Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

00:53, երեքշաբթի, 04 մարտի, 2014 թ.
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
    
Բանաստեղծություններ
    
    
    

***
    
Երբ Ազնվության փոքրիկ մի կաթիլ,
     Անաղարտության շող եմ նկատում,
     Խինդի արցունքն է կախվում իմ այտից,
     Բարու գալուստն է սիրտս ավետում...
    
     Լցվում է հոգիս Նորի արբունքով,
     Սիրտս ուռչում է հպարտությունից,
     Կյանքը պատվում է բարության շուքով
     Ու ողջ աշխարհն է կարծես ժպտում ինձ:
    
     Ս.Մալխասյան 21.02.2014
    
     ԱՐԱՐՈՒՄ
    

     Հավիտենական սեր են մրմնջում
     Հրե գույները ներկապնակի,
     Երբ հավերժամետ գույների լճում
     Մրմունջ են դառնում հուր արեգակի:
    
     Հոգու աշխարհում լույս կա ու եթեր,
     Գույներ ու բառեր ջերմ ու երփներանգ,
     Կյանքը կմարեր, քավ լիցի, եթե
     Լռեին մի պահ հնչյուն ու երանգ...
    
     Այն, ինչ բառերով չես արտահայտի,
     Ներդաշնակում է գույների լեզուն,
     Թե գույնն իր լուսե խոհերն ընդհատի,
     Արդ լեզու կառնի հնչյունն անլեզու...
    
     Մեղեդի ու խոսք, պատկեր ու քանդակ,
     Կադրեր ու դրվագ հորձանքից կյանքի,
     Ողջը կլանում հոգին անհատակ
     Ու վերածում է անզուսպ հրճվանքի...
    
     Ս. Մալխասյան 21.02.2014
    
    


    

***
     Թեկուզ անձրևոտ կամ քամոտ լինի,
     Անգամ ձյուն թափվի ու կարկուտ տեղա,
     Գարունն է կյանքի զարթոնքը էլի,
     Գարնան գալուստը ցանկալի է հար
     Եվ ողջ բնության և մարդու համար:
    
     Ս.Մալխասյան 1.03.2014
    
    
    

***
     Եթե մենք բարի լինենք այլոց հետ,
     Հոգին դրանից չի աղքատանա:
    
    

Ս.Մալխասյան 2000
    
    


    

Թող ների ինձ այս Գարունը
     ՀՈԳՈՒ ՑԱՎ
    
     Նոր հոգսերից սնվող ցավը երկրին պատել,
     Մեր բզկտված հոգին պարուրել է ամպով,
     Ավանդների ծառի արմատներն են հատել
     Ու պատնեշ են դրել նորը Հնից զատող...
    
     Մարգարեներն արդեն արժեք չունեն բնավ,
     Ամեն նորամանուկ "իմաստության" վեմ է,
     Նորերը չեն ուզում Նախնյաց այցի գնալ,
     Իսկ Հներին, ավաղ, ո՞վ կթողնի բեմել:
    
     Կճղակների տակ են պատգամները Վսեմ,
     Սին հողմերն են շրջում հոգիներում ունայն,
     Հազար պատառ եղիր, ո՞վ է ուզում լսել,
     Խեղկատակի դար է,
     ՄԱՐԴՆ է թախծոտ միայն...
    
     Ս. Մալխասյան 1.02.2014


    

ԵՐԱԶԱՆՔ
    
     Ախ, գա գուցե պահն այն լույս`
     Դառնանք պարզ ու մեռոնված,
     Մեր երկիրը գրկաբաց
     Հյուրընկալի Հայերին,
    
     Եվ ով խեղճ է ու անհույս,
     Անմեղությամբ անարգված...,
     Ապրի անհոգս ու անցավ,
     Ի հեճուկս դավերի...
    
     Ս. Մալխասյան 1.03.2014


    

Ա Պ Ր Ե Լ
    
     Ապրել մարդավայել ու արժանապատիվ,
     Արծվի ճախրանքի պես մեղմ ու հանդարտ,
     Բարին ու ազնիվը անազնիվից զատել,
     Արդարամիտ լինել ու ինքնադատ:
    
     Ապրել` հայացքի մեջ գորովանք ու ժպիտ,
     Լեզվին` բարեբանում ու հույսերին` ճախրանք,
     Լռության մեջ` խոհեր, խոսքերի մեջ` կուռ միտք
     Սխրանքներում` բորբոք, հուզման պահին` մարմանդ:
    
     Ապրել Աստվածակերպ` ապրեցնելով մարդկանց,
     Ոգի ու շունչ ցանել ամուլ հոգիներում,
     Օգնության ձեռք մեկնել առանց խնդրանք ու հայց`
     Հոգում միայն բարին ու սրտի մեջ ներում:
    
     Ս. Մալխասյան 1.03.2012
    
    

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ
     (Առակ)
    
     Երեք լավ կերած - խմած ընկերներ դուրս են գալիս ռեստորանից
     և նկատում, որ մի մարդ կանգնած է միայնակ:
     Մի ընկերն ասում է,
     - Չգնանք դրան մի լավ ծեծենք:
     Երկրորդ ընկերն ասում է, -
     Հա, լավ էլ քոթակելու տեղեր ունի:
     Երրորդ ընկերը, որը մի քիչ ավելի լուրջ էր, սաստում է մյուս երկուսին:,
     - Ախր մենք հարբած ենք, իսկ նա լուրջ, բա որ ինքը՞ մեզ ծեծի:
     Մյուս երկու ընկերը զարմացած,
     - Ախր մենք նրան ի՞նչ ենք արել, որ մեզ ծեծի...
    
     Ս. Մալխասյան 5.02.2014


    

***
     Ամանորի երեկոն է խորհրդավոր,
     Տոնածառն է պատգամաբեր շուքը նորի,
     Շուտով, շուտով երկունք կառնի խորհուրդը նոր,
     Նոր հույսերով կպսակի նա բոլորին...
    
     Դառնաժպիտ մի տարի էլ դարձավ անցյալ,
     Հույս նետելով, որ կտանի հոգսերը հին,
     Նորեն պիտի դառնանք Նորի հավատացյալ`
     Հավատալով, որ Նոր Տարին էլ չի դավի...
    
