Loading...

Articles

Լքված Կանգառներ

23:10, Thursday, 21 March, 2013
Լքված Կանգառներ
    
Երբեմն մտածում եմ, թե ինչ ես մտածում ու խենթանում եմ քո մտքերից:
    
    
Քեզ թվում է, թե ձայնդ չի հասնում ինձ, խոսում ես ինքդ քեզ հետ, սակայնես լսում եմ...
Հոգուդ հառաչանքներն ու մերթ կատաղած, մերթ նվաղած ձայնիդ նուրբ ելևէջները...սրտիդ զարկերը
...անեծքներդ ու ափսոսանքներդ, թախծոտ ծիծաղդ ու ափսոսանքով լի աչքերդ...
Ինքս ինձ եմ տեսնում...

    
Երեկո

    
Մթություն... սովորաբար նրա օրը սկսվում էր մայրամուտից հետո, այն ժամանակ, երբ փողոցը հետզհետե դատարկվում էր բազմաթիվ ու բազմագույն, ոչինչ չասող ու բազմիմաստ դեմքերից: Նրա կարծիքով այդ դեմքերի վրա մի բան պակաս էր միշտ, ինչ-որ բան կիսատ էր, կարծես, թե այդ դեմքերի ուրվագծերը բաց գույնի մատիտով նկարված լինեին, այնքան բարակ, որ տարրալուծվում էին քաղաքի աղտոտված մթնոլորտի մեջ ու անհետ կորում:
     Փողոցի՝ աստիճանաբար խտացող խավարին մշտապես գալիս էին փոխարինելու արհեստական արևները՝ լապտերները, որոնք չեն ջերմացնում, միայն աղոտ ու դեղին լույսեր են անդրադարձնում կեղտոտ ասֆալտի վրա ու երբեմն էլ բազմաթիվ ջրափոսերում:
    
     Ամեն ինչ միշտ նույնն էր այդ փողոցում....
    
     Լռություն...Օրվա եռուզեռի, աղմուկի ու քաոսի առժամանակ դադարելուց հետո նա մի պահ կանգնած էր մնում այնտեղ, որտեղ որ սովոր էի նրան տեսնել, շնչում էր դատակության սառն ու թարմ օդը և շարժվում դեպի ինձ համար անհայտ մի վայր: Տեղը հայտնի չէր, քանի որ միշտ շտապով կամ մտազբաղ էի անցնում այդ հատվածով և ծխախոտ վառելիս կամ մի փոքր շունչ առնելիս էի հայացք նետում նրա վրա ու շարունակում ընթացքս:
    
     ...Նա կարծես թե մի շարժվող արձան լիներ, քարե մի դեմք, որի վրա տարիներն իրենց սեպերով հետքեր էին դաջել՝ անտաշ ու բիրտ: Երբեմն սեպերն ավելի խորն էին գնացել՝ ակոսելով դեմքն, իսկ ամենախոր փոսերում թաքնվել էին այդ հարվածներից առաջացած կայծերը՝ նրա կենսառատ ու ամենախոսուն, ամենատես աչքերը..
     Որքան բաներ էին տեսել այդ աչքերը... հավանաբար ամենատանջող հարցը, որ միշտ տալիս էր ինքն իրեն դա այն էր, որ արդյոք արժե՞ր տեսնել այդքանը, թե՞ ավելի լավ կլիներ հաճախ ուղղակի փակել դրանք: Որքա՜ն ճանապարհներ էր նա անցել կյանքում, որոնց վերջնակետն ու հանգրվանն էր դարձել այս վայրը. երևի թե քչերն են մնացել, ովքեր տեղյակ են:
    
    
Գիշեր
Մի անգամ հետաքրքրությունս հաղթեց շտապողականությանս, իսկ մտքերս կանգ առան հենց նույն վայրում, որտեղ որ միշտ նա էր: Պատճա՞ռը, ոչինչ էր, ուղղակի նկատեցի, որ կրակայրիչս էի մոռացել աշխատասեղանիս վրա կամ էլ հավանաբար շտապելիս գրպանիցս դուրս էր ընկել: Ամեն դեպքում, դատարկված փողոցում միակ մարդը, ում կարող էի դիմել ծխախոտս վառելու համար, դա հենց նույն ինքը՝ շարժվող արձանն էր, ով, ի դեպ, դույզն իսկ ուշադրություն չէր դարձնում իմ վրա: Հայացքն ինչ-որ տեղ էր ուղղել ու քարացել: Նրա՝ այդպիսի սառած ու անշարժ հայացքին հանդիպելն այդքան էլ տանելի չէր թվում ինձ: Սակայն մոտեցա...
Հարցիս ի պատասխան նա միայն շարժեց կոշտացած շրթունքների եզրերն ու ծանր կոպերը՝ տարուբերելով ճերմակամազ գլուխը... և չսպասելով որևէ այլ բանի՝ ես հեռացա...
Մի քանի տասնյակ մետր հազիվ էի հեռացել, երբ հանկարծ զգացի, որ քայլերս ծանրանում են, չեն տանում դեպի տուն, այլ կարծես թե տեղումս կանգնած քայլ առաջ ու հետ եմ անում. որոշեցի վերադառնալ նրա մոտ: Աչքերիս դիմացից չէր հեռանում այն թախիծը, որ կաթում էր նրա դանդաղ ու անհոգ ժպիտից: Իսկ աչքերը թաց էին՝ չգիտեմ, թե ինչու...
Երբ բավականին մոտեցա, որոշեցի կրկին անգամ լռության պատին դեմ չառնել ու հեռվից սկսեցի հետևել նրա քայլերին, իսկ ավելի ստույգ` այն ճանապարհին, որով նա պետք է հեռանար:
     Հեռացում էր դա, թե վերադարձ... չգիտեմ: Մեր դանդաղ քայլերը մեզ տանում էին դեպի նպատակակետ՝ իմ համար անհայտ, նրա համար ՝ մշտական: Երկուսս էլ ինքնաբերաբար էինք քայլում՝ չնկատելով ժամանակի ընթացքն ու տարածության երկարությունը: Մտովի ես քայլում էի նրա հետ, կողք-կողքի. լռում էինք, կարծես թե չէինք ցանկանում մեզ վրա վերցնել լռության ներդաշնակության խախտման ծանր պատասխանատվությունը:
     Եվ կանգ առնաք, ճանապարհն ավարտվեց հենց կանգառում:
    
     Կանգառներ կան, որտեղ կյանքդ մի միջանկյալ վիճակում է գտնվում, այնտեղից պետք է կամ առաջ գնաս կամ էլ հետ. ունես երկու ուղղություն: Կանգառներ էլ կան, որոնք հենց կանգ առնելու համար են, այդ տեղերում ոչ հետադարձ կա, ոչ էլ հորիզոն: Ուղղակի կանգ ես առնում, որովհետև ոտքերդ այլևս առաջ չեն տանում քեզ, աչքերդ անզոր են առջև նայել, վիզդ այլևս ուժ չունի շրջվելու ուսիդ վրայով հայացք գցելու համար: Կանգառներ կան, որոնք վերջինն են լինում ու վերջում...այդտեղ դու դնում ես վերջին քայլդ...
    
    
Արևագալ

    
....Կանգառ հասնելուց հետո նա ձեռքը սահեցրեց գրպանն, այնտեղից մի կտոր հաց հանեց ու անսպասելի շրջվելով իմ կողմ՝ առաջ պարզեց մկանուտ ու երկար մատները:
-Վերցրու, մի պատառ կեր, սոված կլինես, ամբողջ օրն աշխատել ես, - այնքան մեղմ ու հոգատար ձայնով նա ասաց այդ խոսքերը, որ մի պահ ընկրկեցի: Այնինչ նա ինքն իսկ ուներ հոգատարության կարիք...
Չցանկանալով ընդդիմանալ նրան՝ անկախ ինձանից մեկնած ձեռքի միջից զգուշորեն վերցրեցի հացի կտորը ու հայացքս չկտրելով նրա խաղաղ դեմքից՝ բերանս տարա այն:

    
-Գիտե՞ս, մի տեսակ ամեն ինչ իր բույրը կորցրել է, անհամ է դարձել ամեն բան: Ես ամեն գիշեր այստեղ գալուց առաջ խորը շունչ եմ քաշում, որպեսզի զգամ այն տաքությունն ու բույրը, որ պետք է դուրս գա մոտակա շինությունից, ուր պատրաստում են այս հացը, բայց...
    
    
-Իսկ մարդիկ զօր ու գիշեր աշխատում են, քրտինք են թափում, սակայն ապարդյուն՝ չկա ջերմությունն ու համը: Մի ինչ-որ տարօրինակ բան է խառնված այս խմորի մեջ: Մեծանում է, շատանում, բայց ապարդյուն, միայն երևութապես... ներսում դատարկություն է ու անհամ մի զանգված: Անդադար ուտում ես, արագ-արագ, սակայն սոված ես մնում միշտ:

    
Նա մի պահ լռեց, ինքն էլ կերավ այդ անհամ հացից, մնացած փոքր կտորը դրեց նստարանի վրա ու նույն հանգստությամբ շարունակեց.
-Մի բան պակասել է, գիտե՞ս, ինչ-որ մի բան շատ քիչ, գրեթե աննշմարելի է դարձել: Բացակայում է ինչպես հացի, այնպես էլ հացթուխի մեջ: Եվ հենց այն նույն մարդկանց մեջ, ովքեր ժամերով անցուդարձ են անում մեր փողոցում: Բոլորը շտապում են, միշտ ընթացքի մեջ են, ու միշտ ուշանում են... ու անտարբեր, մռայլ, խոժոռ ու մտազբաղ, անսեր...

    
...Պարզվեց, որ այս մի քանի ամսվա ամբողջ ընթացքում նա լռությամբ, համբերատարությամբ, հայացքով հետևել էր ինձ: Միգուցե հետաքրքրասիրությունից կամ էլ անգործությունից դրդված... դա ամենևին էլ էական չէր այժմ: Կարևորն այն էր, որ լռության պատը ջարդվեց:

    
Գիշերը սովորականից կարճ տևեց: Ու միշտ այդպես է լինում, երբ զրուցակիցդ հետաքրքիր է, իսկ նյութը՝ բովանդակալից: Նրա մտքերը հաճախ խճճվում էին, դառնում անհասկանալի ու անտեղի, սակայն ամեն անգամ եզրահանգվում էին անսպասելի պարզությամբ: Հենց այդ պարզությունն էր նրա թաց աչքերում, երբ առաջին անգամ հայացքս սևեռվեց նրանից ներս:
    
    

    
...Լուսաբացից ժամ առաջ ես հեռացա՝ նրան թողնելով իր երեք պատի հետ: Գնացի՝ չխոստանալով վերադառնալ, քանի որ դա իմ վերջին աշխատանքային օրն էր այն գրասենյակում, որտեղ որ աշխատում էի և ընդհանրապես, վերջին գիշերս էր՝ անցկացրած այդ քաղաքում: Կեսօրին պետք է մեկնեի իմ հարազատ չորս պատերին ընդմիշտ բարևելու...
Ունեի մի քանի ժամ, որպեսզի մի փոքր հանգիստ առնեի ու ննջեի՝ սթափվելով այն մտածումներից ու բազմաթիվ տեսարաններից, որոնք ինձ հախորդեց նա:

    
Կեսօր
    
     Բոլորս հեռանում ենք կամ հեռացնում, մեզանից են հեռանում կամ ցանկանում են միայնակ մնալ...
     Ամենքս ունենք մեր ժամանակն ու մեր պատճառները: Իսկ առիթները միայն միացնում են... և այդժամ ժամանակները միաձուլվելով կանգ են առնում, պատճառները՝ դառնում առիթ մերձեցման:
    
     Հեռացող գնացքի պատուհաններից հայացքս լռությամբ հետևում էր իրար հաջորդող էլեկտրասյուների քարե արձաններին, մռայլ երկինքը պատրաստվում էր անձրևելուն, իսկ ինձ դեռևս երկար ճանապարհ էր սպասվում դեպի վերադարձ:
    
     Սովորության ունեի երկար ճանապարհ գնալիս ձեռքիս մեջ սեղմել երկու փոքրիկ թզուկների, որոնք ուղեկցում էին ինձ ու լցնում միայնությունս: Աստիճանաբար աչքերս փակվում էին, իսկ թզուկները՝ աննկատ սահում նստարանի վրա...
    
    
    
    
P.S.
    
    

    
-Սպասիր, ու՞ր ես հեռանում:
-Պետք է գնամ, ուշ է բավականին, ինձ երկար ճանապարհ է սպասվում:
Նա ձեռքը տարավ ծոցագրպանը և այնտեղից հանեց երկու փոքրիկ թզուկների:
-Վերցրու նրանց, քեզ մենակ չեն թողնի ճանապարհին, - դողացող ձայնով ասաց:
-Բայց չէ, դրանք քոնն են..

    
Մի ակնթարթ լռություն տիրեց, ապա նրա դեմքին խաղաց նույն թախծոտ ժպիտը:
-Ես արդեն հասել եմ իմ կանգառը, իսկ քեզ դեռ բազում կանգառներ են սպասվում: Նրանք քո աչքերին քուն կբերեն, որպեսզի չզգաս կանգառների միջև ընկած երկարությունն ու դժվարությունը: Երբեմն ներկադ կհանդիպի ապագայիդ հենց քո երազներում: Ամուր կսեղմես թզուկներին ու կգրկես երազանքներդ...
Երբեք չհեռանաս.... ինքդ քեզանից....

     -------------------------------------------------------------------
    

    
Հատուկ շնորհակալություն Անահիտ Սանոյանին մտահաղացման ու ամենայնի համար...
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3310 | 0 | 0
Facebook