Loading...

Articles

ԱՐԾՎԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ (երկրորդ մաս)

15:52, Saturday, 17 February, 2024
ԱՐԾՎԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ (երկրորդ մաս)
    
    
    

Ձմեռ: Ձյունապատ սարեր, ոռնացող գայլեր, փոթորիկ...

Դարբնոցում՝ Մանասպի մոտ, հավաքված է մի քանի զինվոր: Զինագործ-դարբինը սրեր ու սակրեր է կռում, նետի սլաքներ ու զրահ:


    

ՄԱՆԱՍՊ (զինվորներից մեկին մի սուր մեկնելով)

Ա՛ռ, Վաղարշ: Ձեռքդ ուժեղ լինի, սուրդ՝ հատու:

ՎԱՂԱՐՇ

Շնորհակալ եմ, վարպե՛տ: Էս սրով ես հանելու եմ մեր վրեժը: (Լսվում է գայլերի ոռնոց): Լսո՞ւմ եք: Դրանց հետ հաշտություն չկա: Կա՛մ դրանք մեզ պիտի իրենց երախը առնեն, կա՛մ մենք պիտի դրանց անենք շանսատակ:


    

ՄՅՈՒՍ ԶԻՆՎՈՐԸ

Այդ ոռնոցը կտրվեց թե չէ, պարսիկ մոգերի ոռնոցն է լսվելու:


    

ՎԱՂԱՐՇ

Այ թե կլինե՜ր մեր թագավորը...

ՄԱՆԱՍՊ

Մեր թագավորը... Ուրի՜շ թագավոր էր մեր թագավորը: (Մի պահ լռելուց հետո պատմում է): Պարսից և հունաց թագավորների կռվի ժամանակ Շապուհը Արշակ արքայի մոտ պատգամավորներ է ուղարկում, թե. «Բարեհաճիր, եղբա՛յր, ինձ օգնել»: Արշակ թագավորը քանի որ պայման ուներ Շապուհի հետ, համաձայնում է օգնության գնալ: Հրաման է տալիս Վասակ սպարապետին իր մոտ շտապել: Եվ Արշակ թագավորն ու Վասակ սպարապետը զորքերով գնում հասնում են այն տեղը՝ Մծբին քաղաքի դիմաց, որտեղ պիտի լինի կռիվը: (Պատրաստած ևս մի սուր մեկնում է այլ զինվորի): Էս սուրը քեզ համար թող նաև վահան լինի:


    

ԶԻՆՎՈՐ

Թող չպակասի ձեռքիդ ուժը, վարպե՛տ:

ՄԱՆԱՍՊ

...Որ հասնում են այդտեղ, տեսնում են, որ հունաց զորքերը արդեն եկել, բանակ են դրել, իսկ պարսից զորքերը դեռ չեն հասել: Հայոց զորքերը սպասում են, սպասում ու նեղվում իրենց պարապ նստելուց: Չեն համաձայնում սպասել պարսից զորքերի գալուն և ուզում են իրենք միայնակ կռիվը վերջացնել: Լավ են համարում մեռնել, քան օտար աշխարհում ժամանակ սպանել: Եվ հայոց զորքերը Արշակ թագավորի ու Վասակ սպարապետի գլխավորությամբ հարձակվում են ու բոլորին անցկացնում սրի: Դրանից հետո գալիս է պարսից թագավորը, տեսնում հայկական զորքերի գործը ու շատ-շատ զարմանում: Ասում է, թե հայոց թագավորը այնպիսի քաջություն է գործել, որ ուրիշ ոչ ոք չէր կարող գործել:


    

ՎԱՂԱՐՇ

Իսկ հիմա եկել է ժամը այդ թագավորի վրեժն առնելու:


    

Կրկին լսվում է գայլերի ոռնաց, փոթորկի ձայն...

Ձմռան պատկերն աստիճանաբար փոխվում է:

Սկսվում է ձնհալ: Բացվում է գարունը: Լսվում է թռչունների երգ...


    

Թագուհին նայում է պատուհանից: Մի խումբ պատանիներ ու աղջիկներ ծաղիկներ են հավաքում: Հիշում է իր հարսանիքը:

Ինքն ու Գնելը հարսնևորների միջով հանդիսավորությամբ անցնում ու բազմում են ոսկեպատ կառքին: Զարդարված կառքը շարժվում է: Ճանապարհի երկու կողմերում կանգնած են հազարավոր մարդիկ...

Հուշն ընդհատվում է: Թագուհին մտախոհ քայլում է: Նորից նայում է հեռուն, հիշում...

Մի խումբ զինվորներ հարձակվում են Գնելի վրա: Ձիուց գցում են, ձեռքերը կապում ու տանում: Այդ ամենն այնքան արագ ու անսպասելի է կատարվում, որ ինքը չի իմանում ինչ անել: Ճչում է, բղավում, վազում: Ընկնում է Ներսես կաթողիկոսի մոտ:


    

ՓԱՌԱՆՁԵՄ

Աղաչում եմ, հայրապե՛տ, հասիր:

Տարան, որ սպանեն Գնելին:

ԿԱԹՈՂԻԿՈՍ (անակնկալի եկած)

Ովքե՞ր տարան: Ո՞ւր:

ՓԱՌԱՆՁԵՄ

Չգիտեմ, մե՛ծ հայր:

Ինձ թվաց՝ արքունի մարդիկ:

Աղաչում եմ քեզ, հայտնիր Արշակին:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Հիմա նրա մոտ կվազեմ, դո՛ւստր իմ:


    

Լսվում է ներս մտած սենեկապետի ձայնը: Հուշն ընդհատվում է:


    

ՍԵՆԵԿԱՊԵՏ

Տիկի՛ն տիկնանց,

Ապավինել են քո ոտքը

Մամիկոնյանն ու Կամսարականը:

ԹԱԳՈՒՀԻ

Հրավիրի՛ր, սենեկապետ:


    

Սենեկապետը դուրս է գալիս: Մտնում են Մուշեղ Մամիկոնյանն ու Սպանդարատ Կամսարականը:


    

ՄՈՒՇԵՂ (խոնարհվելով)

Հարգանացս հավաստիքը, թագուհի՛:

ԹԱԳՈՒՀԻ

Բարի եկաք, տիա՛րք:

Ուրախ եմ ձեզ տեսնել նորից

Առողջացած խոր վերքերից:

ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

Մենք առողջ ենք, մե՛ծն տիկին,

Բայց ախտաբեր խորշակներ են գալիս կրկին:

ՄՈՒՇԵՂ

Պարտությունը այստեղ կրած

Շանթահար է դարձյալ արել դևին արյաց:


    

Ինչպես որ մենք կարծում էինք,

Չէր հանդարտվի նա իր բնում:

Եվ արդ՝ կրկին,

Հավաքելով մի վիթխարի զորաբանակ,

Իր մոգերով, գնդով մատյան ու փղերով

Սահմանին է մեր մոտեցել:

ԹԱԳՈՒՀԻ

Ես այդ գիտեմ, սպարապե՛տ:

Արքունական դրոշի տակ չկամեցան միաբանվել

Մեր բազմաթիվ նախարարներ,

Ու պառակտված պիտի դարձյալ

Մենք թշնամուն դիմակայենք:


    

Արեգն է արդ, շուտով կգա ահեկանը,

Բայց Վաղեսն էլ չի կատարել տված խոսքը:

ՄՈՒՇԵՂ

Կարելի էր ինչ ժողովել,

Ժողովեցինք մենք, թագուհի՛:

Գումարել ենք մի մարտունակ զորաբանակ:

Համոզված եմ, որ արյաց դեմ

Այս անգամ էլ կկանգնի մեր ազգը համայն:


    

Կարող ենք մենք առժամանակ

Ապավինել ինքներս մեզ:

ԹԱԳՈՒՀԻ

Ինքներս մեզ ապավինենք, սպարապե՛տ:

Ինչ էլ լինի, անփոփոխ է որոշումը իմ մնալու.

Կպայքարենք՝

Քանի ունենք դեռ ձեռք ու սուր:


    

Հայաստան է շարժվում պարսից բանակը՝ Շապուհի գլխավորությամբ: Առջևից գնում է այրուձին, ապա՝ հետևակազորն ու գումակը: Բերվում են փղեր, բաբաններ: Բանակը գլխավորում են նաև Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը: Զգալի թիվ են կազմում ճերմակազգեստ մոգերը:


    

ԿԱՐԵՆ (կաղքի երիտասարդ զորավարին)

Հասնում ենք արդեն Մեծ Հայքի տարածք:

Մի հրասախ է մինչև Գանձակը՝

Սահմանը մեր բուն:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Այսուհետ արդեն չի լինի սահման:

Երկիրն այդ պիտի անեմ արնախեղդ:

Չպիտի՛ թողնեմ քար քարի վրա:


    

Պատկերը փոխվում է: Զորքերի առջև կանգած՝ Շապուհը դիմում է զինվորներին:


    

ՇԱՊՈՒՀ

Բոլոր կանայք ավարն են ձեր:

Հայոց արգանդն այսուհետև

Թող ծնի լոկ պարսի՛կ զինվոր:


    

Չխնայել ոչ մի հայի,

Եթե մեր դեմ սուր կհանի:


    

Կտրե՛լ մեկեն գլուխը այն,

Չի խոնարհվի որն առջևը արեգակի

Եվ արյաց մեծ գահակալի:


    

Տարոնում: Արածանիի ափին: Հեռվում երևում է Մամիկոնյանների ամրոցը՝ Ողականը: Երկու հեծյալ՝ Վարագն ու Սամվելը, ձիերը չափ գցած՝ ընթանում են իրար ընդառաջ: Հանդիպելով՝ նժույգները ծառս են անում, ապա գնում կողք կողքի:


    

ՍԱՄՎԵԼ

Քո դեմքին, Վարա՛գ, տագնապ եմ տեսնում:

Ի՞նչն է ստիպել կանչել ինձ այստեղ

Հապշտապ այսպես:

ՎԱՐԱԳ

Նոր արհավիրք է ներխուժել, Սամվե՛լ:

ՍԱՄՎԵԼ

Ականջները մեր գույժեր այդպիսի սովոր են լսել:

ՎԱՐԱԳ

Շապուհն այս անգամ զինակիցներ է իրեն դարձրել

Քո քեռուն, իշխա՛ն, Մերուժանին ու...

ՍԱՄՎԵԼ

Ու նաև...

ՎԱՐԱԳ

Հորդ՝ Մամիկոնյանին:

ՍԱՄՎԵԼ (շվարած)

Հորս ու քեռուս...

ՎԱՐԱԳ

Արյաց զորքերով նրանք միասին

Ավեր ու մահ են սփռում վերստին:

(Մի պահ լռում են: Մոլեգնած հոսում է

Արածանի գետը...):

Ես գնամ պիտի, տե՛ր Մամիկոնյան,

Որ գույժ բարձրացնեմ,

Նախապատրաստեմ արհավիրքին մեծ:


    

Դիմացի՛ր, իշխան:

(Նժույգն ասպանդակում է և արագ հեռանում:

Սամվելը մնում է մտամոլոր...) ։


    

Հայկական զորամաս: Անդոկ Սյունի և այլ զորականներ:


    

ԶՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ճակատ ճակատի բախվելուց պիտի

Մենք դեռ խուսափենք:

ԱՅԼ ԶՈՐԱԿԱՆ

Ինչն անհնար է երբեմն լինում մեծ պատերազմում:

ԱՆԴՈԿ

Մեծ պատերազմում, ուզես, թե չուզես,

Հարկադրված ես լինում շատ հաճախ

Մարտափող փչել:


    

Մի հեծյալ բանբեր մտնում է զորքի մեջ և դիմում Անդոկին:


    

ԲԱՆԲԵՐ

Իշխա՛ն, թշնամու մի մեծ զորագունդ

Այս կողմ է գալիս՝ քաղաքի վրա:

Ուր որ է արդեն այստեղ կհասնի:

ԱՆԴՈԿ

Ի՞նչ է, Շապուհը փոխե՞ց իր ուղին:

ԲԱՆԲԵՐ

Չփոխեց, իշխա՛ն,

Այս կողմ ուղարկեց զորապետ Զիկին:

ԱՆԴՈԿ (որպես հրաման)

Պատրաստվել մարտի՛:

ՄԻ ԶՈՐԱԿԱՆ

Մեր ուժերը, տե՛ր, սակավ են հիմա:

Դա ասել է թե դեմ դուրս գալ մահվան:

ԱՆԴՈԿ

Այս պահին, ասպե՛տ, չունենք այլընտրանք.

Վտանգի տակ է քաղաքը համայն:

(Համհարզներից մեկին)

Իշխա՛ն, քաղաքից հեռացրեք շտապ

Կանանց ու մանկանց, ծերերին բոլոր:

Իսկ ով կարող է բարձրացնել զենք,

Թող հետևի մեզ:


    

(Մյուս համհարզին)

Մարտափո՛ղ: Արա՛գ:

Թշնամուն պիտի ընդառաջ գնանք:


    

Հնչում է մարտափող: Զորքը նետվում է առաջ...


    

Լազիկայի անտառում: Պապ թագավոր, հազարապետ Գնունի և 10-15 զինվորական:


    

ԹԱԳԱՎՈՐ

Արդեն անտառի խորքում ենք:

Այստեղ էլ զարկենք վրան:

ՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

Կլինի, տե՛ր:

ԹԱԳԱՎՈՐ (Գնունուն)

Թագավորը, հազարապե՛տ,

Առանց բանակի թագավոր չէ:

Այդ պատճառով էլ ես

Անիմաստ եմ համարում

Իմ գնալը Արտագերս:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Շատերը, արքա՛,

Դեռ հույս ունեն, որ կգնաս զորքով:

Եթե միայնակ դու վերադառնաս,

Թևաթափ կանի դա հարկավ նրանց:

Ճիշտ է իսկապես,

Որ առժամանակ այստեղ սպասես:

ԹԱԳԱՎՈՐ

Հույնը մեր հողում իր շահը ունի.

Չի կարող մնալ դերում դիտողի:

Նա ուզում է՝ մեզ պարսիկը կոտրի,

Որ հետո ինքը հեշտությամբ իշխի:

Ա՛յս է պատճառը, որ չի շտապում:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Իրավ ես, արքա՛:

Չմիջամտել հիմա այս կռվին,

Ասել է՝ զիջել արիական գահին:

Այդպիսի սխալ հույնը չի անի:

ԹԱԳԱՎՈՐ

Մենք պիտի, իշխա՛ն,

Լինենք խիստ զգույշ և շրջահայաց:

Մտադիր չեմ ես երկիր ունենալ

Հովանու ներքո մեկ այլ տերության:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Եվ ստեղծել էր քո հայրը արդեն

երկիր այդպիսի:

ԹԱԳԱՎՈՐ

Այս մասին խոսել դեռ վաղ է հարկավ,

Սակայն նկատի պետք է ունենալ:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Ճիշտ կլինի, որ

Նոր դաշնակիցներ մենք հիմա փնտրենք:

ԹԱԳԱՎՈՐ

Վրաստան արդեն

Պատգամավոր եմ այսօր ուղարկել:

Նրանք օգնեցին Արշակավանում,

Գուցե և օգնեն այս պատերազմում:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Վիճակը, տե՛ր իմ, փոխվել է հիմա:

Դժվար է ասել՝

Ինչ վերաբերմունք նրանք ցույց կտան:

ԹԱԳԱՎՈՐ

Պատվիրակներ եմ ուղարկել նաև

Ղեկաց թագավոր Շերգիրի մոտ և

Աղվանաց երկիր՝

Ուռնայր արքայի:

Մտադրված եմ բանակցել նաև

Քուշանների հետ,

Որոնց թագավորն Արշակունի է:


    

Համատեղ հիմա կարող ենք միայն

Պայքարել զորեղ ուժի դեմ արյաց:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Ամենն այդ ճիշտ ես արել դու, արքա՛,

Բայց պատերազմում

Թույլերն անցնում են կողմը ուժեղի:

ԹԱԳԱՎՈՐ

Պիտի ամեն ինչ փորձենք, Գնունի՛:

Չունենք դրանից կորցնելու ոչինչ:

(Մի պահ լռելուց հետո)

Դու, հազարապե՛տ,

Հիմա շտապիր դեպի Արտագերս:

Ասա, թե ինչ եմ մտադիր անել:

Ու նաև ասա իմ մայր թագուհուն,

Որ ամրոցն ամեն գնով պաշտպանի:

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Հրամանդ, տե՛ր:

ԹԱԳԱՎՈՐ

Եվ խնդրիր Ներսես կաթողիկոսին,

Որ իր խեղճ հոտին տեր կանգնի կրկին:


    

Արտագերսում: Թագուհի, Խոռխոռունի, Մանվել Մամիկոնյան և Խադ եպիսկոպոս:


    

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ

Երկրի վիճակը տագնապալի է, մե՛ծն տիրուհի:

Գահերեցները, շատ նախարարներ ու կուսակալներ

Հնազանդած են մնում Շապուհին:

Իսկ Սաղամուտը՝ տերը Անձիտի,

Մեծ Ծոփքի տիրոջ վատ օրինակով

Հպատակվել է հունաց արքային:

ՄԱՆՎԵԼ

Շապուհը երբեք այսպիսի բանակ չէր հանել մեր դեմ:

Բերել է նա իր մատյան գունդը ողջ:

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ

Ինչպես և՝ ամբողջ գունդը փղերի:

ՄԱՆՎԵԼ (կատակով)

Չի մոռացել և իր կանանոցը:

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ

Արքայի գահը խոստացել է տալ նա Մերուժանին,

Սպարապետի սուրը՝ Վահանին:

ՄԱՆՎԵԼ (դարձյալ կատակով)

Կաթողիկոսի խաչն էլ՝ մոգերին:

ԽԱԴ

Լեզուդ ինչպե՞ս է պտտվում, իշխա՛ն:


    

Նոր չէ սկսվում պատերազմը այս:

Փողը առաջին հնչեց դեռ այնժամ...


