Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՐԴԱՑՈՒՄ

01:23, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
ՄԱՐԴԱՑՈՒՄ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    


    

Մ Ա Ր Դ Ա Ց Ո Ւ Մ


    

Աստծո ողորմած մի մահկանացու

Աստծո ամեն օր` առավոտ ծեգին,

Գալիս, չոքում էր ավազների մեջ,

Երկու ձեռքերը կարկառում երկինք,

Աղոթք էր ասում գթառատ Աստծուն…

Ավազների մեջ որոնում-գտնում

Մի փոքրիկ զեղուն կամ մի սև կարիճ,

Տատասկի բոցում եփում-տապակում…

Ազդրերը ծածկող ճմրթված լաթով

Սրբում ձեռքերը,

Չոքում սրտամոտ ավազաթմբին,

Նորից ձեռքերը կարկառում երկինք,

Խնդրում, որ Տերը ամեն առավոտ

Ուտելու մի բան ուղարկի երկիր…

Այդպես անընդմեջ,

Անթիվ հոգսերի ավազուտներում,

Երկնքում ապրող Տիրոջ հույսի հետ,

Ապրում էր մարդը…


    

Բայց օրից մի օր, աստղոտ մի գիշեր,

Երբ լուսինն անմար աստղերի պարսում

Իր բաժին ճամփի կեսն էր դեռ հատել,

Տեսիլք հայտնվեց նրան երազում.

Անծանոթ մի ձայն ասաց,

Որ անծայր ավազների մեջ,

Իր հյուղի կողքին,

Գանձ է թաքցրած: Ասաց,

- Կգտնես` կապրես Մարդու պես:


    

Գիշերվա կեսին մարդը արթնացավ,

Վտիտ ձեռքերով սկսեց փորել

Ավազն անվախճան:


    

Հրե լուսատուն նորից ելավ վեր,

Ու տաք ավազի օժանդակությամբ

Սկսեց նրա մատները այրել…

Բայց նա չէր զգում ոչ’ տապ, ոչ’ արև.

Անզգայացած իր հյուծ մատներով

Այրող ավազը ափերով բացում,

Հույսի փոսի մեջ

Արևի շողն էր անդուլ խորացնում:

Գանձը երևի շատ խոր էր թաղված

Ու չէր երևում:


    

Խորանալու հետ ծանոթ ավազը

Դանդաղ կարծրացավ.

Դժվարությամբ էր

Տրվում հոգնատանջ նրա մատներին:

Երեկոն իջավ:

Ու երբ ուժասպառ

Թեքվել էր ուզում իր փոսի պատին,

Նա մտաբերեց, որ մի ժամանակ

Հյուղի անկյունում բահ էր նկատել:

Փորձեց մտորել, թե որտեղ է այն:

Չհիշեց:

Փութով իր պուճախները սկսեց քանդել …

Որովայնի մեջ ծակոցներ զգաց,

Հիշեց:

Ողջ օրը ատամների տակ ոչինչ չէր դրել:

Մտածեց:

Անգութ ավազների տակ թաքցրած գանձը,

Թե մինչև հիմա եղել է այնտեղ`

Այլ տեղ չի գնա:

Հույս ուներ հյուղի մութ անկյուններում

Գտնել մի կարիճ, սովը հագեցնել,

Հոգնած մարմնին հանգիստ տալ մի քիչ:


    

Սևսաթ կարիճին սև հյուղակի մեջ

Առավել փութով սկսեց փնտրել …

Մութի մեջ ձեռքը կպավ երկաթի.

Իր բահն էր պոչատ:

Բահը ձեռքն առավ:

Կոշտացած ափով երկար ու երկար

Գուրգուրեց նրան:

Սովը մոռացավ:

Ու եթե այնտեղ կարիճ կար մի սև`

Փորձանքից պրծավ:

Մարդը դուրս ելավ, գնաց փոսի մոտ`

Լուսնի փրկարար շողերի ներքո

Գործն ավարտելու:


    

Նորից Լույս եղավ ու նորից գիշեր…

Բայց դեռ թաքցված գանձը չէր գտել:

Մարդը փորում էր, փորում էր անդուլ,

Կոշտ ափերի մեջ կոշտուկ ավազը

Տանում մեկ այլ տեղ`

Հուսով, որ մի օր խորշակ քամու դեմ

Պատ դնի այնտեղ:


    

Վեցերորդ օրվա ավարտին մոտիկ

Հոգնել էր նա խիստ:

Ու հիշեց հանկարծ,

Որ այդ օրերին ոչ մի բան կերավ,

Ոչ էլ ձեռքերը կարկառեց երկինք,

Որ երկնավորը Լուսածեգի հետ

Գոնե մի կարիճ ուղարկեր իրեն:


    

Մարդն իրեն խղճաց…

Ու արտասվում էր

Անմիտ կորցրած օրերի համար:

Անոթի փորով բարձրանալ փորձեց,

Որ իր հյուղակի խոր մթության մեջ

Որոնի, գտնի կարիճ մի անտես,

Գոնե մի լվեճ:

Բայց ուժասպառ էր:

Ծանր քարի պես ընկավ ու քնեց:

Նոր արևի հետ մարդը չարթնացավ...


