Loading...

Articles

Աստղիկ և Աֆրոդիտե աստվածուհիների համեմատությունը

Lili lil
Author:
Lili lil
00:22, Wednesday, 20 May, 2015
Աստղիկ և Աֆրոդիտե աստվածուհիների համեմատությունը

Հունական շատ առասպելների գործող անձինք աստվածներն են կամ այլ առասպելական էակներ: Նրանց անունները հայերեն թարգմանական և ինքնուրույն գրվածքներում տարբեր կերպ են արտացոլվել: Մեծ մասը հունարեն ձևերի ճիշտ վերարտադրություններն են ինչպես՝ Աթենա, Արտեմիս, Զևս, Հերա, իսկ որոշ անուններ փոխակերպված են իրենց հայերեն համարժեքներով, օրինակ, Աֆրոդիտե (կամ Ափրոդիտե) -ն հայկական դիցաբանության Աստղիկ աստվածուհին է, Զևս -ը համընկնում է Արամազդ աստծո հետ:
     Հետաքրքիր է հունական և հայկական առասպելների նմանությունները և հերոսների ու աստվածների համեմատությունը: Օգտվելով Գ. Մուրադյանի «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ / 2014 /» և Ս. Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը / 1987/» գրքերից՝ կներկայացնեմ Աստղիկ - Ափրոդիտե աստվածությունների համեմատությունը: Այն էլ ավելի հետաքրքրական է, քանի որ այնտեղ պարզ երևում է մեր ազգային առանձնահատկություններն ու մոտեցումը աստվածություններին, որը չի համեմատվի հունականի հետ:
     Աստղիկը սիրո և ջրի աստվածուհին էր, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ: Համարվում էր Արամազդի և Անահիտի դուստրը (ըստ մեկ այլ առասպելի ՝ Նոյի (Քսիսութրիոս) դուստրը): Նա հայոց դիցարանում պատկերվում էր մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս: Աստղիկը ամպրոպի և կայծակի աստված Վահագնի տարփածուն էր: Սիրահարների հանդիպման վայրը Աշտիշատում գտնվող նրան նվիրված տաճարն էր համարվում, որը կոչվում էր «Վահագնի սենյակ»: Նրանց մերձեցումը համարվում էր սրբազան, որի ժամանակ անձրև էր տեղում երկրի վրա՝ ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց: Աստղիկ աստվածուհուն նվիրում էին վարդեր և աղավնիներ, այս սովորությունն է եղել պատճառը, որ նրան անվանել են «վարդամատն»: Նրան նվիրված Վարդավառ տոնը նշում էին ամառվա կեսերին համաժողովրդական մեծ հադիսություններով: Միմյանց վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր ցողում, ուրախանում: Հետագայում ՝ քրիստոնեությունն ընդունելուց հետո, վարդավառը այլ իմաստ ստացավ: Այն համարվեց Քրիստոսի պայծառակերպության տոն, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որ նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
     Աստղիկ աստվածուհու հետ է համեմատված հունական դիցաբանության Ափրոդիտե աստվածուհին այլ ծագում ունի: Որոշ աղբյուրներ տեղեկություններ են տալիս Ափրոդիտեի ծննդյան և կյանքի մասին, որոնք համեմատելի չեն Աստղիկի հետ: Բնագրերում հանդիպում ենք Ափրոդիտեի ծագման այսպիսի պատմություն. «Երկինքը (Ուրանոս) Կրոնոսի հայրն էր, և Կրոնոսը, չցանկանալով, որ նա այլ որդի ունենա, վերցրեց գերանդին, կտրեց հոր ամոթույքն ու ծովը նետեց: Եվ երբ նրա շուրջը փրփուր գոյացավ, այդ փրփուրից ծնվեց Ափրոդիտեն. ուստի և կոչվեց Ափրոդիտե, որ նշանակում է փրփրածին: / Նոննոս. 3.81 /»: Նույն բնագրում նաև հանդիպում ենք . «.. դրա համար էլ ասաց. «Որը գարշելի և ՛ ծնվել է, և՛ պաշտվում է» , քանի որ նրա պաշտամունքն ու տոները կատարվում էին գարշելի արարքներով, ցանկասիրությամբ և *****ությամբ, Ափրոդիտեն ինքն էլ *****ության վերատեսուչն է»: «Ափրոդիտեն Հեփեսիոսի կինն է: Արեսը նրան սիրահարվելով՝ շնացավ նրա հետ: Հեփեսոսն էլ, որի արհեստը դարբնությունն էր, Արեսի համար որոգայթ պատրաստեց, և նա ընկավ որոգայթն ու բռնվեց՝ բացահայտվելով Ափրոդիտեի հետ շնանալիս: Եվ Հեփեսոսը բաց չթողեց նրանց, մինչև չկանչեց աստվածներին և հայտնի չդարձրեց նրանց»: Գրիգոր Մագիստրոսի մոտ էլ հանդիպում է նման արտահայտություն. «.... ինչպես Ափրոդիտեն, որ ծնվել է փրփուրից և արյունից»: Մեկ այլ հայ հեղինակ նշում է . «Ափրոդիտեն գարշելի ****** է և գարշելի խառնակության սպասավոր»:
     Այսուհետ հայկական և հունական աստվածություններն համեմատելիս, անգամ, մեկը մյուսի փոխարեն օգտագործելիս, անհրաժեշտ է մի փոքր պատկերացում կազմել նրանց ծագման և առկա նյութերի մասին: Այդպիսով ճիշտ կգնահատենք այն աստվածությունները, որոնց հովանավորությամբ ապրել են մեր նախնիները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
15241 | 0 | 0
Facebook