Այսօր Հովհաննես Թումանյանի 144-ամյակն է: Տոնական իրարանցում է Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանում: Շնորհանդեսները «հերթի են կանգնել»: Թումանյանի ընթերցողներն ու ինտելեկտուալ խաղերի սիրահարներն արդեն կարող են «ըմբոշխնել» Հովհաննես Թումանյանի և որդու՝ Արտավազդի «Թանկագին քարեր» խաղն ու Թումանյանի՝ տարբեր առիթներով հնչեցրած փիլիսոփայական մտքերը ներկայացնող «Հովհաննես Թումանյան. Մտքեր» գրքի ռուսերեն թարգմանությունը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ուրախությամբ պատմում է տոնական օրվա և տոնական իրադարձությունների մասին. «Կազմակերպել ենք «Թանկագին քարեր» խաղը: Խաղացողներն այցելուներն են, ովքեր, ճիշտ պատասխանելով հարցերին, որպես նվեր ստանում են անգին մտքեր Հովհաննես Թումանյանից»: Տեղեկացնենք, որ խաղի իմաստը հետևյալն է. հյուրերն ընտրում են մի խաղաքար, որի վրա պատկերված է ինչ-որ թանկագին քար, նշում են քարի անունը, տեղեկություններ տալիս քարի մասին, ճիշտ պատասխանելու դեպքում կազմակերպիչների կողմից արժանանում Թումանյանի մտքերը պատկերող գեղեցիկ էջանշանների (ինձ, օրինակ, բաժին հասավ «Ճաշակը կյանքի բույրն է» ասույթը-հեղ.): Տիկին Թուխիկյանը նշեց, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն էլ հոբելյարին շնորհավորելու էին եկել Թումանյանի հեքիաթների անիմացիոն ներկայացումներով, որոնց հեղինակը հենց դպրոցի սաներն էին: Երևանի թիվ 166 դպրոցի աշակերտներն, ովքեր ներկայացնում են թանգարանի «Ռոտոնդա» զրուցարան-թատրոնը, «Թագավորն ու չարչին» ստեղծագործությունը բեմադրել էին Թումանյանական ոգով: Երեխաները կատարեցին նաև Թումանյանի խոսքերով գրված երգեր: Ի դեպ, անզուգական էր թանգարանի բարեկամ Մայդա Բոշկեզենյանի երգը: «Հայրս ինձ տվել է հյուլե, մայրս՝ ինչ-որ կա: Մնացածը տվել է Թումանյանը», -ասում է Թումանյանի արվեստով ոգեշնչված Էդվարդ Անտինյանը, իսկ մեկուկես տարեկան Արարատը համակ ուշադրությամբ լսում է Թումանյանի հեքիաթներն ու Թումանյանական երգերը: Հավելենք, որ Հովհաննես Թումանյանի թանգարանը մի քանի տարի շարունակ կազմակերպում է «Մուտքը գրքով» միջացառումը, և այսօր էլ ցանկացողները թանգարան էին եկել գրքերով, որոնք կուղարկվեն Հայաստանի սահմանամերձ շրջաններ: Եվ, ինչպես տիկին Թուխիկյանն է նշում, թանգարանը ևս իր կողմից գրքեր կնվիրաբերի սահմանամերձ բնակավայրերին: Առաջիկայում ևս անակնկալներ են նախատեսվում: Այս տարի Թումանյանի թանգարանը կնշի իր 60-ամյա հոբելյանը:
Հրապարակումը և լուսանկարները՝ Վոլոդյա Հովսեփյանի