Loading...

Articles

Երբ ես քեզ տեսա...

21:53, Monday, 04 February, 2013
Երբ ես քեզ տեսա...
    
Երբ ես քեզ տեսա, սրտիս թրթիռը ուղղորդվեց սրտիդ մութ անկյունները և անդրադարձով ջերմացրեց սառած, վերացման եզրին հասած հույզերս:
Երբ ես քեզ տեսա, մութ երեկո էր, այն լուսավորվեց ժպիտիդ թախծոտ տխրությամբ լեցուն փոխադարձումով:
Երբ ես քեզ տեսա, դու մի անհանգիստ սպասումի վախով ընդառաջ եկար, ձեռքս բռնեցիր և շշնջացիր, որ սիրում ես ինձ:
Երբ ես քեզ տեսա.. քայլքդ հեզ, դեմքդ պայծառ, աչքդ ուրախ, միտքդ սիրավառ մոտեցար կիպ ինձ, որ մնաս ընդմիշտ:
Երբ ես քեզ տեսա, հանկարծ հասկացա, որ չտեսնել քեզ չեմ կարող երբեք...
Երբ ես ձեզ տեսա, այդժամ հասկացա, որ բացի Մենք-ից չկա աշխարհում կարևոր ոչինչ...

     Օրերը փոխարինում են մեկմեկու, ժամերն անցնում են ագահորեն արագ՝ և քեզանից հեռու, և իրար հետ: Կարոտը խեղդում է ամեն պահի, միտքս լեցուն է քեզանով ու մեզանով ամեն վայրկյան: Եվ կարևոր չէ, թե ինչով եմ զբաղված կամ թե որտեղ եմ. դու միշտ իմ մոտ ես, մենք միշտ միասին ենք:
    
    
Այս, կարծես թե կարճ, բայց միևնույն ժամանակ լեցուն ժամանակահատվածում մենք հասցրեցինք անել այնքան բան, որքան որ ոմանք մի ամբողջ կյանքի ընթացքում չեն կարողանում: Մենք ապրեցինք. դժվարություններ ու երջանիկ պահեր, տխրություններ և ուրախություններ, լաց ու հրճվանք, սեր ու ցասում:
Իսկ հիմա ապրեցնում ենք ևս մեկի, նրան, ում անունը դեռ Մենք է:
Դեռևս չտեսած՝ ես հասցրել եմ սիրել նրան, քանի որ սիրում եմ քեզ:
Նա թանկ է իմ համար, քանի որ մեր միասին ապրած ամեն մի ակնթարթն է անգին:
Քո թուլությունները և ուժը, քո լռությունն ու ձայնը, քո խոնարհ հայացքն ու ուղիղ աչքերիս մեջ նայող աչքերը, քո նուրբ մատներն ու փխրուն սիրտը չեմ փոխարինի որևէ այլ բանի հետ աշխարհիս երեսին:

    
Ես Մենք-ին վաղուց ունեի՝ այդ դու էիր՝ իմ փոքրիկ, իմ միամիտ ու խելոք, իմ չարաճճի ու կամակոր, իմ խելացի և կենսախինդ, իմ ...

    
Հիմա նստած եմ ուղիղ այն վայրի դիմաց, որտեղ մենք առաջին անգամ հանդիպեցինք: Նայում եմ դեպի հեռուն, և թվում է, թե մոտենում ես ինձ: Դիմացովս անցնող բազմության հոսքի ամեն մի դեմքի մեջ փորձում եմ գտնել քեզ, քո հայացքը:

    
Դեկտեմբերյան այս ձմեռային ցրտին ես կրկին անգամ ու բազմապատկված ջերմությամբ ասում եմ՝
Սիրում եմ քեզ, սիրում եմ անպարագիծ ու անժամանակ, սիրում եմ երեկ, վաղը և հենց հիմա, անկախ տրամադրությունից ու միջավայրից, քնած թե արթուն սիրում եմ քեզ....
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3672 | 2 | 0
Facebook