից մեկն է, ոչնչով չի առանձնանում…հավատում է հրաշքներին, վախենում է փուչիկներից, դեղձանիկներ է պահում, սիրում է դաշնամուր նվագել, սիրում է ՆՐԱՆ և այն ամենը, ինչ կապված է ՆՐԱ հետ:
     …Ամեն օրվա նման նա բացեց դարակը, վերցրեց գրիչն ու տետրը: Որոշեց նախքան գրելը` աչքի անցկացնել տետրը: Երկար թերթելուց հետո որոշեց բացել առաջին էջն ու սկսեց կարդալ…
     «…Գիտե՞ք, սովորաբար երջանիկ մարդիկ ժամանակ չեն ունենում այսպիսի միատեսակ, մռայլ, սև տողեր գրելու համար: Երջանիկները շտապում են վայելել իրենց երջանկության ամեն մի ակնթարթը: Սակայն ես ինձ ամենևին էլ դժբախտ չեմ համարում, ու գիտե՞ք ինչու, որովհետև կար ժամանակ, որ ես էլ գրելու ժամանակ չունեի, իսկ հիմա գրում եմ, որպեսզի հավերժացնեմ իմ ապրած երջանիկ պահերը…»:
     … Կարդաց ու անգույն դեմքի վրայով մի ժպիտ սահեց…Ակամայից փակեց աչքերը ու լսեց ձայներ, որոնք լռել էին վաղուց, բայց որոնց արձագանքը դեռ հնչում էր նրա հոգում մի հին մեղեդու նման՝ բացելով հարազատ հուշերի ժապավենը: Զուսպ արցունքի մի կաթիլ գլորվեց նրա աչքից ու սահելով այտի վրայով՝ ընկավ տետրին: Բացեց աչքերը: Չէր ուզում ոչինչ հիշել: Երևի ուզում էր դատարկել ուղեղը հիշողություններից: Բայց դա ամենահիմար ցանկությունն էր այդ պահին: Դա նրա ապրած կյանքն էր, իսկ կյանքը սենյակ չէ, որ չուզածդ իրերը դուրս շպրտես:
     Նա դողդողալով սրբեց արցունքները, վերցրեց տետրն ու հարմար տեղավորվեց բազմոցին: Ցածրիկ սեղանին դրված էր թեյով լի բաժակը, շուրջը ինչ-որ գրքեր էին, տետրեր: Ամեն մեկից կարդացել էր ընդամենը մի տող, նետել մի կողմ: Սրտում ահավոր դատարկություն էր, որը ոչ մի տող, ոչ մի միտք չէր կարող լցնել: Առաջին օրը չէր, որ այսպես էր… Շուրջ մի տարի նա այս վիճակում էր, բայց դեռևս չէր կարողանում համակերպել տիրող դատարկությանը: Վերցրեց բաժակը, ամուր սեղմեց սառած մատներով ու մոտեցրեց շրթունքներին: Մտովի զուգահեռներ էր տանում տաք թեյով լի բաժակի և սիրո միջև: Սերն էլ երբեմն նման է զգացողությանը, որն ունենում ես, երբ սառցակալած ձեռքերով բռնում ես չափազանց տաք թեյով լի բաժակը. սկզբում այն հաճելիորեն ջերմացնում է, բայց հետո սկսում է այրել ձեռքերդ:
     Նայեց սենյակի պատերին, հետո՝ առաստաղին: Սենյակում տարբեր իրեր կային, որոնցից կարծես նա ձանձրացել էր արդեն: Միայն դաշնամուրն էր նրան հոգեհարազատ: Երբեք չէր ձանրանում նվագելուց:
     Վեր կացավ տեղից, մոտեցավ դաշնամուրին: Ցանկացավ ինչ-որ բան նվագել՝ տխուր կամ ուրախ: Միևնույնն է: Միայն թե չլիներ այդ դատարկությունը, որը տխրության էր նման: Դաշնամուրի ստեղներն իր կամքից անկախ սահում էին մատների տակ` հյուսելով հոգեպարար մի մեղեդի: Նա դարձյալ իր անդավաճան ընկերների հետ էր` սև ու սպիտակ ստեղների: Անթարթ նայելով դաշնամուրի ստեղներին` նվագում էր ու մտածում, որ կյանքն էլ սևի ու սպիտակի համադրությամբ միշտ հորինում է մի նոր մեղեդի: Փորձում էր իր մեղեդին հյուսել ընտրելով միայն սպիտակ ստեղներ, բայց…