    

Տարիներ առաջ: Ներսես կաթողիկոսի մոտ են Աղձնիքի և Գուգարաց բդեշխները, Կողբի, Տմորիքի և Արցախի տերերը, կուսակալներ, այլ իշխանավորներ: Կաթողիկոսից քիչ հեռու կանգնած է Խադ եպիսկոպոսը:


    

ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ

Տե՛ր մեր հոգևոր, դու ինքդ գիտես,

Որ հանգիստ չունենք պատերազմներից:

Մեր երեսների քրտինքը արդեն սրբում ենք սրով:

ՏՄՈՐԻՔԻ ՏԵՐ

Մենք այլևս չենք կարող դիմանալ ու ոչ էլ՝ կռվել:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ

Ավելի լավ է, որ հպատակվենք պարսից արքային,

Քան թե Արշակին:

ՄԻ ԿՈՒՍԱԿԱԼ

Եթե Արշակը ուզում է կռվել,

Թող Վասակի հետ կռվելու գնա:

ԱՐՑԱԽԻ ՏԵՐ

Մեզնից ոչ մեկը չի սատարելու այլևս նրան:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Մենք այսօրվանից թողնում ենք նրան:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մտածե՛ք, տիա՛րք:

Թեպետև Աստծո առջև մեղսապարտ,

Խիստ հանցավոր է ազգն Արշակունյաց,

Բայց Արշակն է ձեզ թշնամուց փրկել:


    

Որքան էլ չար ու բիրտ է Արշակը,

Բայց նա ձեր տերն է ու թագավորը:


    

Նրա՛ համար չէ, որ դուք կռվել եք,

Այլ ձեր անձերի, կանանց ու որդոց,

Աշխարհի՛ համար:

(Լսվում է դժգոհության աղմուկ):

ՏՄՈՐԻՔԻ ՏԵՐ

Այսպես էլ գիտեի:

ՄԻ ՍԵՊՈՒՀ

Նման խոսքեր էլ չենք ուզում լսել:

ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ

Իզուր է: Գնանք:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Գնա՛նք:


    

Հավաքվածները հեռանում են: Մնում են Ներսես կաթողիկոսն ու Խադ եպիսկոպոսը:


    

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մեր հոտը մոլորված է, Խա՛դ:

ԽԱԴ

Փրկիր, Տե՛ր, դավաճանություն է սա:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մեր դժբախտության պատճառը այն է, որ իշխանավորը չի ընդունում իր թագավորներին:


    

ԽԱԴ

Այդ պատճառով էլ թագավորները թշնամի են դառնում իշխանավորին:


    

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի, եթե սրանք այսպես դիմեն Շապուհին:


    

ԽԱԴ

Աստված հետ պահի այդ ճանապարհից:

ԿԱԹՈՂԻԿՈՍ

Մենք կարծես թե մեր կործանումն ենք ուզում: Քանի տարի է՝ դպրոց ենք բացում, կուսանոց ենք բացում, անկելանոց ու բորոտանոց ենք բացում, բայց շատերը դարձյալ ուրանում են մեզ:


    

ԽԱԴ

Աստծո հավատը նրանց սրտի մեջ դեռ տեղ չի գտնում, դրա համար էլ չարիք է գործվում: (Երկուսն էլ խաչակնքում են):


    

Պարսից բանակում: Մի զինվորական զեկուցում է Շապուհին:


    

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

Արքա՛ արքայից,

Զիկ զորավարը կռվում մի ահեղ

Զորքը թշնամու իսպառ կոտորեց:


    

Գերեվարել է՝ ում ողջ է գտել:

Նրանց մեջ նաև Անդոկ Սյունին է՝

Հին ախոյանը արիական գահի:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Հին ախոյանին արիական գահի

Ոտնատակ կառնեն հիմա փղերն իմ:


    

Բերեք այստեղ այդ հայկական խոյին:


    

Զինվորները բերում են շղթայակապ ու վիրավոր Անդոկին:


    

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Բասենի աղվե՞ս:

Դո՞ւ էիր, որ դեմ եղար իմ կամքին:

Դո՞ւ հանդգնաբար Տիզբոն խուժեցիր:

ԱՆԴՈԿ (մեղմ ու հանգիստ)

Ես հպարտ եմ, որ թագավորն արյաց

Չի մոռացել ինձ:

Տարօրինակ է սակայն, տե՛ր պարսից,

Որ այդ ամենը դեռ չմոռացած՝

Դու նորից հողն ես մտել Արամյան:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Եկել եմ, Անդո՛կ, որ քեզ հիշեցնեմ,

Թե ով է պարսից արքայից արքան:


    

Փի՛ղ բերեք այստեղ: (Լսվում է փղերի ձայն):


    

Անհուշ բերդում: Ծանր լռություն: Արշակ թագավորը կանգնում է, քայլում: Լսվում է շղթաների ձայնը:


    

ԹԱԳԱՎՈՐ

Ինչո՞ւ չես խոսում, Վասա՛կ,

Ինչո՞ւ չես խոսում:


    

Ե՞ս եմ մեռած հիմա, թե՞ դու,

Իմ Վասակ:


    

Այս ի՜նչ անեծք էր:


    

Մի՞թե Ներսեսը իսկապես ճիշտ էր:

Նա՞ մեզ նզովեց:

Չէ՞ որ Ներսեսին ե՛ս դարձրի Ներսես:


    

Հիշում է:

Պալատում հավաքված են գահերեցներ, նախարարներ, կուսակալներ, զորապետներ և այլք: Այնտեղ է նաև Վասակ սպարապետը:


    

ԹԱԳԱՎՈՐ

Արդ, այրե՛ր մեր պատվական,

Ժամանակն է, որ աթոռը հայրական

Արժանի տեր ունենա:


    

Որոշել ենք ինչպես մենք,

Աթոռին այդ կբազմի

Սենեկապետ Ներսեսը մեր:


    

Գրիգորի տնից է նա:

Թոռն Հուսիկի:

Հարմար է նա ու արժանի

Այդ աթոռին:


    

Ներկաները հավանություն են տալիս: Ներսեսը, որ կանգնած է զինվորականի հագուստով, սուրը՝ գոտուց կախ, ընդդիմանալու նշաններ է անում: Անհարմար վիճակի մեջ է ու շփոթված: Մի քայլ առաջ է գալիս ու դիմում թագավորին:


    

ՆԵՐՍԵՍ

Շնորհակալ եմ, իմ տե՛ր:

Բայց հայրապետի աթոռին ինչպե՜ս

Կարող է նստել անարժանն ինձ պես:


    

Ես ի՜նչ կաթողիկոս:

Ինձ հարմար են գալիս նետ ու աղեղը,

Սուրն այս պողպատե:

ՄՈՒՇԿ ՆԱՀԱՊԵՏ

Ամեն ինչով էլ դու հարմար ես, Ներսե՛ս:

ՄԵՀԵՆ ՆԱՀԱՊԵՏ

Այդ սուրբ աթոռին ոչ ոք հարմար չէ՝

Քեզանից բացի:

ՍՊԱՆԴԱՐԱՏ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

Միայն դու և վե՛րջ:

ՆԵՐՍԵՍ (Ավելի շփոթված: Խոսելու տոնից բոլորն զգում են, որ ստում է):

Բայց ես մեղքեր ունեմ, տե՛ր:

ԹԱԳԱՎՈՐ

Ի՞նչ մեղքեր, մեր հա՛յր:

ՆԵՐՍԵՍ

Շատ մեղքեր, արքա՛:

Կանանց հետ անգամ...

(Ներկաները քահ-քահ ծիծաղում են):

ՄՈՒՇԿ ՆԱՀԱՊԵՏ

Ոչինչ, քո մեղքերը թող մեզ վրա դառնան:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ

Ա՜յ թե մեղսավորն ես:

ԹԱԳԱՎՈՐ

Քո մեղքերին հիմա մենք թողություն կտանք:

Մոտեցիր հապա:

(Ներսեսը մոտենում է: Թագավորն արձակում է նրա ոսկե պատյանով սուրը և վերցնում):

Իսկ հիմա կտրե՛ք գանգուր մազերը,

Հանե՛ք պատմուճանը, կրոնավորի զգեստ հագցրեք:


    

Ներսեսը մնում է շվարած: Ծառայողները կատարում են հրամանը:

Հուշն ավարտվում է:


    

ԹԱԳԱՎՈՐ

Մի՞թե իսկապես ես սխալվեցի...


    

Արտագերսը պաշարած պարսից բանակը: Շապուհ, զորագլուխներ Կարեն և Վարազ:


    

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Համառում ու չեն հանձնվում:

Էլ ի՞նչն է այս արմենների հույսը մնում:

ԿԱՐԵՆ

Վերջին հույսը այս նզովյալ ժողովրդի

Թագուհին է իրենց մնում:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Քանի դեռ մենք չենք կործանել

Պարիսպները այս ամրոցի,

Հայոց գահը չի խորտակվի:

ՎԱՐԱԶ

Սասանվում է այդ գահն արդեն, արքայա՛ց տեր:

Շուտով կիջնի ծնկի նաև գեղեցկուհին արմենների:


    

Արտագերսում: Թագուհի, Խոռխոռունի, Մանվել Մամիկոնյան և բերդապետ Տիգրան:


    

ՄԱՆՎԵԼ

Մարտը ծանր էր, թագուհի՛:

Այսօր շատերին կորցրինք:

ԹԱԳՈՒՀԻ

Դրսից օգնության հույս այժմ չունենք։

Մուշեղը հազիվ դիմակայում է

Մամիկոնյանին ու Մերուժանին:

ԲԵՐԴԱՊԵՏ

Ամրոցն այս պիտի

Մենք ատամներով անգամ պաշտպանենք,

Քանի որ հայոց գահն է այն հիմա:

ԹԱԳՈՒՀԻ

Այո՛, բերդապետ, ամրոցը հանձնել

Նշանակում է երկիրն այս երկրորդ անգամ գլխատել:

Բայց պիտի նաև դրսի ուժերը մենք միաբանենք:

(Խոռխոռունուն) Իշխա՛ն, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ

Դու Արտագերսից հիմա հեռանաս,

Ազատանուց նոր զորքերք գումարես սեպուհների հետ:


    

Ներս է մտնում սենեկապետը:


    

ՍԵՆԵԿԱՊԵՏ

Աղետ է պատահել, թագուհի՛:

Իշխան Անդոկի զորքը պարտվել է:

(Մի պահ բոլորը լռում են):

ԹԱԳՈՒՀԻ

Ողջը ասա, Վրթանե՛ս:

ՍԵՆԵԿԱՊԵՏ

Հարկադրված է եղել տեր Սյունին ընդունել մարտը,

Որ կարողանա բնակչությունը թողնել քաղաքը:

Իշխան Անդոկը ընկել է գերի...


    

Լույս դառնա հոգին...


    

Ողական ամրոցում: Սամվել և Տաճատուհի:


    

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Ինչո՞ւ ես այդպես այլայլված, տղա՛ս:

ՍԱՄՎԵԼ

Անիծում եմ իմ ծնունդը ես, մա՛յր:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Քեզ համար, Սամվե՛լ, հայրդ անում է հիմա ամեն ինչ:

ՍԱՄՎԵԼ

Ինձ համա՞ր, ասիր, այն էլ՝ ամեն ի՞նչ:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Վերջերս դու շատ փոխվել ես, Սամվե՛լ:

ՍԱՄՎԵԼ

Խոսում ես այնպես,

Կարծես չի փոխվել մեր շուրջը ոչինչ:


    

Կրակի հոտ եմ առնում այս տնից:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Կրակն է, տղա՛ս, ակունքը կյանքի:

ՍԱՄՎԵԼ

Կրակն աստվածն է թշնամի արյաց:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Աստվածն աստված է, ումն էլ որ լինի:

ՍԱՄՎԵԼ

Ումն էլ որ լինի՞...


    

Հե՛տ դարձիր, մա՛յր իմ:

Հե՛տ դարձրու հորս:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Հետ դարձնեմ հո՞րդ:

Ուր որ է արդեն նա հասնում է մեզ:

Եթե կամենաս,

Կարող ես շուտով դու նրան տեսնել:

ՍԱՄՎԵԼ

Վախենում եմ ես մեր հանդիպումից:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Վախենում ես դու հարազատ հորի՞ց:


    

Խելքի եկ, տղա՛ս:

Քո քեռին շուտով արքա կդառնա,

Եվ սպարապետ կդառնա հայրդ:

ՍԱՄՎԵԼ

Եվ մայր կդառնա ինչ-որ պարսկուհի...


    

Հե՛տ դարձեք, մա՛յր իմ,

Հե՛տ դարձեք, քանի ուշ չէ տակավին:

ՏԱՃԱՏՈՒՀԻ

Սամվե՛լ, լավ է դու հորդ միանաս:

Շուտով երկիրն այս

Կընկնի Շապուհի հզոր ոտքի տակ:

ՍԱՄՎԵԼ (բռնկվելով)

Ի՞նչ: Մայր իմ, զգո՛ւյշ.

Հայրենյաց համար չի լինում ներում...


    

Հայկական զորագունդ: Բանակի միջով անցնում է Մուշեղ Մամիկոնյանը հազարապետ Գնունու, Գնել Անձևացու, Շավարշ և Գազավոն սեպուհների հետ:


    

ՇԱՎԱՐՇ

Աշնանը կրած պարտությունը խիստ

Կատաղեցրել է պարսից զորքերին:

ՄՈՒՇԵՂ

Մենք նրանց պիտի անվերջ բզկտենք:

ԳԱԶԱՎՈՆ

Ամեն բան քանդում ու կործանում են:

ՄՈՒՇԵՂ

Արտագերսը դեռ դիմակայում է:

ԳՆՈՒՆԻ

Եվ դրանից էլ Շապուհը շուն է դարձել կատաղի:

ԳՆԵԼ

Թագուհին այժմ մեր ժողովրդի

Պատիվն է դարձել ու ապավենը:

Վա՜յ մեզ, թե հանկարծ նրան չփրկենք:


    

Բանակի միջով անցնելիս զինվորների խոսքից լսվում են պատառիկներ:


    

ՄԻ ԶԻՆՎՈՐ

Չեմ առնի հանգիստ, քանի չեմ լուծել վրեժն Արշակի:

ՄԵԿ ՈՒՐԻՇԸ

Ես իմ ձեռքերով թագը կդնեմ Արծրունու գլխին:

ԱՅԼ ԶԻՆՎՈՐ

Չի ճանաչում դեռ պարսիկը հային:


    

Մի քանի զինվորներ զրուցում են՝ միաժամանակ աշխատելով: Երկու հոգի ձի է պայտում: Մեկ ուրիշը ձգում է աղեղի լարը: Մյուսը կարում է պատռված կապարճը:


    

ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ

Արքան Շապուհին չպիտի հավատար:

ՄՅՈՒՍԸ (Շավասպ)

Ասում են՝ արքան չի հավատացել: Առաջին անգամ, երբ Շապուհը հրավեր է ուղարկել, Արշակ թագավորը մերժել է: Երկրորդ անգամ Շապուհն ուղարկել է վարազագիր մատանիով կնքած աղ, որն արյաց համար սրբություն է, երդման հավաստիք: Արքան այդ անգամ էլ Տիզբոն գնալ չի կամեցել, բայց բդեշխներին ու նախարարներից շատերին դա դուր չի եկել: Կայսեր Հովիանոսի և Շապուհի դաշինքից հետո ստեղծվել է մի վիճակ, երբ Արշակին դեմ են եղել Շապուհը, կայսրը, բդեշխները, նախարարների ու կուսակալների մի մասը: Նրանք արդեն մի քանի տարի արքայից բացեիբաց դժգոհել են: Եվ արքան ստիպված գնացել է:


    

ՊԱՅՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Այդ ժամանակ մի քանի նախարար ու կուսակալ արդեն պարսից կողմն էր անցել: Չհաշված բդեշխներին:


    

ՄՅՈՒՍ ՊԱՅՏԱՐԸ

Գոնե Վասակին չտաներ:

ՇԱՎԱՍՊ

Ի՞նչ իմանար, որ թագավորներն էլ կարող են լինել այդքան տմարդի:


    

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ

Հույնն էլ այնտեղ մեզ խաբեց:

ԱՌԱՋԻՆ ՊԱՅՏԱՐ

Ամեն տերություն ունի իր շահը: Առանց օգուտի՝ ուրիշը մեզ համար արյուն չի թափի:


    

Դարբնոց, որի մի մասը բնակարան է: Այնտեղ են Մանասպը, նրա կինը՝ Այծեմնիկը, երկու զավակները:


    

ՄԱՆԱՍՊ

Մեր հողի վրա մենք չունենք հանգիստ:

Փախչում ենք շարունակ:

ԱՅԾԵՄՆԻԿ

Թող Աստված զավակներին մեր լինի պահապան:

ՄԱՆԱՍՊ

Աստված...

Հայր... Որդի... Սուրբ հոգի...

Իսկ ո՞ւր են մե՛ր աստվածները, Այծեմնիկ:

Ահրամազդը, Միհրը, Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Տերը...


    

Նրանք էլ չկան:

Սպանեցինք մենք մեր աստվածներին:


    

«Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր...»

Մարդը աստվածներ կարո՞ղ է սպանել, Այծեմնի՛կ...

«Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ...»


    

Շապուհի վրանում: Նրա մոտ են Կարեն և Վարազ զորավարները, այլ զորագլուխներ:


    

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (բարկացած)

Շա՜տ նստեցինք պատերի տակ այս ամրոցի:

ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Այս ամրոցը միանգամից անհնար է բերել ծնկի:

ՄԵԿ ՈՒՐԻՇ ԶՈՐԱՎԱՐ

Հավանաբար ճիշտ է, ի՛մ տեր,

Պաշարումը երկարատև:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Արտագերսը փակել է մեր ճանապարհը:

Ինչ էլ լինի,

Վաղը պիտի բերդն այս ընկնի՛:

ԿԱՐԵՆ

Հրամա՛նդ, գահակալ մեծ:

Վաղը մի նոր հուժկու գրոհ կձեռնարկենք:


    

Առավոտ է: Լսվում է փողի ձայն: Պարսից բանակը պատրաստվում է հարձակման: Դարձյալ առաջ են հրվում բաբանները: Զինվորներն ուսներին են առնում սանդուղքները։ Հնչում են տարատեսակ հրամաններ։


    

Արտագերսում: Թագուհի, հազարապետ Գնունի, Գլակ և Արտավան նախարարներ:


    

ՀԱԶԱՐԱՊԵՏ

Սովն է սպառնում արդեն:

Կարող է նաև երաշտ սկսվել:

ԹԱԳՈՒՀԻ (խռովված)

Սովն ու պատերազմը

Նույն սատանայի զույգ զավակներն են,

Երաշտն էլ՝ քույրը նրանց հարազատ:

Ծանոթ է դրանց ժողովուրդը մեր:


    

Սենեկապետի հետ ներս է մտնում բերդապետ Տիգրանը:


    

ԲԵՐԴԱՊԵՏ

Թագուհի՛, մեզնից Տերն էլ խռովեց:

ԹԱԳՈՒՀԻ

Ի՞նչ էր մնացել, որ դեռ չէր եղել:

ԲԵՐԴԱՊԵՏ

Հիվանդություն է սկսվել բերդում:

Մի սոսկալի ախտ:


    

Երկու օր առաջ երեք մարդ մեռավ,

Երեկ՝ հինգ հոգի, իսկ այսօր՝ քսան:

ԹԱԳՈՒՀԻ

Մեր դեմ կռվում է, իրավ, սատանան:


    

Լսվում է մարտափողի ձայն...

Պատկերը փոխվում է: Հայր մարդպետն անհանգիստ քայլում է ՝ մտքում խոսելով:


    

ՄԱՐԴՊԵՏ

Ի՜նչ հիմարություն.

Գլուխը դնել կացնի տակ դահճի...

Եվ ի՞նչ շահեցին,

Եվ ի՞նչ ստացան.

Ավերված երկիր ու մոխրացած տուն:


    

Հիմա՛ր թագուհի,

Ազգ անուղղելի:


    

Կորավ ամեն բան.

Ե՛վ հող, և՛ ոսկի, և՛ իշխանություն...

Եվ իշխանություն...


    

Բայց ինչո՞ւ եմ ես քաշվել մի անկյուն.

Չէ՞ որ ինձ ոչ ոք

Չի զրկել դեռ իմ իշխանությունից:

Չէ՞ որ կոչվում եմ ես դեռ փոխարքա,

Թագավորի հայր:


    

Եվ ինչո՞ւ ինքս չեմ խոսում անձամբ

Դևի հետ պարսից:


    

Խոսե՞մ նրա հետ:

Կուզի հավաստիք...

Կուզի հավաստիք...

Իսկ ամեն մեծ գործ ուզում է մեծ զոհ...


    

Թագուհին...

Ի՞նչ է մտածում հիմա թագուհին:


    

Մի տասն օր առաջ, մի տասն օր հետո...


    

Նա եթե հիմա կամավ հանձնվի,

Կարող է նաև փրկել կյանքը իր:


    

Թագուհին կարծես ուրիշ այլ ելք չունի...


    

Մաղխազ Խոռխոռունի, իշխան Նոյ և Բաբիկ նահապետ:


    

ՆՈՅ

Առաջին անգամ եմ այսպիսի դավաճանություն տեսնում: Մերուժանն ու Վահանը ավեր են սփռում:


    

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ

Ես նրանց գիտեմ. իշխանության համար չեն կանգնի երբեք ոչնչի առաջ:


    

ԲԱԲԻԿ

Ի՞նչ է լինելու վերջն այս ամենի: Որտեղի՞ց է մեզ գալու փրկություն:


    

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ

Փրկություն չի գա ոչ մի տեղից մեզ, եթե ինքներս մեզ փրկել չուզենք:


    

ԲԱԲԻԿ

Եվ կարծես թե մենք չենք ուզում փրկվել: Քանի՜ նախարար դավաճանել է:


    

ՆՈՅ

Իշխանավորը դավաճանում է, բայց ժողովուրդը չի հնազանդվում:


    

Մուշեղ Մամիկոնյան և Սմբատ Բագրատունի: Բանակում:


    

ՍՄԲԱՏ

Քիչ են մեր ուժերը, Մուշե՛ղ:

ՄՈՒՇԵՂ

Գիտեմ, ասպե՛տ:

ՍՄԲԱՏ

Պապն սպասում է հունական զորքին

Ու սիրաշահել առայժմ փորձում նախարարներին:

ՄՈՒՇԵՂ

Թագավորելը դժվար է, Սմբա՛տ,

Ժամանակներում այսպիսի խառնակ:


    

Մոտենում է մի զինվոր:


    

ԶԻՆՎՈՐ

Սուրհանդակ է եկել, իշխա՛ն:

(Մամիկոնյանը նայում է սուրհանդակին, որն Արգամն է):

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Թագուհին է ուղարկել ինձ:

Պատվիրել է՝ ասեմ,

Որ վիճակը Արտագերսի ծանրացել է սաստիկ:

Սկսվել է բերդում մի ժանտ համաճարակ:

Մեռնում են ամեն օր մարդիկ հարյուրավոր:

ՄՈՒՇԵՂ

Հիմա էլ՝ համաճարա՞կ:

ՍՄԲԱՏ

Թիկունքից ենք մենք ստանում դարձյալ հարված:

ՄՈՒՇԵՂ

Ճիշտ կլինի, որ թագուհին

Արտագերսից տեղափոխվի:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Դա շատ վտանգավոր քայլ կլինի, տե՛ր իմ:

Շրջապատը բոլոր հսկում է թշնամին:


    

Լազիկայի անտառում: Պապ թագավոր, Գնել Անձևացի և Շահակ:


    

ԹԱԳԱՎՈՐ (Շահակին)

Լուրդ դաժան էր: (Մի պահ լռում է): Աղվանաց կողմից ոչ մի հույս չկա: Բանագնացին Ուռնայրը նույնիսկ չէր էլ ընդունել: Շերգիրի հետ նա կբռնի կողմը արյաց արքայի: Վրացիները չեն ուզում ելնել սրի դեմ պարսից, իսկ քուշանները... Դժվար է նրանց լեզուն հասկանալ:


    

ԳՆԵԼ

Ինչպես դժվար է հասկանալ հույնին:

ԹԱԳԱՎՈՐ

Հույնը գիտի, թե ինչ կանի, բայց մենք երկար չենք սպասի: Այսօրվանից դու ես, Գնե՛լ, սպարապետն արևելյան մեր զորքերի: Մի նոր բանակ շուտ ժողովիր:

ԳՆԵԼ (գլուխ խոնարհելով)

Հրամա՛նդ, տե՛ր:


    

Արտագերսում: Կողք կողքի շարված են տասնյակ դիակներ, որոնց թաղում են հոգնած, ուժասպառ մարդիկ: Մահացածների մեջ են Ռշտունյաց Մեհեն և Սահառունյաց Մուշկ նահապետները, Գլակ և Արտավան նախարարները, ծանոթ սեպուհն ու ոստանիկը, Աստղիկը, Վաչեն, Գոռը, Վաղարշը:

Պատկերը փոխվում է: Գահասենյակում՝ թագուհու մոտ են Դրաստամատ ներքինին, Մանվել Մամիկոնյանն ու բերդապետ Տիգրանը:


    

ԲԵՐԴԱՊԵՏ

Ծայրահեղ է վիճակն արդեն:

Այն, ինչ որ ցայսօր չկարողացավ անել թշնամին,

Արեց բախտը մեր:

ԴՐԱՍՏԱՄԱՏ

Փոխել է թեև իր մարտաոճը հիմա թշնամին,

Չի հարձակվում դեռ,

Բայց ամեն գրոհ կարող է արդեն վերջինը լինել:


    

Բերդում զինակիր մի քանի հարյուր մարդ է մնացել:

ԹԱԳՈՒՀԻ (հուսահատ)

Ձեր առաջարկը ասա, ներքինի՛:

ԴՐԱՍՏԱՄԱՏ

Հայոց թագուհին նույնն է հիմա,

Ինչ միջնաբերդը քաղաքի համար...


    

Առաջարկում ենք

Վտանգն աչքի տակ առնել, տիրուհի՛,

Եվ այս իսկ գիշեր հեռանալ բերդից:

ԹԱԳՈՒՀԻ

Այդ միջնաբերդը, իմ Դրաստամատ,

Դարձել է արդեն անպաշտպան մի վանք:

Ավա՜ղ, մեր Աստված դարձյալ մեզ լքեց...


    

Ներս է մտնում սենեկապետը, որը նոր ծառայող է:


    

ՍԵՆԵԿԱՊԵՏ

Տիրուհի՛ հայոց,

Հայր մարդպետը մեր գաղտնի գետնուղով

Մտել է ամրոց:


    

Ներկաներն անակնկալի են գալիս...


    

Անհուշ բերդում: Արշակ թագավորն արթնանում է մղձավանջային նիրհից: Նկատելի է, որ տեսել է ծանր երազ: Լսվում են ոտնաձայներ: Դուռը բացվում է: Ներս են մտնում բանտապետն ու ծառայողը:


    

ԲԱՆՏԱՊԵՏ

Թույլ տուր զեկուցել, թագավո՛ր հզոր,

Բերվել է արդեն ընթրիքը քո ճոխ:

(Ծառայողը թագավորի առաջ ուտելիք է նետում):

Արդյոք չի՞ ուզի իր գինարբուքին

Արքան մասնակից դարձնել մի քանի

չքնաղ բամբիշի:

(Թագավորն արհամարհաբար լռում է):

Ու հայտնեմ նաև, որ Աքիլլեսին

Կանչել է Տիզբոն արքան արքայից:

ԹԱԳԱՎՈՐ

Դե լռի՛ր, սև օձ:

ԲԱՆՏԱՊԵՏ

Լավ է լինել օձ, քան շղթայակապ հայոց թագավոր:

Քո Հայաստանը ծնկած է արդեն մեր սրի առաջ:

Մնում է մի զարկ:

ԹԱԳԱՎՈՐ

Իմ Հայաստանը վաղ թե ուշ կրկին ոտքի կկանգնի

Ու պարսից օձին ոտնատակ կանի:

ԲԱՆՏԱՊԵՏ

Պարսկական օձը արդեն թագուհուդ

ոտքերն է կապել:

Հայոց թագուհու, քո Փառանձեմի:

Ոտքերը կապել ու ծոցն է մտնում:

Քո սիրած ծոցը...


    

Արտագերսում: Թագուհի և հայր մարդպետ:


    

ԹԱԳՈՒՀԻ

Իմացիր դու չա՛փդ, մարդպե՛տ:

Պարիսպների՛ց քեզ կկախեմ:

ՄԱՐԴՊԵՏ (հանգիստ)

Փրկություն չէ դա, թագուհի՛:

Ամրոցը այս աքցանների մեջ է առած,

Ու չես կարող հեռու գնալ:

Պետք է Շապուհի առջև կամովին

Հիմա խոնարհվես ու ներում հայցես,

Եթե ուզում ես քո կյանքը փրկել:


    

Ոչ մի ուրիշ ելք այս պահին չկա:

ԹԱԳՈՒՀԻ

Ցավում եմ, մարդպե՛տ:

Մի՞թե մինչ հիմա դու չհասկացար,

Որ հայոց տիկնանց տիկինը երբեք

Չի կարող ծնկել ու կյանք աղերսել:


    

Ես պարտվեցի, տիա՛ր,

Բայց ոչ Շապուհին...


