ԱՐԾՎԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ (երկրորդ մաս)
Ձմեռ: Ձյունապատ սարեր, ոռնացող գայլեր, փոթորիկ... Դարբնոցում՝ Մանասպի մոտ, հավաքված է մի քանի զինվոր: Զինագործ-դարբինը սրեր ու սակրեր է կռում, նետի սլաքներ ու զրահ: ՄԱՆԱՍՊ (զինվորներից մեկին մի սուր մեկնելով) Ա՛ռ, Վաղարշ: Ձեռքդ ուժեղ լինի, սուրդ՝ հատու: ՎԱՂԱՐՇ Շնորհակալ եմ, վարպե՛տ: Էս սրով ես հանելու եմ մեր վրեժը: (Լսվում է գայլերի ոռնոց): Լսո՞ւմ եք: Դրանց հետ հաշտություն չկա: Կա՛մ դրանք մեզ պիտի իրենց երախը առնեն, կա՛մ մենք պիտի դրանց անենք շանսատակ: ՄՅՈՒՍ ԶԻՆՎՈՐԸ Այդ ոռնոցը կտրվեց թե չէ, պարսիկ մոգերի ոռնոցն է լսվելու: ՎԱՂԱՐՇ Այ թե կլինե՜ր մեր թագավորը... ՄԱՆԱՍՊ Մեր թագավորը... Ուրի՜շ թագավոր էր մեր թագավորը: (Մի պահ լռելուց հետո պատմում է): Պարսից և հունաց թագավորների կռվի ժամանակ Շապուհը Արշակ արքայի մոտ պատգամավորներ է ուղարկում, թե. «Բարեհաճիր, եղբա՛յր, ինձ օգնել»: Արշակ թագավորը քանի որ պայման ուներ Շապուհի հետ, համաձայնում է օգնության գնալ: Հրաման է տալիս Վասակ սպարապետին իր մոտ շտապել: Եվ Արշակ թագավորն ու Վասակ սպարապետը զորքերով գնում հասնում են այն տեղը՝ Մծբին քաղաքի դիմաց, որտեղ պիտի լինի կռիվը: (Պատրաստած ևս մի սուր մեկնում է այլ զինվորի): Էս սուրը քեզ համար թող նաև վահան լինի: ԶԻՆՎՈՐ Թող չպակասի ձեռքիդ ուժը, վարպե՛տ: ՄԱՆԱՍՊ ...Որ հասնում են այդտեղ, տեսնում են, որ հունաց զորքերը արդեն եկել, բանակ են դրել, իսկ պարսից զորքերը դեռ չեն հասել: Հայոց զորքերը սպասում են, սպասում ու նեղվում իրենց պարապ նստելուց: Չեն համաձայնում սպասել պարսից զորքերի գալուն և ուզում են իրենք միայնակ կռիվը վերջացնել: Լավ են համարում մեռնել, քան օտար աշխարհում ժամանակ սպանել: Եվ հայոց զորքերը Արշակ թագավորի ու Վասակ սպարապետի գլխավորությամբ հարձակվում են ու բոլորին անցկացնում սրի: Դրանից հետո գալիս է պարսից թագավորը, տեսնում հայկական զորքերի գործը ու շատ-շատ զարմանում: Ասում է, թե հայոց թագավորը այնպիսի քաջություն է գործել, որ ուրիշ ոչ ոք չէր կարող գործել: ՎԱՂԱՐՇ Իսկ հիմա եկել է ժամը այդ թագավորի վրեժն առնելու: Կրկին լսվում է գայլերի ոռնաց, փոթորկի ձայն... Ձմռան պատկերն աստիճանաբար փոխվում է: Սկսվում է ձնհալ: Բացվում է գարունը: Լսվում է թռչունների երգ... Թագուհին նայում է պատուհանից: Մի խումբ պատանիներ ու աղջիկներ ծաղիկներ են հավաքում: Հիշում է իր հարսանիքը: Ինքն ու Գնելը հարսնևորների միջով հանդիսավորությամբ անցնում ու բազմում են ոսկեպատ կառքին: Զարդարված կառքը շարժվում է: Ճանապարհի երկու կողմերում կանգնած են հազարավոր մարդիկ... Հուշն ընդհատվում է: Թագուհին մտախոհ քայլում է: Նորից նայում է հեռուն, հիշում... Մի խումբ զինվորներ հարձակվում են Գնելի վրա: Ձիուց գցում են, ձեռքերը կապում ու տանում: Այդ ամենն այնքան արագ ու անսպասելի է կատարվում, որ ինքը չի իմանում ինչ անել: Ճչում է, բղավում, վազում: Ընկնում է Ներսես կաթողիկոսի մոտ: ՓԱՌԱՆՁԵՄ Աղաչում եմ, հայրապե՛տ, հասիր: Տարան, որ սպանեն Գնելին: ԿԱԹՈՂԻԿՈՍ (անակնկալի եկած) Ովքե՞ր տարան: Ո՞ւր: ՓԱՌԱՆՁԵՄ Չգիտեմ, մե՛ծ հայր: Ինձ թվաց՝ արքունի մարդիկ: Աղաչում եմ քեզ, հայտնիր Արշակին: ԿԱԹՈՂԻԿՈՍ Հիմա նրա մոտ կվազեմ, դո՛ւստր իմ: Լսվում է ներս մտած սենեկապետի ձայնը: Հուշն ընդհատվում է: ՍԵՆԵԿԱՊԵՏ Տիկի՛ն տիկնանց, Ապավինել են քո ոտքը Մամիկոնյանն ու Կամսարականը: ԹԱԳՈՒՀԻ Հրավիրի՛ր, սենեկապետ: Սենեկապետը դուրս է գալիս: Մտնում են Մուշեղ Մամիկոնյանն ու Սպանդարատ Կամսարականը: ՄՈՒՇԵՂ (խոնարհվելով) Հարգանացս հավաստիքը, թագուհի՛: ԹԱԳՈՒՀԻ Բարի եկաք, տիա՛րք: Ուրախ եմ ձեզ տեսնել նորից Առողջացած խոր վերքերից: ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Մենք առողջ ենք, մե՛ծն տիկին, Բայց ախտաբեր խորշակներ են գալիս կրկին: ՄՈՒՇԵՂ Պարտությունը այստեղ կրած Շանթահար է դարձյալ արել դևին արյաց: Ինչպես որ մենք կարծում էինք, Չէր հանդարտվի նա իր բնում: Եվ արդ՝ կրկին, Հավաքելով մի վիթխարի զորաբանակ, Իր մոգերով, գնդով մատյան ու փղերով Սահմանին է մեր մոտեցել: ԹԱԳՈՒՀԻ Ես այդ գիտեմ, սպարապե՛տ: Արքունական դրոշի տակ չկամեցան միաբանվել Մեր բազմաթիվ նախարարներ, Ու պառակտված պիտի դարձյալ Մենք թշնամուն դիմակայենք: Արեգն է արդ, շուտով կգա ահեկանը, Բայց Վաղեսն էլ չի կատարել տված խոսքը: ՄՈՒՇԵՂ Կարելի էր ինչ ժողովել, Ժողովեցինք մենք, թագուհի՛: Գումարել ենք մի մարտունակ զորաբանակ: Համոզված եմ, որ արյաց դեմ Այս անգամ էլ կկանգնի մեր ազգը համայն: Կարող ենք մենք առժամանակ Ապավինել ինքներս մեզ: ԹԱԳՈՒՀԻ Ինքներս մեզ ապավինենք, սպարապե՛տ: Ինչ էլ լինի, անփոփոխ է որոշումը իմ մնալու. Կպայքարենք՝ Քանի ունենք դեռ ձեռք ու սուր: Հայաստան է շարժվում պարսից բանակը՝ Շապուհի գլխավորությամբ: Առջևից գնում է այրուձին, ապա՝ հետևակազորն ու գումակը: Բերվում են փղեր, բաբաններ: Բանակը գլխավորում են նաև Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը: Զգալի թիվ են կազմում ճերմակազգեստ մոգերը: ԿԱՐԵՆ (կաղքի երիտասարդ զորավարին) Հասնում ենք արդեն Մեծ Հայքի տարածք: Մի հրասախ է մինչև Գանձակը՝ Սահմանը մեր բուն: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Այսուհետ արդեն չի լինի սահման: Երկիրն այդ պիտի անեմ արնախեղդ: Չպիտի՛ թողնեմ քար քարի վրա: Պատկերը փոխվում է: Զորքերի առջև կանգած՝ Շապուհը դիմում է զինվորներին: ՇԱՊՈՒՀ Բոլոր կանայք ավարն են ձեր: Հայոց արգանդն այսուհետև Թող ծնի լոկ պարսի՛կ զինվոր: Չխնայել ոչ մի հայի, Եթե մեր դեմ սուր կհանի: Կտրե՛լ մեկեն գլուխը այն, Չի խոնարհվի որն առջևը արեգակի Եվ արյաց մեծ գահակալի: Տարոնում: Արածանիի ափին: Հեռվում երևում է Մամիկոնյանների ամրոցը՝ Ողականը: Երկու հեծյալ՝ Վարագն ու Սամվելը, ձիերը չափ գցած՝ ընթանում են իրար ընդառաջ: Հանդիպելով՝ նժույգները ծառս են անում, ապա գնում կողք կողքի: ՍԱՄՎԵԼ Քո դեմքին, Վարա՛գ, տագնապ եմ տեսնում: Ի՞նչն է ստիպել կանչել ինձ այստեղ Հապշտապ այսպես: ՎԱՐԱԳ Նոր արհավիրք է ներխուժել, Սամվե՛լ: ՍԱՄՎԵԼ Ականջները մեր գույժեր այդպիսի սովոր են լսել: ՎԱՐԱԳ Շապուհն այս անգամ զինակիցներ է իրեն դարձրել Քո քեռուն, իշխա՛ն, Մերուժանին ու... ՍԱՄՎԵԼ Ու նաև... ՎԱՐԱԳ Հորդ՝ Մամիկոնյանին: ՍԱՄՎԵԼ (շվարած) Հորս ու քեռուս... ՎԱՐԱԳ Արյաց զորքերով նրանք միասին Ավեր ու մահ են սփռում վերստին: (Մի պահ լռում են: Մոլեգնած հոսում է Արածանի գետը...): Ես գնամ պիտի, տե՛ր Մամիկոնյան, Որ գույժ բարձրացնեմ, Նախապատրաստեմ արհավիրքին մեծ: Դիմացի՛ր, իշխան: (Նժույգն ասպանդակում է և արագ հեռանում: Սամվելը մնում է մտամոլոր...) ։ Հայկական զորամաս: Անդոկ Սյունի և այլ զորականներ: ԶՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ Ճակատ ճակատի բախվելուց պիտի Մենք դեռ խուսափենք: ԱՅԼ ԶՈՐԱԿԱՆ Ինչն անհնար է երբեմն լինում մեծ պատերազմում: ԱՆԴՈԿ Մեծ պատերազմում, ուզես, թե չուզես, Հարկադրված ես լինում շատ հաճախ Մարտափող փչել: Մի հեծյալ բանբեր մտնում է զորքի մեջ և դիմում Անդոկին: ԲԱՆԲԵՐ Իշխա՛ն, թշնամու մի մեծ զորագունդ Այս կողմ է գալիս՝ քաղաքի վրա: Ուր որ է արդեն այստեղ կհասնի: ԱՆԴՈԿ Ի՞նչ է, Շապուհը փոխե՞ց իր ուղին: ԲԱՆԲԵՐ Չփոխեց, իշխա՛ն, Այս կողմ ուղարկեց զորապետ Զիկին: ԱՆԴՈԿ (որպես հրաման) Պատրաստվել մարտի՛: ՄԻ ԶՈՐԱԿԱՆ Մեր ուժերը, տե՛ր, սակավ են հիմա: Դա ասել է թե դեմ դուրս գալ մահվան: ԱՆԴՈԿ Այս պահին, ասպե՛տ, չունենք այլընտրանք. Վտանգի տակ է քաղաքը համայն: (Համհարզներից մեկին) Իշխա՛ն, քաղաքից հեռացրեք շտապ Կանանց ու մանկանց, ծերերին