     Ս. Մալխասյան 31.12.2013
    
    

ՀՈԳԻՆ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ
    
     Անակնկալ գալիս իմ հոգին ես մտնում,
     Զգացմունք ես երկնում ահագնամած.
     Հետո թողնում, գնում ուրիշին ես գտնում,
     Իմ ալեհեր բախտի Նոր այգաբաց:
    
     Հոգիս լքած չքնաղ ճաճանչումից հետո,
     Մթնշաղ է իջնում սրտիս վրա,
     Որոնում եմ հույսն իմ ջինջ աստղերի ներքո,
     Մենությունից հոգնած Լուսնի նման:
    
     Երջանկությունն էլ մեր մի ծաղիկ է ասես,
     Գարնան հետ գալիս է, աշնանն անէանում,
     Մինչ մեր ահել հոգում գարուններ են անվերջ,
     Սակայն ոչ մի ծաղիկ այն էլ չի զարդարում:
    
     Մենք ամեն օր, գուցե, բախտի կողքով անցնում,
     Չենք նկատում սակայն խնկաբույրը նրա,
     Իսկ տարիներ հետո կորած բախտն ենք լացում,
     Թեև ո’չ գտել ենք, ո’չ կորցրել Նրան: :
    
     Ս.Մալխասյան 20.01.2013


    
    

***
     Մեզ ինչ կբերի բացվող նոր օրը,
     Եվ ուր կտանի գալիքն անխթան,
     Կհանդիպեն մեզ Բարի՞ն ու Նորը,
     Թե՞ ամենօրյա կյանքի Գողգոթան:
    
     Ս. Մալխասյան 2012


    
    

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
    
     Անհուններից եկող լույսի դալուկ մի շող`
     Խաթարելով մեգը, աչքերիս մեջ բեկվում,
     Հոգնած ուղեղիս մեջ բոց է դառնում բոսոր
     Ծնելով մեկ հավատ, մեկ անորոշ երկյուղ…
    
     Վաղնջական մի հույս անվերջ հառնում իմ դեմ,
     Թախանձում է նորեն վերադառնալ անցյալ,
     Ապա ցայգալույսի մեգ է դառնում անդեմ,
     Տեսիլքի պես չքվում, անէանում դարձյալ…
    
     Երերալով ճոճքում անցյալ ու գալիքի`
     Անգույն ներկայից ենք խուսանավել փորձում,
     Միտքը տկար է դեռ, հույսը` առանց հիմքի,
     Որոգայթներն են լոկ դեռ ոստայններ գործում…
    
     Ս.Մալխասյան 21.10.2013


    

էՍ ԵՄ
    
     Ես այն եմ, ինչ կամ,
     Մեկից մի քիչ ցած, մեկից առավել,
     Արտառոց չեմ ես իմ լավ բարեկամ,
     Ունեմ այն, ինչն ինձ Աստված է կամել,
     Տեսքով ինչ-որ չափ տարբեր կապիկից,
     Խելքո՞վ, ո՞վ գիտե, կա՞րճ է, թե՞ երկար…
     Դեռ գործիք չկա
     Մարդկային խելքը չափելու համար:
     Համեմատում են ամենքն իրենցին
     Ու եզրակացնում միշտ անվերապահ,
     Որ իրենք մի քիչ խելոք են քեզնից...
    
     Առաքինության չափը չափում են
     Լոկ իրենց ինչքով և ունեցածով
     Ու դրանով էլ իրենց խաբում են`
     Հպարտանալով մտավոր բացով…
    
     Դե, հաշվել գիտեմ, տառեր` անկասկած,
     Մի քիչ աչք ունեմ ու մի քիչ ականջ,
     Լեզուս փորձում է մեկ մեկ կատակել
     Ու մարդկանց ցավը դույզն ինչ փարատել…
     Բայց պապանձվում եմ,
     Հիշելով այլոց և իմ հոգսերը,
     Քանզի այս կյանքում
     Չքվել են իսպառ բարին ու սերը…
    
     Ես ունկ եմ դնում ուրիշի խոսքին`
     Տրվելով նրանց տրտունջի հոսքին..
     Ու կուլ եմ տալիս ցավը ուրիշի,
     Իմը պահ տալով անամոք հուշին…
    
     Խոսում են մարդիկ սրա-նրանից,
     Ծանր հոգսերից անվերջ բողոքում,
     Մեկը չի ուզում խոսել լավ բանից,
     Ու չի գովերգում երբեք լավ մարդուն…
    
     Բայց գովերգումը թեկուզ և օտար
     Մարդու լավ գործի, նման է լույսի,
     Եվ մեր ստնտուն օրերում մթար,
     Երբ մարդիկ նույնիսկ հույս չունեն Հույսի, , ,
    
     Վերուստ եմ պատրաստ նկատել լավը,
     Բարության գովքը անել ամենուր,
     Ու հաղթահարել մեզ այրող ցավը,
     Օգնելով այլոց բարությամբ մաքուր…
    
     Մարդիկ սիրում են ականջը կախել,
     Պատրաստ լսելու գովեստներ տարբեր,
     Չունեցած խելքի, անմեղ բնության,
     (Երբ հենց իրենք են սերմը բռնության)
     Եվ իրենց բարի գործերի մասին,
     Թեև դրանում երբևէ չկան:
    
     Ես լեզու չունեմ, ինձ գովերգելու,
     Իմ գործերն առաջ տանելու համար,
     Նույնիսկ, երբ մարդիկ պատրաստ են լսել,
     Եվ պահն է հարմար…
     Ամոթ է ծանոթ ու անծանոթի
     Լոկ իմ հոգսերով խեղդամահ անել,
     Երբ հենց նա ինքն է գուցե անոթի
     Կամ ուրիշն արդեն գլուխն է տարել…
    
     Դժվարինն այն է որ այդ ամենը,
     Վաղուց, վաղուց եմ հասկացել, գիտեմ,
     Սակայն չեմ կարող ինքս ինձ փոխել,
     Ինչպես չեն կարող փոթորկի պահին,
     Փոխել մաքառող նավի կայմերը:
    
     Իմ ուսուցիչը կրկնում էր հաճախ,
     Որ "Կարմիր կովը կաշին չի փոխում",
     Ինչ արած, թող ես կարմիր կով մնամ,
     Եվ ոչ քամելոեոն շատերի նման,
     Որոնք անընդհատ գույներն են փոխում,
     Պատեհ առիթով, երբ պահն է հարմար…
    
     Այսինքն Կով եմ ծնվել երևի,
     Թեև Վարազի առաքելությամբ
     Ճամփան եմ հարթում գունափոխների,
     Անշահախնդիր իմ մերկ գոյությամբ:
    
     Պապիս խոսքերն են, -" Լավություն արա
     Ու ջուրը գցի, մի տեղ դուրս կգա"
     Բայց մինչև հիմա
     Մեռա լավություն անելով մարդկանց,
     Ու չեմ զգացել, որ ինչ-որ մեկը,
     Երբևէ նման պատասխան տա ինձ,
     Անհանգստանա մեկի դրությամբ,
     Թե ինքը հատուկ նպատակ չունի,
     Նետաձիգը չէ իր ընտրած նետի….
    
