Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տողադարձ

21:22, կիրակի, 02 փետրվարի, 2014 թ.
     Չեկա՜ր ...
     Տողադարձելով կապույտ կարոտիս դողերը բոլոր ու վանկատելով սպասումներս սին, որ ծրարված էին կնիքով լույսի՝ ցուրտ քամիների անտես թևերին լուռ օրորվեցի՝ տրվելով պարին վհատ մրրիկի, մրցելով վազքում այս անկանգ կյանքի, տողատակերում այն հնչյունների, որոնք հնչեցին, բայց բառ չդարձան, սլացան քեզ մոտ, սակայն չհասան, հպանցիկ պահի գրկախառնության մեջ հավերժ մրսեցին ու հիվանդացան ...
     Չեկա՜ր ...
     Մեկ միլիոն տարի ու ևս կես կյանք հոգուս հայելին մնաց սև հարթակ՝ խեղդված այն փոշում, որ գոյացել էր անմեղ երազի ինքնահրկիզման գորշ մոխիրներից ու օդում ճախրող ոչինչ էր դարձել, անտես գոլորշի, որ հետո նորից վեր պիտի հառներ նույն մոխիրներից և վերածնվեր որպես մի աղոթք, որ պիտի ծածկեր տկլոր աշխարհի մերկությունն անկիրք, դառնար հարահոս կյանքի ու մահվան, պարզ արտացոլանք՝ միշտ ծուռ հայելում ...
     Չեկա՜ր ...
     Լուսանցքներից դուրս ու մի կյանք այն կողմ հազար հուդաներ եկան ու անցան, բայց երազներս անմեղ մնացին, բայց լույսն իմ հոգու արյուն չդարձավ ... Հրեշտակների ոսկե թևերին փարվեց մութ գիշերն ու ծով արցունքները դարձան լուսաբաց . խեղդելով ցավը՝ նորից ծնվեցի ... Ծնվեցի այնտեղ, որտեղ դու չկաս՝ ալ կրակներում, որ երբեք չգաս, սպասումներից դուրս, որ չակնկալես, աշխարհից հեռու, որ չմոտենաս, անգո ստվերներում, որ թվամ միայն, լույսով հայտնության, որ լոկ աղոթես, անպարտ հավատով, որ էլ չուրանաս, սառնությամբ ցրտի, որ մրսելուն պես՝ երազես արև, մեծ ճշմարտությամբ, որ սուտը հերքես, ցնորք – խաբկանքով, որ տարբերակես, երկինքը հագած, որ գնահատես գեղեցիկն անմահ, բարձր լռությամբ, որ միայն լսես, բարդ առեղծվածով, որ լավ մտածես, որպես հետևանք քո պատճառների, մի անգոյությամբ՝ քո եղելության, որ պիտի պնդես հավիտյան ու հար, սակայն չունենաս ոչ մի ապացույց, որպես մութ գիշեր, որ սիրահարվես պայծառ լուսայգին, մեղքի քողի տակ, որ ապաշխարես, պահով անցողիկ, որ գրվես գերի անհաս հավերժին, այն հնչյուններով, որոնք հնչեցին, բայց բառ չդարձան, սլացան քեզ մոտ, սակայն չհասան, այն նույն կարոտով, որ տողադարձվեց ու կիսատ մնաց, որ դու միշտ հիշես ու չմոռանաս. սև–սպիտակ կյանքի դռներից այն կողմ քեզանից հետո հազար հուդաներ եկան ու անցան, բայց երազներս անմեղ մնացին, բայց լույսն իմ հոգու արյուն չդարձավ ...
    
     Մարգարիտա Ասլանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6758 | 0 | 0
Facebook