Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պոստ-պոստ-մոդեռնիստական դիալոգ

Մերի Շարոյան
Հեղինակ`
Մերի Շարոյան
02:24, կիրակի, 12 հունվարի, 2014 թ.
     X անձը թափահարում է մազերը, դեմքին ցրված հայացք գծագրում և հեգնական տոնով հարցնում,
     -Կբացատրե՞ս, Թեքգոզյանի գրածի իմաստը ո՞րն է:
     Y անձը հառում է հայացքը X-ին, գերլուրջ կերպով սկսում պատասխանել.
     -Իմաստն էսթետիկան է, նոր իրականության պատկերումն ու լեզվամտածողության ստեղծումը, դա է ինքնին «սամացելը»: Ուրիշ ի՞նչ ես ուզում. Էգը սիրեց որձին, որձը սիրեց էգի՞ն, Շառլոտտա Բրոնտեի անվերջանալի թեմատիկա՞ն: Դա իրենն ապրելէ, գրականություն չի արդեն, կկարդաս` և վերջ, կմոռանաս, կվերադառնաս քո սովորական կենցաղին, կարդացածդ այդպես էլ քեզնից հեռու կմնա: Աչքերդ մի չռիր, իմ կարծիքն է, հարգել սովորիր:
     -Բայց…
     -Ի՞նչ «բայց»: Հովհաննես Թեքգոզյանը քսանմեկերորդ դարի մտածողություն է բերում հայկական գրականություն, պոստ- պոստմոդեռնիզմ, նոր էպոխա ենք կերտում, ԷՊՈԽԱ, պատկերացնո՞ւմ ես: Իսկ այսօր իմաստ չկա, ցավն այն է, որ գիտենք դա, և ո՞ւմ է պետք ինքնախաբեությունը: Վերջինը հռետորական հարց էր, կարող ես չպատասխանել:
     X անձը թթու ֆիզիոնոմիա է ընդունում.
     -Ինչո՞ւ ես կարծում թե իմաստ չկա… մեր ադաթները, մեր եկեղեցին, մեր կրոնը, մեր պետությունը:
     Y անձն արհամարհական պոզիցիա է բռնում, հատ-հատ արտաբերում է բառերը.
     - Մե՞ր: Ո՞ւմ: Ի՞մ և քո՞: Ճիշտ է, ընդհանուր բաներ ունենք, բայց դա հիմք չէ երկուսիս հավատքը, պետական մտածողությունը սիմիլար պատկերելու համար: Ես ըմբոստանում եմ:
     Խորամանկորեն ժպտալով` միջամտում է երրորդ կողմը` Z-ը:
     -Չե՞ք կարծում, որ նա էլ է ընդդիմանում: Հանգիստ գրում է, որ բակում իրեն ղզիկ էին կոչում (օ~, աստվածներ, ո՞ր հայ տղամարդը դա կխոստովանի), մի խոսքով` ըմբոստանում է էլի տղամարդու կերպարի արխայիկ պատկերացումների դեմ:
     Գլուխը տմբտմբացնում է Y-ը` շարունակելով.
     -… հասարակության անտարբերության դեմ էլ. Գրելու ոճն ասես ուղղված լինի զգայացունց անելուն:
     -Բա ոնց, հայհոյանքներով:
     -Մի փնթփնթա քթիդ տակ:
     Z-ը քիչ երևաց մեր փոքրիկ էսսեիստական դրվագում, նանույնպես ըմբոստանում է` նախապատրաստվում իր կարճլիկ կյանքում ասված մեծագույն դիալոգին, շատ է պայքարել սրա համար:
     -Մենք գնահատում ենք միայն տրադիցիոն գրականությունը, որը վեր է դասում իրեն այն կենցաղից, որով մենք ապրում ենք և դա անբնական է, անմարդկային, վերջ ի վերջո, հարևան բոմժն էլ` Փերիս Հիլթոնն էլ զուգարան են գնում: Արթյուր Ռեմբոն գրում է զուգարանային ամենաինտիմ մոտիվների մասին, համարում ենք արտասահմանյան որակյալ գրականություն և ընդունում, իսկ երբ տեղական արտադրության Հովհաննես Թեքգյոզյանն է իր արձակը «Սիֆիլիս» վերնագրում` դրանից հուզվո՞ւմ ենք…
     Նրա ճառերից և այս ամենից զահլայաթափված X-ը դանդաղ քայլերով հեռանում է` մեջքի հետևում լսելով մարող դիալոգի պատառիկները. «Թեքգոզյանը նոր, անկեղծ գրականություն է բերում», «շատ արտիստիկ կերպար է» և նա փախչում է պոստ-պոստմոդեռնիստական գրականությունից, լավ աղջկա կամ լավ տղայի իքսերը սեռ չունեն ամպլուայի տակ` նա փախչում է ժամանակակից կյանքից, ժամանակակից մտածողությունից:
     Y: Սպասենք
     Z: Ինչին
     Y: Մաշկացավին
     Z: Սպասենք: Այդ ընթացքում` գնանք սուրճ խմե՞նք:
    
     Ձայները մարում են, սկսվում են քայլերը: Ավարտվում է պոստ պոստմոդեռնիստական երևանյան դիալոգը:
    
     Մերի Շարոյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3222 | 0 | 0
Facebook