Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼՌՈՒԹՅՈՒՆ (Պոեմ)

01:30, երեքշաբթի, 04 մարտի, 2014 թ.
ԼՌՈՒԹՅՈՒՆ (Պոեմ)
    
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Լ Ռ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

(պոեմ)


    

Ամենազոր է միտքը մարդկային,

Բայց խորախորունկ մտքերը նրա

Ծնվում են միայն լռության պահին,

Երբ ճնշում չկա մտքերի վրա:


    

Մարդու ուղեղը գործում է լռին,

Սիրտը բաբախում համր ու անձայն,

Անխոս է մարդը տրվում խոհերին,

Եվ քնքշությունն է հորդում համրաձայն…

Որպեսզի խոհը չկորչի անհետք,

Այն պետք է պահել մտքի բևեռում,

Իսկ խորունկ մտքին լռություն է պետք,

Կենտրոնացում ու մտասևեռում:


    

Լռությունն ունի բազմազան հարցեր,

Եվ դրսեվորման բյուրավոր երանգ,

Կարող է անթիվ գաղտնիքներ բացել.,

Լինել և' պայքար, և' լուռ համբերանք,

Լռության մեջ կա մի ամբողջ աշխարհ,

Լուռ ունկնդրումը մեծագույն ձիրք է,

Ամեն լռություն ունի իր ճամփան,

Իր պատմությունն ու իր ասելիքը:

Այն և կարծիք է և հանդիմանանք,

Խոհերի հորձանք և հույզի հեղեղ,

Կարող է լինել և պատիժ և կյանք,

Լինել մեղսավոր, լինել մեղսավեր,

Մեկ-մեկ համբերող ու մերթ բարձիթող,

Տիրություն անող և թողնող անտեր,

Բայց ամեն անգամ, ամեն առիթով,

Լռությունն, անշուշտ, ունի ինչ-որ դեր:


    

Կա լռություն, որ կարող է հարթել

Կրքի անհամբեր ըմբոստացումը,

Եվ կա, որ կարծես ական է պայթել,

Ու զոհերով է լցրել ողջ տունը,

Լռություն, որ սուրբ խորհրդին գերի,

Հաճախ դիմավոր և հաճախ անդեմ,

Փոխում է հունը հին երազների,

Կարող է հույս տալ և հույսեր բանտել:


    

Լռությունն անհայտ հին կտավի պես,

Ունի թաքնված անթիվ նրբերանգ,

Երգ է բազմաձայն ու բազմանվագ,

Զգացմունքների ակնակուռ հանդես,

Իմաստություն է, հոգու արձագանք,

Եվ մեղմ ժպիտ է վաղորդյան ցողի,

Կամ խրախուսող ոճիր ու հանցանք,

Երբ լռություն է պատիժ տվողի:


    

Լռությունն ունի տարաբնույթ հենք,

Ու դրսեվորման բյուրավոր ձևեր,

Այն և սաղմոս է և հոգեցունց երգ,

Եվ ապաշխարանք հոգու կարևեր…

Բազմալեզու է լռության երգը,

Հին Բաբելոնի աշտարակի պես,

Այժմ ունկնդրենք նրանց համերգը,

Մտնենք լռության դիմակահանդես:


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԵՍ


    

Հույզերի հանդես ու հանդիսություն,

Երբ լեզուն անխոս` աչքերն են խոսուն,

Երբ լսելիքը արդեն անընկալ,

Աչքերն են դառնում ամենաընկալ:

Միտքը` Սողոմոն իմաստունի պես,

Ակնապիշ նայող հայացքով խոհի,

Ծածուկ իմաստն է ըմբոշխնում անտես

Միտքը բարձրաձայն արտահայտողի,

Դառնում խոհերի հլու տարեգիր

Եվ գիտե անգիր, թե ի՞նչ են ասում,

Ի՞նչ են բամբասում թաքուն մտքերը

Անարձանագիր…


    

Այն գորովանք է հաճախ ծնողի,

Կամ որդիական հոգու հեզություն,

Սիրո խոստում է, Սիրո արձագանք,

Թաքնված կարոտ կամ հանդիմանանք,

Հոգու խռովքը թաքցնող կապանք,

Մտքերի հորձանք,

Որ թափանցելով հոգին լռողի

Կարող է դառնալ և' թռիչք, և' կյանք,

Դառնալ հետևանք, լինել անցողիկ,

Արտասուքն ինչպես,

Ինչպես դուռը փակ…

Եվ կամ հնեցված գինի անապակ…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԿԱՄ


    

