Loading...

Articles

Դվին հյուրանոցը, որպես հայկական ճարտարապետական արժեք

Lili lil
Author:
Lili lil
00:02, Thursday, 19 March, 2015
Դվին հյուրանոցը, որպես հայկական ճարտարապետական արժեք

Մշակութային արժեքների հանդեպ պետության հոգածության մասին կարելի է խոսել չակերտներով, իսկ ի՞նչ կասեք այն արժեքների մասին, որոնք ունեն ազգային դիմագիծ, կարևորություն, սակայն ներառված չեն մշակութային հարստության, պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Նմանօրինակ հուշարձան է Դվին հյուրանոցը, որը 70-ականների ճարտարապետության յուրօրինակ կառույց է: Ճարտարապետներ Ֆելիքս Հակոբյանի, Աշոտ Հարությունյանի ու Էդուարդ Սաֆարյանի համատեղ աշխատանքի արդյունք Դվին հյուրանոցը այսօր «նորացվելու» վտանգի տակ է: Վտանգ, որովհետև միշտ չէ, որ հին շենքերի վերանորոգման ձևը ցանկալի է և օգտակար: Քարի և երակթբետոնի միասնությամբ արված շինությունը երեսապատելով կամայական նյութերով և դեկորատիվ կամայականությունների վերածելով ճարտարապետագեղարվեստական ակցենտները` կորցնում ենք այն, ինչ կոչվում է հայկական դիմագիծ: Հյուրանոցների դեպքում ազգային դիմագծի պահպանումը շատ կարևոր է, քանի որ հյուրին, օտարերկրացուն առաջինը իր հյուրընկալ երկրի մասին պատմում է հենց հյուրանոցը իր ճարտարապետությամբ և տեսքով:

Դվինի ճարտարապետական կարևորության մասին պատմում է Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը:
    

Ի՞նչ արժեք ունի Դվին հյուրանոցը:

- Հյուրանոցը նախևառաջ ճարտարապետական արժեք է ներկայացնում: Կարևոր է, որ հյուրը գալով հյուրանոց, տեսնի մի կառույց, որից իր երկրում չկա, կամ իրենց նմանատիպ ունեցածների վատ ընդօրինակումը չի: Դվին հյուրանոցը այդ առումով ազգային կերպար էր` ճարտարապետական, պրոֆեսիոնալ, բարձր մակարդակով արված կառույց: Շենքը երեսապատելով, խեղելով հայկական ակցենտները վերածել ինչ- որ անդեմ տարբերակի, ուղղակի հայկականին վայել չէ:

70-ականների ճարտարապետությունն իր լուծումներով, որքանո՞վ է համապատասխանում ժամանակակից ճարտարապետությանը:

- Գիտեք, արվեստի գործը ժամանակ չի ճանաչում. հատկապես ճարտարապետությունը: Եթե դա որակով գործ է և ժամանակավոր կառույց չի ու իրենից ինչ - որ արժեք է ներկայացնում, ապա ժամանակի հետ կապ չունի: Կան գործեր որոք ունեն մեծ արժեք, հյուրանոցը ներառված էր մեր դասագրքերում որպես օրինակելի կառույցի օրինակ: Ազգային կերպար ստանալը ճարտարապետության մեջ շատ դժվար է, քիչ գործեր կան, որ այդպես հաջողված են:

Ինչպե՞ս հիմքերով կարելի է ճարտարապետությունը ազգային համարել:

- Որոշակի սկզբունքներ կան մեր ճարտարապետությանը հարազատ, որոնք շատ լավ ներգրվել են 70-ականների արդի ճարտարապետության մեջ, Դվինը կարելի է համարել այդ ժամանակների ազգային ճարտարապետության օրինակ: Շենքն ունի հետաքրքիր հորիզոնական ջլատումներ, որը մեկնաբանված է հայեցի : Այս դեպքում այն ունի որոշալի խիստ ու հղկված, հայկականին հարիր պլաստիկան, և իր վրա ունի շատ հարուստ ու նուրբ արված ելևէջներ, զարդանախշեր, ինչպես օրինակ Արա Շիրազի քանդակը: Տանիքի մասում կա քառակուսի քարեղեն ծավալ և կողքը հայերեն գիրը, որն ինչպես հարկերի հորիզոնական ջլատումները, իր հերթին, հայկական հյուսվածք հիշեցնող ուրվագիծ ունի: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ծանոթ չեն, ենթագիտակցորեն իրենցն են դարձնում ու հայկական ճարտարապետության դիմագծերը հասկանում և ընկալում են: Եթե նույնիսկ անսովոր աչքով վերցնենք ու թերթենք դասագիրքը, տեսնելով, ասենք , աֆրիկական խրճիթ, գոթական կառույց, ռուսական ճարտարապետության օրինակ և դրանց կողքին հայկական, մենք գուցե չկարողանանք բացատրել, բայց կկարողանանք ընկալել դրա հայկականությունը: Դվին հյուրանոցը այն կառույցներից մեկն է, որոնք ունեն հայկական լեզու: Դվինի միակ թերությունը, կամ , միգուցե, քննադատությունը, որը լսել եմ, այն էր, որ մի քիչ անմաշտաբ էր Կոնդին, բայց դա ներկայիս քննադատություն չի կարող լինել:

Կառույցը որքանո՞վ է սեյսմակայուն իր հնարավոր շահագործման դեպքում:

- Երկրաշարժ բոլոր շենքերն էլ տեսել են, ապահովության հարց այստեղ չկա: Հիմա շենքը չեն քանդում, այլ ձևափոխում են, իսկ դա կոնստրուկցիայի հետ կապ չունի, նրանք ուղղակի ամբողջ կերպարն են խեղաթյուրում: Պահպանվում են նույն հարկերը, սակայն կոսմետիկ փոփոխություննով ամբողջ պատկերը և շենքի ճարտարապետական արժեքը վնասում են: Ուղղակի հիմա էլ չեն կարողանում նման բարձրաժեք կոթողներ կառուցել, որտեղ ճարտարապետական ամեն մի մասնիկ իր դերն ու գեղագիտական նշանակությունն ունի: Եվ այսպիսի արժեքը փոխարինելը ինչ- որ քաղքենի ու անդեմ մի տարբերակի հետ մեղմ ասած անհեթեթություն է:


    

Անդրադառնալով կիսակառույց «Դվին» հյուրանոցին` Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասել է, որ «Դվին» հյուրանոցում ներդրումներ չանելու դեպքում պետությունը այն կվաճառի: Ըստ նրա 2013-ին հյուրանոցի սեփականատիրոջ հետ կնքվել է համաձայնագիր, ըստ որի, գնորդը պարտավորվել է 2016-ին ավարտել հյուրանոցի հիմնանորոգման աշխատանքները եւ պարտավորվել` 13.5 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Պարոն Սահակյանը նաև հայտնել է, որ հյուրանոցի գնորդը 2013թ-ին «Դվին» հյուրանոցում պետք է ներդներ 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2014թ-ին 3 մլն 970 հազար դոլար, 2015թ-ին 8 780 հազար դոլար: Ներդրումներ չանելու դեպքում նախատեսված է չներդրված գումարի 6 տոկոսի չափ տույժ ու տուգանք:
    
Սակայն մենք ունենք փաստ, որն , առայժմ, կիսաքանդ հյուրանոցն է , իսկ կատարվող աշխատանքներն էլ` հինը խեղաթյուրող քայլեր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6245 | 0 | 0
Facebook