ԱՅԴ ՕՐԸ ԿԳԱ
Հոգնել եմ անդուլ սպասումներից... Հոգնել եմ անփույթ ոտնաձայներից Խաբկանք ու ստի` Ապրող մեր կյանքի հորձանուտների Չարի անխորտակ խարդավանքից եմ Հոգնել անթաքույց, Որ մեզ ուղղակի դժոխք է տանում, Ինչպես ցունամի և կամ գորշ սամում: Հոգնել եմ նորի գենետիկական անճարությունից, Անազնվացեղ նոր փաստարկների ազնվացումից, Անմեղսահարույց անմեղ նվիրման կործանման ահից Եվ կործանարար անտարբերության անկործան հևքի Ու անճարության անբոց տոթից եմ հոգնել ես վաղուց: Չեմ ուզում լինել վկան հնաոճ լուռ ստորացման, Ջուր ավելացնել առվին այլաբավ նոր ջրաղացի, Լինել լռելյայն համակարծիքը անպատիժ ուծման Կամ պատվանդանը, մեր ցավը դարձած, Հավերժահառաչ համլետյան հարցի… Հոգնել եմ անխորք, բայց հար սատարվող, Խոհի անխոհեմ վերուվարումից, Անվերջ, անվախճան սայթաքումներից վերադասների, Անվերջանալի տողադարձումից հեզ համբերության Եվ դեղնակտուց դեռահասների զազրապաշտումից: Այս քար-քարաստան երկրի այրերի Ոճրաբարտավան անբերրությունն է հոգնեցրել արդեն, Որ հիմարախիտ սպասումներ է ծնում հարատև…
Բազում, բազմազան անգութ ձևերից…
Անձնվիրության մոռացումից եմ հոգնել վերջապես, Մեր հորիզոնում դեռ չերևացող Հեռու ու անտես արևի դալուկ փայլից անխանդաղ, Երկինի լազուրում թևածող անմեղ Հրեղեն հավքի Հեքիաթից ոսկե, Լեգենդ - ասքերում անվերջ գովերգվող, Մեր երազանքի կապույտ թռչունի` Հազարամյակներ երկնքում թևող, Բայց երբեք, երբեք Հայք հողին չիջած Նոր հեքիաթների արտաքուստ անմեղ, Մեր Նոր Տապանի ղեկին ուզում եմ Որն այս քարքարոտ երկրին Տեր կանգնի Որպես Զավակի, Ծնողի գորով-խանդաղատանքով Սիրի Հայրենին Մեր պապենական Եվ հզոր նախնյաց անվերջ երազած Եդեմ դրախտը առաջնորդի մեզ, Մեծ Վստահության Լիահույս լույսով, Նվիրյալներին կանգնի միշտ սատար, Եվ խաչին գամի ազգն ու երկիրը տենդորեն քամող Մեր օտարապաշտ ազգադավների Անկուշտ, փողամոլ ու պաշտոնասեր, Ապաշնորհին` որպես անարժան տմարդ –մակաբույծ, Հանճարին թև տա, Տաղանդին` բազուկ, Հավերժ Սրբացնի Մաշտոցյան լեզուն: Այնպիսի Տեր եմ ուզում հայտնվի, Եվ ժողովրդի Արժանապատիվ Ապրելու կամքը, Դարձնի սրբասուրբ աղոթամատյան, Ազգի ինքնության` գալիքին միտվող, Եվ արդարամիտ օրենսդրությամբ` Նորօրյա ու նոր Նվաճումների լույսով ողողված Հինգհազարամյա անխոնջ ձիրքն Ազգի, Մեր Գիրն ու Լեզուն, Արվեստն ու Միտքը Համայն մարդկության Փառքի կենսալույս սեղանին հանի: Մտքի անարար սպասումներից հոգնել, Սակայն դեռ` Հին երազանքիս հնազանդ գերի, Տենչում եմ դարձյալ Որ նրա Առողջ Ոգու Զորությամբ Հայերը դառնան հային ձեռք մեկնող, Ու Հայաստանը դարձնեն Հայապաշտ Ու դադարեցնեն դեգերումները Ողջ երկրագնդով, ողջ աշխարհով մեկ, Հզոր հայապաշտ ու հայրենապաշտ Եվ միլիոնավոր այլ Հայերի հետ Որ հայրենասեր ՏԵՐ տա մեր Երկրին Եվ հավատում եմ` Տերն այդ կլինի Եվ Օրն այդ կգա: Սեյրան Մալխասյան 2002 |