Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդյո՞ք կարելի է չվճարել 150 դրամը

Սյուզի
Հեղինակ`
Սյուզի
19:00, հինգշաբթի, 18 հուլիսի, 2013 թ.
     Որպես անհատ քաղաքացի, ինձ ևս անհանգստացրեց այն փաստը, որ այսուհետ երթուղային տաքսու վճարը նախկին 100 դրամի փոխարեն` դարձավ 150: Դեռ վաղ առավոտից ֆեյսբուքյան էջերը ողողված են բողոքներով, ծաղրանքներով և պահանջներով: Ոմանք դեմ չկանգնելով ընդունված որոշմանը, չեն խառնվում այս քաոսին: Իսկ նրանք, հիմնականում ուսանողներն ու ամենօրյա երթուղայինից օգտվող աշխատանքի գնացողները` որոշել են չվճարել ավել գումար, այլ տալ նախկին 100 դրամն ու անտարբեր իջնել երթուղայինից: Սա քարոզ չէ, ոչ էլ օբյեկտիվություն: Կարծում եմ ինձ հետ համաձայնվողներ կլինեն:
     Հարգելի հասարակություն, ձեր չվճարած ամեն 50 դրամը կգանձվի "խեղճ" վարորդից, որի օրավարձը հազիվ հասնում է 3000-4000 դրամ: Ի՞նչ եք մտածում, վարորդը վճարի վառելիքի գումար, առավոտից ուշ երեկո այրվի ղեկին` օրվա հացի գումար աշխատելու համար, իսկ մեր ագրեսիվ ժողովուրդը 50-ական դրամները թողնի վարորդի ուսի՞ն: Հասկանում եմ, զայրույթը մեծ է, խոստացված 20-30 դրամի փոխարեն` թանկացավ 50 դրամով, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է չվճարենք սահմանված գումարը:
    
     Իսկ հիմա կհարցնեք, իսկ այդ դեպքում ինչպե՞ս վարվել, որ ինչպես հայ ժողովուրդն է ասում "Եվ գայլերը կուշտ մնան, և ոչխարները ողջ մնան":
     Վերջին տարիներին նկատում եմ հայերիս կողմից համախմբվածություն, դա կլինի վերջին դեպքերի շուրջ և այլն: Հորդորում եմ, միահամուռ և միասնական ուժերով, կազմակերպել բողոքի ակցիա Քաղաքապետարանի շենքի դիմաց, և ի դեմս տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, բողոքել երթուղայինի թանկացման համար: Ոմանց համար նույնիսկ ծիծաղելի է թվում` բողոքել 50 դրամ աճի համար:
    
     Խնդրում եմ մտածել, եթե այսօր 50 դրամ, վաղը ևս 50 դրամ և էդպես շարունակ, ապա մի օր էլ այլևս երթուղային նստել չի լինի: Եթե թանկացնում են որևէ ապրանքատեսակի գին, հավաստիացնում եմ, դա դեռ նրանց հրապարակած "վերնագիրն է", այդ կերպ նրանք ցանկանում են նախապատրաստել ավելի լուրջ թանկացումների: Այնպիսի տպավորություն է, որ գազի թանկացումը ազդեց երկրի ողջ ապրանքատեսակի վրա, տրանսպորտը հասկանալի է, գազի վառելիքի գինը կտրուկ աճել է, և վարորդներն առաջվանից շատ են ծախսում վառելիքի վրա: Բայց կարելի՞ է դա կոծկել` ժողովրդի գրպանից կորզելով: Չի կարելի:
    
     Կարծում եմ արդյունավետությունը միանգամից չենք տեսնի: Բոլորիս աչքերի առաջ մեր հայրենիքը գնալով անդունդն է գլորվում: Չեմ ուզում քաղաքականացնել հոդվածս, սակայն հավատացած եղեք, ամեն մի նոր դիրքորոշում` ի օգուտ պետությանն ու բնական է, ի վնաս ժողովրդին` պատճառ է հանդիսանում լքել սեփական հողը:
    
     Եկեք չվնասենք մեկս մյուսին, պարզապես անելուց առաջ մտածեք, որ ավելացված գումարը չվճարելու դեպքում` մենք ոչ մի վնաս չենք հասցնում այն մարդկանց, ովքեր գնաճ են մտցրել երթուղայիններում: Քանզի ես բացարձակ չեմ օգտվում երթուղային տաքսիներից, ես չեմ բախվի նման խնդրի, սակայն հարցը բոլորինս է, օրերից մի օր մեր շնչած օդն էլ կդարձնեն վճարովի և շատ համակերպվողներ կնտելանան այդ փաստին:
    
     Իսկ որպես վերջաբան, կրկին, սուբյեկտիվորեն կավելացնեմ, եթե թանկացում` ապա իսկապես ի օգուտ ժողովրդի: Իսկ գիտե՞ք ինչպես, բոլոր, անխտիր բոլոր տրանսպորտային միջոցները դարձնել ֆենոմենալ հզոր և հարմարավետ փոխադրամիջոցներ: Կլինի՞ նման բան, ինքներդ մտածեք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7841 | 43 | 0
Facebook