Որ մարդու սիրտը անում արնաքամ,
     Լեզուն կապում է, դարձնում կարկամ,

Երբ խմորվում են հույզերն աղեկեզ,

Խարույկը հոգու դարձնում անտես…

Երբ սրտում անմար կրակ է վառվում,

Հույզի խռովք է անդուլ ծավալվում,

Երբ ներքին ես ըելնել է ուզում,

Բայց դա ոչ ոքի արդեն չի հուզում…


    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀՐԿԵԶ


    

Մարդն ի՞նչ կարող էր անել առանց քեզ,

Եթե բոլորն են ուզում խոսք ասել,

Ու պատմել իրենց դարդ ու ցավերից

Աշխարհն ակոսող խինդ ու դավերից,

Հուզող, չհուզող, բայց շատ պարտադիր

Հանապազորյա թոհ ու բոհերից,

Անհայտ ու ճանաչ հին ու նորերից,

Բայց լսող չկա, չկա ունկնդիր…


    

Ու պարտադրված լռությունն է հին,

Որ ականջալուր լրջմիտ խոհերին,

Բայց կլանելով ամեն բարբաջանք,

Լսողի համար դառնում է տանջանք,

Անհարկի մաշվող անվադողերի…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԿՐԿԵՍ


    

Ինչեր կարող ես պատմել սրատես

Քեզ ունկնդրողին,`

Փորձառու գողին ու անմեղ զոհին,

Դու, որ քողով ես կամ առանց քողի

Իմաստավորում կյանքի դրվածքը,

Ներքին հուզումը սպասման դողի,

Հաղթական ոգու և անարգվածի,

Եվ հազար ու մի տրամադրության,

Որոնց համար դու դառնում ես պատյան,

Եվ կամ խոհերի պակասն ագուցող`

Առաքինության անբարբառ մատյան:


    

Անթափանց քողով ծածկելով լռին

Դատարկությունը իմաստակների, …

Թող Աստված ների, կան և այդպիսք

Որ իրենց սաղրիկ մտքերի հունը

Կարող են պատել դեմքով անկարծիք,

Իբրև տեսնում են իրենք անհունը

Խորունկ մտքերի և ունեն կարծիք,

Բայց չեն հաղորդում համեստությունից:

Կան և լռակյաց ուրիշ տիպարներ,

Որ լուռ սողում են ուժեղի առաջ,

Թաքուն կուլ տալով արցունք ու հառաչ,

Ժպիտ խաղացնում լպրծուն դեմքին

Ու քծնում, քծնում, քծնում ամենքին…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՄ


    

Որ դառնալու է մի օր առնական,

Որը դեռ վճիտ հայացք է միայն

Անբարբառ մանկան,

Զարմանքի լռին մի դրսեվորում,

Հիացած հայացք, անմեղ մի ժպիտ,

Որ իր երկնողի հոգին է նորում,

Երբ խանձարուրից նայելով անմիտ`

Աշխարհի բանն է անմեղ մտորում,

Անտեղյակ նրա բազում հոգսերին,

Որ կհասցնի մի օր ճաշակել,

Զորավոր ձեռքով տիրավորների,

Երբ ըմպի անթիվ դառը բաժակներ

Միտքը ջլատող դառը խոհերի…


    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻ


    

Դա լռություն է ուժեղ անհատի,

Անհողդող նայող աչքերին մահվան,

Արժանապատիվ հոգու լռություն,

Որ սվինի պես սիրտն է մխրճվում

Ճիշտը հանիրավ դատապարտողի,

Արթնացած խղճի թելադրանքով,

Արգահատում է արարքն անիրավ,

Փախցնում քունը ու չի մոռացվում,

Հանգիստ չի թողնում, չի ներում բնավ`

Այրելով գործած մեղքերի բոցում…


    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԽԱԲԿԱՆՔ


    

Երբ մարդու դեմքին չկա արձագանք

Ոչ լուռ կրքերի և ոչ ակնբախ

Դիմախաղերի,

Երբ խոր մտքերը հարթ պատի նման

Ուղեղ կոչվածից ետ են ցատկոտում`

Հետք չթողնելով գանգատուփի մեջ,

Խոր լռակյացի,

Որը երևի ամեն ինչ ունի,

ուղեղից բացի:


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՏՅԱՆ


    

Երբ մեղսավորը մտնում է պատյան

Ու չի կամենում մեղքն ապաշխարել,

Իսկ մաշկազերծող պահը լռության

Ձգտում է հանցանքն ի դերև հանել:

Դա լուռ պայքար է երկու ես-երի`

Մտավոր խոհի ու անզորության,

Երբ և լռելն է գերադասելի

Եվ պաշարումը շեշտված լռությամբ…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՅՍԻ


    

Երբ` աչքդ հառած երազած լույսին,

Տարանջատվում ես մի պահ աշխարհից,

Երբ դու գերին ես քոբաժին հույսի,

Եվ սպասումդ դարձլ է տարի…

Երբ մտքերի ես տրվում ռևեռուն,

Տրվում քո բաժին բարու քանքարին,

Եվ հույսերով լի խինդերդ բեղուն

Սպասումներդ տանում ենգալիք.

