Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակն իմը չէ...գտե'ք տիրոջը...

12:48, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2013 թ.
     Քեզ գրել եմ անթի՛վ նամակներ, բայց ոչ մեկը չեմ ուղարկել: Որոշել եմ . այս մեկն ուղարկելու եմ, բայց ոչ փոստատարի միջոցով, այլ` քամու: Այո, կբացեմ պատուհանը և կհանձնեմ այն քամուն, հասցե չունի նամակս, քամին գիտի ում տանի......
     Ահա, քամին թակում է պատուհանդ...դե բացիր պատուհանդ, վերցրու քեզ հասցեագրված իմ նամակը...
     -Հը~մ, սա ի՞նչ նամակ է` երևի սխալ հասցեով ուղարկված, - նայելով նամակիս, կասես դու - երևի սխալվել են, ինձ ոչ ոք նամակ չի ուղարկում: Նամակն իմը չէ...գտե'ք տիրոջը:
     Չես հավատում, որ ես եմ գրել...հասկանում եմ քեզ...երբևէ չես ստացել ինձանից նամակներ...բայց ես ասում էի չէ, որ եթե դու ինձանից նամակներ չես ստանում, դա դեռ չի նշանակում, որ ես քեզ չեմ գրում...
     Գեթ մի հայացք գցիր նամակիս, որին ամիսներ շարունակ համոզված եմ` սպասել ես: Տողերիս, որ մատներս այրում են այժմ գրելով: Քե'զ գրելով...Աղաչու՛մ եմ, ետ մի վերադարձրու այն, բացիր ու կարդա:
     Նամակս բացեցի՞ր...Այո, բացեցիր: Գոնե հիմա հավատո՞ւմ ես, որ այն իսկապես քեզ էր ուղղված:
    
     Բարեւ... Բարեւ իմ հեռավոր սեր, սիրո գեղեցիկ անուրջ ու նաեւ ցավ. փշոտ կարոտ...Իմ կոտրված երազ...գրում եմ՝ քո կերպարն իմ սրտում, արցունքն աչքերիս:
     Որքան էլ փորձում եմ ապահով թաքցնել քեզ չուղարկված նամակներս, միեւնույնն է նրանք այնքան լուսավոր են, որ թվում է, սենյակ մտնողը նրանց լույսից կարող է շրջել դեմքը դեպի իմ թաքուն գաղտնարանը, հետաքրքրված յուրօրինակ լույսից` բանալ դարակն ու անշուշտ տեսնել իրար վրա դարսած, կանոնավոր ձեռագրով գրված նամակները, որոնք ուղղված են քեզ, միմիայն քեզ: Ամեն անգամ նոր նամակ գրելիս, սրտի դողով բացում եմ հները, մի քանի անգամ կարդում, արցունքներով թրջում, համբույրներով ծածկում ու նորից ծրարելով դնում գրասեղանիս դարակներից մեկում, աչքից հեռու, մի մութ անկյունում:
     Ես քեզ ամեն օր եմ հիշում: Ամեն լուսաբացի հետ քո անունն է իմ շուրթերին ու քո հեռու- հեռավոր կերպարն իմ հոգում:
     Հետաքրքիր է, ի՞նչ ես մտածում այ այս տողերը կարդալով: Զգու՞մ ես տողերիս ջերմությունն ու նրանց մեջ դրած անսահման կարոտը: Հիշո՞ւմ ես ինչ-որ բան անցած պահերից ու ապրածից, մեր լուսաբացից ու կեսօրից...Ինձ շատ ես սիրել, ես քեզ` հազարապատիկ:
     Կողքիդ չեմ...հոգիս, որ մի ջինջ ու մաքուր ավազան էր իմ ու քո օրերում, այժմ պղտորվել է, տիղմն այնքան շատ է, որ հատակի քարերը չեն երեւում:
     Ցավն ու հուզմունքը խեղդում են ինձ: Ձեռքս դողում է: Նկատո՞ւմ ես, ինչպես են տողերս անհամաչափ դառնում: Ախր, սիրուց ու կարոտից գիտակցությունս հանգչում է կամաց-կամաց: Քեզ գրած ամեն մի բառիս հետ հիշողությանս մեջ արթնանում է մեր անցյալի մի մասնիկը, կենդանանում են մեր սիրո անմար հուշերը...
     Այս նամակը երկու սրտերի պատմություն է...Մեր սրտերի...Հավատա, սեր իմ, մեր սիրո մեջ ինձ համար երբեք չիջավ երեկո...Մեր պատմությունն իմ ներսում դեռ շարունակվում է...
     ...Գիտեմ սիրելիս, հոգումդ փոթորիկ է այժմ: Իմ կարոտած աչքերն են քո աչքերում: Ձեռքդ դողում է, մի հուզվիր, նամակս ամուր պահիր ափիդ մեջ: Այն ուղղված է հենց քեզ, այն միակին, ում կյանքիցս առավել սիրում եմ...
    
     Քո ՝ Леночка...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
2532 | 0 | 0
Facebook