ՁԻ-ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Անտառում որոշվեց հաշվառում անցկացնել: Բոլոր կենդանիներից պահանջվեց ներկայանալ: Հերթը հասավ ձիուն: – Իհի՜... Իհի՜, – առույգ վրնջաց ձին, հրապարակում մի քանի պտույտ գործեց ու մոտեցավ հանձնաժողովին: Անմիջապես զգացվեց, որ դա հանձնաժողովի անդամների՝ ավանակի, այծի ու աղվեսի դուրը չեկավ: – Դու ո...ո՜վ ե...եե՜ս, – մկկալով հարցրեց այծը: Ձին զարմացավ. – Մի՞թե չի երևում։ Ես ձի եմ։ Նժո՛ւյգ: – Եվ նորից խրխնջաց՝ իհի՜... իհի՜: – Ձի՞ ես, – նախանձով խոսեց ավանակը: – Ի՜նչ տարօրինակ հարց, – կրկին զարմացավ ձին: – Մենք դա պիտի ստուգենք, պարոն ձի, – գործի մեջ մտավ աղվեսը: – Ի՞նչը ստուգեք, – բղավեց նժույգը: – Այդ ո՞վ չգիտի, որ ես ձի եմ: Արդեն բյուր հազար տարի է՝ կամ: Բոլորը գիտեն, որ ես ձի եմ, նժո՜ւյգ: Իհի՜... իհի՜, – նորից խրխնջաց ձին: – Մեե...ենք դա պիտիիի նայեենք Կենդանինեե...րի համաշխարհայիիին միուության օրենսգրքիիի մեեեջ: Տեսնեենք՝ Դուք համապատասխաա...անում եք այնտեղ նշվաա...ած՝ ձի-ու սահմանմաաա...նը, – կրկին մկկալով խոսեց այծը և բացեց մի հաստափոր գիրք: Ձին, շփոթված, չիմացավ՝ ինչ խոսի: – Ձ... Ձ... Ձ..., – գրքում «Ձ» տառը փնտրեց այծը, – Ձի: – Վերջապես գտավ ու մտքում սկսեց կարդալ... Քիչ հետո գիրքը տվեց ավանակին ու նրա ականջին ինչ-որ բան մկկաց: Ավանակը կարդաց և տվեց աղվեսին: Երբ սա էլ կարդաց, նրանք փսփսոցով անցկացրին ինչ-որ խորհրդակցություն, և ավանակն իրենց կարծիքը բարձրաձայնեց. – Ըստ Կենդանիների համաշխարհային միության օրենսգրքի, պարոն ձ..., – ավանակը խոսքն ընդհատեց՝ զգալով, որ սխալվեց: – Պարո՛ն: – Ինքն իրեն ճշտեց նա: – Դուք ձի չեք: – Ի՞նչ, – աչքերից հարցականներ ժայթքեց ձին: – Ըստ օրենսգրքի սահմանման, – խոսեց աղվեսը, – ձիու բաշը պիտի լինի ոսկե, նա պիտի ունենա արծաթե ատամներ ու կարողանա վազել 100 կիլոմետր ժամ արագությամբ: – Իսկ Ձե...եր ատամնեե...րը, ինչպեեես տեսնուու...ում եմ, արծաթիիից չեն, բա...աաշը ոսկուուց չէ, և արագուու...թյունն էլ 60 կիլոոոմետր ժաամը չի անցնուում, – մկկաց հանձնաժողովի հեղինակավոր անդամը: – Այդ ի՞նչ եք ասում: Ի՞նչ սահմանում: Դեն նետեք այդ գիրքը: Ի՞նչ համաշխարհային միություն, ի՞նչ օրենսգիրք: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես ձի եմ նախապատմական ժամանակներից: Իհի՜... իհի՜, – կրկին ցասկոտ վրնջաց ձին: – Բայց դա Ձեր կարծիքն է Ձեր մասին: Իսկ ահա այս օրենսգրքի սահմանմանը չեք համապատասխանում: Բնականաբար, ձի չեք, – իր կարծիքը կրկին առաջ մղեց երկարականջ փիլիսոփան: – Թեև չի...իի բացառվու...ուում, որ Դուք հետոոո՝ զարգանաա...լով դառնաա...աք ձի, բայց ա…այս պահիիին..., – նորից մկկաց այծը՝ խոսքը թողնելով անավարտ: – Բայց... Բայց դա անհեթեթություն է, – ապշանքից ուշքի չեկած՝ հազիվ խոսեց ձին: – Ի՜նչ, – արդեն բարկացավ աղվեսը: – Ուրեմն, Ձեր կարծիքով, համաշխարհային միության օրենսգրքում անհեթեթություննե՞ր են գրված: – Դե..., – չիմացավ՝ ինչ ասի ձին: – Բայց ախր ես ձի եմ: Իսկական նժույգ: Իմ բոլոր պապերը այդպես են կոչվել: – Հարգելի՛ս, – նորից խոսեց ավանակը, – այդ անցյալում են կոչվել: Ժամանակն առաջ է գնում, աշխարհը փոխվում է: Այնպես որ, Դուք հիմա ձի չեք: Ձի-ու այս սահմանմանը չեք համապատասխանում: – Բայց սխալ է այդ սահմանումը: Փոխեք գրածը, ճշտեք, – վրդովվեց ձին: – Ես եմ իսկական ձին, ուրեմն այնպես գրեք սահմանումը, որ ա՛յն համապատասխանի ինձ և ոչ ես՝ նրան: – Այդ ի՞նչ ես ասում, – առարկեց աղվեսը: – Գիտե՞ս՝ քանի փիլիսոփա է տքնել, որ գտնի այս ձևակերպումը: – Իսկ դու ասուու...ում ես՝ սխա...ալ է, – կրկին ձիու նյարդերը սղոցեց այծի մկկոցը: – Լավ, հիմա ես ի՞նչ եմ, – հարցրեց ձին: – Մենք դեռ կուսումնասիրենք Կենդանիների համաշխարհային միության օրենսգիրքը, պարոն ձ..., – այս անգամ էլ խոսքը կիսատ թողեց աղվեսը: – Պարո՛ն: Կտեսնենք, թե կենդանիներից որի՛ սահմանմանն եք համապատասխանում, և Ձեզ կտանք համապատասխան անուն: – Այսինքն, կարող է՝ ես ձի չկոչվե՞մ, – տարակուսեց ձին: – Ձի-ու սահմաա...անումին հիմա համապատասխաա...նում է ավանաա...ակը: Բնականաաբար, Ձեզ կտրվի մի ուրիշ աա...նուն, – իր կարծիքը մկկաց այծը, և ձին միայն նոր նկատեց ավանակի արծաթե ատամներն ու արհեստական ոսկե բաշը... Եվ ասում են, շատ չանցած՝ ձին հիվանդացավ, ուժը պակասեց, այլևս չկարողացավ նախկինի պես վազել ու խրխնջալ, և Կենդանիների համաշխարհային միության փիլիսոփաները նրան օգտագործեցին որպես ավանակի... |