ՄՏՈՐՈՒՄՆԵՐ (Աֆորիզմներ)
***
Մարդկության ամենամեծ թշնամին Նախանձն է:
***
Տիեզերական մասշտաբներով արևն է անգամ մարխի մի տաշեղ:
***
Տենչերիդ ընդառաջ վազելիս աշխատիր բանականությունդ ու խիղճդ չկորցնես:
***
Զղջման արցունքներով է մաքրվում հոգին:
***
Պահերն ու ժամանակներն էլ նման են մարդուն`
լինում են երջանիկ կամ տխուր...
***
Ժամանակները մարդկանց գործերով են բնութագրվում:
***
Հավատն ամենազոր է, եթե քարոզիչներն իրենք չեն ապականում այն իրենց անպատշաճ վարքով...
***
Լոկ երկնքին ապավինողը, երկրի վրա միայն իր կյանքն է քարշ տալիս:
***
Երեխանե'ր, ծնողներն էլ մարդիկ են, խղճացե'ք նրանց:
***
Սխալվել կարող են բոլորը, բայց միայն հիմարն է անվերջ կրկնում նույն սխալը:
***
Ավաղ, բարուն գնահատողն էլ չարն է:
***
Սերն աճում է, երբ շատերին ես բաժանում:
***
Ներողամիտ եղիր և քո հոգին խաղաղ կլինի:
***
Չգիտակցված մեղքը փորձանք է, իսկ գիտակցվածը` հանցագործություն:
***
Ոչ միայն պարգևին` պատժին էլ է պետք է արժանի լինել:
***
Դժվար պայմաններում մեղք գործելը հեշտ է:
***
Հաճախ հանգամանքներն են մարդուն մղում ակամա հանցանքի:
***
Մեկին հնարավորությունն է հանցանքի մղում, մյուսին` դրա բացակայությունը:
***
Հանցագործը նա է, ով կարող է մեղք չգործել, բայց գործում է:
***
Մարդուն խաչում են ու ասում ժպտա` ցույց տուր, որ գոհ ես քո տառապանքից:
***
Ինչպես հայրենիքն ու ծնողներին, մեր ապրելու ժամանակը նույնպես մենք չենք ընտրում:
***
Աներեսությունը երախտամոռության մեդալի մյուս երեսն է:
***
Ամենավտանգավորը նա է, ում հետ շփվելիս չես հասկանում` ուրախանում է քո հաջողություններով, թե նախանձից պայթում, բայց առերես ժպտում է: