Loading...
Today:  Saturday, 26 September, 2020

Articles

ԱՊՐԵԼՈւ ԲԱՆԱՁԵՎ

23:46, Friday, 19 June, 2020
ԱՊՐԵԼՈւ ԲԱՆԱՁԵՎ

(Կյանքիս վարդագույն իրական հեքիաթը)
    
     Ես իններորդ դասարան էի, եղբայրս՝ համալսարանի առաջին կուրս, երբ գյուղից տեղափոխվեցինք քաղաք՝ մշտական բնակության: Ես գյուղում ապրել էի տասնհինգ տարի՝ մանկություն և նորաստեղծ պատնեկություն, որ թողած հետևում՝ եկա քաղաք: Թախիծը կար, չլինել չէր կարող, քանզի այնտեղ թողել էի մանկությանս օրրանը, նույն մանկության ընկերներիս մեր տունն ու իմ անդարձ, բայց երևի անհոգ մանկությունս: Սակայն ուրախությունը գերակշռող էր, քանզի նոր ապագա էր բացվում իմ առաջ, նոր դպրոց, նոր դասընկերներ, նոր միջավայր, նոր շփումներ և… պատանեկան վարդագույն ակնոցների տակից ինձ սպասող փայլուն ապագա: Այո՛, վարդագույն ակնոցների տակից, քանզի այդ տարիքում բոլոր պատանիներն են կրում վարդագույն ակնոցներ ու կյանքը տեսնում այդ ակնոցների տակից:
     Իսկ ինչու՞ ուրախ չլինեի, երբ մեզ դիմավորեց մեր նոր բնակարանը: Այո՛, նոր, լուսավոր ու ժպտացող, երբ այստեղ դեռ ոչ ոք չէր դրել իր ոտքն ու չէր ապրել: Այս տունը չէր տեսել ոչ ուրախություն, ոչ տխրություն, ոչ դհոլ-զոռնի ձայն էր լսել, ոչ էլ անգամ սգո մեղեդու տակ արտասվել: Եվ առաջին բնակիչները մե՛նք էինք ու մե՛նք պիտի տնօրինեինք այս տան տրամադրությունը: Իսկ մի՞թե դա առիթ չէր ուրախանալու, որ դու և քո ոչ մեծ ընտանիքը՝ հայր, մայր և եղբայր, առաջինն ու միակն եք այս տան մթնոլորտն ու տրամադրություբնը կառավարելու:
     Ու այս տան պատերից ներս սկսեցին թևածել ծիծաղ, երաժշտություն, ծննդյան տարեդարձեր, ընկերական տոնախմբություններ, միջոցառումներ: Այդ ամենը սկսվում էր հենց Ամանորի կեսգիշերի հետ, քանզի, երբ հնչում էր Նոր տարվա 12 զանգերը՝Նոր տարվա հետ տուն էր մտնում այս ընտանիքի սիրելի հայրիկի տարեդարձը, որ նշվում էր ուրախությամբ և ոգևորության աղմուկ-աղաղակով: Չէ՞ որ ասում են՝ ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կանցնի ամբողղջ տարին: Դե, թեթև առօրյա հոգսեր միշտ էլ բոլորին շրջապատում են, բայց առօրյա հոգսերից էլ ելք կա ու այն երբեք էլ իշխող չէ, երբ ընտանիքը գիտի իր ԱՊՐԵԼՈւ ԲԱՆԱՁԵՎԸ:
     Ապա դարձա ուսանողուհի՝ ընդունվելով համալսարան: Մի ժողովրդական խոսք կաՙ ասում է՝ «Ծովը ծնկներից էր»: Իմ մոտ գուցե հենց այդ տարբերակն էր: Թեպետ հեշտ չէր իմ համար, բարդ էր, դժվար, գրեթե անհնար, քանզի ճակատիս դաճված էր ֆիզիկական անկարողության կնիքը: Բայց իմ համար չլինող բան չկար, երբ ես սիրում էի ուսումը, սիրում էի ընկերական միջավայր, անգամ սիրում էի դժվարություններ հաղթահարել: Հա՛, սիրում էի, ինչը կյանքում հեշտ էր տրվում՝ չէր բավարարում ու գոհացնում ինձ, ես սիրում էի պայքարել, քրտինք թափել և քրտնաջան ջանքերի գնո՛վ հասնել արդյունքի: Այդպես էլ լինում էր: Չորս տարի ուսանողական լսարանից երբեք չխուսափեցի, անցնելով բարդ ճանապարհ տնից մինչև համալսարան, ապա համալսարանից տուն՝ քաղաքի ծայրից հասնելով մյուս ծայրը՝ ծնողներիս ու եղբորս ուղեկցությամբ: Սակայն նայած երբ որ մեկն էր ուղեկցում՝ կամ հայրս, կամ մայրս, կամ եղբայրս: Առաջին տարիներին՝ քաղաքային տրանսպորտով, իսկ ճանապարհի ուղիղ կեսն էլ անցնում էինք ոտքով քայլելով, ապա համալսարանում բարձրանում երրորդ հարկ՝ մեր լսարան, իսկ վերջին երկու տարիներին՝ արդեն եղբորս մեքենայով: Սիրվեցի բոլոր դասախոսների կողմից, ձեռք բերեցի հավատարիմ և նվիրված համակուրսեցիներ, որոնք կոչվեցին ԸՆԿԵՐ անվամբ: Ու ինչպես նշել էի վերևում՝ ծովը ծնկներիցս էր, ոչ մի բարդ երևույթ ինձ չէր կոտրում, հակառակը՝ ավելի էր ոգևորում, թև տալիս, որ ես պիտի հասնե՛մ այդ անհաս թվացող բարձունքին:
     Ի՞նչ ասեմ. ես բացառի՞կ էի, հատու՞կ, իմ տեսակի մեջ միակ նմուշն ու անկրկնելի օրինա՞կը… Չգիտեմ, գուցե: Քանզի բուք լիներ, թե անձրև, սառույց լիներ, թե մրրիկ՝ ես ոչ մի դաս ու քննություն բաց չէի թողնի, անգամ եթե հարազատներիս համար էր բարդ ու դժվար: Գուցե շատերը կերազեին մնալ տաքուկ տանը, կամ քննության չպատրաստվել, իսկ ես՝ ո՛չ, այն իմ համար կլիներ տռագեդիա և մահացու հարված, քանզի ուսումնատենչ էի, ուսման ծարավ ու սիրում էի ընկերներիս տեսնել, նրանց հետ ժամանակ անցկացնել, թեկուզ քննության լարված պահերին:
     Եղբայրս ստացավ երկու մասնագիտություն, համալսարանում՝ իրավաբանի, իսկ մանկավարժական ինստիտուտում՝ պատմաբանի մասնագիտություն:
     Ես գրեցի գիտական թեզ, հեղինակեցի մասնագիտական առաջին գիրքս, որին հաջորդեց երկրորդը, տպագրվում էի բազում հոդվածներով Հայաստանի տարբեր թերթերում ու ամսագրերում, անգամ երկրից դուրս: Եվ բազում հրավերներ (6 անգամ) ստացա արտերկիր գնալու ու կոնֆերանսների մանակցելու: Ապա հեղինակային բանաստեղծություններովս տպագրվեցի բանաստեղծությունների երեք տարբեր համահեղինակային ժողովածուներում:
     Եվ մեր տունը միշտ տաք էր, լուսավոր, հյուրասեր ու հյուրընկալ բոլորի համար: Գիշեր, թե ցերեկ, ընկեր, թե ընկերուհի, բարեկամ, թե օտար անցորդ, իմ ընկերները լինեին, թե եղբորս՝ գալիս էին, քնում-արթնանում, հյուրասիրվում, ուտում-խմում, քեֆ անում և ժպտերես հեռանում:
     Անցան տարիներ: Փչի՛ր զուռնա, զարկի՛ր դհոլ, այս տունը նորահահարս է գալիս, սպիտակ քողով, ձյունաճերմակ հարսնաշորով նորափթիթ մի աղջնակ: Ու ձգվեց հարսանիքը՝ սխալ չեմ լինի, որ ասեմ, այն տևեց օրեր, ես իմ նորահարսին ընդունեցի երջանկության արցունքներով: Ու այդպես սիրով էլ դարձանք երկու քույրեր. և վստա՛հ եմ ու համոզված՝ այն կձգվի հար ու հավերժ, քանի ապրում ենք երկուսս էլ: Ամանորի ճոխ սեղանի նման, այս տան սեղանն օրեր շարունակ չէր դատարկվում իսկ տունն՝ ամանորի հյուրերի նման, լի էր ու լի:
     Շատ չանցած այս տանը լսվեց առաջին նորածնի՝ բոլորիս ուրախացնող ճիչը: Նա դեռ չէր լսել մանկական ճիչ, նրան դուր եկավ այդ ձայնը, շատ ուրախացավ փոքրիկ ու նրբիկ այս աղջնակի մանկական անմեղ ծղրտոցով: Ու թեպետ Ամանորից ուղիղ մեկ ամիս և չորս օր էր անցել, բայց տունը կրկին վերածվեց ամանորյա տոնի, սեղանը լցվեց տոնական մրգերով և բազում ախորժալի ու քիմք շոյող ուտեստներով: Այս չքնաղ դիցուհու ծնունդով տունը դարձավ պաշտոնյա՝ իր մեջ ունեցավ պապ, տատ, հայր, մայր և հորաքույր: Եվ նորից օրեր շարունակ տոնախմբություն էր այս տանը: Ապա բոլորն այստեղ ապրում ու շնչում էին տան ամենափոքր հրեշտակի հետ, որ տան բնակիչների թագուհին էր:
     Անցավ մեկ տարի ութ ամիս: Մեր փոքրիկ թագուհին այլևս մենակ չէր, նրան միացավ մի չքնաղ հրեշտակ՝ քույր անվամբ, ում նա՝ իր մանկական թոթովախոս բառերով, շարժվող տիկնիկ անվանեց:
     Երկրորդ անգամ տունը լցվեց անմեղ մանկան ճիչով: Երկրորդ անգամ տան պատերը փոքրիկ դիցուհու համար լայն ժպտացին ու սիրով նրան ընդունեցին իրենց գրկում ապրելու: Իսկ սեղանը կրկին ճոխություն ստացավ, թևածում էր ծիծաղը, լայնաժպիտ զրուցում էին բոլորը, մի նոր լուսե դիցուհի էր եկել այս տանը բնակվելու: Եվ տունը դարձավ կրկնակի պաշտոնյա ու արդեն հպարտորեն էր նայում անցորդներին: Փոքրիկները լցրել էին տունն իրենց մանկական ճռվողյունով, անմեղ մանկական մաքուր ոգի էր տիրում այս տան պատերից ներս: Պատերը շնչում էին փոքրիկների հետ՝ «Վա՜յ, ՙ կամացուկ քայլեք, քնած են մեր հրեշտակները… Վա՜յ, շշուկով խոսեք, չարթնան մեր քնքուշ փերիները»:
     Եվ այսպես անցավ ևս մեկ տարի, որին գումարվեց նաև յոթ ամիս: Օ՜, տունը կրկին ցնծաց երջանկության բերկրանքից, բայց նծությունն ուրիշ էր մի տեսակ տարբերվող ու հատուկ, սպասված ու կրկնակի, չէ՛, սխալված չեմ լինի, որ ասեմ՝ եռակի ու քառակի: Տան պատերից ներս հնչեց բարձր երաժշտություն և պապը, որ հուզվել ու աչքերին արցունքի կաթիլներ էին հայտնվել կյանքում առաջին անգամ, ծաղկից էլ քնքուշ իր թիթեռնիկ թոռնուհիների հետ պարեց պարն ավանդական: Չէ՞ որ նրա անվանակիցն էր լույս աշխարհ եկել, իր հետնորդը, այս տունը շենացողն ու այս օջախի ծուխը վառ պահողը: Եվ կրկին սեղանը հաճելիորեն սկսեց ճռռալ բեռնված համեղ ուտեստների ծանրությունից: Խորովածի անուշ բույրը ծանոթին ու անծանոթին ներս էր կանչում, մի թաս աչքալուսանք ըմպելու և մի պատառ խորովսած ըմբոշխնելու: Իսկ տատը լայնաժպիտ հրճվում էր ու ուրախանում: Ու ես այդ ամենի մեջ իմ դերակատարումն ունեի՝ հորաքույր էի դարձել արդեն երրորդ անգամ՝ պատվավոր տիտղոս:
     Ու այսպես, այս ընտանիքն, այս տուն ոտք դնելուց հետո, 27 երկար ու ձիգ տարիներ միայն ուրախացնում էր տան պատերին իր խինդ ու ծիծաղով:
     Բայց չէ՛, այդպես չի լինում, որ տունը միայն պատված լինի երջանկությամբ: Ճի՛շտ է, շատ հոգսեր էլ առաջացան, խնդիրներ ևս եղան, սակայն նրանք միշտ հաղթահարում էին անտրտունջ ու միասնական:
     Իսկ ամենասարասափելին դեռ նոր էր մոտենում: Այս տունը երբեք մահ չէր տեսել, մահվան բոթը, լացն ու դառնությունը խորթ էին նրա պատերի համար: Սակայն… Չի լինում կյանք առանց մահի:
     Ու 27 տարի անց, մի պատահական և անսպասելի օր կյանքին հրաժեշտ տվեց այս ուրախ տան գլխավորը, օջախը շենացնողը, ծուխը վառ պահողը: Ցավը մտավ այս օջախ, տան պատերը ցավից կուչ եկան, իրենց համար խորթ այս երևույթից կարծես սահմռկեցին ու վիրավոր գազանի նման մռնչացին: Չէ՞ որ անժամանակ հեռացավ այս ընտանիքի ուրախության ու տխրության բեռի տակ կքվածը: Ու տունը մթնեց, սևեր հագավ, այդ խոր ցավը դեռ երկար, շատ երկար չի նահանջի երբեմնի ուրախ այս տան պատերից:
     Թեպետ նա հեռացավ հանգիստ հոգով, անգամ հավերժական իր քնի մեջ ժպիտ կար դեմքին, որ իր տունը շեն կպահվի, իր օջախի ծուխը վառ կմնա, քանզի այս տանն ապրում է ու մեծանում իր հետնորդն ու ժառանգորդը:
     Ահա հենց սա՛ է ԱՊՐԵԼՈւ ԲԱՆԱՁԵՎԸ:

11.06.2020

Հեղինակ՝ ՄաՏիՆա


    
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1000 | 0 | 0
Facebook
COMMENT.am