Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարգարիտա Ասլանյան, '' Մշուշ ''

01:37, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2013 թ.
     Հոգու սառույցնե՜ր … Ու ցուրտ է դարձյալ կյանքի հատակում, անթափանց մշու՜շ … Քեզ չե՛մ մոռանա…
     Ինձ ընծա թողած մենության գրկում կհողմի քամին ու աշխարհն ունայն փոշի կդառնա հավատավորի մթնած աչքերում, ուր լուսաբացին էլ ոչ մի արև խավարի քողը ճեղքելու համար լույսով չի հարբի, երբ ցավով պարտված մի անկյանք հայացք հավիտյան ու հար կյանքին կնայի այն պատուհանից, ուր էլ չի վառվի մշտավառ սպասման լույսը կիսարթուն ու մի վայրկյանում ողջ հողագունդը կդառնա օտար, ընդմիշտ ամայի …
     Հեռացող աշնան ծարավ երախում հանգչեց աղոթքս՝ սպանված, անտեսված, և ձեռքս՝ Աստծո տան դուռը կամացուկ թակող, դարձավ վարագույր՝ արցունքս թաքցնող, աշխարհի անամոթ դեմքը քողարկող սավան …
     Որտեղ կորցրել եմ ՝ էլ չեմ գտնելու, որտեղ գտել եմ ՝ էլ ոչինչ չկա … Ինչ-որ բանի համար ապրվող օրերը լուռ գլորվում են ժամանակների հարահոսներում ու դառնում մոխիր՝ մոխրամաններում երկփեղկված կյանքի, ուր չարագուշակ երազներն ահեղ կորզում են թաքուն մեր հոգին մեզնից և լուսաբացի բեմին արնահեղ մոխիրն է մնում այդ ողջակեզի …
     Խելահե՜ղ գիշեր, թափառող կյանքե՛ր, որ խենթ երազների հանդերձներ հագած հերթով լափում եք մատնության վախից քարացած տևական պահերը՝ հոգի ապրեցնող, որ հետո շուրջս հավաքվեն մարդիկ՝ իբրև դիմակներ մի նոր հղանցքի, որ իրենց դերերն արել են անգիր … Իսկ ժամանակը՝ խեղկատակն այդ հին, հազարապատկելով կարոտն իմ ցավոտ՝ նորից գալարվում է կյանքի բեմերում, նորից մանում է հոգնած քաղաքի խարխուլ ծերպերին հեքիաթներ անգո, մինչդեռ ես մթին մի երազ եմ, հեռացող կարոտ, որ գլորվում է դեպի հուշի սև եզերքն, ուր խեղդամահ է լինում իմ ճիչը, խորտակված վանքեր են հոգուս ամրոցում, ուր ապրելու իղձը կարծես թե քիչ է, ուր քավության ժամին հոգնած ծնկներս պիտի արյունեն և դաստակներս, որ արյուն չունեն՝ պիտի իմ կրծքին ափ առնեն անմեղ՝ արցունք տեղալով անպաշտպան հոգուս մենության հովտում …
     Գիշե՛ր, վերցրու՛ իմ լռության սև շապիկն, իմ դժգոհության սև գլխարկն ու դեգերումներիս կոշիկները սև, շրջի՛ր աշխարհով և տարածի՛ր, որ մահն անպարտելի է, մնացածը՝ մխիթարանք … Պատմի՛ր, որ հարության խուլ ղողանջն անձրևի պես պիտի տեղա հիշողության ամայի դաշտերի հեռվում, որ ժամանակը տանելու է մոռացության խորքը …
     Սև հնչյուններ կան ստվերների մեջ և հառաչանքի բեկորներ խավար լռած գիշերում, ուր կասկածները մութ վիհեր են փնտրում երազներ շոյող կոպերիս ներքո, ցավերը դողում են շուրթերիս վրա, ինչպես քո անվան տառերը բոլոր, ինչպես տերևներ՝ դեղնած ու դեռ թաց, և այնտեղ՝ հեռու՜ հուշերի աղոտ ցոլքերում, արձանագրված բառերը բոլոր դառնում են հայտնի մի անհայտություն, ձմեռ են դառնում, փոշեգույն պատրանք, անմիտ խաբկանքի կործանիչ տարափ …
     Որտեղ կորցրել եմ ՝ էլ չեմ գտնելու, որտեղ գտել եմ ՝ էլ ոչինչ չկա … Մշուշից այն կողմ խեղդված երազ կա, երազից այն կողմ ՝ մահվան վարագույր և շտապող ձմեռ՝ բոբիկ ոտքերով … Հավե՛րժ, գրկի՛ր մրսող կարոտս, որ անդարձություն է գնում փնտրելու անկանգ վայրկյանում ՝ դառնալով անտես մշուշափոշի՝ կախված կոպերից այն ամենաատես, որ ցուրտ են թարթում անքուն գիշերում ՝ սպասելով լույսին, որը չի բացվում …
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4522 | 0 | 0
Facebook