     Միայն տանում են, տանում բոլորից,
     Առանց խղճմտանք, առանց ամոթի…
    
     Բայց փույթ չէ, քանզի
     Մարդիկ նման են անբացատրելի
     Մի առեղծվածի,
     Ում դու լավություն երբեք չես արել,
     Օգնում է նա քեզ և ընդառաջում,
     Իսկ նա ում համար կյանքդ ես դրել,
     Անհրաժեշտ պահին քեզ չի ճանաչում:
    
     Ու հայտնի չէ դեռ,
     Թե բարեկամին ծառայե՞լն է հեշտ,
     Թե՞ դիմանալը չարի հարվածին:
    
     Թեև այս բառը մարդուն չի սազում,
     Ամոլ եզի պես իմ լուծն եմ քաշում…
    
     Շատերին հաճախ թվում է ճիշտ չէ
     Իմ ընտրած ուղին,
     Իմ արահետը ճշտել են ուզում,
     Խոսքով ուզում են, որ ես էլ հասնեմ
     Իրենց դավանած ինչ-որ արդյունքի,
     Բայց հաճախ, հաճախ,
     Ճամփաս են փակում
     Տանող բաձունքին….
    
     Կով եմ, թե եզ եմ,
     Ինչ-որ կամ ԷՍ ԵՄ…
    
     Ս. Մալխասյան 12.07.2013


    
    


    
     Ընկերոջս` գեղանկարիչ
     Էդվարդ Մանուկյանին (ԱՄՆ)
    
     ԻՆՔՆԱՆԿԱՐ ՆԵՐԿԱՊՆԱԿԻՆ
    
     Ներկապնակից մի ինքնապատկեր
     Դիտողի միտքն է կարծես շաղափում,
     Կենտրոնում թախծով լեցուն աչքեր են,
     Շուրջը` չորացած ներկի խառնակույտ…
    
     Թաքնված ցավ կա հայացքում վճիտ.
     Եվ ցավն այդ տանող հոգի մի մաքուր,
     Աչքերը Վանա, Սևանա լճեր,
     Դեմքին հուսաբեկ մորմոք անթաքույց...
    
     Նկարի լեզվով ապտակ է դա մի
     Մարդկանց, որոնց հետ առնչվել է նա,
     Ու Հոգու ապտակ անողոք դարին,
     Որ տառապանքներ ծնեց անհամար...
    
     Օրեր, տարիներ, դարեր գլորվեն,
     Կապրի պատկերն այդ ներկապնակում,
     Բազում հոգիներ կհուզի նորեն,
     Որպես հոգեցունց հավերժի ճամփորդ…
    
     Ս.Մալխասյան 30.06.2013


    
    

ԻՄ ԱՌԵՂԾՎԱԾԸ
    
     Ես նա եմ, ով իր խիղճը չի ծախում
     Ու չի սակարկում իր էության հետ,
     Նա, ով և' դրսում, և' իր օջախում,
     Փնտրում է միայն բարու արահետ:
    
     Ես նա եմ, ով հին քանդվածի տեղում,
     Մի նոր տաճար է ուզում կանգնեցնել,
     Ամեն առիթով իրեն է նեղում,
     Որ ոգեկոչի այլ ջրաղացներ:
    
     Նա, ով իր ձեռքով կրակից հանած
     Շագանակներն է տալիս ուրիշին,
     Սեփական հոգին պահում է փակված
     Ու կուլ է գնում ուրիշի հուշին:
    
     Ես նա եմ, ով իր խոտորնակն անմեղ`
     Սեփական խղճի դատին հանձնելով,
     Բոլոր պարտքերը ճգնում է մարել`
     Այլոց պարտքի դեմ մնալով ներող:
    
     Նա, ով իր ցավը պահում է հաճախ,
     Որ իր թախիծը այլոց չպատի,
     Եվ հույս է տալիս, երբ ուրիշն անճար
     Հոգսերի բեռն է հանձնում իր դատին:
    
     Ես նա եմ, գուցե ինձ չհավատաք,
     Ով ամեն ինչում փնտրում է արև,
     Անկյուն է նետում իղձերը իր տաք,
     Որ կյանքի կոչի հոգիներն ավեր:
    
     Նա եմ, ով Աստծո ամեն մի գիշեր,
     Ուրիշի համար աչքը չի փակում,
     Երբ այդ ուրիշին տրված չէ հիշել,
     Որ հոգսը նաև իմ դուռն է թակում…
    
     Ես նա եմ, ումից քաղում անհատնում
     Ու հոխորտում են հաճախ նրա դեմ,
     Ում, ոնց էլ նստեն, միշտ ծուռ են դատում`
     Փորձելով կարող ձեռքերը հատել:
    
     Ում սփոփանքը արևն է եղել
     Կամ վառ լուսինը գիշերվա կեսին,
     Ով իր անհատնում տենչերը նեղել,
     Սատար է կանգնել ընկերոջ "ես" -ին:
    
     Նա, ով տքնանքով վաստակած հացը
     Բերանից կտրել տվել է այլին,
     Խեղդել է անդուլ իր հոգու լացը,
     Որ ուրիշ մեկի խինդը չմարի:
    
     Ես նա եմ, ով դեռ չի ծնվել գուցե
     Եվ ինքն է իրեն բարեգութ թվում,
     Ով իր խնդիրը չի կարող լուծել,
     Սակայն ուրիշի համար է կռվում:
    
     Ես նա եմ, ով իր մտքի մեջ անգամ
     Որևէ մեկին դեռ չի նախանձել,
     Ում դեմ շատ հաճախ եղան չարակամ,
     Հոգու թռիչքն են անդադրում սանձել:
    
