Դեպի գետնանցում տանող սառը աստիճաններին մի մանչուկ է նստած:
Սկզբից թվաց թե փո՜ղ է հավաքում, բայց դիմացը ո՛չ արկղ կար, ո՛չ գլխարկ, ինչին որ սովոր ենք դարձել արդեն…
Մոտեցա:
- Վաճառում եմ արև, 100 և 150 դրամով, - ամաչկոտ ձայնով ասաց ու չի նայում աչքերիս:
- Ի՞նչ արև, ո՞ւր է - հարցս դուր չեկավ երևի:
Ցույց է տալիս նկարչական ալբոմից պոկված մի տրցակ, մանկական խզբզոցներով:
Բոլոր նկարներում արև է՝ մի տեսակ ո՛չ սովորական, կանաչ և դեղին գույներով, մանկական անվարժ ձեռքով նկարած:
- Ա՜յ, սրանք 100 դրամ են, - ցույց է տալիս դեղին արևով նկարները:
- Իսկ այ, սրանք, որտեղ կանաչ է արևը՝ 150 դրամ:
- Ի՞նչու ես վաճառում, - իմ հարցն էլ ինձ թվաց տարօրինակ, բայց առավել տարօրինակը պատասխանն էր:
- Բոլո՜րն են վաճառում, - և ավելացրեց, հա՛մ էլ օգնում եմ մայրիկիս:
- Իսկ ի՞նչու են տարբեր գների, նույն նկարներն են համարյա:
- Ա՜յ, այս կանաչ գույնի արևները ներկել եմ հարևան Արթուրիկի մատիտով, ես կանաչ գույնի մատիտ չունեմ, համ էլ կանաչը գարնան գույնն է, դրա համար էլ մի քիչ թանկ արժե:
- Իսկ դու վերցրու դեղին գույնը խառնիր կապույտի հետ ու կունենաս, կստացվի կանաչ, փորձիր ու տես:
- Դու պապիկ ջան երևի առևտրից ոչինչ չես հասկանում, եթե ես Իմ մատիտներով նկարեմ ստիված կլինեմ 100-ից ավել չվաճառել, արդար չի լինի և եթե բոլորը նույն գույնի լինեն ու նույն գնին, առնող չի լինի:
Հիմնականում գնում են կանաչ արևով նկարները:
Մոտեցան երկու ուսանողուհիներ, երկար նայեցին նկարները և ընտրելով կանաչ գույնի արևներով երկու նկար, ծիծաղելով հեռացան:
Տղայի հաղթական հայացքը ուղղվեց ինձ:
- Վերցնո՞ւմ եք:
- Լա՜վ, երևի ճի՛շտ ես, բայց ինձ տուր դեղին արևով, ա՜յ սա:
Նկարների տրցակի վրա դրեցի 150 դրամ ու փորձեցի հեռանալ նայելով նկարից ինձ աչքով անող դեղին տարօրինակ տեսք ունեցող արևին:
- Չէ՜, 100 պետք է տաք, ինձ ավելորդ պետք չէ:
Դողացող ափի մեջ մեկնել է 50 դրամանոցը,
- Մանրը վերցրե՛ք: Դուք ճիշտ ընտրություն կատարեցիք:
Շնորհակալություն:
Հեռանալիս լսեցի նրա ձայնը:
- Վաճառում եմ արև, գարնան գույնի և սովորական: