Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

♥ Անցած տարվա ծաղիկները ♥

16:29, երկուշաբթի, 08 հուլիսի, 2013 թ.
     Իմ սեղանի առջև դրված երկրորդ աթոռը դատարկ է ...Ես պիտի փորձեմ գրել քո մասին: Երկրորդ աթոռին, որ դատարկ է, կարող էիր դու նստած լինել...Կհարցնեի, կզրուցեինք, երևի այդպես ավելի հեշտ կլիներ գրել...
     Սեղանիս լուսանկարդ է...Հետաքրքիր է դու այդտեղ զգու՞մ ես, երբ նայում եմ լուսանկարիդ: Նկարում այնքան անհոգ ես, ժպտուն...Հետո մի պահ փակում եմ աչքերս, վերհիշում միասին ապրած րոպեները...Ցավոք տարիների նվագած ժապավենը ետ տալ հնարավոր չէ.նվագածը նվագած է, ապրածը՝ ապրած, չապրածը՝ չապրած...Բացում եմ աչքերս ու նորից նայում լուսանկարիդ. աչքերումդ տխրություն տեսա. կամ գուցե ես էի հնարում, որովհետև այդ պահին ավելի շատ ուզում էի, որ դու պատմեիր քո տխրության մասին, որ կարողանայի ինչ-որ չափով մեղմացնել ցավդ...
     Հետո մի պահ հայացքս կտրեցի լուսանկարից ու նայում էի լուսամուտից դուրս, երևի հոգուս խորքում հավատում էի, որ դու զգում ես, որ այն դատարկ աթոռը դեռ քեզ է սպասում, ու գալու ես...
     ...եթե մարդիկ չեն կարող միասին լինել, գոնե թող բաժանվեն՝ ինչպես գնացքում, երբ գալիս է կայարանը, որ ինչ-որ մեկի համար վերջինն է: Եվ ուրեմն, ու՞ր էինք գնում: Ինչքա՞ն մոտ էր մեր վերջին կայարանը, որ կորցրեցինք դեռ նոր գտած մեր սերը...
     Ես սահմանադրությամբ կարգելեի խոսել կորցրած սիրո մասին, կարդալ անցյալի նամակները, պահել լուսանկարները...որ ոչ-ոք իրավունք չունենար անցյալի հուշերից տառապելու...
     Նայում եմ դուրս ու արդեն քանի րոպե է ուզում եմ հասկանալ, թե ինչ եմ ուզում: Չեմ կարողանում: Նկատում եմ, որ խոտերի մեջ ծաղիկներ կան՝ ինչպես անցած տարի...հետո հանկարծ մտածում եմ, որ դրանք անցած տարվանը չեն՝ ուրիշ ծաղիկներ են, չէ՞ որ անցած տարի այդ ծաղիկներին նայելիս ես ժպտում էի՝ քո սերն իմ սրտում...
     Փակում եմ աչքերս, րոպեներն անցնում են, ու ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, թե ինչ եմ ուզում՝ անցած տարվա ծաղիկները...Շարունակում եմ որոնել դրանք, բայց հասկանում եմ, որ այժմ խոտերի մեջ կարող են լինել միայն ա՛յս տարվա ծաղիկները: Անցած տարվա ծաղիկները մնում են մարդկանց սրտերի մեջ...Բայց ես չեմ փորփորում սիրտս, ես գիտեմ, որ առանց այդ ծաղիկների սիրտս չի կարող ապրել...
    
    
     P.S. Ես գրեցի քո մասին, իսկ սեղանիս մոտ դրված երկրորդ աթոռն այդպես էլ դատարկ մնաց .....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2882 | 0 | 0
Facebook