բոլոր: Իսկ ով կարող է բարձրացնել զենք, Թող հետևի մեզ: (Մյուս համհարզին) Մարտափո՛ղ: Արա՛գ: Թշնամուն պիտի ընդառաջ գնանք: Հնչում է մարտափող: Զորքը նետվում է առաջ... Լազիկայի անտառում: Պապ թագավոր, հազարապետ Գնունի և 10-15 զինվորական: ԹԱԳԱՎՈՐ Արդեն անտառի խորքում ենք: Այստեղ էլ զարկենք վրան: ՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ Կլինի, տե՛ր: ԹԱԳԱՎՈՐ (Գնունուն) Թագավորը, հազարապե՛տ, Առանց բանակի թագավոր չէ: Այդ պատճառով էլ ես Անիմաստ եմ համարում Իմ գնալը Արտագերս: ՀԱԶԱՐԱՊԵՏ Շատերը, արքա՛, Դեռ հույս ունեն, որ կգնաս զորքով: Եթե միայնակ դու վերադառնաս, Թևաթափ կանի դա հարկավ նրանց: Ճիշտ է իսկապես, Որ առժամանակ այստեղ սպասես: ԹԱԳԱՎՈՐ Հույնը մեր հողում իր շահը ունի. Չի կարող մնալ դերում դիտողի: Նա ուզում է՝ մեզ պարսիկը կոտրի, Որ հետո ինքը հեշտությամբ իշխի: Ա՛յս է պատճառը, որ չի շտապում: ՀԱԶԱՐԱՊԵՏ Իրավ ես, արքա՛: Չմիջամտել հիմա այս կռվին, Ասել է՝ զիջել արիական գահին: Այդպիսի սխալ հույնը չի անի: ԹԱԳԱՎՈՐ Մենք պիտի, իշխա՛ն, Լինենք խիստ զգույշ և շրջահայաց: Մտադիր չեմ ես երկիր ունենալ Հովանու ներքո մեկ այլ տերության: ՀԱԶԱՐԱՊԵՏ Եվ ստեղծել էր քո հայրը արդեն երկիր այդպիսի: ԹԱԳԱՎՈՐ Այս մասին խոսել դեռ վաղ է հարկավ, Սակայն նկատի պետք է ունենալ: ՀԱԶԱՐԱՊԵՏ Ճիշտ կլինի, որ Նոր դաշնակիցներ մենք հիմա փնտրենք: ԹԱԳԱՎՈՐ Վրաստան արդեն Պատգամավոր եմ այսօր ուղարկել: Նրանք օգնեցին Արշակավանում, Գուցե և օգնեն այս պատերազմում: ՀԱԶԱՐԱՊԵՏ Վիճակը, տե՛ր իմ, փոխվել է հիմա: Դժվար է ասել՝ Ինչ վերաբերմունք նրանք ցույց կտան: ԹԱԳԱՎՈՐ Պատվիրակներ եմ ուղարկել նաև Ղեկաց թագավոր Շերգիրի մոտ և Աղվանաց երկիր՝ Ուռնայր արքայի: Մտադրված եմ բանակցել նաև Քուշանների հետ, Որոնց թագավորն Արշակունի է: Համատեղ հիմա կարող ենք միայն Պայքարել զորեղ ուժի դեմ արյաց: ՀԱԶԱՐԱՊԵՏ Ամենն այդ ճիշտ ես արել դու, արքա՛, Բայց պատերազմում Թույլերն անցնում են կողմը ուժեղի: ԹԱԳԱՎՈՐ Պիտի ամեն ինչ փորձենք, Գնունի՛: Չունենք դրանից կորցնելու ոչինչ: (Մի պահ լռելուց հետո) Դու, հազարապե՛տ, Հիմա շտապիր դեպի Արտագերս: Ասա, թե ինչ եմ մտադիր անել: Ու նաև ասա իմ մայր թագուհուն, Որ ամրոցն ամեն գնով պաշտպանի: ՀԱԶԱՐԱՊԵՏ Հրամանդ, տե՛ր: ԹԱԳԱՎՈՐ Եվ խնդրիր Ներսես կաթողիկոսին, Որ իր խեղճ հոտին տեր կանգնի կրկին: Արտագերսում: Թագուհի, Խոռխոռունի, Մանվել Մամիկոնյան և Խադ եպիսկոպոս: ԽՈՌԽՈՌՈՒՆԻ Երկրի վիճակը տագնապալի է, մե՛ծն տիրուհի: Գահերեցները, շատ նախարարներ ու կուսակալներ Հնազանդած են մնում Շապուհին: Իսկ Սաղամուտը՝ տերը Անձիտի, Մեծ Ծոփքի տիրոջ վատ օրինակով Հպատակվել է հունաց արքային: ՄԱՆՎԵԼ Շապուհը երբեք այսպիսի բանակ չէր հանել մեր դեմ: Բերել է նա իր մատյան գունդը ողջ: ԽՈՌԽՈՌՈՒՆԻ Ինչպես և՝ ամբողջ գունդը փղերի: ՄԱՆՎԵԼ (կատակով) Չի մոռացել և իր կանանոցը: ԽՈՌԽՈՌՈՒՆԻ Արքայի գահը խոստացել է տալ նա Մերուժանին, Սպարապետի սուրը՝ Վահանին: ՄԱՆՎԵԼ (դարձյալ կատակով) Կաթողիկոսի խաչն էլ՝ մոգերին: ԽԱԴ Լեզուդ ինչպե՞ս է պտտվում, իշխա՛ն: Նոր չէ սկսվում պատերազմը այս: Փողը առաջին հնչեց դեռ այնժամ... Տարիներ առաջ: Ներսես կաթողիկոսի մոտ են Աղձնիքի և Գուգարաց բդեշխները, Կողբի, Տմորիքի և Արցախի տերերը, կուսակալներ, այլ իշխանավորներ: Կաթողիկոսից քիչ հեռու կանգնած է Խադ եպիսկոպոսը: ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ Տե՛ր մեր հոգևոր, դու ինքդ գիտես, Որ հանգիստ չունենք պատերազմներից: Մեր երեսների քրտինքը արդեն սրբում ենք սրով: ՏՄՈՐԻՔԻ ՏԵՐ Մենք այլևս չենք կարող դիմանալ ու ոչ էլ՝ կռվել: ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ Ավելի լավ է, որ հպատակվենք պարսից արքային, Քան թե Արշակին: ՄԻ ԿՈՒՍԱԿԱԼ Եթե Արշակը ուզում