Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս պայքարել իշխանության դեմ

15:44, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2013 թ.

Քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ կարծիքները կարող են ավելի շատ լինել, քան դրանք կրող անձինք: Մի օր կարող ես լինել ընդդիմադիր և պաշտպանել այդ դաշտի նեկայացուցչի դիրքորոշումը, հաջորդ օրը, լինելով ընդդիմադիր, կանգնել իշխանության ներկայացուցչի կամ նույն իշխանությունը ներկայացնող ոստիկանի կողքին ու, ինչու չէ, նաև սատարել վերջիններիս… Իհարկե հասկանում եմ, որ ասածս անհեթեթություն է` անբացատրելի, անընդունելի ու անհասկանալի: Բայց սպասե՛ք, մի՛ շտապեք հապճեպ եզրակացություններ անել, թողե՛ք բացատրեմ: Շնորհակալություն:

Իհարկե հասկանում եմ, որ գուցե «փոքր եմ», շատ բաներ «չեմ հասկանում», որոշ բաներ «մութ» են ինձ համար, որոշ բաներից էլ պարզապես վատատեղյակ եմ… Բայց մի բան, որ շատերը վաղուց արդեն ասել են, ես էլ` համաձայնել, հստակ գիտակցում եմ` ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ: Լավ, իսկ ի՞նչ անել այդ դեպքում` պայքարե՞լ, ոտքի՞ կանգնել, հեղափոխությու՞ն անել, թե՞ լռել ու հանգիստ նստել` տեսնելով` ինչպես է կործանվում հայրենիքդ: Միանշանակ առաջին տարբերակը` պայքարել, պայքարել ու էլի պայքարել: Ահա, եկանք ընդհանուր հայտարարի:

Պայքարի տարբեր ձևեր կան` մեկը գաղափարական պայքար է մղում և փորձում խելքի ու արդարության շնորհիվ հասնել արդյունքի, մեկ ուրիշն էլ միանգամից (գուցե նաև երկար համբերելուց հետո) վերցնում է զենքն ու, ինչպես ասում են, բազուկների օգնությամբ է լուծում հարցերը: Վաղուց արդեն համոզվել ենք, որ առաջին մեթոդը մեր երկրում չի գործում. ընտրություններ, իշխանափոխություն խաղաղ ճանապարհով… Այս ամենը մեր երկրի համար չէ ասված: Մնում է բազուկների տարբերակը: Այստեղ էլ ընդհանուր հայտարարը օգնության հասավ, բայց… այստեղից բաժանվում ենք, ու սկսվում է մեր անհամաձայնությունը:

Շատերի կարծիքով այն, ինչ կատարվեց վերջին օրերին, հենց այն է, ինչ մեզ պետք է` Շանթ Հարությունյանն ու իր գաղափարակիցները գտել էին ճիշտ ելքը երկրում իշխանափոխություն անելու: Կան նաև այս կարծիքին դեմ մարդիկ, ինչպես, օրինակ` ես:

Գուցե շատերի համար Շանթի ու իր գաղափարակիցների արածը «չեղածից էլ լավ է», «կարևորը տղեքը դուխ ունեն` ասեցին ու արեցին», ավելի ստույգ` «ասեց ու արեց» … Համաձայն եմ, այդ «դուխ» ասվածը շատ կարևոր հատկանիշ է, բայց դա էլ է պետք ճիշտ ժամանակին ու ամենակարևորը` ճիշտ ձևով օգտագործել: Ինքս անիմաստ ու անարդյունավետ եմ համարում օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում բենզինով լցված ինչ-որ շշեր պայթեցնելը: Հա իբր ի՞նչ:

Ձեզանից շատերը հիմա կասեն. «Դե եթե այդքան խելացի ես ու անիմաստ ես համարում, քո տարբերակն առաջարկի: Ի՞նչ անել, էլ ինչպե՞ս պայքարել…» Եթե անկեղծ, առաջարկելու ոչինչ չունեմ այս պահին, բայց դա չի նշանակում, որ ստիպված եմ համաձայնել արվածին: Պայքարե՛, շարունակե՛ք պայքարել (ինքս էլ ԷԻ այդ պայքարողներից), բայց պայքարի ճիշտ ու արդյունավետ տարբերակ գտեք: Անիմաստ ձերբակալությունները հարց չեն լուծում, ընդամենը մեկ-երկու հոդված կամ ստատուս ավել է գրվում, ուրիշ ոչինչ: Հա, նաև` ձերբակալվածի կենսագրականում ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ կնիքն է դրոշմվում…


    

Հ.Գ. 1. Վերոնշյալը սուբյեկտիվ կարծիք է, որի հետ կարող է և ոչ ոք չհամաձայնել:

2. «Դուրս էի եկել» քաղաքականությունից, փորձեցի չհետաքրքրվել այդ ամենով, բայց այս ամենի վերաբերյալ կարծիքս չարտահայտել, կներեք իհարկե, բայց չէի կարող: Իսկ քաղաքականությունից դուրս գալու պատճառը այն գիտակցումն է, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտ գոյություն չունի: Յուրաքանչյուրս ինքներս մեզ վրա պետք է հույս դնենք ու հեղափոխությունը սկսենք նախ ինքներս մեզնից…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3839 | 0 | 0
Facebook