    

Արձակում եմ քեզ:

Ազատ ես։ Գնա՛։

Եթե կարծում ես, թե հանձնվելն իմ

Հագուրդ է տալու ծարավին դևի,

Ասա, որ բաց են դռները բերդի:


    

Պարսկական զորամաս: Ձիերը կողք կողքի վարում են Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը: Զգացվում է, որ նոր են ավարտել հերթական ճակատամարտը: Երկուսն էլ հագել են զրահներ, ձեռքներին ունեն բազպաններ, ոտքներին՝ զանգապաններ:


    

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Չէի սպասում դիմադրություն այսպես կատաղի:

ԱՐԾՐՈՒՆԻ

Կատաղությունն այս երկար չի տևի:


    

Մոտենում է մի զինվոր:


    

ԶԻՆՎՈՐ

Տե՛ր Արծրունի, ինչ-որ մի կին

Ցանկանում է քեզ հետ խոսել:

ԱՐԾՐՈՒՆԻ

Վրանիս մոտ թող սպասի:

ԶԻՆՎՈՐ (Վահան Մամիկոնյանին)

Տե՛ր մեծավոր, լուր կա և՛ քեզ.

Ողականից սուրհանդակ է մի նոր եկել:


    

Շապուհի վրանի մոտ: Հայր մարդպետը՝ պարսիկ զինվորի ուղեկցությամբ:


    

ԶԻՆՎՈՐ (վրանը հսկող պահակներին)

Այս մարդը իրեն կոչեց հայր մարդպետ:

Արքային է նա կամենում տեսնել:

ՊԱՀԱԿ

Սպասեք այստեղ: (Մտնում է վրան, դուրս գալիս և մարդպետին ուղեկցում Շապուհի մոտ: Մարդպետը ներս է մտնում և ծնրադիր գլուխ խոնարհում):


    

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Մարդպե՞տ...

ՄԱՐԴՊԵՏ

Ես եմ, այո՛, տեր:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Քեզ ի՞նչն է ինձ մոտ բերել,

Հա՛յր մարդպետ, այնպիսի ժամի,

Երբ թշնամի ենք դարձած ոխերիմ:

Երբ փակ են ձեր տան դռներն իմ առջև:

ՄԱՐԴՊԵՏ

Արքայի՛ց արքա,

Բարի լուրով եմ ես եկել այստեղ:

Բաց են ամրոցի դռները արդեն:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (ապշած)

Բաց են դռնե՞րը:

Թե չհաստատվի ասածդ հանկարծ

Հենց այդ դռներից ես քեզ կկախեմ:

ՄԱՐԴՊԵՏ

Ինչպե՞ս կարող է լուրն անհավաստի

Նվաստս հայտնել արքային պարսից:

Դռներն իսկապես բաց են, տիրակա՛լ:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

Ինչպե՞ս հասկանամ:

ՄԱՐԴՊԵՏ

Ինչ-որ մահաբեր մի հիվանդություն

Դատարկել է ողջ ամրոցը վաղուց:

Մի քանի մարդ կա հիմա լոկ այնտեղ

Եվ Փառանձեմը՝ թագուհին հայոց,

Որը ինձ անսաց, դարպասը բացեց:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ

(Լսածից զարմացած՝ մի պահ լռում է):

Ձեր բարի կամքը

Չափազանց շատ է ուշացել, մարդպե՛տ:

Այն հիմա արդեն քայլ է ճարահատ

Եվ խիստ պարզունակ...


    

Չի՛ լինի այժմ ոչ մի ներում ձեզ:


    

Մարդպետը հայացքը բարձրացնում, նայում է Շապուհին...


    

Մերուժան Արծրունին մոտենում է իր վրանին և տեսնում կնոջը՝ Խանդուխտին:


    

ՄԵՐՈՒԺԱՆ

Խանդո՞ւխտ: Դու այստե՞ղ:

Եթե տեսնեի իմ վրանի մոտ մորս հանգուցյալ,

Թերևս այսքան չէի զարմանա:

Քո տեսքը, սակայն, նման է գույժի:

(Մտնում են վրան: Մերուժանը մոտենում է,

որ գրկի, բայց կինը չի թողնում):

Փակո՞ւմ ես դու քո գիրկը իմ առջև:

ԽԱՆԴՈՒԽՏ

Գիրկն իմ օծված է հայոց մեռոնով...

ՄԵՐՈՒԺԱՆ (խռովված)

Եկել ես այստեղ՝ ինձ տալու դասե՞ր:

ԽԱՆԴՈՒԽՏ

Ես եկել եմ, որ քեզ ուշքի բերեմ:

Դարձի՛ր, Մերուժա՛ն, ճանապարհից այս:

ՄԵՐՈՒԺԱՆ

Ճանապարհից այս չկա հետադարձ:

ԽԱՆԴՈՒԽՏ

Ուրեմն հավերժ, հավերժ կանիծվի

Արգանդը քո մոր:

ՄԵՐՈՒԺԱՆ

Օրհնվում է միշտ

Թագավոր ծնած արգանդը, Խանդո՛ւխտ:

ԽԱՆԴՈՒԽՏ

Ի՞նչ են կոչելու զավակներին մեր:

ՄԵՐՈՒԺԱՆ

Արքայազուններ կկոչեն հարկավ:

ԽԱՆԴՈՒԽՏ

Աղաչում եմ քեզ...

ՄԵՐՈՒԺԱՆ

Կես ճանապարհից սովոր չեմ շրջվել:

ԽԱՆԴՈՒԽՏ

Մե՛կ էլ մտածիր:

ՄԵՐՈՒԺԱՆ

Ի՛նքդ մտածիր, եթե ուզում ես դառնալ թագուհի:

ԽԱՆԴՈՒԽՏ

Դու այդ սև գահին երբեք չես հասնի:

ՄԵՐՈՒԺԱՆ

Ոտքս դրել եմ արդեն սանդուղքին:

ԽԱՆԴՈՒԽՏ

Խաբկանք է դա լոկ:

Պատրանք է միայն:

Գահն էլ հո սիրուն կի՞ն չէ, Մերուժա՛ն,

Որ Շապուհը քեզ տա իբրև նվեր,

Ինչպես քրոջն իր,

Քո Որմիզդուխտին...

ՄԵՐՈՒԺԱՆ

Անիծո՞ւմ ես ինձ:

ԽԱՆԴՈՒԽՏ

Ես եկա միայն, որ զգուշացնեմ...


    

Վահան Մամիկոնյանը՝ վրանում: Ընդունել է սուրհանդակին:


    

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Տիկինն ասաց, որ Սամվելը վրդովված է:

Այն էլ՝ սաստիկ:

Չի հանդուրժում ատրուշանը:

Դարձել է խիստ դյուրագրգիռ:

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Որտե՞ղ է նա հիմա, գիտե՞ս:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Ողականից նա դուրս եկավ ինձնից առաջ:

Ասաց՝ հայտնեմ,

Որ ուզում է քեզ հանդիպել:


    

Արտագերսի պարիսպների մոտ: Պարսկական մի զորախումբ հասնում է բաց դարպասին և, այս ու այն կողմ նայելով, ներս մտնում:


    

Բերդի ներսում: Պարսիկ զինվորները ելումուտ են անում դատարկ սենյակները: Ջարդում են, թալանում: Ոտնատակ են տալիս խաչեր ու խաչվառներ, մագաղաթներ ու նկարներ: Մի քանի զինվոր մտնում է գահասրահ, որտեղ գահի վրա նստած է թագուհին՝ շրջապատված նաժիշտներով: Այնտեղ են նաև Դրաստամատ ներքինին, Մանվել Մամիկոնյանն ու բերդապետ Տիգրանը, որոնք, սրերը հանած, ուզում են թագուհուն պաշտպանել, բայց նա հասկացնում է, որ հարկավոր չէ:


    

ՄԻ ԶԻՆՎՈՐ

Այստե՜ղ է թագուհին, այստե՜ղ:

ԱՅԼ ԶԻՆՎՈՐ (ծաղրանքով)

Ողջո՛ւյն՝ բամբիշին:


    

Մի քանի հոգի անմիջապես ձերբակալում է Դրաստամատ ներքինուն, Մանվել Մամիկոնյանին ու բերդապետ Տիգրանին:


    

ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Տեսեք՝ ինչպես է հայոց թագուհին արդեն դողդողում:

ԱՅԼ ԶԻՆՎՈՐ

Ցանկությունից է:

Պառկել է ուզում: (Ընդհանուր ծիծաղ):


    

Թագուհին, հանձնվելու համար կարծես զղջալով, փորձում է դաշույնով լինել ինքնասպան, բայց զինվորները ձեռքը բռնում են:


    

ՁԵՌՔԸ ԲՌՆՈՂ ԶԻՆՎՈՐ

Չէ՛, թագուհի՛, այսպես չեղավ:


    

Շապուհի վրանում: Զեկուցում է մի զորավար:


    

ԶՈՐԱՎԱՐ

Արեգակին բարձակից արքա՛ արքայից,

Արտագերս ամրոցն ընկած է արդեն,

Հայոց Փառանձեմ թագուհին՝ գերված:


    

Եթե կամենա արքան արքայից,

Հենց այս իսկ պահին կներկայացվի

Տիկինը տիկնանց:

ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (փայլող աչքերով)

Հայոց թագուհի՜ն...

Բամբի՜շը հայոց...

Վրա՛նս բերեք:


    

Այդ գեղեցկուհուն

Նախ կվայելեմ ես արքայաբար,

Իսկ հետո, որպես ռազմի ավար,

Զորքին իմ կտամ:


    

Հայոց թագուհին պատիվն է հայոց.

Թող պղծի նրան իմ ամեն զինվոր:

Հայոց թագուհի՛ թող որ վայելի

Զինվորը պարսիկ:


    

Քառատրոփ սլանում է մի հեծյալ: Մտնում է հայոց բանակի մեջ և մոտենում Մուշեղ Մամիկոնյանին:


    

ՀԵԾՅԱԼ

Տե՛ր Մամիկոնյան, Արտագերսն ընկավ:


    

Բոլորը մի պահ քարանում են: Տիրում է ողբերգական լռություն: Սկսվում է սոսկալի փոթորիկ: Մի հաստաբուն ծառ կոտրվում է...