է կռվել, Թող Վասակի հետ կռվելու գնա: ԱՐՑԱԽԻ ՏԵՐ Մեզնից ոչ մեկը չի սատարելու այլևս նրան: ՄԵԿ ՈՒՐԻՇԸ Մենք այսօրվանից թողնում ենք նրան: ԿԱԹՈՂԻԿՈՍ Մտածե՛ք, տիա՛րք: Թեպետև Աստծո առջև մեղսապարտ, Խիստ հանցավոր է ազգն Արշակունյաց, Բայց Արշակն է ձեզ թշնամուց փրկել: Որքան էլ չար ու բիրտ է Արշակը, Բայց նա ձեր տերն է ու թագավորը: Նրա՛ համար չէ, որ դուք կռվել եք, Այլ ձեր անձերի, կանանց ու որդոց, Աշխարհի՛ համար: (Լսվում է դժգոհության աղմուկ): ՏՄՈՐԻՔԻ ՏԵՐ Այսպես էլ գիտեի: ՄԻ ՍԵՊՈՒՀ Նման խոսքեր էլ չենք ուզում լսել: ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ Իզուր է: Գնանք: ՄԵԿ ՈՒՐԻՇԸ Գնա՛նք: Հավաքվածները հեռանում են: Մնում են Ներսես կաթողիկոսն ու Խադ եպիսկոպոսը: ԿԱԹՈՂԻԿՈՍ Մեր հոտը մոլորված է, Խա՛դ: ԽԱԴ Փրկիր, Տե՛ր, դավաճանություն է սա: ԿԱԹՈՂԻԿՈՍ Մեր դժբախտության պատճառը այն է, որ իշխանավորը չի ընդունում իր թագավորներին: ԽԱԴ Այդ պատճառով էլ թագավորները թշնամի են դառնում իշխանավորին: ԿԱԹՈՂԻԿՈՍ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի, եթե սրանք այսպես դիմեն Շապուհին: ԽԱԴ Աստված հետ պահի այդ ճանապարհից: ԿԱԹՈՂԻԿՈՍ Մենք կարծես թե մեր կործանումն ենք ուզում: Քանի տարի է՝ դպրոց ենք բացում, կուսանոց ենք բացում, անկելանոց ու բորոտանոց ենք բացում, բայց շատերը դարձյալ ուրանում են մեզ: ԽԱԴ Աստծո հավատը նրանց սրտի մեջ դեռ տեղ չի գտնում, դրա համար էլ չարիք է գործվում: (Երկուսն էլ խաչակնքում են): Պարսից բանակում: Մի զինվորական զեկուցում է Շապուհին: ԶԻՆՎՈՐԱԿԱՆ Արքա՛ արքայից, Զիկ զորավարը կռվում մի ահեղ Զորքը թշնամու իսպառ կոտորեց: Գերեվարել է՝ ում ողջ է գտել: Նրանց մեջ նաև Անդոկ Սյունին է՝ Հին ախոյանը արիական գահի: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Հին ախոյանին արիական գահի Ոտնատակ կառնեն հիմա փղերն իմ: Բերեք այստեղ այդ հայկական խոյին: Զինվորները բերում են շղթայակապ ու վիրավոր Անդոկին: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Բասենի աղվե՞ս: Դո՞ւ էիր, որ դեմ եղար իմ կամքին: Դո՞ւ հանդգնաբար Տիզբոն խուժեցիր: ԱՆԴՈԿ (մեղմ ու հանգիստ) Ես հպարտ եմ, որ թագավորն արյաց Չի մոռացել ինձ: Տարօրինակ է սակայն, տե՛ր պարսից, Որ այդ ամենը դեռ չմոռացած՝ Դու նորից հողն ես մտել Արամյան: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Եկել եմ, Անդո՛կ, որ քեզ հիշեցնեմ, Թե ով է պարսից արքայից արքան: Փի՛ղ բերեք այստեղ: (Լսվում է փղերի ձայն): Անհուշ բերդում: Ծանր լռություն: Արշակ թագավորը կանգնում է, քայլում: Լսվում է շղթաների ձայնը: ԹԱԳԱՎՈՐ Ինչո՞ւ չես խոսում, Վասա՛կ, Ինչո՞ւ չես խոսում: Ե՞ս եմ մեռած հիմա, թե՞ դու, Իմ Վասակ: Այս ի՜նչ անեծք էր: Մի՞թե Ներսեսը իսկապես ճիշտ էր: Նա՞ մեզ նզովեց: Չէ՞ որ Ներսեսին ե՛ս դարձրի Ներսես: Հիշում է: Պալատում հավաքված են գահերեցներ, նախարարներ, կուսակալներ, զորապետներ և այլք: Այնտեղ է նաև Վասակ սպարապետը: ԹԱԳԱՎՈՐ Արդ, այրե՛ր մեր պատվական, Ժամանակն է, որ աթոռը հայրական Արժանի տեր ունենա: Որոշել ենք ինչպես մենք, Աթոռին այդ կբազմի Սենեկապետ Ներսեսը մեր: Գրիգորի տնից է նա: Թոռն Հուսիկի: Հարմար է նա ու արժանի Այդ աթոռին: Ներկաները հավանություն են տալիս: Ներսեսը, որ կանգնած է զինվորականի հագուստով, սուրը՝ գոտուց կախ, ընդդիմանալու նշաններ է անում: Անհարմար վիճակի մեջ է ու շփոթված: Մի քայլ առաջ է գալիս ու դիմում թագավորին: ՆԵՐՍԵՍ Շնորհակալ եմ, իմ տե՛ր: Բայց հայրապետի աթոռին ինչպե՜ս Կարող է նստել անարժանն ինձ պես: Ես ի՜նչ կաթողիկոս: Ինձ հարմար են գալիս նետ ու աղեղը, Սուրն այս պողպատե: ՄՈՒՇԿ ՆԱՀԱՊԵՏ Ամեն ինչով էլ դու հարմար ես, Ներսե՛ս: ՄԵՀԵՆ ՆԱՀԱՊԵՏ Այդ սուրբ աթոռին ոչ ոք հարմար չէ՝ Քեզանից բացի: ՍՊԱՆԴԱՐԱՏ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ Միայն դու և վե՛րջ: ՆԵՐՍԵՍ (Ավելի շփոթված: Խոսելու տոնից բոլորն զգում են, որ ստում է): Բայց ես մեղքեր ունեմ, տե՛ր: ԹԱԳԱՎՈՐ Ի՞նչ մեղքեր, մեր հա՛յր: ՆԵՐՍԵՍ Շատ մեղքեր, արքա՛: Կանանց հետ անգամ... (Ներկաները քահ-քահ ծիծաղում են): ՄՈՒՇԿ ՆԱՀԱՊԵՏ Ոչինչ, քո մեղքերը թող մեզ վրա դառնան: ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ Ա՜յ թե մեղսավորն ես: ԹԱԳԱՎՈՐ Քո մեղքերին հիմա մենք թողություն կտանք: Մոտեցիր հապա: (Ներսեսը մոտենում է: Թագավորն արձակում է նրա ոսկե պատյանով սուրը և վերցնում): Իսկ հիմա կտրե՛ք գանգուր մազերը, Հանե՛ք պատմուճանը, կրոնավորի զգեստ հագցրեք: Ներսեսը մնում է շվարած: Ծառայողները կատարում են հրամանը: Հուշն ավարտվում է: ԹԱԳԱՎՈՐ Մի՞թե իսկապես ես սխալվեցի... Արտագերսը պաշարած պարսից բանակը: Շապուհ, զորագլուխներ Կարեն և Վարազ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Համառում ու չեն հանձնվում: Էլ ի՞նչն է այս արմենների հույսը մնում: ԿԱՐԵՆ Վերջին հույսը այս նզովյալ ժողովրդի Թագուհին է իրենց մնում: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Քանի դեռ մենք չենք կործանել Պարիսպները այս ամրոցի, Հայոց գահը չի խորտակվի: ՎԱՐԱԶ Սասանվում է այդ գահն արդեն, արքայա՛ց տեր: Շուտով կիջնի ծնկի նաև գեղեցկուհին արմենների: Արտագերսում: Թագուհի, Խոռխոռունի, Մանվել Մամիկոնյան և բերդապետ Տիգրան: ՄԱՆՎԵԼ Մարտը ծանր էր, թագուհի՛: Այսօր շատերին կորցրինք: ԹԱԳՈՒՀԻ Դրսից օգնության հույս այժմ չունենք։ Մուշեղը հազիվ դիմակայում է Մամիկոնյանին ու Մերուժանին: ԲԵՐԴԱՊԵՏ Ամրոցն այս պիտի Մենք ատամներով անգամ պաշտպանենք, Քանի որ հայոց գահն է այն հիմա: ԹԱԳՈՒՀԻ Այո՛, բերդապետ, ամրոցը հանձնել Նշանակում է երկիրն այս երկրորդ անգամ գլխատել: Բայց պիտի նաև դրսի ուժերը մենք միաբանենք: (Խոռխոռունուն) Իշխա՛ն, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դու Արտագերսից հիմա հեռանաս, Ազատանուց նոր զորքերք գումարես սեպուհների հետ: Ներս է մտնում սենեկապետը: ՍԵՆԵԿԱՊԵՏ Աղետ է պատահել, թագուհի՛: Իշխան Անդոկի զորքը պարտվել է: (Մի պահ բոլորը լռում են): ԹԱԳՈՒՀԻ Ողջը ասա, Վրթանե՛ս: ՍԵՆԵԿԱՊԵՏ Հարկադրված է եղել տեր Սյունին ընդունել մարտը, Որ կարողանա բնակչությունը թողնել քաղաքը: Իշխան Անդոկը ընկել է գերի... Լույս դառնա հոգին... Ողական ամրոցում: Սամվել և Տաճատուհի: ՏԱՃԱՏՈՒՀԻ Ինչո՞ւ ես այդպես այլայլված, տղա՛ս: ՍԱՄՎԵԼ Անիծում եմ իմ ծնունդը ես, մա՛յր: ՏԱՃԱՏՈՒՀԻ Քեզ համար, Սամվե՛լ, հայրդ անում է հիմա ամեն ինչ: ՍԱՄՎԵԼ Ինձ համա՞ր, ասիր, այն էլ՝ ամեն ի՞նչ: ՏԱՃԱՏՈՒՀԻ Վերջերս դու շատ փոխվել ես, Սամվե՛լ: ՍԱՄՎԵԼ Խոսում ես այնպես, Կարծես չի փոխվել մեր շուրջը ոչինչ: Կրակի հոտ եմ առնում այս տնից: ՏԱՃԱՏՈՒՀԻ Կրակն է, տղա՛ս, ակունքը կյանքի: ՍԱՄՎԵԼ Կրակն աստվածն է թշնամի արյաց: ՏԱՃԱՏՈՒՀԻ Աստվածն աստված է, ումն էլ որ լինի: ՍԱՄՎԵԼ Ումն էլ որ լինի՞... Հե՛տ դարձիր, մա՛յր իմ: Հե՛տ դարձրու հորս: ՏԱՃԱՏՈՒՀԻ Հետ դարձնեմ հո՞րդ: Ուր որ է արդեն նա հասնում է մեզ: Եթե կամենաս, Կարող ես շուտով դու նրան տեսնել: ՍԱՄՎԵԼ Վախենում եմ ես մեր հանդիպումից: ՏԱՃԱՏՈՒՀԻ Վախենում ես դու հարազատ հորի՞ց: Խելքի եկ, տղա՛ս: Քո քեռին շուտով արքա կդառնա, Եվ սպարապետ կդառնա հայրդ: ՍԱՄՎԵԼ Եվ մայր կդառնա ինչ-որ պարսկուհի... Հե՛տ դարձեք, մա՛յր իմ, Հե՛տ դարձեք, քանի ուշ չէ տակավին: ՏԱՃԱՏՈՒՀԻ Սամվե՛լ, լավ է դու հորդ միանաս: Շուտով երկիրն այս Կընկնի Շապուհի հզոր ոտքի տակ: ՍԱՄՎԵԼ (բռնկվելով) Ի՞նչ: Մայր իմ, զգո՛ւյշ. Հայրենյաց համար չի լինում ներում... Հայկական զորագունդ: Բանակի միջով անցնում է Մուշեղ Մամիկոնյանը հազարապետ Գնունու, Գնել Անձևացու, Շավարշ և Գազավոն սեպուհների հետ: ՇԱՎԱՐՇ Աշնանը կրած պարտությունը խիստ Կատաղեցրել է պարսից զորքերին: ՄՈՒՇԵՂ Մենք նրանց պիտի անվերջ բզկտենք: ԳԱԶԱՎՈՆ Ամեն բան քանդում ու կործանում են: ՄՈՒՇԵՂ Արտագերսը դեռ դիմակայում է: ԳՆՈՒՆԻ Եվ դրանից էլ Շապուհը շուն է դարձել կատաղի: ԳՆԵԼ Թագուհին այժմ մեր ժողովրդի Պատիվն է դարձել ու ապավենը: Վա՜յ մեզ, թե հանկարծ նրան չփրկենք: Բանակի միջով անցնելիս զինվորների խոսքից լսվում են պատառիկներ: ՄԻ ԶԻՆՎՈՐ Չեմ առնի հանգիստ, քանի չեմ լուծել վրեժն Արշակի: ՄԵԿ ՈՒՐԻՇԸ Ես իմ ձեռքերով թագը կդնեմ Արծրունու գլխին: ԱՅԼ ԶԻՆՎՈՐ Չի ճանաչում դեռ պարսիկը հային: Մի քանի զինվորներ զրուցում են՝ միաժամանակ աշխատելով: Երկու հոգի ձի է պայտում: Մեկ ուրիշը ձգում է աղեղի լարը: Մյուսը կարում է պատռված կապարճը: ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ Արքան Շապուհին չպիտի հավատար: ՄՅՈՒՍԸ (Շավասպ) Ասում են՝ արքան չի հավատացել: Առաջին անգամ, երբ Շապուհը հրավեր է ուղարկել, Արշակ թագավորը մերժել է: Երկրորդ անգամ Շապուհն ուղարկել է վարազագիր մատանիով կնքած աղ, որն արյաց համար սրբություն է, երդման հավաստիք: Արքան այդ անգամ էլ Տիզբոն գնալ չի կամեցել, բայց բդեշխներին ու նախարարներից շատերին դա դուր չի եկել: Կայսեր Հովիանոսի և Շապուհի դաշինքից հետո ստեղծվել է մի վիճակ, երբ Արշակին դեմ են եղել Շապուհը, կայսրը, բդեշխները, նախարարների ու կուսակալների մի մասը: Նրանք արդեն մի քանի տարի արքայից բացեիբաց դժգոհել են: Եվ արքան ստիպված գնացել է: ՊԱՅՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ Այդ ժամանակ մի քանի նախարար ու կուսակալ արդեն պարսից կողմն էր անցել: Չհաշված բդեշխներին: ՄՅՈՒՍ ՊԱՅՏԱՐԸ Գոնե Վասակին չտաներ: ՇԱՎԱՍՊ Ի՞նչ իմանար, որ թագավորներն էլ կարող են լինել այդքան տմարդի: ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ Հույնն էլ այնտեղ մեզ խաբեց: ԱՌԱՋԻՆ ՊԱՅՏԱՐ Ամեն տերություն ունի իր շահը: Առանց օգուտի՝ ուրիշը մեզ համար արյուն չի թափի: Դարբնոց, որի մի մասը բնակարան է: Այնտեղ են Մանասպը, նրա կինը՝ Այծեմնիկը, երկու զավակները: ՄԱՆԱՍՊ Մեր հողի վրա մենք չունենք հանգիստ: Փախչում ենք շարունակ: ԱՅԾԵՄՆԻԿ Թող Աստված զավակներին մեր լինի պահապան: ՄԱՆԱՍՊ Աստված... Հայր... Որդի... Սուրբ հոգի... Իսկ ո՞ւր են մե՛ր աստվածները, Այծեմնիկ: Ահրամազդը, Միհրը, Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Տերը... Նրանք էլ չկան: Սպանեցինք մենք մեր աստվածներին: «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր...» Մարդը աստվածներ կարո՞ղ է սպանել, Այծեմնի՛կ... «Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ...» Շապուհի վրանում: Նրա մոտ են Կարեն և Վարազ զորավարները, այլ զորագլուխներ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (բարկացած) Շա՜տ նստեցինք պատերի տակ այս ամրոցի: ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ Այս ամրոցը միանգամից անհնար է բերել ծնկի: ՄԵԿ ՈՒՐԻՇ ԶՈՐԱՎԱՐ Հավանաբար ճիշտ է, ի՛մ տեր, Պաշարումը երկարատև: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Արտագերսը փակել է մեր ճանապարհը: Ինչ էլ լինի, Վաղը պիտի բերդն այս ընկնի՛: ԿԱՐԵՆ Հրամա՛նդ, գահակալ մեծ: Վաղը մի նոր հուժկու գրոհ կձեռնարկենք: Առավոտ է: Լսվում է փողի ձայն: Պարսից բանակը պատրաստվում է հարձակման: Դարձյալ առաջ են հրվում բաբանները: Զինվորներն ուսներին են առնում սանդուղքները։ Հնչում են տարատեսակ հրամաններ։ Արտագերսում: Թագուհի, հազարապետ Գնունի, Գլակ և Արտավան նախարարներ: ՀԱԶԱՐԱՊԵՏ Սովն է սպառնում արդեն: Կարող է նաև երաշտ սկսվել: ԹԱԳՈՒՀԻ (խռովված) Սովն ու պատերազմը Նույն սատանայի զույգ զավակներն են, Երաշտն էլ՝ քույրը նրանց հարազատ: Ծանոթ է դրանց ժողովուրդը մեր: Սենեկապետի հետ ներս