     Ես այլոց տեղը միշտ ապաշխարում,
     Եվ քող եմ նետում միշտ նրանց բացին,
     Խենթ եմ, թե խելառ, դեռ չեմ հասկանում,
     Պատասխան չկա այս առեղծվածին:
    
     Ու չեղավ, չեղավ մեկը աշխարհում,
     Գոնե աղ ցաներ իմ արդար հացին,
     Չէ, չմեղանչեմ, մարդիկ ի՞նչ անեն,
     Երբ արտասվում եմ միշտ առանց լացի…
    
     Ս.Մալխասյան 10.01.2007
    
    


    

* * *
     Երջանկությունը նախ գտնել է պետք
     Հետո վայելել, ապրել նրանով…
     Մենք այն փնտրում ենք մեկ ուրիշի մեջ
     Կամ մեկ ուրիշ տեղ, որ տեղ մենք չկանք,
     Բայց այն մեր մեջ է,
     Մեր հոգու խորքում ու մեր սրտի մեջ,
     Դրա համար էլ
     Հաճախ, շատ հաճախ,
     Որքան էլ փնտրում`
     Չենք գտնում մենք այն,
     Զի ամփոփված է
     Մեր իսկ սեփական սրտի մեջ միայն:
    
     Ս.Մալխասյան 7.06.2013


    
    

ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԵՐ
    
     Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
     Եթե սա չլիներ, չլիներ նա,
     Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ
     Հողը պարարտ լիներ, փողն` անհմա.
    
     Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ
     Իմաստունների հետ ծեր ու անչար,
     Մի փակ դռան տեղում երեք բացում լիներ
     Ու շտկվեր սխալը չաչաչար,
    
     Իմաստության առաջ դուռը միշտ բաց լիներ,
     Հայը չապրեր առանց Արարատի,
     Դաշտերը միշտ վարած, հողը սերմած լիներ,
     Պաշտեին և մեծին և անհատին,
    
     Եթե ամպի տեղակ Արևը լաց լիներ,
     Սևանն անհարց լիներ ու բարձրաջուր,
     Թե ուսումը ձրի, օրենքն անմաղձ լիներ,
     Հայը սատար լիներ համերկրացուն,
    
     Եթե նախնյաց Ոգու կարոտը հաց լիներ,
     Ու ջահ լիներ պատգամը Մեծերի,
     Եթե ամեն ասված մի քիչ արված լիներ,
     Մտքի կարոտ լիներ, ոչ գանձերի,
    
     Եթե ամեն ճամփա ուղիղ ու հարթ լիներ,
     Միտքը խորունկ լիներ ու անաչառ,
     Մի քանդածի տեղում թե երկուսը շինվեր,
     Բարին հզոր լիներ, չարը` անճար,
    
     Եթե կռվի տեղակ սոսկ բանավեճ լիներ,
     Սերը սուտ չլիներ, հավատը` սին,
     Եթե մեկը խելոք, մեկը չար չլիներ,
     Օրենքը դաս լիներ մեկ երկուսին,
    
     Եթե հոգսը գետակ, հույսը կամուրջ լիներ,
     Սերը նեցուկ լիներ ամպշող հույսին,
     Խիղճը անվերջ սթափ, միտքը միշտ լուրջ լիներ,
     Հավատն անխոնջ լիներ, մրմունջը` սին,
    
     Եթե գարին ընկույզ ու հույսը կույս լիներ,
     Չարիքն անգործ, անհույս, անապաստան,
     Ողբ ու լացի տեղում խինդի արցունք լիներ,
     Արդարացի լիներ գործ ու փաստարկ,
    
     Եթե ամեն հարցում նորաբացում լիներ,
     Հոգադարձում լիներ ու արթնացում,
     Ետընթացի տեղակ առաջանցում լիներ,
     Ըմբոստացում լիներ ամեն հարցում,
    
     Եթե ամեն քայլով ավելացում լիներ,
     Ավերումի ուժը չեզոքացվեր,
     Եթե անմիտ բիրտը անվեհացում լիներ,
     Արարոմի ձիրքը ընտելացվեր,
    
     Եթե նախանձն անքեն, քենը անշունչ լիներ,
     Բարությունը` կարող ու պատվական,
     Եթե հաղթությունը անգոհացում լիներ,
     Ուժը ճար չլիներ, փողը` մական,
    
     Եթե շնորհ ու ձիրք աստվածացում լիներ,
     Անկիրթ գոյությունը` աղերսական,
     Եթե ամեն հարցով Նարեկացուն դիմվեր,
     Արարատը լիներ մագնիսական,
    
     Եթե օրենք ու դատ անթերացում լիներ,
     Անմիտն ուժ չունենար ու զորություն,
     Թե չարության դիմաց մի պատառ լաց լիներ,
     Ապաշխարում լիներ ու թողություն.
    
     Եթե ամեն հարկում գինի ու հաց լիներ,
     Թե չլռեր հոգսը մարդկանց հոգում,
     Եթե տոմսը ձրի ու ճամփան բաց լիներ,
     Հավատն անդուրժ լիներ ու աննկուն...
    
     Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
     Եթե սա չլիներ, չլիներ նա,
     Եթե վաղվա օրը Հասկանալի' լիներ`
     Մարդը Հող չէ'ր լքի, ու չէ'ր գնա...
    
     Սեյրան Մալխասյան 28.08.2003


    

***
     Ես մարդկային հոգու խորանները մտա,
     Որոնեցի Սեր, Հույս, Հավատ ու Բարություն,
     Եվ հասկացա` դրանք լոկ սին տենչերն են թանկ,
     Լուսե աննյութ երազ այս նյութապաշտ կյանքում …

Ս. Մալխասյան 2013


    
    

ԱՍՏՂԵՐ
    
     Աստղերն ասին, -Իջնենք երկիր,
     Դարեր ի վեր թարթում ենք հար,
     Անուններս գիտեն անգիր,
     Չենք ճանաչում սակայն իրար:
    
     Ասին, հագան թևեր արծաթ
     Ու սուրալով վայր սլացան,
     Երկրում դարձան լույսի մի ճայթ
     Ու խավարի գերին դարձան…
    
     Երկնացիք ի՞նչ իմանային,
     Որ մատնաչափ երկրի վրա
     Արդեն անթիվ աստղեր կային,
     Անունով մեծ ու աննման,
    