    

Պարսից բանակում: Շապուհի վրանից թագուհուն դուրս են հրում: Նրան ծաղրում ու անարգում են զինվորները: Երկու հոգի բռնում են ձեռքերը, մեկ ուրիշն ուզում է հանել պատռված զգեստը:


    

ՀԱԳՈՒՍՏԸ ՀԱՆՈՂ ԶԻՆՎՈՐ

Այս շորերը քեզ հարմար չեն գալիս:

(Դաշույնով օձիքը բացում է):

Ա՛յ, լավ է այսպես:

ԿԱՐԵՆ (այդ զինվորին)

Շատ ես շտապում:

Զո՛րք, հապա շարվի՛ր: (Զորքը շարվում է):

Հայոց թագուհու մերկությունը մենք

Բոլորիս առաջ հիմա կբացենք:

(Զինվորները շարունակում են թագուհու ձեռքերը պահել բռնած: Կարենը մոտենում և սրով հագուստները պատռում-հանում է):


    

ՄԵԿ ԱՅԼ ԶՈՐԱԳԼՈՒԽ

Բերե՛ք Արշակի դրոշը այստեղ:


    

Դրոշը փռում են գետնին, թագուհուն նետում դրոշի վրա...


    

Վան քաղաքում: Միջնաբերդի սենյակ: Պատուհանի մոտ նստած է Համազասպուհին: Կարդում է ինչ-որ մատյան: Ներս է մտնում դայակը՝ ձեռքին մագաղաթ:


    

ԴԱՅԱԿ

Տիրուհի՛, դպիրը Մար Աբաս Կատինայի մատյանն է թարգմանել: Ասում է՝ այստեղ պատմություններ կան նաև մեր մասին:


    

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ (նոր բերած մատյանը նայելով)

Իսկ ի՞նչ լուր կա մեր աշխարհից, Անահի՛տ:

ԱՆԱՀԻՏ

Միայն բոթ, տիկի՛ն: Քիչ առաջ եկավ լրաբեր: Թագուհին բացել է դարպասն ամրոցի, կամավ հանձնվել: Թշնամին արդեն մեզ է մոտեցել:


    

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ (Կարճատև լռությունից հետո կարդում է):

«Աղեղնավոր Հայկը պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է Բելի կրծքին, և սլաքը, շեշտակի թափ անցնելով նրա կրծքի միջով, գետին է խրվում»:

Այսպես է եղել, Անահի՛տ, կլինի այսպես:


    

Հայաստանն ասպատակող պարսկական զորքեր, որոնց առաջնորդում են Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը:

Կոտորած: Հրդեհ: Տեղահանում: Հոծ խմբերով գերիներ:

Գերեվարված մի խմբի մոտ:


    

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (Նայում է գերիներին և դիմում նրանցից մեկին):

Ի՞նչ է անունդ:

ԳԵՐԻ

Զվիթ են կոչում:

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Տեսնում եմ, որ դու հավատի մարդ ես:

Հպատակ դարձիր ճշմարիտ Աստծուն,

Ստացիր ներում:

ԶՎԻԹ

Գա՛ռ իմ մոլորյալ,

Չի կարող երբեք հավատի մարդը

թողնել իր հոտը:

Նա կյանքը պիտի հոտին իր զոհի:

Շնորհակալ եմ քո գթությունից:

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Սատկիր ուրեմն, ինչպես քոսոտ շուն: (Հեռանում է):


    

Ներսես կաթողիկոս, Հուսիկ և Փավստոս եպիսկոպոսներ:


    

ՀՈՒՍԻԿ

Տե՛ր հոգևոր,

Միաբանման ջանքերը մեր անցան իզուր:

Մեր բազմաթիվ նախարարներ մնացին խուլ:

Քո կոչն անգամ հորդորալի

Հնչեց որպես ձայն բարբառո հանապատի:

ՓԱՎՍՏՈՍ

Իսկ ժամը արդեն օրհասական է:

Պարսիկ բորենին հոտի մեջ մտել ու հոշոտում է:

ՀՈՒՍԻԿ

Քաղաք քաղաքի հետևից առնում,

Բնակչությանը սրի են քաշում:

ՓԱՎՍՏՈՍ

Ինչը կարող են քանդել, քանդում են:

Ինչը կարող են այրել, այրում են:

ՀՈՒՍԻԿ

Վանքերի տեղում մեհյան են շինում:

ՓԱՎՍՏՈՍ

Քահանաներից պահանջում են, որ մոգություն անեն:

Մեր հավատավոր կանանց* անարգում,

Սրբապղծում են:

ՀՈՒՍԻԿ

Ով չի կամենում հպատակ դառնալ իրենց կրոնին,

Քաշում են սրի կամ տանում գերի:

-----------------------------------

*Տերմին է կույսերի և մայրապետների համար:


    

Կաթողիկոսը մղձավանջային երազի պես հիշում է իր մոտ եկած պատվիրակությանը:


    

ՏՄՈՐԻՔԻ ՏԵՐ

Մենք այլևս չենք կարող դիմանալ ու ոչ էլ՝ կռվել:

ԻՆՉ- ՈՐ ՄԵԿԸ

Ավելի լավ է, որ հպատակվենք պարսից արքային,

Քան թե Արշակին:

ՄԻ ԿՈՒՍԱԿԱԼ

Եթե Արշակը ուզում է կռվել,

Թող Վասակի հետ կռվելու գնա:

ԱՐՑԱԽԻ ՏԵՐ

Մեզնից ոչ մեկը չի սատարելու այլևս նրան:


    

Շարունակվում է նախորդ դրվագը:


    

ՀՈՒՍԻԿ

Արտագերսն արդեն դարձել է ավար:

Թագավորական գանձարանից էլ ոչինչ չի մնում:

ՓԱՎՍՏՈՍ

Ավերված են արդ

Վաղարշապատը,

Երվանդաշատը,

Զարեհավանը,

Զարիաշատը,

Շահապիվանը,

Վանը...

ՀՈՒՍԻԿ

Բնակչությունը բյուր հազարներով գերի է տարվում:

ՓԱՎՍՏՈՍ

Մեր աշխարհը դեռ չէր տեսել ցայսօր

այսպիսի աղետ:

ՀՈՒՍԻԿ

Տեղահանություն չէր եղել նման:

ՓԱՎՍՏՈՍ

Մի աննախադեպ դաժանությամբ է Շապուհը լցված:

ՀՈՒՍԻԿ

Գերված այրերին նա ոտքի տակ է տալիս փղերի,

Կանանց ու մանկանց՝ հանում ցցերի:


    

Երևում են համապատասխան դրվագներ: Պարսիկ զինվորները շղթայակապ տղամարդկանց գցում են փղերի առաջ, որոնց նրանք կնճիթներով բարձրացնում ու խփում են գետնին, կատաղորեն տրորում: Մեկ այլ տեղում ցցի են հանում գերիներին:


    

ՀՈՒՍԻԿ (Շարունակում է)

Մեր ազնվական տիկնանց մերկացնում

Ու նստեցնում է հրապարակի երկու կողմերում:

Անցնելիս աչքը ում հավանում է,

Տանում է իր մոտ պիղծ խառնակության:

ՓԱՎՍՏՈՍ

Սրի է քաշել հրեշն այդ բոլոր այրերին Սյունյաց:

Կանանց անարգել ու սպանել է,

Երեխաներին՝ ներքինիացրել:

ՀՈՒՍԻԿ

Չհպատակված մեր իշխանների

Կանանց պահում են ամրոցների մեջ:

Մազդեզանց հավատն ով չի ընդունում,

Կախել են տալիս նրան պարսպից:


    

Վան քաղաքի միջնաբերդում: Համազասպուհի և բերդակալ:


    

ԲԵՐԴԱԿԱԼ

Ես հրամանը ունեմ քո եղբայր Մամիկոնյանի:

Քեզ դաժան մահով կտամ սատակել,

Եթե այսուհետ կրակ չպաշտես:

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ

Ասել եմ ես քեզ ի սկզբանե, որ ավելի շուտ

Ձեր մոգերն իրենց կաշին կփոխեն:

ԲԵՐԴԱԿԱԼ

Խոսելուց առաջ թագուհուդ հիշիր:

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ

Եվ դու էլ հիշիր,

Որ եղբայրը իմ Վասակն է եղել,

Իսկ որդուն նրա կոչում են Մուշեղ:

ԲԵՐԴԱԿԱԼ

Քո մերկ մարմինը

Ես կախել կտամ այս աշտարակից:

Մերկությունդ թող ամեն շուն տեսնի:

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ

Դիվական վարքով ինձ չես վախեցնի:

ԲԵՐԴԱԿԱԼ

Սև ագռավները կհանեն քո այդ սիրուն աչքերը:

Կփտես՝ կախված դու աշտարակից:

Մտածի՛ր, տիկի՛ն Համազասպուհի:

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ

Արդեն ասացի:

ԲԵՐԴԱԿԱԼ (Կանչում է):

Դահի՛ճ:


    

Հայկական ասպախումբ: Մաղխազ Խոռխոռունի, Պարգև Ամատունի, Բատ Սահառունի, Նոյ իշխան, Սամվել, Գազավոն և Դարայ սեպուհներ:


    

ԱՄԱՏՈՒՆԻ

Մեր օգտին չէ ոչինչ:

ՆՈՅ

Սատանան գործը իր լավ է տեսել: Պարսկաստանը լեզու է գտել քուշանների հետ, Բյուզանդիան՝ գոթերի, ու երկուսի համար էլ պահը հարմար է, որ մեզ վրա հիմա սրերը փորձեն:


    