է մտնում բերդապետ Տիգրանը: ԲԵՐԴԱՊԵՏ Թագուհի՛, մեզնից Տերն էլ խռովեց: ԹԱԳՈՒՀԻ Ի՞նչ էր մնացել, որ դեռ չէր եղել: ԲԵՐԴԱՊԵՏ Հիվանդություն է սկսվել բերդում: Մի սոսկալի ախտ: Երկու օր առաջ երեք մարդ մեռավ, Երեկ՝ հինգ հոգի, իսկ այսօր՝ քսան: ԹԱԳՈՒՀԻ Մեր դեմ կռվում է, իրավ, սատանան: Լսվում է մարտափողի ձայն... Պատկերը փոխվում է: Հայր մարդպետն անհանգիստ քայլում է ՝ մտքում խոսելով: ՄԱՐԴՊԵՏ Ի՜նչ հիմարություն. Գլուխը դնել կացնի տակ դահճի... Եվ ի՞նչ շահեցին, Եվ ի՞նչ ստացան. Ավերված երկիր ու մոխրացած տուն: Հիմա՛ր թագուհի, Ազգ անուղղելի: Կորավ ամեն բան. Ե՛վ հող, և՛ ոսկի, և՛ իշխանություն... Եվ իշխանություն... Բայց ինչո՞ւ եմ ես քաշվել մի անկյուն. Չէ՞ որ ինձ ոչ ոք Չի զրկել դեռ իմ իշխանությունից: Չէ՞ որ կոչվում եմ ես դեռ փոխարքա, Թագավորի հայր: Եվ ինչո՞ւ ինքս չեմ խոսում անձամբ Դևի հետ պարսից: Խոսե՞մ նրա հետ: Կուզի հավաստիք... Կուզի հավաստիք... Իսկ ամեն մեծ գործ ուզում է մեծ զոհ... Թագուհին... Ի՞նչ է մտածում հիմա թագուհին: Մի տասն օր առաջ, մի տասն օր հետո... Նա եթե հիմա կամավ հանձնվի, Կարող է նաև փրկել կյանքը իր: Թագուհին կարծես ուրիշ այլ ելք չունի... Մաղխազ Խոռխոռունի, իշխան Նոյ և Բաբիկ նահապետ: ՆՈՅ Առաջին անգամ եմ այսպիսի դավաճանություն տեսնում: Մերուժանն ու Վահանը ավեր են սփռում: ԽՈՌԽՈՌՈՒՆԻ Ես նրանց գիտեմ. իշխանության համար չեն կանգնի երբեք ոչնչի առաջ: ԲԱԲԻԿ Ի՞նչ է լինելու վերջն այս ամենի: Որտեղի՞ց է մեզ գալու փրկություն: ԽՈՌԽՈՌՈՒՆԻ Փրկություն չի գա ոչ մի տեղից մեզ, եթե ինքներս մեզ փրկել չուզենք: ԲԱԲԻԿ Եվ կարծես թե մենք չենք ուզում փրկվել: Քանի՜ նախարար դավաճանել է: ՆՈՅ Իշխանավորը դավաճանում է, բայց ժողովուրդը չի հնազանդվում: Մուշեղ Մամիկոնյան և Սմբատ Բագրատունի: Բանակում: ՍՄԲԱՏ Քիչ են մեր ուժերը, Մուշե՛ղ: ՄՈՒՇԵՂ Գիտեմ, ասպե՛տ: ՍՄԲԱՏ Պապն սպասում է հունական զորքին Ու սիրաշահել առայժմ փորձում նախարարներին: ՄՈՒՇԵՂ Թագավորելը դժվար է, Սմբա՛տ, Ժամանակներում այսպիսի խառնակ: Մոտենում է մի զինվոր: ԶԻՆՎՈՐ Սուրհանդակ է եկել, իշխա՛ն: (Մամիկոնյանը նայում է սուրհանդակին, որն Արգամն է): ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Թագուհին է ուղարկել ինձ: Պատվիրել է՝ ասեմ, Որ վիճակը Արտագերսի ծանրացել է սաստիկ: Սկսվել է բերդում մի ժանտ համաճարակ: Մեռնում են ամեն օր մարդիկ հարյուրավոր: ՄՈՒՇԵՂ Հիմա էլ՝ համաճարա՞կ: ՍՄԲԱՏ Թիկունքից ենք մենք ստանում դարձյալ հարված: ՄՈՒՇԵՂ Ճիշտ կլինի, որ թագուհին Արտագերսից տեղափոխվի: ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Դա շատ վտանգավոր քայլ կլինի, տե՛ր իմ: Շրջապատը բոլոր հսկում է թշնամին: Լազիկայի անտառում: Պապ թագավոր, Գնել Անձևացի և Շահակ: ԹԱԳԱՎՈՐ (Շահակին) Լուրդ դաժան էր: (Մի պահ լռում է): Աղվանաց կողմից ոչ մի հույս չկա: Բանագնացին Ուռնայրը նույնիսկ չէր էլ ընդունել: Շերգիրի հետ նա կբռնի կողմը արյաց արքայի: Վրացիները չեն ուզում ելնել սրի դեմ պարսից, իսկ քուշանները... Դժվար է նրանց լեզուն հասկանալ: ԳՆԵԼ Ինչպես դժվար է հասկանալ հույնին: ԹԱԳԱՎՈՐ Հույնը գիտի, թե ինչ կանի, բայց մենք երկար չենք սպասի: Այսօրվանից դու ես, Գնե՛լ, սպարապետն արևելյան մեր զորքերի: Մի նոր բանակ շուտ ժողովիր: ԳՆԵԼ (գլուխ խոնարհելով) Հրամա՛նդ, տե՛ր: Արտագերսում: Կողք կողքի շարված են տասնյակ դիակներ, որոնց թաղում են հոգնած, ուժասպառ մարդիկ: Մահացածների մեջ են Ռշտունյաց Մեհեն և Սահառունյաց Մուշկ նահապետները, Գլակ և Արտավան նախարարները, ծանոթ սեպուհն ու ոստանիկը, Աստղիկը, Վաչեն, Գոռը, Վաղարշը: Պատկերը փոխվում է: Գահասենյակում՝ թագուհու մոտ են Դրաստամատ ներքինին, Մանվել Մամիկոնյանն ու բերդապետ Տիգրանը: ԲԵՐԴԱՊԵՏ Ծայրահեղ է վիճակն արդեն: Այն, ինչ որ ցայսօր