     Որ երկրային ամեն անցորդ,
     Ինքնին արդեն աստղ է մի վառ,
     Կամ ապագա աստղի հայցորդ`
     Ինքնահմա ու խանդավառ,
    
     Որ երկրային դարն ալեկոծ
     Աստղիկներ է ծնում բազում,
     Միտքն անմշակ, հոգին անփորձ,
     Իսկ տենչերով` Արևակուլ…
    
     Ու, երբ աստղերը երկնքի,
     Տեսան Երկրի խավարը պիղծ,
     Երկրի գենից մարող հոգին
     Խավար Երկինք տարան նորից:
    
     Ս. Մալխասյան 25.10.2005
    
    

ԵՍ
    
     Հոգնություն է իջել վրաս, հոգնել եմ բախտից,
     Հոգնել եմ իմ հոգին կապող ամուր կապանքից:
     Համընթաց է եղել հաճախ բախտի քամին ինձ,
     Ու այսօր էլ դժգոհ եմ իմ չարած քայլերից:
    
     Ես իմ ամեն քայլը չափել, խոսքս կշռել եմ
     Հաճախ սրտիս ամեն բաղձանք անմիտ փշրել եմ:
     Խինդ եմ ապրել ուրիշներ բուռն ուրախությամբ`
     Իմ անձնական բախտի ձիուն թողնելով անթամբ
    
     Եթե սիրտս երգ է ուզել` երգել եմ մտքում,
     Թե իմ հոգին սերն է հուզել` պահել եմ խորքում,
     Մտքիս անդուլ թռիչքները թաքցրել իմ մեջ,
     Խոնարհվել եմ բախտի առաջ, խոնարհվել անվերջ:
    
     Երկչոտ էի, անընդունակ ինձնով կախարդել,
     Այն էակին, ով կարող էր սիտս փարատել:
     Սիրտս տված ուրիշներին սիրուս չեմ տիրել,
     Անհաղորդ եմ եղել հաճախ, երբ ինձ են սիրել:
    
     Կարոտներս տվել այլոց, կարոտ չեմ տեսել,
     Լոկ անուրջի թուրմով հարբած երգեր եմ հյուսել,
     Անտեսել եմ ակնհայտը, անհայտով տարվել,
     Հրդեհելով ուրիշներին` ինքս ինձ մարվել…
    
     Միշտ ուրիշի հարցը լսել, իմը չեմ ասել,
     Ու իմ կյանքում ամեն ինչի դժվար եմ հասել,
     Երազներս պահել թաքուն, աչքս չեմ բացել
     Իմ հավատի ճանապարհը մենակ եմ անցել:
    
     Ես այնտեղ եմ, այն բարձունքում, որ ես եմ ընտրել,
     Եվ խնդրում եմ, ուրիշ մի տեղ հոգիս չփնտրել,
     Ու թե հնար լինի հանկարծ նոր կյանքով ապրել,
     Ունեցածս նորեն այսպես կուզեի վատնել
    
     Ս. Մալխասյան 2003
    
    

***

Սիրո մի կաթիլ,
     Արցունքի կաթիլ,
     Հար ու շարունակ…
     Ու չորրորդ կաթիլ:
    
     Այսպես արարվեց
     Հոգու դրախտը,
     Ուր` երեքն Աստված
     Լոկ մեկն է Մարդը…

Ս. Մալխասյան 2013
    
    

ԷՔՍՊԱՆՍԻԱ


     Անկոչ հյուրի պես արքաթող,
     Լքված ու տկլոր այս տանը
     Կանգնած եմ շվար ու գլխիկոր`
     Հոգուս մեջ խեղդելով կականը:
    
     Փողոցում հռնդյուն ու շռինդ,
     Մայթերի հոգսաբեկ անցորդներ,
     Մեկի մեջ հույս ու ցավ, մեկում` խինդ,
     Բարևներ, ժպիտներ կարճատև:
    
     Ժամերը երկար են ու ձիգ,
     Երկինքը անվեջ ամպամած,
     Քչախոս կամ լուռ են մարդիկ,
     Շչակներն են անգամ կարկամած:
    
     Անցորդ, ետ նայիր, ես կամ,
     Դեռևս ապրում եմ, շնչում,
     Գրաստ եմ, ամուր եմ, հեծկան,
     Ես լուռ եմ, հոգիս է մռնչում:
    
     Ամպերը հետո լուռ լալիս,
     Մաքրում են մայթեր ու կածան,
     Գարունը ողջույններ է տալիս,
     Դուրս արի երկչոտ իմ ծիածան:
    
     Ս. Մալխասյան 18.04.2002


    
    

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ
    
     Խիղճն անհունում է ապրում
     Սոված ու անքեն,
     Նա` տնավեր, մենք անտեր,
     Այս է մեր բարքը:
    
     Զուր ծվատում ենք իրար,
     Չար ենք և չկամ,
     Բողոքում ենք անդադար,
     Իսկ օգուտ չկա:
    
     Ոչ վատին ենք անիծում,
     Ոչ լավն ընդունում,
     Բարուն անվեջ քարկոծում
     Ու կյանքն ենք թույնում...
    
     Հար տրտնջում ենք անբույր
     Կյանք ու գալիքից,
     Բորբոքվելով օրն ի բուն
     Անտեր կարիքից...
    
     Իրար կոկորդ կրծելով
     Հասանք էս օրին.
     Ծիծաղատեղ ենք դաձել
     Աչքում բոլորի...
    
     Ս.Մալխասյան 17.11.2005
    
    

* * *
     Կյանքի ամեն հարված մեզ անցյալ է տանում,
     Մեր անաղարտ կյանքի ակունքները վճիտ,
     Ուր ծիածան թողինք, մի խնդալից գարուն,
     Ու մեղապարտ դարձանք` չգործելով ոճիր:
    
     Եվ այն, ինչ թողել ենք հեռուների հեռվում,
     Որոնում ենք անդուլ հորիզոնում անհայտ,
     Հաղթող չկա նորի ու անցյալի կռվում,
     Միայն սիրտն է պարտվում,
     Սիրտը` անտես ու բարդ...
    
