Ներառական դպրոցի շրջանավարտը մտադիր է ծրագրավորող դառնալ
13:11, Monday, 29 May, 2017
Source: daniel
Like
0
Dislike
0
2720 | 0 | 0 | 0
Դանիել Հակոբյանն 8 տարեկան էր, երբ նրան փոխադրեցին Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց: Հիմա արդեն 16 տարեկան է, այսօր ավարտում է հիմնական դպրոցը, բայց այդ առաջին օրը, իր իսկ խոսքով, երբեք չի մոռանա: Այդ օրը փոքր-ինչ հուզված էր, քանի որ պետք է հեռանար սովորական դարձած միջավայրից ու նոր դպրոց հաճախեր, անծանոթ երեխաներով լի դասարան: Չնայած ոչ բոլորն էին անծանոթ. նա ընկերներ ուներ իրենց բակից: Նրանք վստահեցնում էին, որ իրենց դասարանում իրեն լավ ու հարմարավետ կզգա: Եվ ճիշտ էին: Դանիելը պատմեց, որ իրեն շատ լավ են դիմավորել: Ասում է՝ ոչ ոք իրեն օտարի նման չէր վերաբերվում, եւ Դանիելն արագորեն ընկերանում է նոր համադասարանցիների հետ: Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը ներառական է դարձել 2008 թվականին, եւ այսօր այստեղ հաշմանդամություն ունեցող 33 աշակերտ է սովորում: Դանիելը, սակայն, իր դասարանում հաշմանդամություն ունեցող միակ աշակերտ էր: Դանիելն ի ծնե հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրներ ունի, բայց չնայած դրան, ուսուցիչների հավաստմամբ, լավ է սովորում: Պատանին խոստովանում է, որ ամենաշատը քիմիա առարկան է սիրում, բայց չի պատրաստվում քիմիկոս դառնալ: Ուզում է Պոլիտեխնիկական համալսարանի վարժարանում սովորել, իսկ հետագայում ծրագրավորող դառնալ: «Հիմա համակարգիչների ու տեղեկատվական տեխնոլոգիաների դար է, կարծում եմ՝ դա է ապագան: Ես արդեն մի քիչ հասկանում եմ ծրագրավորումից, եւ եթե կարողանամ լավ կրթություն ստանալ ու ծրագրավորող դառնալ, հրաշալի կլինի», - ասաց Դանիելը: Այսօր վերջին օրն է, որ Դանիելն ու համադասարանցիները կարող են միասին անցկացնել: Վաղվանից նրանց ճանապարհները կբաժանվեն. ոմանք վարժարան կգնան, ոմանք՝ այլ ավագ դպրոց: Սակայն, Դանիելի խոսքով, ամեն ինչ կանեն, որպեսզի կապը չկորցնեն: «Ընկերությունն ամենակարեւոր բանն էր, որ կար դպրոցում: Պատրաստվում ենք մինչեւ սեպտեմբեր հանդիպել», - պատմեց Դանիելը: |
+13 °C |
+8 °C
+19 °C
|
Tomorrow: +20 °C |