Loading...

Articles

ՀԱՅՐՍ

22:36, Saturday, 18 April, 2020
ՀԱՅՐՍ

Ասում են գարունը սկիզբ է ամեն ինչի՝ կյանքի, ծիծաղի ու բերկրանքի: Հետո ասում են, թե ցավ ունես՝ գարնանը կբուժվես:

Ասում են

Բայց չեմ հավատում... Եվ ինչպե՞ս հավատամ, երբ այս գարնանամուտին ես հակառակի ականտեսը եղա…

Ախ չե՞ք հավատում, թե այդ ինչպե՞ս է, որ գարունը ցավ է սփռում ու ոչ թե սպեղանի դնում…

Լավ, հիմա իմ ասելիքը ես պատմեմ, իսկ հետևությունները ձեզ թողնեմ:


    

Ասում են՝ մարդու կյանքի տարիները նրան իմաստություն են տալիս: Ճիշտ են ասում, բայց շատ հաճախ մարդը ծնվում է այնպիսին, ինչպիսին լինում է իր ողջ կյանքում՝՝ ծնվում է տաղանդավոր և այն որևէ այլ կերպ փոխակերպել չի կարող: Ասում են՝ երբ ծնվում է, Աստված ճակատին անտես թանաքով գրում է նրա ապրելիք կյանքի տարիները, բախտը, ճակատագիրը և մի անտես կնիքով էլ այն կնիքում է, որը մարդուն ուղեկցում է իր ողջ կյանքում, բայց անտեսանելի թանաքի պատճառով կամ նրա շնորհիվ ուրիշները չեն տեսնում այդ գիրն ու կնիքը: Ասում են... Չգիտեմ որքանով է ճիշտ, քանզի ինքս ճակատագիր ասվածին այնքան էլ չեմ հավատում, բայց միգուցե այդպես է:

Տարիներ առաջ ծնվեց մի արու մանկիկ: Նա, իր ճակատի գրին համապատասխան, պիտի մեծանար որպես տաղանդաշատ պատանի, դառնար մեծ ուղեղի տեր երիտասարդ, ապա հայտնի մարդ:

Եվ մեծացավ նա: Մեծացավ ու, ինչպես ի վերուստ էր կանխորոշված, դարձավ խելացի երեխա, ուշիմ աշակերտ, տաղանդավոր ուսանող և կյանքի ու երկրի համար շատ պիտանի մարդ: Սակայն զուգահեռաբար կյանքն իր քմահաճույքները թելադրելով, թրձում էր նրան՝ անցնելով սուր շեղբ ունեցող իր թրի տակով: Փորձում էր կոտրել երիտասարդին, քմահաճ կերպով իր ուզածը թելադրել, սակայն վերջինս, որ արդեն հասուն երիտասարդ էր, միշտ պատվով էր դուրս գալիս ամեն մի փորձության միջից: Ոսկե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը սովորեց համալսարանում, ծառայեց Սովետական բանակում, որպես կապի դասակի հրամանատար և ստացավ կապիտանի սպայական կոչում, հետո ամուսնացավ, հայրացավ՝ ունենալով մի տղա, մի աղջիկ:

Թվում էր երջանկության համար այսքանն արդեն բավ է. ուներ իրեն սիրող ծնողներ, սիրելի ընտանիք՝ կին, երեխաներ, մտերիմ ընկերներ, սիրած աշխատանք, բայց դեռ շարունակում էր գիտական գրքեր գրել ու նոր գյուտարարությամբ զբաղվել: Նա միշտ նորանոր բարդ ու ֆիզիկամաթեմատիկական գրքեր էր գրում, ծրագրավորումներ էր անում և արժանանում տարբեր երկրների կողմից խրախուսանքների:

Սակայն կյանքը կրկին փորձեց դաղել նրան, դաջել ու իր սև թևերը փռել ֆիզիկական անկարողություն տալով նրա դեռևս նորածին՝ 3 ամսական դստրիկին; Բայց հայր ու աղջիկ չկոտրվեցին, պայքարեցին ու հաղթեցին քինախնդիր ճակատագրին: Օ՜, նենգադավ ճակատագիր, մի՞թե ուզածդ մարդկային խրոխտ ոգին կոտրելն է, մի՞թե դու կոչված ես մարդկային ճակատագրեր խեղելու: Բայց ո՛չ, նրանք՝ հայր ու աղջիկ, իրենց եղբոր ու մայրիկի օգնությամբ, շատ փորձություներ հաղթահարեցին, շատ տեղերից պատվով, հպարտորեն ու պարզ ճակատով դուրս եկան և քայլեցին բարձր պահած գլխով:

Եվ նա, որ արդեն հասուն մարդ էր ու արդեն բարձր առաջադիմությամբ ավարտել էր պետ. համալսարանը՝ ստանալով կիրառական մաթեմատիկոսի որակավորում, մեծ գիտնական էր ու գյուտարար, աշխատել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտում՝ որպես ինժեներ և հասել է մինչև ավագ գիտաշխատողի կոչման, ապա սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրայում և Կիևի Երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ուներ 3 տասնյակից ավելի հեղինակած գրքեր, կրկին հեղինակած 2 մենագրություններ և մեկ տասնյակից ավելի մեթոդական աշխատանքներ, որոնք ժամանակին տպագրվել էին Հայաստանի, ԽՍՀՄ և արտասահմանյան մասնագիտական ամսագրերում ու տեղեկագրերում, իսկ ԱՊՀ երկրների ԲՈՀ-ի կողմից արժանացել է դոցենտի կոչման: Երկար տարիներ աշխատելով տարբեր ԲՈւՀ-երում և Պրոգրես համալսարանում՝ գրեթե մի ողջ կյանք էլ աշխատել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ամբիոնի վարիչ և եղել նույն ֆակուլտետի դասախոս:

Ու արդեն 3 հրաշամանուկների (2 աղջիկ, 1 տղա) պապիկ էր՝ ամենամեծ կոչումն ու ժամանակակից լեզվով ասած՝ ստատուսը՝ ՊԱՊԻԿ:

Թվում էր այլևս տեղ չկա ցավի ու նահանջի, թվում էր ողջ կյանքում արարելով ու հաղթելով իրեն հատուկ ուժով և յուրահատուկ բարությամբ՝ հաղթե՛լ էր ճակատագիր ասվածին: Բայց չէ՛, չէր թվում, նա իրո՛ք հաղթել էր: Հաղթել ու իր ուսերին առել մի ողջ կյանքի դառնաքաղցր պատմություն: Եվ երջանիկ էր՝ վայելելով իր տարիների ցանած սերմերի պտուղները քաղելով:

Սակայն... Ի՞նչ եղավ հանկարծ... Ինչու՞ բնությունը դավադիր գտնվեց... Ու այս գարունը նրա համար չծաղկեց: Չգիտեմ, չեմ կարող ասել, քանզի դաժան է նա մարդուց առավել:

Սիրելի ընթերցող, հիշու՞մ ես, որ ասում էի, թե երբ երեխան ծնվում է՝ նրա ճակատին անտես թանաքով գրվում է նրա կյանքի ապրելիք տարիները և կնիքվում նույն անտես կնիքով:

Ահա հասավ և նրա կյանքի վերջնագիծը: Բայց... Չէ՛, դեռ վաղ է, դեռ ամանոր է և բոլորն ուրախ, զվարթ Նոր տարի են դիմավորում՝ երգ, պար, քեֆ, ուրախություն ամենուրեք, ամեն օջախում և ամեն մեկի սրտում: Ու այս օջախը, որ ամենից սրտաբաց ու հյուրասերն էր տան մեծի, այն մեծ մարդու գլխավորությամբ ու նրա օրհնությամբ՝ ևս բացառություն չէր: Սակայն այս ընտանիքում թևածում էր կրկնակի ուրախություն, քանզի ամանորը ղողանջող կեսգիշերվա 12 զանգերի ներքո այս ընտանիք թևակոխում էր մի այլ ուրախություն ևս՝ այդ մեծ մարդու, սիրված ընկերոջ, բացառիկ ամուսնու, հզոր գիտնականի, լավ ծնողի և իր էությամբ հազվագյուտ պապի ծնունդը:

-Ծնունդդ շնորհավո՛ր..., -ասում էին չորս կողմից ու գավաթներ էին զրնգացնում նրա գավաթին:

Այս տարի էլ բացռություն չէր, նա տոնում էր իր 70 ամյակը՝ մի ամբողջ փառահեղ կյանք՝ լցված ցավի, դավի, պայքարի, ժպիտի, հաղթանակների, գովեստների ու կենացների ոսկեկար պարկով: Ահա այդ արծաթափայլ կտորով պարկը լի էր բերնեբերան և այն ոսկե թելերով կապելու ժամանակը հասել էր:

Իսկ դրսում մոտենում էր գարունը: Գարուն, որ նոր կյանքի խորհրդանիշ է... Գարուն, որ ապրեցնող է... Գարուն, որ ժպտեցնող է... Գարուն, որ ջերմացնող է...

Բայց այս գարունը չծաղկեց այն ընտանիքի համար: Գարնան առաջին ամիսն էր՝ գիժ մարտը, որ իր հերթական գժությունն արեց ու... Տարավ նրան: Երբ ամիսը նոր էր կիսվել, ճիշտ դրա հաջորդ օրը խոսքը շուրթերին հանկարծ լռեց նա՝ այն հզոր մարդը, որ դեռ շատ կիսատ գործեր ուներ... Հանգիստ, բայց հավերժ փակվեցին մեծ գիտնականի աչքերը: Ինչպես ողջ կյանքում ՄԱՐԴ էր եղել մեծատառով, այդպես էլ, մարդու նման, հանգիստ ու անխռով ննջեց հավիտենական նիրհով: Անգամ մահը չհաղթեց նրան, այո՛, չա՛ր ճակատագիր, անգամ նրան տանելով դու չհաղթեցիր, քանզի նույնիսկ դագաղում նա ժպտում էր իր բարի ժպիտով ու իր կողքին լացողներին հուսադրում, թե՝ «Մի լացեք, այդպես է կարգն աշխարհի... Թե ծնվում ես, մի օր էլ պիտի գնաս, որ նոր եկող մանուկին տեղ լինի այս աշխարհում: Իսկ ես... Ես գոհ եմ իմ ճակատագրից: Դե՛, թոթափեք ձեր վիշտն ու իմ հիմնած և թողած ավանդույթները շարունակելով՝ իմ չապրած կյանքը դուք ապրեք ու իմ կիսատն էլ դուք շարունակեք ու ավարտեք...»:

Դրսում գարուն էր, իսկ այն պատուհաններից ներս... Նորից ձմեռ իջավ: Ու կամա, թե ակամա ականջիս հնչեցին մեծն Պարույր Սևակի տողերը՝ «Գարուն ա, ձուն ա արել...»: Ու տողերը բառացի իրականացան այդ հզոր մարդու հուղարկավորության օրը, երբ լացում էին մարդիկ ու աշխարհը բառի բուն իմաստով՝ հարազատներ, մտերիմներ, ընկերներ, մի ամբողջ ուսանողական կազմ ու ծանոթներ: Այս սրտակեղեք ողբին միացավ նույնիսկ բնությունը և նրա հուղարկավորության օրն արտասվեց երկինքը, քարը, թուփը, անգամ կենդանիներն ու թռչունները, գազազել էր բնությունը չար ճակատագրի քինախնդրությունից, փոթորիկ էր, ձնախառն բուք, անձրևախառն մրրիկ; Անգամ կողք-կողքի կանգնած իրար տեսնելն անհնար էր: Բայց... Այդ պահին դրսում էր մի ահռելի քանակության ամբոխ, բազմություն՝ հողին էր հանձնվում այն մեծն գիտնականը:

Եվ նորից ակամայից հիշում եմ տողեր նշանավոր բանաստեղծներից մեկից, բայց այս անգամ ռուս բանաստեղծ՝ Ա. Ս. Պուշկինից.


    

Հողմը մեգով երկինքն առնում,
     Գալարում է բուքը ձյան,
     Մին՝ մանկան պես լաց է լինում,
     Մին՝ ոռնում է զերթ գազան...


    

******
    
    

Ահա այսպես հավերժ մայր մտավ մի Ճակատագիր, իսկ իմ այս գարունը չծաղկեց, ծիլը հողի արգանդում՝ չորացավ: Այն իր հետ հավերժ տարավ մի բոսոր արևի, որ թեպետ մոտենում էր իր մայրամուտին, բայց դեռ տեղ ուներ նրան հասնելու...


    
    

ԻՄ ՉԾԱՂԿԱԾ ԳԱՐՈՒՆԸ...


    

17.04.2020


    

Հեղինակ՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
825 | 0 | 0
Facebook
COMMENT.am