     Ս.Մալխասյան 6.07.2004
    
    

ԽԱՄԱՃԻԿՆԵՐ
    
     Մենք ինչ-որ դեր ենք խաղում անցողիկ`
     Մեր ներքին ես-ից հար տարանջատված,
     Նման անձրևից փախչող անցորդի`
     Աշխարհից զատված:
    
     Վազում ենք ինչ-որ բանի ետևից,
     Նոր ու անսովոր բաներից փախչում,
     Ու չենք ձանձրանում մեր անշուք դերից
     Երբ հույսն է կանչում:
    
     Մի ոտքը դրած անցյալի ծայրին`
     Փորձում ենք մյուսով երկնքին դիպչել,
     Ու կուլ ենք գնում կույր բախտի ծաղրին
     Ցերեկ, թե գիշեր:
    
     Միայն տրտմության պահն է ստիպում
     Հետադարձ հայացք նետել անցյալին,
     Հոգու կտտանքն է դարձնում գիտուն
     Խորհուրդը ցավի…
    
     Ս.Մալխասյան 2.07.2004
    
    

***
     Ուրիշի դերում` ուրիշի գերին,
     Ուրիշի լեզվին հլու հպատակ,
     Ուրիշի դերն ենք տանում անթերի,
     Մերը` մոռացած...
    
     Ս.Մալխասյան 21.11.2004
    
    

ՀՈԳԻ, ԹԵ ՀԱՑ
    
     Ինձ հարց են տվել բազում անգամներ,
     Ես ինքս ինձ եմ տվել նույն հարցը`
     Մարդուն այս կյանքում ինչն է կարեվոր,
     Ինչն է մեզ պահում` Հոգին, թե Հացը:
    
     Ինքս ինձ հաճախ տալով այդ հարցը,
     Պատասխան գտնել չեմ կարողանում,
     Մեզանում հիմա երկուստեք բաց է`
     Ոչ այս կա, ոչ այն մեր նոր մառանում:
    
     Անտիկ դարերից փորձում է մարդը
     Հագեցում գտնել դրանցից մեկում.
     Մեկ ցանց է գործում կեցության սարդը,
     Մեկ հոգու ցավն է մարդուն կեղեքում...
    
     Որոնումների լաբիրինթոսից
     Փրկություն թե կա, երկուստեք միայն.
     Հակամարտելով չենք ելնի փոսից,
     Զի առանց Հոգու` Հացն էլ է ունայն:
    
     Ս.Մալխասյան 10.01.1997


    

***
     Տարիքի հետ հասկանում ես`
     Կյանքը այն չէ, ինչ գիտեիր,
     Այն օրից օր ճզմում է քեզ,
     Բայց և դառն է, և մտերիմ
     Հոգսերով իր անհատնելի...
    
     Ս.Մալխասյան 6.08.2001


    

ՍԽԱԼՎՈՒՄ ԵՆՔ
    
     Կյանքը երկար մի շարան է սխալների,
     Ուր ամենքս մեր սխալն ենք ավելացնում,
     Կրկնելով ուրիշների սխալն էլի`
     Նոր սխալի համար մի նոր դուռ ենք բացում:
    
     Հաճախ գիտենք, որ մեր քայլը ճիշտ չէ բնավ
     Եվ հաճախ էլ կուրորեն ենք սխալն անում,
     Ներքին մի ձայն ստիպում է առաջ գնալ,
     Երբ շատերն են մեղադրում մեզ դրանում:
    
     Մենք անում ենք այն, ինչ բնավ չենք ցանկանում
     Եվ ոչ սակավ` ուրիշներին կուլ գնալով,
     Քայլ ենք անում, որ հայտնի չէ, ուր է տանում
     Եվ` չուզելով, հրաժարվել էլ չենք կարող:
    
     Սխալվում են, սխալվում եք, սխալվում ենք,
     Եվ սխալը սխալների վրա բարդում,
     Սխալվելով ճիշտն ենք փնտրում ամենուրեք,
     Եվ անսխալ` հին սխալը խորանարդում:
    
     Ս.Մալխասյան 12.03.2001


    

ՈՐՊԵՍ ԱՂՈԹՔ
    
     Օ, վեհաշունչ Վերին, օ, Նախաստեղծ ատյան,
     Մոլորված չենք, սակայն լույսը նվազում է,
     Ում ցանկալի հյուրն է համբերությունն այսքան,
     Ում համար ես պահել հույզերն աբրեշումե:
    
     Անտարակույս կյանքի օազիսները չենք,
     Ոչ էլ անապական հովիտների գերին,
     Ինչու մեզ ուժ տվիր բարությանը կառչել,
     Բայց անզոր ես թողնում չարության դեմ նեռի:
    
     Ըմբոստանում է մեր հոգին արևավառ,
     Ազգակործան դավի ալիքներին ընդդեմ,
     Չմեղանչեց թեև ոգին մեր կացնահար,
     Բայց մեր մեղան էլ դեռ, լքված է ու անտեր:
    
     Ս.Մալխասյան 08.10.2005


    

ՀՈԳԵԴԱՐՁՈՒՄ
    
     Առագաստները լցված են լույսով,
     Մղվում են կարող հույսերի հեռուն,
     Սակայն չի բավում մի չնչին ներում,
     Հեռու չէ թեև առկայծը բոսոր:
    
     Շիլաշփոթում մտմտուկների,
     Անանձնակարոտ հույզերն անսքող,
     Իրենց դյուրաբեկ սրտերի հևքով,
     Ձեռնոց են նետում Արեգակներին:
    
     Ճաճանչադալուկ հեռաստաններում
     Երամի սաղմն է ծնվում ետդարձի,
     Հասնում է հասկը ոգեղեն հացի`
     Քամուց քէշվածին իր տունը բերող:
    
     Պրկենք ջիլերը կայմաձողերի,
     Առագաստները լցոնենք աղով,
     Ապրենք Արարող այսօր ու վաղով.
     Խաղաղ անդորրը կպտղաբերի:
    
     Ս.Մալխասյան 02.10.2004
    
    

***
     Հաճախ, հաճախ մերն անտեսում`
     Այլոց հոգսը ուսին առած,
     Մեր հոգին ենք ողջակիզում,
     Ծնունդից վեր հրին տրված
     Ու... Մոլորված:
    
     Ս.Մալխասյան 02.07.2004
    
    

ԲԱԼԱՍՏ
    
     Ածականակերպ գոյականակերտ,
     Անըմբռնելի չարանենգ չարիք,
     Հայեցողական գորշ նյութ բնակերտ`
     Արգասաբերրի հրաբուխ չարի,
     Ընդդիմանման աղերսաբողոք`
     Լպրծուն սաղրիկ և ստորաքարշ,
     Ուղիղ ու ահյակ տրտմաշուք մորմոք`
     Բանականի հետ օտար ու անհաշտ...
     Օ, հոռետածին գոռոզամիտներ`
     Պարապ ու անմիտ ապրող շվաքում,
     Արարման պահին Տերն իսկ չգիտեր,
     Որ դուք կաք արդեն Մարդու շալակին...
    