     Առանց սևի «մասնակցության» մեղեդին անկատար էր… Մտածում էր` ինչո՞ւ կյանքում էլ սպիտակը չի գերիշխում, ինչպես դաշնամուրի ստեղների դեպքում է… Նա նվագում էր առանձնակի սիրով, խնամքով՝ ունկնդրելով մեղեդու յուրաքանչյուր ելևէջը, փնտրելով դրա ենթատեքստը, գաղտնի իմաստը: Մեղեդու հնչյունները լցրել էին սենյակի դատարկությունը: Ամեն մի հնչյունի հետ անցյալից ինչ –որ մի պատկեր էր հայտնվում նրա աչքերի առջև ու մի կոտրված ժպիտ նկարում նրա դեմքին: Այնուհետև այդ ժպիտը կամաց-կամաց անհայտացավ նրա դեմքից ու ժպիտախառն արցունքի մի կաթիլ նկատվեց: Այլևս չկարողացավ իրեն զսպել. գլուխը դրեց դաշնամուրին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր-կտոր է լինում:
     Մարեցին անավարտ մեղեդու վերջին հնչյունները, վերջին մրմունջները: Երկար ժամանակ սենյակի մեջ կատարյալ լռություն տիրեց:
     Վերջապես բարձրացրեց գլուխը, աչքերը դեռ թաց էին: Հանդարտ քայլերով, կարծես ուժասպառ, նա մոտեցավ պատուհանին և մնաց այդտեղ արձանացած: Դարձյալ տխուր մտատանջությունները պաշարեցին նրան:
     Պատուհանից այն կողմ աշուն էր… Ինչ-որ մեկի առաջին աշունը, մեկ ուրիշի՝ սիրո ու երջանկության, իսկ նրա…
     Անթարթ հայացքով նայում էր այս ու այն կողմ թռչող գույնզգույն տերևներին, ոչինչ չասող հայացքը շրջում անկյունից անկյուն՝ ասես ինչ-որ մեկին էր փնտրում:
     - Չէ՛, չեմ սիրում էլ քեզ, աշու՛ն… Դու նման ես ինձ, մահացող բնության անհուն եզրերում դու էլ ինձ նման քո սերն ես փնտրում, տխուր ու մոլոր շրջում ինձ նման: Ատում եմ քո սառը լուսաբացները, այնտեղ ջերմություն չկա. ջերմացնող չկա: Ատում եմ սառը ձեռքերս, որոնք նույնիսկ երկար շփելուց չեն տաքանում: Ատում եմ կիսաարևը, քանզի առանց ՆՐԱ ինձ այն պետք չէ: Ատում եմ անձրևոտ ու ցեխոտ մայթերը, որոնք կարծես ավելի են ընդգծում մենությունս: Ատում եմ ընկնող տերևները, որոնք չնայած գեղեցիկ գույներին, միևնույն է տխուր են: Ատում եմ միայնակ մայրամուտները, դրանք ինձ հրաժեշներ են հուշում: Ատում եմ աշունը, քանզի այն ՆՐԱ հետ չեմ անցկացնում: Աշնանը կորցնում եմ, դեռ չգտած: Աշնանը վախենում եմ: Վախենում եմ նորից սկսելուց: Աշնանը լռում եմ, բայց լռությունս չեն հասկանում:
     Չնայած այս ամենին ես կսիրեի աշունը, լսու՞մ ես: Հաստատ կսիրեի: Կսիրեի սառը լուսաբացներս, եթե նրա զանգով ջերմանայի: Այդ չոր հեռախոսագծերի միջոցով ես կվայելեի նրա ջերմությունը: Ես կսիրեի սառը ձեռքերս, եթե նրանք ՆՐԱ ափերում տաքանային: Կսիրեի այդ անձրևոտ ու ցեխոտ մայթերը, եթե նրանք մեր ոտնահետքերը պահպանեին: Կսիրեի ընկնող տերևները, եթե միայն ՆՐԱ հետ քայլելիս լսեի նրանց խշխշոցը: Կսիրեի միայնակ մայրամուտներս, եթե իմանայի, որ ՆՐԱ զանգով եմ արթնանալու: Այո, ես կսիրեի աշունը, եթե ՆԱ կողքիս լիներ: Ես կսպասեի, կկարոտեի, կսիրեի աշունը…
     Նրա շուրթերից դուրս թռած թախիծով լի այս խոսքերը խախտեցին սենյակի մռայլ անդորրը:
     Երկար ժամանակ նույն դիրքում մնալուց ձանձրացավ ի վերջո, խոր հոգոց հանեց, փակեց ծանրացած կոպերը, որոնց տակով սահում էին անդարձ օրերի լույսով ողողված ու նաև խավար պատկերները: Կտրուկ թեքվեց պատուհանից, հայացք նետեց բազմոցին դրված տետրին… Մոտեցավ, վերցրեց տետրն ու սուս ու փուս մտավ իր սենյակ: Գիտեր, որ չէր կարողանալու առանց արցունքների կարդալ, բայց չէր էլ ուզում, որ որևէ մեկը տեսնի, թե ինչպես է տանջվում: Թեև սենյակը թույլ էր լուսավորված, այնուամենայնիվ չվառեց լույսը, կիսախավարի մեջ նստեց պատուհանի տակ դրված աթոռին ու սկսեց կարդալ.

«…ՍԵՐԸ համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում է: ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ…» /Ա Կորնթ. ԺԳ 4-8/

Նա կարդում էր այս տողերը բարձր ու անկաշկանդ, հիշում էր, որ երբ ժամանակին գրում էր այդ նույն տողերը, երբեք չէր համարձակվում բարձր կարդալ, մտածելով, որ որևէ մեկը կլսի, բայց հիմա զգում էր, որ այդ տողերն անհրաժեշտ էին նրան, զգում էր, որ այդ տողերը ստիպում են իրեն ապրել ու ժպտալ, երջանկանալ լոկ այն գիտակցումով, որ զգացել է այդ ՍԵՐԸ:
     Մտքում մի քանի անգամ կրկնեց վերջին տողը ՝ ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ, մեղմիկ ժպտաց ու շարունակեց կարդալ.
     Ես միշտ հավատացել եմ, որ գոյություն ունի այն հավիտենական սերը, որի մասին այդքան գրքեր եմ կարդացել ու ֆիլմեր դիտել… Իմ ամբողջ կյանքում խորհել եմ, մտածել, թե կգա արդյոք այն օրը, երբ ես էլ բոլորի նման կկարողանամ սիրել, սիրել ամբողջ սրտով, ամբողջ հոգով…
     …Եկա~վ այդ օրը …
     ՆԱ եկավ հանկարծակի, փաթաթվեց իմ օրերին, ինչպես խաղողի վազն է փաթաթվում փայտե հենակներին: Կարծես օդից ընկավ ու միանգամից վայրէջք կատարեց սրտիս խորքը: Սերը ծնվեց հանկարծակի: Սերը այդպես է ծնվում: Քնում ես, արթնանում և երբ ցանկանում ես նորից քնել, տեսնում ես, որ քունդ չի տանում, որովհետև ինչ-որ մեկը այն փախցրել է: Մտնում է կոպերիդ տակ, կարկաչում է ականջներիդ մեջ, հուշիկ-հուշիկ քայլում և քչփորում է սրտիդ ամենաթաքուն, նույնիսկ քեզ անծանոթ անկյունները: Զգում ես, որ քեզ բացում է քո առջև, զգում ես, որ դու հարուստ ես եղել և միայն նոր ես տեսնում քո հոգու անհայտությունից փրկված գանձերը: Միաժամանակ զգում ես, որ եթե նրան չկարողանաս սրտիդ մեջ պահել, ուրեմն նորից կաղքատանաս…
     Չեմ կարող ասել, որ հանդիպել ենք այնպես, ինչպես ֆիլմերում են հանդիպում: Նա իմ կողքով անզգուշորեն չի անցել, ու ոչ էլ պատահաբար հարվածել է ուսիս, որ ձեռքիս թղթերը թափվեին, նա օգներ ինձ հավաքել դրանք, իսկ վերջում նայեինք իրար աչքերի մեջ ու լուռ ժպտայինք: Չէ, ՆԱ պարզապես ինձ տեսել էր համալսարանում, պատուհանի տակ կանգնած ու սիրահարվել էր առաջին հայացքից: Չեմ ասի, թե ՆԱ շլացուցիչ գեղեցիկ էր, հաղթանդամ էր, լայնաթիկունք, կամ թե ինձ գերել էին նրա շագանակագույն աչքերն ու գեղեցիկ ժպիտը: Այդ ամենն ինձ համար այնքան էլ կարևոր չէր: Կասեմ միայն, որ ՆԱ ինձ համար միակն էր ողջ աշխարհում: Միակն էր և իմն էր: Ինձ դուր էր եկել ՆՐԱ ազնվությունը, համեստությունը ու անկեղծությունը: Նրա բոլոր շարժումների և խոսակցության մեջ նկատվում էր զարմանալի զգաստություն, որ միայն բնատուր է լինում և իսկույն որոշվում է կեղծից:
     ՆԱ եղավ այն միակը, ով ստիպեց ինձ զգալ սերը, լինել սիրահարված` ամբողջությամբ կտրվելով այս աշխարհից…Սովորեցրեց լինել ավելի ուժեղ, վստահ, հպարտ…
     ՆԱ եղավ այն միակը, հանուն որի ես պատրաստ էի ամեն ինչի… պատրաստ էի սիրել, խենթանալ, գժվել…գժվել հենց իմ սիրուց…ապրել ու մեռնել ՆՐԱ համար…
     ՆԱ եղավ այն միակը, ով ինձ տվեց թևեր…ՆՐԱ շնորհիվ կարողացա ճախրել, սավառնել…սավառնել այնքան անհոգ ու ազատ, ինչպես թռչուններն են սավառնում երկնքում, երբ սիրում են, չգիտես էլ, թե ում են սիրում…
     Կարողացա հորինել երազ և գնալ իմ երազի ետևից, հասնել ՆՐԱՆ, բռնել ամու~ր-ամուր, հասկանալ, որ իմն է, որ ՆՐԱՆ եմ սպասել ու փնտրել իմ ամբողջ կյանքում…
     ՆԱ եղավ այն միակը, որին թողեցի լինել ինձ այդքան մոտ, դիպչել սրտիս, խոսել հոգուս հետ…
     ՆՐԱ շնորհիվ Սիրեցի՜…
     Իմ կյանք մտած այն անծանոթը, ով սիրում էր ինձ, մեր հանդիպումից շաբաթներ անց դարձավ ինձ համար շատ կարևոր մի «անծանոթ» … Այնուհետև դարձավ պատճառ… այո՛, պատճառ ժպտալու ու փայլելու, երջանկանալու… Օրերս սկսվում ու ավարտվում էին նրա մասին մտածելով…Կարծես անորոշ ժամանակով կտրվել էի իրականությունից, իմ ծանոթներից, որոնք հասցրել էին օտարանալ, ու չէի էլ նկատել թե երբ և ինչպես…Բայց դա ինձ չէր էլ հուզում, որովհետև երջանիկ էի իմ ամբողջ էությամբ, ու ավել ոչինչ ինձ պետք էլ չէր … Ես ուզում էի երջանիկ լինել միայն ՆՐԱ հետ, սիրում էի ՆՐԱՆ, հիանում ամեն մի խոսքով և գործով: Ամբողջ օրը միայն նրա մասին էի մտածում: Երջանիկ էի անգամ նրան տեսնելու մտքից: Առանց նրա չէի պատկերացնում ներկաս ու ապագաս… ապրում էի միայն նրանով, անվերջ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Առանց նրա մեկ րոպեն անգամ ժամ էր թվում: Ամբողջ աշխարհն ինձ համար սկսվում և ավարտվում էր ՆՐԱ մեջ:
     Սիրում էի ՆՐԱՆ… Սիրում էի այն օդը, որը ՆԱ էր շնչում, այն հողը, որի վրայով քայլում էր, սիրում էի այն երազները, որոնք ՆԱ էր տեսնում, սիրում էի այն մտքերը, որոնք ՆՐԱ գլխում էին…Մի խոսքով, սիրում էի այն ամենը, ինչը կապված էր ՆՐԱ հետ…
     Դժվար է խոսել սիրո մասին, երբ իրոք սիրում ես: Երբեմն բառերն այնքան ավելորդ են, այնքան անտեղի…Կարծում եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ ամեն ինչ առանց խոսքերի էլ հասկանալի է: Պարզապես սիրում էինք իրար: Սիրում էինք անսահման, անհատնում սիրով… Մեր սիրո մեջ չկար ոչ մի պատճառ, կար ընդամենը մի պայման՝ անդադար սիրել …
     Այս աշխարհում ամենագեղեցիկը ՆՐԱ ժպիտն էր, հատկապես, երբ գիտեի, որ ես եմ այն արթնացրել… Ամենագեղեցիկը ՆՐԱ ջղային հայացքն էր, երբ ինչ-որ մի բան այն չէի անում…Ամենագեղեցիկը ՆՐԱ ձեռքերն էին, որոնք տաքացնում էին իմ սառը ձեռքերը…Ամենագեղեցիկը Նրա այտերն էին, որոնք ամաչելիս կարմրում էին… Ամենագեղեցիկը ՆՐԱ աչքերն էին, որոնց մեջ կարող էի ժամերով անթարթ նայել …և վերջապես ամենագեղեցիկը իմ անունն էր, երբ հնչում էր ՆՐԱ շուրթերից …
     Ինձ դժվար է գրել ՆՐԱ մասին, որովհետև բառերս չեն հերիքում…
     Մեր զգացմունքների կատարյալ և խոր ներդաշնակությունը ուղեկցվում էր բանականության այն լռությամբ, որի պայմաններում դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը գնահատելիս ենթարկվում ես միայն սիրո ձայնին: Մի խոսքով ինձ թվում էր, թե ՆԱ ոչ մի թերություն չունի, և, կարծում եմ, որ այդ նույն ձևով էլ ՆԱ էր ինձ պատկերացնում: Կամ, գուցե, ես նրա թերություններն էի տեսնում, իսկ ՆԱ` իմը, բայց սիրո կատարած ինչ-որ հրաշագործ կերպարանափոխության շնորհիվ այդ թերությունները մեր երկուսին էլ թվում էին ոչ միայն ներելի, այլև սիրելի, կարծես դրանք ոչ թե թերություններ էին, այլ առաքինություններ, թեև արտասովոր բնույթի…
     Երբ ՆՐԱ կողքին էի, փորձում էի որքան հնարավոր է շատ բան «գողանալ» նրանից. մտապահում էի ՆՐԱ խոսքերը, շարժումները, ժպիտը, որպեսզի երբ տուն գամ չխենթանամ ՆՐԱ կարոտից: Երբ ՆԱ կողքիս էր, ամբողջ աշխարհը կարծես իմը լիներ: Մտքումս անընդհատ շնորհակալություն էի հայտնում ապրածս ամեն մի վայրկյանի համար, որովհետև այն լի էր ՆՐԱՆՈՎ… Սիրում էի պարզապես լինել ՆՐԱ կողքին, նայել աչքերին և ժպտալ …ՆՐԱ ներկայությունն ինձ համար ամեն ինչից վեր էր…»
     Փակեց տետրը, հայացքը հառեց առաստաղին ու կիսաձայն շշնջաց. «Որոշել եմ, երբ աղջիկս տասնյոթ տարեկան դառնա, ես կտամ այս տետրը, որ կարդա …Պատկերացնում եմ, թե նրա համար ինչքան հետաքրքիր կլինի կարդալ մի սիրավեպ, որի գլխավոր հերոսուհին իր մայրն է …ա՛յ թե կծիծաղի աղջիկս…»:
     Այս խոսքերի հետ աննշմար մի ժպիտ սահեց նրա դեմքի վրայով ու հանգավ…
     Այնուհետև նրա աչքերի մեջ արտասուքի կաթիլներ ցոլացին և իսկույն, որպես փայլուն գոհարներ, գլորվեցին նրա այտերի վրայով: Նա դեմքը ծածկեց ափերով և մի քանի րոպե մնաց այդպես:
     Երբ գլուխը բարձրացրեց, նրա դեմքի վրա այլևս ոչ մի հետք չկար, նա ստացել էր զարմանալի խոնարհ արտահայտություն, ինչպես սոսկալի փոթորկին հաջորդող հանդարտ օրը: Թաց աչքերի մեջ նկատվում էր զարմանալի հեզություն:
     Չէր ուզում այլևս բացել այդ տետրը, որ շարունակությունը չկարդար…գիտեր, որ նորից վերապրելու էր այն ամենը, ինչն այդքան մեծ ցավ էր պատճառում իրեն…այնուամենայնիվ նորից բացեց տետրն ու շարունակեց.
     «Բայց…
    
     http://nasirele.blogspot.com/p/blog-page_4.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3458 | 0 | 0
Facebook