Ու կյանքիդ հաջորդ պահն են նորոգում

Քեզ հասանելիք


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄ


    

Դա լռություն է հոգու մաքրման,

Ապրած օրերիդ վերարժեքումը,

Երբ հին հուշերդ վերև են հառնում

Փյունիկի նման …

Երբ վերապրումի երջանկասոսափ

Պահերն են անցած քեզ այցի գալիս,

Եվ ջերմություն են ներարկում հոգուդ`

Քեզ հիշեցնելով ապրածն անձկալի:


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԳՈՂ


    

Այն որ կարող է լինել մի մեծ խոհ,

Սակայն լռում է` դիմացինի մեջ

Տեսնելով ակունքն իմաստի գետի,

Որն անհրաժեշտ է ըմբոշխնել անդուլ,

Երբ ունկնդրելու առիթ է տրված

Եվ անչափ մոտ է քո արահետին:

Դա խորհրդավոր բանավեճ է մի,

Որը ծածուկ է գուցե բոլորից

Ու ներկաներից շատերին անհայտ,

Բայց այդ երկուսին լավ հասկանալի,

Եվ մեծարումն է երկու վեհափառ

Ու իմաստակուռ երկու անձերի

Որ երկուսին է մեկտեղ ցանկալի…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՂ


    

Դա կռապաշտի մոլուցքով լեցուն

Մի խորհրդավոր զգացմունք է լուռ,

Երբ լռությունը դառնում է նեցուկ

Ներքին խռովքի հորձանքին անլուր..

Երբ խոսելու տեղ աչքերիդ բոցով

Խոստովանանք ես հղում կարոտի

Եվ դու նման չես մի դատարկ խեցու,

Այլ ողջ էությամբ դարձել ես հոգի…


    

Երբ քո լռությամբ արարն ես բացում

Երկու խենթացած հոգու համերգի,

Երկնում աննկատ մի իրարանցում,

Որ դեռ հասու չէ գուցե ամենքին,

Բայց քո ինքնության այն թանկ ավարն է,

Որ կյանք է, թռիչք ու Աստվածացում


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԽՈՀԻ


    

Երբ առանց դողի`

Մեկուսանալով արար աշխարհից,

Հյուլեից մինչև անհունն ակոսում,

Պտուղն ես քաղում Տիրոջ քանքարի,

Երբ քո ականջին բոլորից թաքուն,

Իր գաղտնիքներն է Գոյը բամբասում`

Բացելով մտքի սեմը բարձրագույն:


    

Երբ, սողոսկելով մտքի անհունը,

Քննում, պարզում ես հին արարումը,

Որ հետո մի օր դու բարձրաձայնես,

Թե ինչն ինչու է արարել Տերը,

Ի՞նչ են բարբառում անխոս աստղերը,

Ինչու՞ Նոյն իջավ

Արարատ լեռան բարձր կատարին,

Արարիչն ինչու՞ չի պատժում չարին,

Ինչու՞ են ցնցվում հողն ու լեռները,

Երբ աշխարհն այսքան ամուր ու կուռ է,


    

Ինչո՞ւ են մարդիկ դառնում տարագիր,

Երբ պաշարում են օրերն անհանգիստ...

Քրիստոսն ի՞նչ էր ցանում ամենուր,

Էլ ինչու՞, ինչու՞ սուգ կա ու մռմուռ..

Մարդկության համար ինչու՞ երկիրը

Դարձավ օթևան, ոչ այլ մոլորակ,

Ի՞նչ է կատարվում այս երկրի վրա,

Ո՞վ է հոգալու հոգսերը նրա…


    

Եվ դրա նման հարցեր անհամար,

Որոնց մտահեռ պատասխանները

Լռության մեջ են դառնում աներկբա,

Ուղեղի համար,

Զի աղմուկի մեջ,

Իմաստությունը անուժ է ու թույլ,

Առողջ մտքերը սաղրիկ են ու ծույլ,

Բանավեճի մեջ անխոհեմ կրքի

Չկա մտորում առինքնող մտքի,

Կա լոկ աննկուն մի որգեվորում,

Որ մեզ անդունդ է անվերջ գլորում…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԵՐՋ


    

Որ տիրոջ կամքով գալիս անընդմեջ,

Լռեցնում միտքը առանց հարցումի

Ու` հավերժի հետ կռվելով անվերջ,

Ճամփան է փակում հավերժացումի:


    
    