     Ս.Մալխասյան 13.06.2003
    
    

ԱՆՈՄԱԼԻԱ
    
     Թափառում է Հոգին անքուն,
     Բույն է ուզում գտնել մի տեղ,
     Փակ է սակայն ամեն մի դուռ,
     Մարդիկ ամուր քուն են մտել:
    
     Բախվում սրա-նրա դռան,
     Ծիկրակում է լուսամուտից,
     Չեն նկատում մարդիկ նրան,
     Դեռ չեն ջոկում լույսը մութից:
    
     Ս.Մալխասյան 25.10.2005


    

* * *
     Կյանքի ամեն հարված մեզ անցյալ է տանում,
     Մեր անաղարտ կյանքի ակունքները վճիտ,
     Ուր ծիածան թողինք, մի խնդալից գարուն,
     Ու մեղապարտ դարձանք` չգործելով ոճիր:
    
     Եվ այն, ինչ թողել ենք հեռուների հեռվում,
     Որոնում ենք անդուլ հորիզոնում անհայտ,
     Հաղթող չկա նորի ու անցյալի կռվում,
     Միայն սիրտն է պարտվում,
     Սիրտը` անտես ու բարդ...
    
     Ս.Մալխասյան 6.07.2004
    
    

ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ
    
     Երկնքից իջան մի զույգ աղավնի,
     Մի զույգ արագիլ ու մի զույգ տերև,
     Իջան, որ հոգվոց վիշտը փարատեն
     Եվ ազնվացում բերեն մտքերին:
    
     Ճախրեցին, իջան ու թեթևահուն
     Փորձեցին մարդկանց մտքերին անսալ,
     Դառը արցունքներ ըմպեցին կում-կում,
     Երբ նրանց հոգու խորքերին հասան...
    
     Սակայն աննկատ փուլ եկավ արփին,
     Երկնքում փոշին փռվեց մեգի պես, ,
     Մութը նման էր անբառ լուտանքի,
     Ու նրանց համար...Տխուր էր այնպես...
    
     Ս.Մալխասյան 8.07.2004


    
    

ՍՊԱՍՈՒՄ
    
     Սիրտս արթուն է ու չի գիշերում,
     Մեղմիվ զարկերով հաշվում է կրկին
     Պահերն անմոռաց` անդարձ հուշերում,
     Լուռ սպասելով նրանցից մեկին...
    
     Աշնան հողմածեծ օրերում անկամ
     Կամ կարոտաբույր գարնան զարթոնքին
     Դառնում է հանկարծ կարոտն անապակ,
     Սիրտը` ծարաված, հոգին` անմեկին...
    
     Ու դեռ չի գտնում: Մթնշաղի պես
     Լուծվում է մեգում հորիզոնն անծիր,
     Ուր երազներ է թողել հրակեզ,
     Ուր դեգերում են կարոտները ցիր...
    
     Վերհուշներ, հուշեր, տեսիլներ աննյութ,
     Մտքերի անչար, հոգնաբեկ ժխոր,
     Կա արդյոք անեղծ գորովանք ու գութ,
     Ապրում է արդյոք սերն անմեղ ու խոր...
    
     Սիրտս արթուն է ու չի գիշերում,
     Մեղմիկ զարկերով հաշվում է կրկին
     Պահերն անմոռաց անցած հուշերում
     Դեռ սպասելով նրանցից մեկին...
    
     Ս.Մալխասյան 2003


    

ԻՄ ՀԱՎԱՏԱՄՔԸ
    
     Ես առաքինի, բայց սուրբ չեմ, հարկավ,
     Ցանկություններ են ծնվում և իմ մեջ...
     Իմ հավատամքը կիրքը չէ սակայն,
     Այլ սերն ու սիրո տվայտանքը պերճ...
    
     Ս.Մալխասյան 2007


    

***
     Կանթեղ դարձար, այրվեցիր
     Արևի պես հրափայլ,
     Վաստակեցիր լոկ կնճիռ
     Ու հոգսերի հոծ անտառ.
    
     Ս.Մալխասյան 28.11.2005


    
    

ԲԱՐԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՆ
    
     Երջանկությունը թող Ձեզ պարուրի իր բազուկներում
     Եվ շռայլ լինի ու արգասաբեր Անիվը բախտի,
     Թող սոսկ կյանքի խենթ հմայքը եռա Ձեր երակներում
     Ու միայն սիրո արահետները Ձեր ճամփան հատեն:

Ս.Մալխասյան 2013


    

* * *
     Եթե սրբասուրբ զգացմունքն անհուր
     Պիտի մարմրի ու մոխիր դառնա,
     Եթե հույսն անգամ պիտի համրանա`
     Էլ ինչիս են այս երկինքը մաքուր
     Եվ իմ հորդաբուխ հուզերն անհամար: .
     .
     Ս. Մալխասյան 1999


    

ԼՈՒՅՍ ԱՄԵՆՔԻՆ
    
     Ընդառաջ վազիր արշալույսներին,
     Լուսայգն ընդունիր անմեղ ժպիտով,
     Որ հոգուդ երգը հնչի անթերի,
     Եվ ապրումներդ լինեն հոգեթով...
    
     Մութի քողի տակ մի ապականի
     Զոհասեղանը արյունով գառան,
     Թող Աստված ինքն իր զոհին գտանի`
     Երկիր նետելով լույսն իր անաղարտ:
    
     Ապրիր, վայելիր սերն անմեղապարտ,
     Հայելում հաճախ նայիր քո դեմքին,
     Թե ժպիտ տեսնես հայելում անգայթ,
     Ուրեմն լույս ես բերում ամենքին:

Ս.Մալխասյան 2006


    

***

Որտեղ ես, ասա, ով ճշմարտություն,

Գոռ արդարություն մարդկային խղճի,

Թե կաս, կռիվ տուր հանուն բարության

Եվ սատար կանգնիր արդար ու խեղճին:


    

Ս.Մալխասյան 2008


    

    

***

Մեզ ինչ կբերի բացվող նոր օրը,

Եվ ուր կտանի մեզ վաղվա ներկան,

Կհանդիպեն մեզ Բարի՞ն ու Նորը,

Թե՞ ամենօրյա կյանքի գողգոթան:
    
    

Ս, Մալխասյան 2008


    

ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ


    

Թող այս նոր տարին լինի խնդաբեր,

Եվ միայն առողջ օրերով լեցուն,

Թող Աստված մարդկանց մեղքերը ների,

Նրանց իղձերին տա նոր լիացում:


    

Թող շրջապատվեն մարդիկ բարությամբ,

Ապրեն սիրառատ հույզերով առլի,

Եվ դիմակայեն հոգու ամրությամբ

Ուրախ ու տրտում պահերը գալիք:


    

Թող, որ մեկ-մեկ էլ բախտը ձեզ ժպտա,

Հաջողությունը դառնա ձեզ ընկեր,

Տամուկ օրերը անցնեն աննկատ

Ու միշտ ժպտադեմ ապրեք կյանքը ձեր:


    

Ս.Մալխասյան 30.12.2012


    

Փ Ա Ս Տ Ա Ր Կ


    

Մտքերը իմ մեջ ծնվում, մեռնում են,

Որպեսզի տեղը զիջեն ուրիշի,

Սակայն նորերը անչափ հեռվում են`

Առանց ուղեցույց և ուղենիշի:


    

Վազում, վազում եմ նրանց ետևից,

Մի նոր իմաստով լցնելու օրս,

Բայց որտեղ ես այն գտնեմ, որտեղից,

Երբ ողջն ավերված ու չկա նորը:


    

Ելանք գլխաբաց ու գլխակոտոր,

Նետվեցինք անտես անհայտի գիրկը,

Չթողինք գոնե հույսի մի պատառ,

Կորել է անգամ ապրելու կիրքը:


    

Կերանք, վատնեցինք, արինք ցիրուցան,

Նեղ օրում շահած փառքն ու վաստակը,

Որտեղի՞ց ենք, ո՞վ, այդ էլ մոռացանք,

Եվ ... Ըմբռնում էր միակ փաստարկը:


    

Ս.Մալխասյան 11.04.2000


    

Ի Ն Չ Ո Ւ
    
     Ես ինչ անեմ մարդիկ, որ գուք անհոգս լինեք,
     Որ ձեզ սատար լինեմ ու կարեկից,
     Որ ձեր հոգնած հոգին սեգ բարությամբ զինեք,
     Ապրեք անցավ, անհոգս ու անկսկիծ:
    
     Շառավիղն ենք թե մենք Մեծ Նոյ նահապետի,
     Ով բարությամբ շահեց գութն Աստծո,
     Նրա սերունդն այսօր, ինչու, ինչու՞ պիտի
     Գերի լինի հոգսին ամենազոր:
    
     Ինչու կարիքի մեջ մեկը գութ է հայցում,
     Մյուսը ավերում է ամենն անսանձ,
     Ինչու խիղճն անզոր է մարդկայինի հարցում
     Ու ամենուր փողն է տիրում մարդկանց:
    
     Ինչու հեշտությամբ են քանդում ու կործանում,
     Մինչդեռ կառուցելը դժվար է շատ:
     Ինչու մեկը անդուլ վարում է ու ցանում,
     Մյուսը վայելող է ու թամաշա:
    
     Ինչու, ինչու՞ մարդիկ իրար չեն ամոքում,
     Թեկուզ հնար ունեն ու ժամանակ,
     Այլ հայհոյում են լոկ, կռվում ու բողոքում,
     Ու նախանձն է մարդկանց ուժը միակ:
    
     Ինչու նորի առաջ փակվում ամեն մի դուռ,
     Տրորվում է լույսի ամեն առկայծ,
     Իսկ ստորի առաջ բաց է ամեն փակ դուռ,
     Թեև նենգ են նրանք ու անաստված
    
     Ինչու անզգամի վերընթացը բաց է,
     Արժանավորն ընկած ոտքերի տակ,
     Ինչու՞ անչափ հեշտ է բարեգութին խոցել,
     Ու չարն անպատիժ է հանց հրեշտակ:
    
     Ս. Մալխասյան 10.07.2004
    
    

ՀԱՅՈՒՀՈՒՆ
    
     Հեռավոր ափեր, երկինք մշուշոտ,
     Օվկիաներ հույսի ու տառապանքի,
     Անեզր կարոտ, ծածկված փոշով
     Հուշի վերածվող անորոշ կյանքի…
    
     Նամակներ, զանգեր բազմաբովանդակ,
     Հաճոյախոսքեր մշուշված հոգուդ,
     Հոգի, կարոտի ծովում անհատակ,
     Ու սիրտ` տվայտող հուշի մորմոքում…

Ղողանջներ հեռվում մրկող հուշերի,
     Հայրենյաց հողի մոխրացնող մարմաջ,
     Մտքեր գերեվար անցած հուշերիդ,
     Ժպտուն դիմակներ աչքերիդ առաջ…
    
     Եվ այդ քաոսում կեղծիք ու ստի,
     Դու պարտավոր ես ժպտալ ամենքին,
     Ժպիտներ քամել սրտասվող սրտից
     Ու զսպել քո մեջ ձայնը բողոքի…
    
     Ինչև է այսօր գուցե թե ոմանք,
     Ի սրտե են քեզ ուզում մեծարել
     Գուցե այս պահին անկեղծ են նրանք,
     Մի փորձիր նրանց վարքը վերծանել…

Հավատա, որ դու բոլորի համար,
     Սիրելի ես և հոգեհարազատ,
     Ժպտներ ցողիր նրանց անհամար,
     Երջանիկ եղիր, կրքոտ ու ազատ…
    
     Կյանքն անցողիկ է, խոսքը մոռացվող,
     Եվ խինդն է կյանքի վայելքը միակ,
     Ապրիր պահերով հոգիդ խնդացնող,
     Սրտում` ջերմացնող երազներդ թանկ…
    
     Ս.Մալխասյան 25.03.2014

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8397 | 1 | 0
Facebook