Շուրջ երեք շաբաթ է, ինչ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է. «Ոչ թե վստահ եմ, այլ համոզված եմ, որ իմ հացադուլով ես կարող եմ փոխել իրավիճակը: Ակնկալում եմ, որ ես ու իմ ընկերները կհաղթենք այս ընտրություններում ու սկիզբ կդնենք ժողովրդավարությանը», -mamul.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանին այսօր հյուրընկալվել էին թիվ 55՝ Ա. Չեխովի անվան դպրոցի մի քանի աշակերտներ: Նախագահի թեկնածուն, դիմելով աշակերտներին, ասաց. «Դուք գիտեք, որ ես հացադուլ եմ անում հանուն 11-ամյա աղջկաս և ձեզ, որպեսզի դուք ապրեք արդար և ազատ երկրում: Հանուն ձեզ արժե 30, 50, 60 օր անգամ հացադուլի նստել և ցանկացած զոհողության գնալ: Դուք գիտեք, որ հազարավոր տղաներ 25 տարի առաջ զենք են վերցրել և գնացել հայրենիքը պաշտպանելու»: Տեղեկացնենք նաև, որ այսօր Անդրիաս Ղուկասյանն զբոսնում էր հացադուլի վայրին հարակից տարածքում: Ըստ տեղում հերթապահող Առաջին ենթակայանի գծային բրիգադայի բժշկուհի Աննա Հարությունյանի՝ Ղուկասյանի առողջական վիճակը լավ է. «Ժամանակին չափում ենք ճնշումը և զննում: Երբ զգանք, որ կյանքի համար վտանգավոր փոփոխություններ կան, իր համաձայնությամբ կտեղափոխենք համապատասխան բժշկական հաստատություն»: Այսօր Անդրիաս Ղուկասյանին էր այցելել նաև ՀՀ Առողջապահության նախարարը:
Վոլոդյա Հովսեփյան, գլխավոր լուսանկարը՝ google.am-ից, լուսանկարը՝ հեղինակի և Լիլիթ Կարապետյանի