Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ՛ սիրիր ինձ ամպի չափ, ամպերը կորչում են...

22:23, հինգշաբթի, 09 մայիսի, 2013 թ.
ՄԻ՛ սիրիր ինձ ամպի չափ, ամպերը կորչում են...

Սիրում եմ քեզ... ա՝յ, այն ամպի չափ ...Ա՛յ, տեսնո՞ւմ ես այն մեծ ամպը,

որ գնալով մեծանում է...Քեզ սիրում եմ այդ ամպի չափ (ինչպես կասեն փոքրիկները): Իսկ գիտե՞ս, թե ինչքա՜ն եմ քեզ կարոտում...Այն ամպի չափ, որը մի քիչ ձախ է թեքված: Իր մեծությամբ նա զիջում է առաջինին, բայց փո՛քր չէ, մե՛ծ է էլի: Իսկ այն մեկը, տե՛ս, երրորդը, այն մեծ հույսն է, որ փայփայում ու գրկում եմ օր ու գիշեր...

Ահա այսպես ամպերին եմ ես բաժանել Հո՛ւյսս, Սե՛րս ու Կարո՛տս...
Հիմա նստած վեր եմ նայում...իմ հորինած ամպակույտին, ու սարսափով մտածում եմ, թե չլինի հանկարծ մի օր անձրև դարձած ներքև թափվեն
ու հոսելով մարդկանց ցեխոտ ոտքերի տակ, գնա՜ն, կորչե՜ն...
     Ուզում եմ բարձրանամ և հասնեմ այն ամպին, որով միշտ չափորոշում էի սերս Քո հանդեպ, իսկ դու՝ այդպես էլ չէիր կարողանում պատկերացնել այդ ամպի չափսերը: Բարձրանամ ու այնտեղից գոռամ, որ հենց այս ամպի չափ է սերս. հենց նույն ամպի, ինչպես որ առաջ էր, որ ոչ մի ավելի փոքր ամպի այն չի վերածվել, որ սիրում եմ հենց նույն սիրով՝ խենթի պես, խելակորույս…
     Ուղղակի վախենում եմ ամպի մեծության պատճառով այն տեսանելի չլինի քեզ: Երբ համոզվես սիրուս մեջ, երկուսով կճախրենք և կփորձենք գտնել մի այնպիսի ամպ, որ հավասար կլիներ Քո սիրուն: Եվ կապացուցես, որ ոչ մի փոքր ամպով այն չի փոխարինվել, որ սիրում ես հենց նույն սիրով՝ խենթի պես, խելակորույս …

.....................................................................................
     Այսօր երկնքում չգտա մեր ամպերը...Մի՞թե սխալվել եմ ես մեր սիրո հարցում: Ոչ....պարզապես մենք հաշվի չէինք առել, որ ամպերը երբեմն ցրվում են...երևի դրա համար էլ հիմա կողքիս չես...քո ամպն առել ու գնացել ես...

Երբ կրկին կողքիս լինես, մեր սիրո համար մի ուրիշ չափ կընտրենք, որ երբեք չկորչի...
     ՄԻ՛ սիրիր ինձ ամպի չափ, ամպերը կորչում են...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
8307 | 4 | 0
Facebook