Աշխարհից պոկված փոքրի՜կ մի պատառ
Տեղավորվել է մարդու աչքերում,
Եվ ով փորձո՜ւմ է պատառն այդ կարդալ
Հայտնվո՛ւմ է մի օտար աշխարհում:
Տիեզերքի են նման աչքերը մարդու-
Ի՜նչ ասես որ չկան այնտեղ՝
Էլ ցա՜վ, էլ երկյուղ…
Ու թե փորձո՜ւմ ես մինչև վերջ կարդալ-
Հայտնվում ես մի շնչող թակարդում:
Հառաչող մարդու աչքերը «սև՜» են
Արտասվող մարդու աչքերը «կապո՜ւյտ»
Ծիծաղող մարդու աչքերն ուրի՜շ են
Անհո՜գ, անտարբե՜ր մարդու աչքերը՝
Դատա՜րկ ու անգույն:
Սիրող աչքերը ուրի՜շ գույն ունեն-
Այդ գույնն անհա՜յտ է, դեռ չունի՜ անուն,
Ասես տխրությունն իր գույները քամել՝
Բազմագույն բերկրանք է լցրել աչքերում:
Ո՛չ ոք չգիտի թե ո՞ւր կտանի
Սիրո բիբերով գծած ճանապարհը,
Ո՛չ ոք չգիտի թե ո՞ւր կհասնի
Աչքերի միջով քայլող Մարդ-Աչքը:
Սիրո աչքերը՝ մի ալիք հզոր…
Լեռնապարերով փակված փակուղի…
որ ափ է տանում եզերքներում նո՜ր,
Ուր ո՛չ ցավե՜ր կան,
Ոչ արթնացումնե՜ր ահեղ տագնապի…