Loading...

Articles

Զբոսանք հին Երևանով. Կոնդից մինչև Նորքի այգիները, Դալմայի բաղերը, Յոնջալըղ ու Շիլաչի

Lili lil
Author:
Lili lil
15:31, Saturday, 16 May, 2015
Զբոսանք հին Երևանով. Կոնդից մինչև Նորքի այգիները, Դալմայի բաղերը, Յոնջալըղ ու Շիլաչի

Աշխարհի ամենաջերմ մայրաքաղաքը Հայաստանի Հանրապետությանն է: Պայծառ, վարդագույն, զարգացած և զարգացող: Ջերմ է, հարազատ ու սիրելի, քանի որ մերն է: Իսկ մեր սեփականությունը մենք նախ պետք է ճանաչենք, ապա իմաստավորենք և աշխատենք պահպանել:

Գիտականորեն ապացուցված է, որ մարդն այստեղ բնակութուն է հաստատել տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Ամենահին բնակավայրը գտնվել է Հրազդան գետի ձախ ափին, Երևանյան լճի մոտ` Հրազդանյան կամ Երևանյան քարայրում, որը թվագրվում է 10-3.5 հազարամյակ առաջ:

Բնակավայրի անվան մասին տարբեր վարկածներ կան, դրանցից առավել ընդունվածը Արգիշտի առաջին արքայի հիմնադրած Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ է կապում:

Առաջարկում եմ ժամանակի հրաշագործ մեքենան լարենք, և հարյուրամյակներ ետ գնանք` ծանոթանալու համար մեր սիրելի քաղաքի պատմությանը:

Ժամանակին Երևանը տիպիկ ասիական քաղաք էր. Միահարկանի, հողաշեն տներ, ծուռումուռ փողոցներ, որոնք լաբիրնիթոս էին կազմում: Տեղ տեղ կանաչ երևում էին միայն բակերում: Քաղաքում ամենուր գարշահոտ էր տիրում, աղբն ու օդի աղտոտվածությունը հաճախակի համաճարակների պատճառ էին դառնում: Որոշ ժամանակ Երևանում բնակվելուց հետո աղտոտվածության և հեղձուցիչ օդի մասին հայ միջնադարյան բանաստեղծ, ծաղկող Նաղարշ Հովնաթանն այսպես է գրել:

« Կուզեն ելնեն ամեն քոչ

Լի է մոծակ, մժիկ, բըղոջ,

Նաղարշն Երևան շատ կացավ,

Ջիկայն այրեց, հիվանդացավ» :

Բանաստեղծի ապրած ժամանակաշրջանից երկու հայրուրամյակ անց էլ` 1819 թվականին Երևան այցելած ռուս նշանավոր դրամատուրգ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը այսպես գրեց. «Մի թախծալի ամայության տեսք ունի քաղաքը» :

Երևանի Առաջին հատակագիծը կազմվեց 1850 թվականին:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելուց առաջ Երևանը բաժանված էր երեք հիմնական թաղերի` մահալների. Բուն քաղաք, որին Շահար էին ասում, Դամըրբուլաղ և Կոնդ: Քաղաքից անջատված բլուրների վրա էլ Նորքն էր` իր այգեստաններով: Քաղաքի թաղամասերի` մահալների անունները հաճախ կապվում էին տվյալ թաղում ապրող ու աշխատող արհեստավորների ու արհեստների հետ:

Հին Երևանի կենտրոնում քաղաքի խանութներն էին, քարվանսարանները ( հյուրանոցների, ռեստորանների նախատիպ իջևաատները) , սրանք ձգվում էին մինչև շուկա: Շուկայում մի մեծ կշեռք կար, որին Ղանթար էին ասում, այստեղից էլ առաջացել է քաղաքի այդ հատվածի անունը` Ղանթար:

Առավել նշանավոր թաղ էր Կոնդը, որտեղ բնակվում էին մեծահարուստները, առևտրականներից շատերը: Տները քարաշեն էին կամ աղյուսից: Կոնդի Թափաբաշ ( բլրի գագաթ ) փողոցում էր կառուցված ժամանակի մեծահարուստներից Մելիք - Աղամալյանների ապարանքը:

Կոնդի տարածքի մեջ էին մտնում Հրազդանի ձորի այգիները, որոնք ձգվում էին մինչև Ձորագյուղ: Կոնդը վերջանում էր Բերդի մոտ:

Բերդի պալատում ապրում էր սարդարը, այնտեղ կար մզկիթ, զինանոց: Դա մի փոքր քաղաք էր քաղաքի մեջ, որն ուներ իր մշտական բնակչությունը՝ հիմնականում պարսիկներ: Հայերը Բերդում ունեին իրենց խանութները, ուր ամբողջ օրը զբաղվում էին առևտրով: Երևանի բերդը` որպես պարսկական լծի խորհրդանիշ, այսպես է նկարագրել մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը. «… Երևանու հազար տարեկան քավթառմեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրածմարդակեր բերդը…»

Կոնդից դեպի հյուսիս - արևմուտք հին գերեզմանատունն էր` Կոզեռը: Գերեզմանատան կենտրոնում մի մատուռ կար, որը, ըստ ավանդության միջնադարյան նշանավոր գիտնական, մատենագիր ու աստղագետ Հովհաննես վարդապետի` Կոզեռի գերեզմանն էր:

Հին Երևանի մյուս նշանավոր թաղը Դամըրբուլղան էր, որ բառացի նշանակում էր «երկաթաղբյուր» : Կոչվել է այն աղբյուրի անունով, որը բխում է այդտեղից և երկաթի լուծույթ է պարունակում:

Հին Երևանով էր անցնում Պարսկաստանից եկող և Անդրկովկասի տարբեր շրջանների հետ կապող հիմնական ճանապարհը, որը կոչվում էր Խան-յոլի, այսինքն` « խանի ճանապարհ» : Սրանով է բացատրվում, թե ինչու Երևանում շատ քարվանսարաներ կային: Դրանցից նշանավոր էր Գյուրջի քարվանսարան: Գյուրջի էր կոչվում, որովհետև այստեղ էին իջևանում Վրաստանից եկող առևտրականները: Երեկոյան, քարավանները բեռնաթափելուց հետո, ուղտերին քշում էին գիշերելու մի հատուկ տեղ, որը գտնվում էր ներկայիս Սարի թաղի և Նար- Դոսի փողոցի միջև ընկած տարածքում և կոչվում էր Դավա-յաթաղ, այսինքն` «ուղտերի գիշերատեղ» : Դավա- յաթաղին հարող տարածքներում վաղ գարնանից առատ առվույտ էր աճում: Այդ տարածքը հետագայում անվանեցին Յոնջալըղ: Այստեղից հեռու չէ ներկարարների թաղը` Շիլաչի Սահլեն: Շիլաչի էր կոչվում որովհետև կտորեղենը ներկրում էին միայն կարմիր, այսինքն` շիլաչի: Իսկ Հրազդանի ձորում ներկրում էին կապույտ և մյուս գույներով ու թաղն էլ կոչվում էր Բոյախչի, ներկատները` Բոյախանա: Ղանթարի շուկայից հարավ մի ընդարձակ տարածք կար, ուր վառելափայտ էին վաճառում, այդ պատճառով էլ տարածքը կոչվում էր Ցախի մեյդան: Այստեղից մի նեղ փողոց իջնում էր դեպի Հին Երևանի միակ` Կարմիր կամուրջը: Կամրջից վեր բարձրացող դարավանդի վրա սկսվում էին Դալմայի բաղերը:

Հին Երևանի փողոցները բակերի նման ծառազարդ չեն եղել: Քիչ էին հասարակական այգիները: Հայտնի էր Քաղաքային այգին, որը պարզապես Բուլվար էր կոչվում: Ժամանակին հիմնադրվեց մի նոր այգի, որը կոչեցին` «Անգլիական սադ» :

Կենտրոնից առանձնացած, բուն քաղաքի արևելյան մասում, բլուրների վրա տարածվում էին Նորքի այգիները: Նորքը հայտնի էր նաև արհեստավորներով: Այստեղ հիմնականում զարգացած էր կավագործությունը:

Բրուտներին չոմլաքչի էին ասում, և Հին Նորքն էլ Չոմլաքչիների թաղ էին կոչում: Երևանից հարավ երկու գյուղեր կային` Շենգավիթը (որի պատմությունը մեզ դարերի խորքն է տանում) և Նորագավիթը: Երկուսն էլ հետագայում մտան Երևան քաղաքի տարածքի մեջ:

Արդեն 1870 թվականին քաղաքի տնտեսությունը բաղկացած էր 6 եկեղեցուց, 2 աղոթարանից, 5 մզկիթից, 5 գերեզմանոցից, 3 զբոսավայր- այգուց և 30 ջրհորից:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7801 | 0 | 0
Facebook