ԼՌՈՒԹՈՅՒՆ ԱԿԱՆ


    

Դա ընդվզումն է հոգու արնաքամ,

Ատամների տակ սեղմված բողոք,

Որը կարող է դառնալ և ական,

Երբ ցավը վերք է դառնում անամոք…

Ու բավական է փոքրիկ մի պատճառ,

Մի չնչին առիթ անտես ցնցումի,

Որ այդ ականը պայթի անպատճառ,

Ու ջնջի խավարն ստորացումի…


    

Դա լռություն է ընդդեմ Լռության,

Որն աչքը փակել, մտել է պատյան…

Լռություն, որի հովանու ներքո,

Հավատի հիմքն է քանդվում անսքող,

Դա մարդկայինի վերելքն է կարկամ, ,

Որ կուտակվելով փոխվում է ուժի,

Ով մի օր պիտի դառնա առնական

Ու հին բարքերի անկումը գուժի…


    

Վեհ չէ, իհարկե ամեն լռություն,

Համբերություն է եթե այն անգամ,

Այն լուռ է հիմա, բայց չի հանդուրժի,

Որ ինչ-որ ուժեր առնելով մական,

Տափողակ շինեն մարդուն բանական,

Ու նրան մաս- մաս նետեն ուրիշի…


    

ԼՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ


    

Լռությանմեջ կա և համբերություն,

Եվ ատելություն և խոր պատկառանք,

Կա նենգ, կա բարի, կա բութ լռություն,

Նվիրում, կարոտ, սարսափ ու վարանք,

Լռությունը միշտ լեցուն է կրքով

Երբ մտքի առաջ չկան պատնեշներ,

Այն զմռսված չե խոսքի կնիքով

Ու հասկանում է մտքի անտեսն էլ,


    

Երբ չեն հասկանում լռության լեզուն,

Ու երբ ժխոր է գլխում մտքերի,

Կամ միանգամից բոլորն են խոսում,

Լռության լեզուն դառնում է թերի…


    
    

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՏԻՐՈՋ


    

Լռություն կամքի, լռություն սիրո,

Լռություն թախծի, որ չունի եզերք,

Լռություն բախտի, որ կամքն է Տիրոջ,

Եվ խաղաղության, մեղմ ու անեզերք:

Խրոխտ ու դաժան արհամարհանքի,

Մտասևեռման խորունկ լռություն,

Լռություն պատիժ հայցող հանցանքի

Ու մտախավար խոր ատելության:


    

Անտիկ օրերի համր լռություն,

Որ աչքի համար անտես է ու սին,

Սակայն պատմում է, թե ոնց անարյուն

Տրոյա մտավ Ոդիսևսի ձին,

Ու թե ինչպես են բուրգեր կառուցել

Հին եգիպտոսի փարավոնները,

Ոնց է քարի մեջ մարդը ագուցել

Անտիկ աշխարհի արարումները…


    

Լռություն անցած ժամանակների,

Անմարդաբնակ քարայրի անծայր,

Անտես ու հեռու մոլորակների,

Եվ աճող շիվի, որ դառնում է ծառ,

Հույսի, հավատի ու անմեղ սիրո,

Ու անեզրական սուրբ հավատամքի,

Օծված մկրտման անաղարտ լույսով

Եվ արցունքներով ապաշխարանքի…


    

Համրախոս ծովի ու համր ձկան,

Ու խորհրդավոր մութ անձավների,

Եվ խոսքի, որում կա յոթ հարցական,

Որ դեռ կարոտ են պատասխանների…

Եվ կան երևի այլ լռություններ

Անհասանելի մահկանացուին,

Սակայն չլողանք տիրույթները հեռ,

Թողած լռության ծանոթ անցուղին:


    
    

Բ Ա Յ Ց


    

Թե լռությունը հավատն է բարու,

Հավատն էլ պիտի ունենա հարցեր,

Հավատով են սուրբ գործերն արարվում,

Բայց ոչ խարխլված, և ոչ անհասցե…


    

Սակայն, բախտ է որ, կա մի լռություն,

Որը կյանք արժե,

Արժե տիեզերք…

Դա լռությունն է ծնվող Հայտնության,

Երբ միտքը չունի սահման ու եզերք


    

Լռին խորհումն է հայտնության հիմքը:

Լռության մեջ էր աշխարհն արարում

Ա Ր Ա Ր Ի Չ Ն, Ի Ն Ք Ը ...


    

Սեյրան Մալխասյան 21.06.2000


    
     Seyran Malkhasyan

Վանաձոր. Հեռ. 094 817 822

Vanadzor, Armenia, Shirakaci Str.1, 1

Էլ. Փոստ: (E-mail:) smalkhasyan@mail.ru


    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9856 | 1 | 0
Facebook