Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատուհաննե՜րը

08:13, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Պատուհաննե՜րը
    
    

Նայե՞լ եք արդյոք պատուհաններին,

Տեսե՞լ եք արդյոք պատուհաններից

Ձեզ նայող աչքեր՝

Փնտրումի, Հավատի,

Սպասմա՜ն ու Հույսի…


    

Դա՜ռն են,

Դաժա՜ն են պատուհանները

Որբանոցների …

*

Դե ե՛կ բացատրիր անմեղ մանկանը,

Որ նաև ծիծա՜ղ կա աշխարհում դաժան,

Որ նաև սե՜ր կա՝

Մայրակա՜ն,

Հայրակա՜ն,

Որ իրեն գրկո՜ղ, գուրգուրող Ձեռք կա,

Որ Սի՜րտ կա բաբախող իր համար…

*

Լսե՞լ եք արդյոք որբանոցներում

Երազում խոսող երեխաներին՝

Լույսի լեզուն է,

Հույսի լեզուն է նրանց բերանում,

Որ այդ կյանքի մեջ առանց գիտակցել

Մա՜հ է աղերսում…

*

- Մի՛ խփիր, ցավո՜ւմ է, մամայիս կասեմ:

- Տե՞ս, պապաս կգա՛ քիթդ կջարդի:

- Ես երբեք տիկնիկ չեմ էլ ունեցել:

- Տատի՜կ, պապի՜կ ջան, շա՜տ եմ կարոտել…

*

Կյանքը մահաշեղբ դանակի նման

Ասես կտրել է երակը բախտի,

Ու ցփնվել է արյունը մանկան

Որբանոցների պատուհաններին…

*

Ուր մա՛հ են կարծես անցնող օրերը…

Ուր մորթոտվում է հույսն հավատի հետ…

Ուր մանկան մաքո՜ւր, ջինջ աչուկները

Տխրո՜ւմ են, դառնում մո՜ւթ պատուհաններ…

*

Թե սա մա՛հը չէ,

Էլ ո՞րն է մահը՝

Հողին հանձնվող մարմի՞նը անշունչ,


    

Մա՛հն աչքե՛րում է որբ մանուկների-

…Սպասումից կաթացող արցունքում աղի,

…Փնտրումից հոգնած փակվող կոպերում,

…Որբանոցների պատուհաններին…


    

Ս.Ումառ-Հարությունյան

08.11.16 Երևան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3646 | 0 | 0
Facebook