    

Խարխլված ու հին փոքրիկ հյուղակի

Երդիկի միջով կոպերին ընկավ

Վաղորդյան հուշիկ արևի մի շող

Ու ծիածանվեց փակ կոպերի տակ:

Եփներանգ ու վառ մի խենթ ծիածան

Լիթարգիկ քնում խնդում էր նրան,

Անձայն կայծակներ նկարազարդում

Փակ կոպերի տակ…

Նմանօրինակ պատկերանախշեր

Իր ողջ գոյության երկար ընթացքում

Մարդը չէր տեսել:

Նա և քնած էր, և կարծես` արթուն.

Կարծեց երկնային մի հրաշք փերի,

Անանուն մի կույս հայելու շողով

Իր աչքերի հետ կատակ էր անում:

Նա խրախճում էր ու չէր բարկանում:

Նրան թվում էր (գուցե չէր թվում)

Ինքն արքայազն է`

Ու գտնվում է մի տարօրինակ բարի արքայի

Աչքին անծանոթ շքեղ պալատում,

Եվ այդ պալատում, որպես նաժիշտներ,

Բազում, բազմազան ու գունաշաղախ

Լույսեր են ճախրում,

Ուտեստներ, խմիչք և արքայական

Այլ համադամներ բերում բազմազան

Ու խոնարհվելով հրամցնում իրեն:


    

Մարդն ըմբոշխնում էր այդ արևագույն

Անտես արքայի խրախճանքը պերճ,

Առանց բառերի, անուշ քնի մեջ

Աղոթք մրմնջում այդ ազնվազարմ

Շռայլ արքայի հոգու փրկության

Եվ հավերժական արքայության մեջ

Ապրելու համար:

Քանզի այդ պահին հենց իր նկատմամբ

Հյուրնկալության շնորհ էր շաղում

Ու շատրվանում արքան այդ անհայտ:


    

Թե որքան տևեց պահն այդ` հայտնի չէ,

Եվ հանկարծ մարդու գիտակցության մեջ

Բոլորովին այլ նկար պատկերվեց.

Կապույտ երկինք էր ու շողավարար

Երկնակամարում աղմուկ էր կարծես:

Հետո աղմուկը աստիճանաբար

Փոխվեց մեղեդու, ու մի անսովոր,

Անտես ձայն հնչեց լազուր երկնքում.

- Փորիր, բարեկամ, գանձը կգտնես:

Ու անհետացավ, ինչպես հայտնվեց…


    

Հոգնության նինջում, աչքերը դեռ փակ

Մարդը մեղմ ժպտաց:

Ու շարունակեց մրափել հանդարտ

Բացվող արևի նուրբ շողերի տակ:


    

Վաղորդյան զովը սարսուռ ներարկեց

Մարդու խոնջացած ոսկորների մեջ:

Քաղցր քնի մեջ մարդը փորձում էր

Ծածկվել մի կերպ,

Բայց վերմակ չկար և ոչ էլ մի լաթ,

Չորուկ մարմինը ծածկելու համար:


    

Մի քանի անգամ շուռումուռ եկավ,

Այս կողմ ու այն կողմ թեքվեց բազմակի,

Սակայն սարսուռը նենգ ու չարակամ

Հանգիստ չէր տալիս նրա մարմնին:

Սուր ծակոցները չէին նահանջում`

Մորմոքում էին, մարմինը տանջում…

Եվ այդ դիվահար սուր ծակոցներից

Աչքը նա բացեց:


    

Օդի պաղ շնչից մարդը արթնացավ,

Ձեռքերը առույգ նետեց ձախ ու աջ,

Ձգվե˜ց, երկարե˜ց

Ու հիշեց հանկարծ,

Որ հյուղին մոտիկ, ավազների մեջ

Գանձ է թաքնված:

Վազելով գնաց,

Մաշված կիսապոչ բահը ձեռքն առավ,

Մտավ մարդաբոյ փորած փոսի մեջ,

Ու շարունակեց ավազը քանդել…

Ութերորդ օրն էր ավարտվում արդեն…

Երբ մթնշաղի աղոտ լույսի տակ

Ավազից զատվող ինչ-որ մոխրագույն

Մի բան նշմարվեց:


    

Բահը նետեց ցած:

Ամենայն շուքով լուռ ծունկի իջավ

Ու իր կոշտուկոտ ջլուտ մատներով

Երկյուղածությամբ

Կճուճի շուրջը սկսեց մաքրել:

Ու երբ արևի շողերը վերջին

Քողարկվում էին մութ հորիզոնի

Աստղոտ եզերքում

Մարդն զգաց հանկարծ, որ հուսախաբ է...

Կճուճի տեղում

Պապերից եկող հեքիաթների մեջ

Հաճախ շոշափվող մի բան էր գտել,

Որի անունը միտքը չէր բերում…

Ձեռքը թափ տվեց, նստեց փոսի մեջ` Հուսահատ ու խեղճ …


    

Երկար ժամանակ լու˜ռ, անմտորու˜մ

Պառկած էր այնտեղ…

Զգաց, որ նույնիսկ փոսից դուրս գալու

Ուժ չէր մնացել:

Իր ձեռքով փորված այդ նոր զնդանի

Պատին հենվելով,

Պաղշունչ աչքերի անմիտ ու անկիրք

Հոգնած հայացքը երկարեց երկինք…


    

Արդեն քանի օր երկինք չէր նայել,

Ու թեև բազում անխոս աստղերը

Հին ծանոթ էին

Եվ գիտեր նրանց ուրվագծերը

Ամբողջ երկնքում,

Սակայն հուսախաբ, հոգնած ու անուժ

Անգոց աչքերով

Երկնքի սևսաթ թավիշի վրա

Հոգնած մարմնի արթուն մրափում

Թարթող աստղերը նա չէր նկատում.

Մտքի ոչ մի ծալ չէր շարժվում նրա,

Մեռած էր հոգին, հոգսից արնաքամ,

Նա հեռացել էր արար աշխարհից

Ու չէր անիծում իր սև բախտն անգամ…


    

Թե որքան պառկեց աստղերի ներքո`

Իրեն էր հայտնի,

Բայց կարծես դա էլ նա չէր նկատում,

Թրջված ու անտեսք մի ջվալի պես

Հենվել էր պատին`

Իր ձեռքով շինած անտանիք բանտի…


    

Չեմ կարող ասել` քանի ժամ անցավ,

Մարդը կուչ եկավ, անզգայացավ,

Ուղիղ երեք օր ու երեք գիշեր

Արթնացում չեկավ,

Ոչ դժնի երազ,

Եվ ոչ էլ այցի եկան հուզաձայն

Գունեղ տեսիլներ…


    

Իր փորած փոսի սառը հատակին,

Խոնջ մարմնի մեջ խոնջացած հոգին,

Այրող արևի շողերից հեռու,

Անմիտ վաստակած

Հանգիստն էր նորում…


    

Մի օր տքնանքից մաշված մարմինը

Սարսռաց հանկարծ,

Անխոս սարսուռի սուր ասեղները

Հասան ուղեղին

Ու ստիպեցին աչքերը բացել:


    

Մարդը հիշում էր, որ հուսախաբված

Հյուծված մարմինը երբեք չէր լացել,

Բայց հոգնությունից ջարդվող ոտքերը

Նամ էին ու պաղ,

Ու կախված էին ջրափոսի մեջ:

Իսկ ջրից վերև, ավազներից ցած,

Գրեթե մի թիզ շերտ կար մի օտար` Մոխրերանգ ու թաց…


    

Երկա˜ր ու երկար ուզում էր հիշել,

Թե ինչ բան է դա,

Ու հիշեց մի պահ, ոչ, անունը չէ.

Որ այդ տեղերում, ըստ ավանդության,

Դեռ անհիշելի ժամանակներում, ,

Ծառեր են աճել, եղել է ոստան:

Իր նախնիները

Ծաղկուն երկիր են ունեցել այդտեղ:

Բայց օրից մի օր բերրրի դաշտերում

Մշակ չմնաց, ոչ էլ սերմնացան:

Ու թեև ծաղկուն երկիր էր անպարտ`

Մարդիկ լքեցին, դարձավ անապատ:


    

Իր վաղնջական հուշերի պարսում

Ուզում էր գտնել բառն այդ տենդորեն.

Ձախով փորձում էր գլուխը քորել…

Աջով ավազն էր մի կողմում դարսում,

Ու հիշեց հանկարծ.

Թե ինչ էր կոչվում գտածը իր այդ …

Կարծես թե հող էր:

Այդ մոխրագույնը հենց հողն էր, որ կար,

Որ հիմա չկա, այդ անապատում

Վաղուց մոռացված անուն է դարձել,

Որ այդ հողի մեջ, ջրի մերձությամբ,

Ցորեն էր աճում, վարդ, ծառեր ու շամբ…


    

Մարդը հասկացավ.

Տեսիլքում ասված կճուճը հորն էր,

Եվ հողն ու ջուրը գանձերն են այն թանկ,

Որոնք մարդկային ձեռքով սրտացավ

Կարող են ձուլվել, Գանձ դառնալ ու Կյանք…


    

…Պապերի թողած կավե կճուճում

Պիտի որ սերմեր լինեն մի քանի…

Մարդն իրար անցավ,

Հոգնածությունը տկար մարմնից

Մեկեն հեռացավ…


    

Իր ձեռքով փորված աղբյուրի ջրով

Լվացվեց նա նախ, երեք կում արավ,

Օրհնությամբ հիշեց Աստծուն կենարար,

Որոնեց, գտավ

Վաղուց մոռացված չորուկ սերմերը,

Որոնց անունը չէր հիշում արդեն,

Փոքրիկ հունդերը շոյեց քնքշորեն,

Բերեց հորի մոտ, դրեց Հողի մեջ,

Լուռ, կենտրոնացած ու գորովանքով

Հողի նուրբ շերտով Սկսեց ծածկել,

Ու ցանքի վրա ջուր լցրեց ափով:

Հետո ավազը խառնեց հողի հետ,

Դարձրեց շաղախ, աղյուսներ սարքեց,

Ջրից ոչ հեռու հիմնեց մի նոր տուն,

Մացառներ ճարեց կտուրի համար,

Ծածկեց այն հողով,

Որ բորբ արևի ճառագայթները

Ցերեկվա տապից պաշտպանեն իրեն:

Գոմ դրեց փոքրիկ հյուղակի կողքին

Ու մի հավանոց,

Թաքուն հույս պահած, որ օրից մի օր

Ե’վ հավ կունենա, և’ ոչխար, և’ այծ…


    

Երեք ամիս էլ գրեթե չանցավ…

Սերմը ծիլ տվեց, պատերն ամրացան,

Ցանած հունդերը դարձան շիվ ու հասկ:

Հետո, երբ արդեն տուն ուներ ու հաց,

Իր նոր ստեղծած օջախի համար,

Օթևանից դուրս,

Թռչուն ու կթան փնտրելու գնաց…


    

Ու մի երեկո,

Ալիքվող դաշտի շշունջի ներքո,

Մարդը ի’ր բակում, ի’ր այծն էր կթում,

Հետո կաթով լի դույլը տուն տարավ,

Շեղաչ հավերին նետեց մի բուռ կուտ,

Գնաց ի’ր հիմնած օազիսի մոտ,

Նստեց ի’ր ցանած ծառի հովանում,

Միտք արավ մի պահ,

Վեր կացավ տեղից,

Դանդա˜ղ մոտեցավ ավազների մեջ

Ի’ր իսկ ձեռքերով արարված դաշտին,

Կանգնեց հերարձակ,

Հայացքը նետեց երկնի թավիշում

Հանդարտ առկայծող աստղերին հեռու,

Խոնարհվեց:

Ելավ:

Ձեռքերը դանդաղ բարձրացրեց երկինք:

Մի պահ քարացավ,

Ու հանդիսավոր,

Խոր ակնածանքով,

Երկյուղածաբար,

Գոհ ու Սրտացավ,

Երկա˜ր ու երկար

Բարեգութ Աստծուն Ի’ր Աղոթքն արավ…


    

Լուսնի շուրթերով լա˜յն ժպտաց Աստված

Ու հորիզոնում լուռ անհետացավ:

Այդ մեղ ժպիտը մինչև առավոտ

Արձագանգաքում էր ու արտացոլվում

Խինդով առկայծող աստղերի ծովում…


    

Աստծո ժպիտը մարդը հասկացավ.

Մահկանացու էր`

Աստծո Մարդ դարձավ:


    

Սեյրան Մալխասյան

1.09.03, ք.Վանաձոր
    

Հեռ. (+374) 94 817 822, (+374) 91 300 422 բջջ.

Էլ.փոստ smalkhasyan@mail.ru

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5903 | 0 | 0
Facebook