ԳԱԶԱՎՈՆ

Եվ ավելացնենք, որ պառակտված է մեր իշխանությունը:

ԱՄԱՏՈՒՆԻ

Մեր շատ նախարարներ չեն ուզում դարձյալ հպատակ լինել մեր արքաներին, հլու-հնազանդ քաշում են սակայն լուծը օտարի:


    

ՆՈՅ

Իրավ այդպես է: Նրանցից ոմանք հարել են հույնին, ոմանք՝ պարսիկին:


    

ԱՄԱՏՈՒՆԻ

Ե՛վ պարսիկը, և՛ հույնը ամեն բան անում են քողի տակ հավատի, բայց երկուսի համար էլ հավատը պատրվակ է: Մեր արքան թեև երիտասարդ է, բայց այս ամենը լավ հասկանում է:


    

ԲԱՏ

Իմ սրտով չէ, Պարգև՛, որ թաքնվում է մեր թագավորը: Արքան միշտ պիտի իր գահին լինի կամ էլ՝ նժույգին:


    

ԱՄԱՏՈՒՆԻ

Իսկ ի՞նչ կփոխվեր, թե գահին լիներ Արտագերսի մեջ:


    

ԲԱՏ

Թագավորը երբ գահին չի նստում, ժողովուրդն իրեն անտեր է զգում:


    

ԴԱՐԱՅ

(Զգացվում է, որ բորբոքված է): Իրավ ես դու, Բա՛տ: Իրավ է ասում նաև Պարգևը: Բայց չմոռանանք, որ մինչև հիմա դրսի թշնամին չի կարողացել մեզ հաղթել մենակ: (Ներկաները թեթևակի նայում են Սամվելին, որը ներքուստ վրդովվում, բայց իրեն զսպում է): Մենք մեր վրեժը նախ պիտի առնենք ներքին թշնամուց, որ մեզ չհանի ցցերի վրա ու մեր վանքերը չդարձնի մեհյան:


    

ՍԱՄՎԵԼ

Սո՛ւս մնա, Դարա՛յ:

ԴԱՐԱՅ

Ի՞նչ է, հուզվեցի՞ր: Որ հայրդ ու քեռիդ թշնամին են մեր, չի հուզում դա քեզ: Նա, ով մորեմերկ տալիս է կախել անգամ քրոջն իր, դևի ծնունդ է և ոչ թե հայի:


    

ՍԱՄՎԵԼ

Քո չափը զգա...

ԴԱՐԱՅ

Ի՞նչ չափ, իշխանի՛կ, երբ մայրդ էլ արդեն դարձել է պարսիկ: (Ուզում են հարձակվել մեկմեկու վրա, բայց մյուսները միջամտում են):


    

Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը՝ պարսից բանակում, ձիերով:


    

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Արձակել եմ նոր հրաման՝

Այրե՛լ բոլոր տները այն,

Ուր կլինի քրիստոնյա:

ԱՐԾՐՈՒՆԻ

Կա՛մ մեհյաններ պիտի հիմնեն,

Կա՛մ էլ՝ մեռնեն:

Այլ ելք չունեն:

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Չեմ հասկանում,

Թե դեռ ինչու չեն հանձնվում:

Հույսն էլ ո՞վ է սրանց մնում:

ԱՐԾՐՈՒՆԻ

Արտագերսը վկա, Վահա՛ն,

Իրենց աստված ու Պապ տղան,

Որը պիտի իր պապերի

Վարձը ամբողջ ինձ վճարի:

Գիտես, ինչպես դրանց ձեռքով

Կոտորվեց մեր ցեղը ամբողջ:

Չի հանդարտվի արյունը իմ երակներում,

Վրեժը իմ թե չլուծեմ:

Որտեղ էլ որ Պապ կոչեցյալն այդ թաքնվի,

Գլուխը իմ սրից կընկնի:

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Դավանում են մի սուտ հավատ,

Այն էլ՝ սրով պարտադրված:

ԱՐԾՐՈՒՆԻ

Պարտադրված կլինեն արդ

Ուրանալու հավատն էլ այդ:


    

Մոտենում է մի զինվոր և դիմում Մամիկոնյանին:


    

ԶԻՆՎՈՐ

Տե՛ր իմ, հենց նոր եկավ բանբեր:

Սամվել իշխանն ասել է, որ անտառի մեջ՝

Աղբյուրի մոտ, կսպասի քեզ:

ԱՐԾՐՈՒՆԻ

Մոլորված որդին վերադառնում է կարծես հոր գիրկը:


    

Սամվել Մամիկոնյանը թիկնապահի՝ Աբելի հետ՝ անտառի ճանապարհին: Հեռվում երևում է պարսից բանակը, որտեղ զինվորները ծանակում են մի խումբ աղջիկների:


    

ՍԱՄՎԵԼ

Գոհա՞րն էլ այնտեղ էր, Աբե՛լ:

ԱԲԵԼ

Այնտեղ էր, Սամվե՛լ:

ՍԱՄՎԵԼ

Նրանց մե՞ջ:

ԱԲԵԼ

Չէ՛, իշխան:

ՍԱՄՎԵԼ

Կանանոցի՞:

ԱԲԵԼ (գլուխը պտտելով)

Նա փրկվեց, ասպե՛տ... իր սրով:

ՍԱՄՎԵԼ

Փրկվեց...

Իսկ ինձ փրկություն չկա այլևս:

(Հայացքն ուղղում է վեր):

Ներիր ինձ, Գոհա՛ր իմ...


    

Պարսից բանակում: Զինվորները գերված աղջիկներից պահանջում են մերկանալ: Ով հրաժարվում է, սպանում են: Սամվելն ու թիկնապահը նայում են անզոր կատաղությամբ: Մի աղջկա մերկացնում են բռնությամբ, մեկ ուրիշին՝ գլխատում: Մի քանիսն ուշաթափ ընկնում են:

Սամվելը, այլևս չկարողանալով նայել, գլուխը շրջում է: Մի որոշ ժամանակ գնում են լուռ: Պարսից բանակից ծուխ է բարձրանում:


    

ԱԲԵԼ

Այրում են...


    

Սամվելը, ձին խթանելով, շրջվում է անտառի կողմը:


    

Վահան Մամիկոնյանը՝ համհարզի հետ, աղբյուրի մոտ:


    

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Մենք արդեն հասանք, բայց տղաս չկա:

ՀԱՄՀԱՐԶ (Նայում է շուրջը: Լսվում է ձիերի դոփյուն):

Գալիս է, ահա՛:


    

Վահան Մամիկոնյանը ձիուց ցատկում է և գնում Սամվելին ընդառաջ: Նրա համհարզն ու Աբելը հեռանում են:


    

ՎԱՀԱՆ

Վերջապես ես իմ տղային գտա:

(Ուզում է ողջագուրվել, բայց Սամվելը խուսափում է):

ՍԱՄՎԵԼ

Շատերը, սակայն, չեն գտնում արդեն

Ո՛չ տղաներին ու ո՛չ հայրերին:

ՎԱՀԱՆ

Դու տենդի մեջ ես:

Արյունով են լի աչքերդ, տղա՛ս:

Այրվում է դեմքդ:

ՍԱՄՎԵԼ

Հիմա մեր ամբողջ՝

Արյունով լցված երկիրն է այրվում:

ՎԱՀԱՆ

Քեզ մոլորված եմ տեսնում ես, Սամվե՛լ:

Երիտասարդ ես,

Իսկ իմ մազերը սպիտակում են։

ՍԱՄՎԵԼ

Ասում են՝ շատ էր սպիտակ նաև

Պարսպից կախված Համազասպուհին:

ՎԱՀԱՆ

Իսկ դա քեզ արդեն չի՛ վերաբերում:

ՍԱՄՎԵԼ

Ասում են՝ նրան տեսնելու համար

Միջնաբերդ էին շատերը գնում:

ՎԱՀԱՆ

Ասում եմ՝ վե՛րջ տուր:

ՍԱՄՎԵԼ

Վե՞րջ տամ:

Այո, վե՛րջ,

Վե՛րջ տվեք, հա՛յր իմ:


    

Քիչ առաջ տեսա, թե ինչպես էին

Քո զինվորները աղջիկներ մորթում:

ՎԱՀԱՆ

Ես ասացի, որ դու մոլորված ես:

ՍԱՄՎԵԼ

Ինչպե՞ս կարող է չմոլորվել նա,

Ում հայրն ու մայրն են դարձել դավաճան:

ՎԱՀԱՆ

Խելքդ չի կտրում՝ լավ է, որ լռես:

Իմացիր, որ մեզ միայն պարսիկը

կարող է փրկել:

Շապուհը դեմ չէ,

Որ դու էլ իր մոտ զորական լինես:

ՍԱՄՎԵԼ

Ծաղրո՞ւմ ես դու ինձ:

Շապուհը թող որ արքաներ բանտի՝

Խաբելով նրանց:

Թող որ նենգությամբ

Սպարապետներ անի մորթազերծ,

Կին բռնաբարի:


    

Ես եկել եմ, հա՛յր, քեզ ասեմ մեկ բան.

Դու մեր ճակատին

Ուրացողի սև խարան մի՛ դաջիր:

ՎԱՀԱՆ

Այդ ո՞ւմ վրա ես բղավում այդպես:

ՍԱՄՎԵԼ

Ես խնդրում եմ քեզ:

Հորդորում եմ, հա՛յր...


    

Պահանջո՛ւմ նաև...

ՎԱՀԱՆ

Սպառնո՞ւմ ես դու:

Սպառնում ես ի՞նձ:

ՍԱՄՎԵԼ (Ձեռքը տանում է սրին):

Պահանջում եմ ես մի վերջին անգամ...


     Շարունակելի


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
506 | 0 | 0
Facebook