Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

* * *

18:25, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2013 թ.
     Մեզանից յուրաքանչյուրն ունի շփման տարբեր ձևեր. ընկերների հետ մենք մի մարդ ենք, ընտանիքի հետ` մեկ ուրիշ, ինքներս մեզ հետ` բոլորովին այլ…Իսկ ո՞րն է սրանցից ամենահարազատը, ո՞րն է մոտ մեր սրտին, ո՞րն է մեր իրական ԵՍ-ը… Գուցե այն ԵՍ-ը, որը ինքներս մեզ հե՞տ է, կամ էլ այն, որն ընկերների՞ հետ է շփվում… Դժվար է ասել…
     Մեզանից շատերն ընտանիքում, տան անդամների հետ համեմատաբար ավելի լռակյաց են, ինքնամփոփ, մեկուսացված, առանձնացած… Գալով տուն` միանգամից փակվում են սենյակում` թողնելով ներս սողոսկել միայն իրենց մտքերն ու հույզերը: Այդպիսի պահերին շատերին օգնում է գրելը, նկարելը կամ երաժշտությունը, կամ էլ ցանկացած այլ բան, որով կկարողանան հանել կուտակվածը, ներսում հավաքվածը…
     Ընկերներ… Ընկերական միջավայր… Ընկերները թերևս միակ մարդիկ են, ովքեր կարողանում են մեզ ժպիտ և ուրախություն պարգևել նույնիսկ այն ժամանակ, երբ այն անհնար է թվում: Ընկերների շրջապատում մենք կարողանում ենք մոռանալ բոլոր խնդիրների, անհաջողությունների ու դժվարությունների մասին: Նրանք կարողանում են վանել մեզանից բացասական մտքերն ու տխուր պահերի հիշողությունները: Երևի միայն նրանց հանդեպ ենք կարողանում լինել սիրալիր, ջերմ, բարեհոգի…
     Իսկ ինչպիսի՞ն ենք ինքներս մեզ հետ: Թերևս հենց այս ԵՍ-ն է, որն ամենահարազատն է ու բացահայտում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, ինչպիսին իրականում ենք: Շատ հարցերում կարող ենք բոլորին խաբել, հավատացնել այն, ինչը չկա, բոլորին, բայց ոչ ինքներս մեզ… Շատ դեպքերում մեր անձի ամենալավ քննադատը հենց ինքներս ենք… Ու, վերջապես, ոչ ոք այնքան լավ չի հասկանա մեզ, ինչքան մենք ինքներս…
     Իսկ մի՞թե հնարավոր չէ ԲՈԼՈՐԻ հետ լինել անկեղծ, սիրալիր ու ԲՈԼՈՐԻ հանդեպ լինել ՄԱՐԴ… Մի՞թե հնարավոր չէ թե՛ ընտանիքում, թե՛ բարեկամների ու հարազատների ծանոթ-անծանոթների հետ լինել նույնքան ջերմ, համբերատար ու բարեհոգի, որքան ընկերների հետ… Մի՞թե հնարավոր չէ բոլորի հետ լինել նույնքան անկեղծ ու հասկացող, որքան ինքներս մեզ հետ… Իսկ գուցե սա հենց այն իդեալական, կատարյալ մարդու կերպա՞րն է, որը գոյություն չունի ու թերևս չի էլ ունենա… Չէ՛, այսպիսի մեկը չի եղել, չկա ու չի էլ լինի… Չկա կատարյալ ոչինչ ու ոչ ոք…
    
     © ԼՀԳ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3602 | 0 | 0
Facebook