Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասումի գույնը

09:47, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Սպասումի գույնը
    
    
    

Դուռը երկու ամպի կտորից է` կապո~ւյտ-կապո~ւյտ:

Նրա դուռն է:

Միշտ փակ է, երբ զբաղված է:

Հովտաշուշանների համաստեղության Տիրուհու դուռն է:

Ես հեռվից տեսա, երբ Հերուվիմը` Նրա լրաբերը, մտավ ներս:

Նա ինձ շատ է հետաքրքրում, և անընդհատ հետևում եմ գաղտագողի:

Ամեն անգամ Նրա` Երկրից վերադառնալու օրը ինձ զարմացնում է նրա թարմացած գեղեցկությունը:

Այդ Դժոխք կոչված Երկիր մոլորակից գալ գեղեցկացա՞ծ, ես չեմ հասկանում:

Ինքս էլ երբեք չեմ եղել այնտեղ, Նա չի թույլ տալիս:

Չեմ կարողանում գտնել դեպի Երկիր տանող ճանապարհը:

Գիտի միայն Նա, Հերուվիմը և այն Հրեշտակները, որոնք իջնում են Երկրից ջուր հավաքելու ամպերի համար:


    

Դուռն այս անգամ կիսաբաց էր ու ես պարզ լսեցի.

- Նույն ճանապարհո՞վ եկար, Հերուվի´մ:

- Այո, Ծիածանով: Բայց դժվարանում է ճանապարհը, ես միշտ իջնում ու բարձրանում եմ Դեղին` Հույսի գույնով: Կարմիրը` Սիրո գույնը, խամրել է, հարկավոր է թարմացնել, Տիրուհի´:

- Հրեշտակները որո՞վ են իջնում ու բարձրանում:

- Հավատի` մանուշակագույնով իջնում են, Երազանքի` կապույտով բարձրանում:

- Իսկ Նարնջագու՞յնը, Կանա՞չ ը և հատկապես Երկնագու՞յնը:

- Դե, Տիրուհի´, գիտես, դրանք Գեղեցկության, Բարության ու Կրքի գույներն են: Քո հրամանով փակել եմ այդ ճանապարհները:

- Ուշադիր կլինես Դակուելի նկատմամբ: Նա Մեզ նման չէ, նրա մեջ մարդկային հոգի է, բայց մաքուր ինչպես արցունքի կաթիլ: Նրան կարող է ձգել Երկիր մոլորակը: Ես շատ եմ սիրում ու չեմ ցանկանում զրկվել նրանից:

- Ես քեզ հասկացա, Տիրուհի´:

Հերուվիմը կախեց գլուխը: Ուրեմն` սիրում է Դակուելին, իսկ ե՞ս, ես, որ կյանքս չեմ խնայի նրա համար…լավ, Դակուե´լ, ես քեզ դեռ ցույց կտամ:

Հերուվիմն այնքան արագ դուրս փախավ սենյակից, որ դռան մոտ կանգնած Դակուելը չհասցրեց ետ քաշվել:

- Դակուե´լ, դու՞, ակա՞նջ էիր դնում:

- Ո´չ, - ստեց Դակուելը, - ես նոր մոտեցա դռանը, կարո՞ղ եմ մտնել ներս:

- Ճիշտն ասած, ես գործ ունեի քեզ հետ, իսկ Նա թող հանգստանա, կգաս քիչ ուշ, եթե ցանկանաս:

- Չեմ հասկանում քեզ:

- Արի´ իմ հետևից, կհասկանաս:

Մոտեցան բազմիցս այդտեղով անցած, Դակուելի կողմից չնկատված մի քանի փոքրիկ ամպերի թմբի:

Հերուվիմը ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց ամպիկների շուրջը:

Ամպիկները տեղի տվեցին:

Բացվեց յոթգույնի մի հիասքանչ տեսարան, այնքան գեղեցիկ, այնքան ակնահաճո:

Դակուելը կարմիրից սկսած շոյեց գույները: Գժվեցնող, հաճելի, ցանկալի, տրփող ու խելքահան անող մտքերը պտտվում էին ողջ մարմնով, ուղեղով, ու երբ հասավ երկնագույնին, ասես հեռվից լսեց Հերուվիմի ձայնը:

- Կարող ես գնալ: Երկու ժամ Երկնագույն ճանապարհը բաց է լինելու, կհասցնես:, Դու ուզում ես, չէ՞ գնալ:

- Ուզում եմ, բայց…

- Պահը մի´ կորցրու, այլևս չի կրկնվի երբեք:

Դակուելը մի քայլ արեց դեպի նշված գույնը, սահեց ու կլանվեց անհայտության մեջ…

Հերուվիմը ժպտաց: «Դու չես կարող վերադառնալ» , -մտածեց ու ձեռքերով փակեց դուռը:


    

Կեսգիշեր էր, երբ այգում հայտնվեց մի տղա:

Քայլում էր դանդաղ, ասես զսպանակների վրա` նայելով չորս կողմը:

Հետո տեսավ այգու խորքի նստարաններից մեկի վրա նստած մի աղջկա:

Մոտեցավ, նստեց: Նայեց ավելի ուշադիր. «Ի~նչ նման է Իրիդային»:

- Ի՞նչ ես նայում, չտե՞ս ես:

- Ի՞նչ, - հարցրեց տղան, - չհասկացա:

- Փող ունե՞ս, ի՞նչ կա չհասկանալու:

- Չգիտեմ, -ասաց տղան, - Ես Դակուելն եմ Հովտաշուշանների համաստեղությունից:

- Իսկ դա որտե՞ղ է` Նորքո՞ւմ, թե՞Ավանում:

Աղջիկը ծիծաղեց` ցուցադրելով գեղեցիկ ատամները:

- Ի՞նչ, - հարցրեց տղան, - չհասկացա:

- Ի՞նչ ես անում այստեղ գիշերով: Տուն չունե՞ս:

- Ունեմ, տեսնում ես այ այն աստղը` աջից յոթերորդը, այդտեղից պետք է երկու ժամ գնալ դեպի հյուսիս արևելք ու…

- Դու գժանոցի՞ց ես փախել: Լավ, ես Իռան եմ:

- Իրի՞դա: Տղան հիշեց Սերաֆիմներից մեկին` Իրիդային:

- Ո´չ, Իրի´նա, կարող ես Իռա ասել: Գնանք իմ տուն, միևնույն է այսօր էլ ոչինչ չի կպնի: Ուզու՞մ ես:

- Ես պետք է լուսաբացին լինեմ մի որևէ բացատում, մենակ, որ կարողանամ վերադառնալ, ես բացատ եմ փնտրում:

- Գիտեմ, գիտեմ, այդ բացատը իմ անկողնում է, կհամոզվես, ինչպե՞ս էր անունդ:

- Դակուել:

Աստիճանավանդակում` պայուսակի մեջ, երկար փնտրեց, բանալին չգտավ ու անհույս նայեց տղային:

- Դու ի՞նչ է ուզում ես բացել դուռը:

- Բանալին երևի կորցրել եմ այն վավաշոտ ծերուկի տանը, փողն էլ չտվեց, քաֆթառ բիձեն, դուրս արեց տնից կիսամերկ…

Տղան ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց փականի շուրջը:

Փականը տեղի տվեց:

- Դու կարո՞ղ ես բացել ցանկացած դուռ, - աչքերին չէր հավատում աղջիկը:

- Այո, բայց միայն մինչև առավոտ ես պետք է վերադառնամ տուն:

Սենյակը փոքր էր, կահույքը` քիչ, ամեն ինչ հավաքած էր, բացի այս ու այն կողմ շպրտված` կնոջ շորերից:

- Ի՞նչ ես ցցվել, նստի´ր մի տեղ:

Տղան նստեց բազմոցին:

- Ես հիմա փոխվեմ, մի բան կուտենք, ինչ որ գտնենք, լա՞վ: Մի տասը րոպեով քեզ մենակ եմ թողնում, ցայվեմ ու գամ:

Ձայնը դարձավ սիրալիր ու շոյող:

Դակուելը չռված աչքերով նայում էր, թե ինչպես են անհայտանում աղջկա վրայի շորերը` սկզբում` շրջազգեստը, հետո` ինչ -որ երկգլխանի մի մորեգույն լաթի կտոր կրծքի վրայից, ոտքերից ազատված մի ուրիշ անթև լաթի ծաղկավոր կտոր: Երբ աղջիկը մերկ էր, Դակուելի սիրտը սկսեց աշխատել եռակի արագ, արյունը լցվեց գլուխը` հաճելիորեն պտտացնելով այն:

Մի տաք ու հաճելի զգացողություն գլուխ էր բարձրացնում ոտքերի արանքում` նեղելով շալվարը: Նայեց շալվարի նեղող տեղին, հետո հայացքը բարձրացրեց ու տեսավ, որ նա էլ է նայում:

Աղջիկը մոտեցավ, նստեց տղայի ծնկներին, այնպես, որ կուրծքը հավասարվեցին վերջինիս շրթունքներին: Տղային ոչ ոք չէր սովորեցրել, բայց նա երկու ափով վերցրեց կուրծքը, համբուրեց ու հիշեց իր Երկնագույն ճանապարհը, երբ գալիս էր Երկիր, նույն զգացողությունն էր այդ Կիրք կոչված ճանապարհով սահելիս:

Ուշքի եկավ այն ժամանակ, երբ ցնցուղի տակ` գրկած աղջկան զգաց տաք ու հաճելի ջրի թափվելը, հետո կարծես ինքն աղջկա մարմնի մեջ լիներ` տաք, ապահով:

Ու հասկացավ, որ այստեղ, այս մոլորակի վրա լավ է, շատ լավ:

Աղջկա անկողնում գրկախառնված պառկած տղան լավ էր զգում, ինչպես երբեք չէր զգացել:

Աղջկա ձեռքերը սկսեցին նորից սիրել տղայի մարմինը: Տղան արդեն իրեն չէր պատկանում: Հիշեց Ծիածանի բոլոր գույները մեկիկ-մեկիկ ու հասկացավ, թե ինչու էին իրենից մինչ այդ գաղտնի պահում այդ ճանապարհը:

Մարմնի վրա ձեռքերի սիրած տեղերն սկսեցին ծածկվել աղջկա շրթունքներով: Ասես Ծիածանն էր փաթաթվում մարմնով` մարմինը դարձնելով Հույսի, Սիրո, Հավատի, Երազանքի, Գեղեցկության, Բարության ու Կրքի յուրօրինակ մի խառնարան:

Եվ այդ խառնարանի համար արժեր մինչևիսկ մահանալ:


    

* * *

- Դու կօգնե՞ս ինձ, պետք է բացել մի դուռ, ես այնտեղ բանալիս եմ թողել:

- Իհարկե, կօգնեմ, իսկ ի՞նչ էիր անում այնտեղ` այդ ծերուկի մոտ:

- Նույնը` ինչ քեզ հետ, միայն թե` փողով: Այդ ծերուկը իմպոտենտ էր ու ինձ ստիպում էր ձեռքերով անել…հետո…վերջում փող չտվեց ու դուրս շպրտեց անպետք շան նման:

- Հարկավոր է շտապել, մնաց երկու ժամ լուսանալուն;

Մոտեցան ծերուկի դռանը:

Դուռը կաշեպատ էր, երկաթյա:

- Կարո՞ղ ես, սա ամուր դուռ է:

Տղան ձեռքի ափը մոտեցրեց ու մի պտույտ արեց փականի շուրջը:

Փականը տեղի տվեց:

Զգույշ մտան ներս:

Ծերուկը քնած էր` ձեռքը դրած իր…կարծես կարող են գողանալ:

Աղջիկը արագ մոտեցավ պահարանին, անաղմուկ բացեց, ձեռքը մտցրեց դարսված սպիտակեղենի տակ ու այնտեղից հանեց թղթի կտորների մի մեծ տրցակ` թղթադրամներ:

Մոտեցավ սեղանին ու երբ վերցրեց բանալին, բանալին ընկավ հատակին:

Ծերուկը վեր թռավ տեղից:

Աղջիկը վազեց դուրս` հետևից շրխկոցով փակելով դուռը:

Տղան չգիտեր ինչ անել, երբ փորձեց տեղից շարժվել, ծերուկը աթոռով հարվածեց գլխին:

Աղջիկը դիմացի շենքի շքամուտքում սպասում էր:

Անձրև էր:

Երբ մոտեցավ ոստիկանության մեքենան` աղջիկը հեռացավ:


    

* * *

Լուսացավ:

Տղան աչքերը բացեց:

Անձրև էր մաղում:

Վանդակաճաղերի ետևից տղան տեսավ սպասված Ծիածանը:

Բոլոր գույները տեղում էին: Վառ, կանչող ու հիասքանչ:

Տղան լուսաբացից ուշացել էր: Արդեն կարոտեց Իրինային:

Նրան հարկավոր էր մեկ այլ, լրացուցիչ գույն, որը չկար:

Դա Սպասումի գույնն էր` անհույս Սպասումի գույնը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6583 | 0 | 0
Facebook