Իրինա Ալլեգրովան թեև փառքի գագաթնակետին է, սակայն նրա անունը շարունակում է թնդալ համաշխարհային բեմերում: Նախորդ տարեվերջին Ալլեգրովան հանդես եկավ պատասխանատու հայտարարությամբ՝ այն է՝ հրաժեշտի համերգաշարով եզրափակել մեծածավալ շրջագայությունները: Այս հանգամանքը լրատվամիջոցներն ու հասարակությունն ուռճացրին, ու շատերը մտածեցին, որ Իրինա Ալլեգրովան դադարեցնում է իր բեմական գործունեությունը: Սակայն շտապենք ուրախացնել Ալլեգրովայի երկրպագուներին. ռուսական էստրադայի կայսրուհին ընդամենն ասել էր, որ դադարեցնում է իր մեծածավալ հյուրախաղերը...ինչևէ, այժմ խոսենք Ալլեգրովայի այս տարվա գործունեությունից. տարեսկզբից ցայսօր Իրինա Ալլեգրովան ունեցել է շուրջ 59 մենահամերգ աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել է շուրջ 6 հեղինակավոր միջոցառումների ու մի շարք փաստագրական ֆիլմերի նկարահանումների, ձայնագրել նոր երգեր...նախորդ ամսվա՝ նոյեմբերի 21-ին, ԲԱԶՄԱՐՎԵՍՏ երգչուհին եղավ Երևանում...դահլիճը բազմամարդ էր, մթնոլորտը՝ ջերմ, անակնկալները՝ մեկը մեկից անսպասելի...Ալլեգրովան երգեց ինչպես հիթ դարձած, այնպես էլ նոր երգեր, հայավարի ասեց-խոսեց հանդիսատեսի հետ, անկեղծացավ, պատմեց հետաքրքիր դեպքեր...«Ես վերջակետեր չեմ սիրում.սիրում եմ բազմակետեր», -սիրում է կրկնել Իրինա Ալլեգրովան: Մենք էլ այս հույսով սպասում ենք Ալլեգրովայի հաջորդ գալստյանը Երևան...Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ Ալլեգրովան ելույթ է ունենալու նաև ռուսաստանյան ամանորյա հաղորդումների ժամանակ...իսկ հետագա համերգները՝ գալիք տարում...
Վոլոդյա Հովսեփյան