չկարողացավ անել թշնամին, Արեց բախտը մեր: ԴՐԱՍՏԱՄԱՏ Փոխել է թեև իր մարտաոճը հիմա թշնամին, Չի հարձակվում դեռ, Բայց ամեն գրոհ կարող է արդեն վերջինը լինել: Բերդում զինակիր մի քանի հարյուր մարդ է մնացել: ԹԱԳՈՒՀԻ (հուսահատ) Ձեր առաջարկը ասա, ներքինի՛: ԴՐԱՍՏԱՄԱՏ Հայոց թագուհին նույնն է հիմա, Ինչ միջնաբերդը քաղաքի համար... Առաջարկում ենք Վտանգն աչքի տակ առնել, տիրուհի՛, Եվ այս իսկ գիշեր հեռանալ բերդից: ԹԱԳՈՒՀԻ Այդ միջնաբերդը, իմ Դրաստամատ, Դարձել է արդեն անպաշտպան մի վանք: Ավա՜ղ, մեր Աստված դարձյալ մեզ լքեց... Ներս է մտնում սենեկապետը, որը նոր ծառայող է: ՍԵՆԵԿԱՊԵՏ Տիրուհի՛ հայոց, Հայր մարդպետը մեր գաղտնի գետնուղով Մտել է ամրոց: Ներկաներն անակնկալի են գալիս... Անհուշ բերդում: Արշակ թագավորն արթնանում է մղձավանջային նիրհից: Նկատելի է, որ տեսել է ծանր երազ: Լսվում են ոտնաձայներ: Դուռը բացվում է: Ներս են մտնում բանտապետն ու ծառայողը: ԲԱՆՏԱՊԵՏ Թույլ տուր զեկուցել, թագավո՛ր հզոր, Բերվել է արդեն ընթրիքը քո ճոխ: (Ծառայողը թագավորի առաջ ուտելիք է նետում): Արդյոք չի՞ ուզի իր գինարբուքին Արքան մասնակից դարձնել մի քանի չքնաղ բամբիշի: (Թագավորն արհամարհաբար լռում է): Ու հայտնեմ նաև, որ Աքիլլեսին Կանչել է Տիզբոն արքան արքայից: ԹԱԳԱՎՈՐ Դե լռի՛ր, սև օձ: ԲԱՆՏԱՊԵՏ Լավ է լինել օձ, քան շղթայակապ հայոց թագավոր: Քո Հայաստանը ծնկած է արդեն մեր սրի առաջ: Մնում է մի զարկ: ԹԱԳԱՎՈՐ Իմ Հայաստանը վաղ թե ուշ կրկին ոտքի կկանգնի Ու պարսից օձին ոտնատակ կանի: ԲԱՆՏԱՊԵՏ Պարսկական օձը արդեն թագուհուդ ոտքերն է կապել: Հայոց թագուհու, քո Փառանձեմի: Ոտքերը կապել ու ծոցն է մտնում: Քո սիրած ծոցը... Արտագերսում: Թագուհի և հայր մարդպետ: ԹԱԳՈՒՀԻ Իմացիր դու չա՛փդ, մարդպե՛տ: Պարիսպների՛ց քեզ կկախեմ: ՄԱՐԴՊԵՏ (հանգիստ) Փրկություն չէ դա, թագուհի՛: Ամրոցը այս աքցանների մեջ է առած, Ու չես կարող հեռու գնալ: Պետք է Շապուհի առջև կամովին Հիմա խոնարհվես ու ներում հայցես, Եթե ուզում ես քո կյանքը փրկել: Ոչ մի ուրիշ ելք այս պահին չկա: ԹԱԳՈՒՀԻ Ցավում եմ, մարդպե՛տ: Մի՞թե մինչ հիմա դու չհասկացար, Որ հայոց տիկնանց տիկինը երբեք Չի կարող ծնկել ու կյանք աղերսել: Ես պարտվեցի, տիա՛ր, Բայց ոչ Շապուհին... Արձակում եմ քեզ: Ազատ ես։ Գնա՛։ Եթե կարծում ես, թե հանձնվելն իմ Հագուրդ է տալու ծարավին դևի, Ասա, որ բաց են դռները բերդի: Պարսկական զորամաս: Ձիերը կողք կողքի վարում են Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը: Զգացվում է, որ նոր են ավարտել հերթական ճակատամարտը: Երկուսն էլ հագել են զրահներ, ձեռքներին ունեն բազպաններ, ոտքներին՝ զանգապաններ: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Չէի սպասում դիմադրություն այսպես կատաղի: ԱՐԾՐՈՒՆԻ Կատաղությունն այս երկար չի տևի: Մոտենում է մի զինվոր: ԶԻՆՎՈՐ Տե՛ր Արծրունի, ինչ-որ մի կին Ցանկանում է քեզ հետ խոսել: ԱՐԾՐՈՒՆԻ Վրանիս մոտ թող սպասի: ԶԻՆՎՈՐ (Վահան Մամիկոնյանին) Տե՛ր մեծավոր, լուր կա և՛ քեզ. Ողականից սուրհանդակ է մի նոր եկել: Շապուհի վրանի մոտ: Հայր մարդպետը՝ պարսիկ զինվորի ուղեկցությամբ: ԶԻՆՎՈՐ (վրանը հսկող պահակներին) Այս մարդը իրեն կոչեց հայր մարդպետ: Արքային է նա կամենում տեսնել: ՊԱՀԱԿ Սպասեք այստեղ: (Մտնում է վրան, դուրս գալիս և մարդպետին ուղեկցում Շապուհի մոտ: Մարդպետը ներս է մտնում և ծնրադիր գլուխ խոնարհում): ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Մարդպե՞տ... ՄԱՐԴՊԵՏ Ես եմ, այո՛, տեր: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Քեզ ի՞նչն է ինձ մոտ բերել, Հա՛յր մարդպետ, այնպիսի ժամի, Երբ թշնամի ենք դարձած ոխերիմ: Երբ փակ են ձեր տան դռներն իմ առջև: ՄԱՐԴՊԵՏ Արքայի՛ց արքա, Բարի լուրով եմ ես եկել այստեղ: Բաց են ամրոցի դռները արդեն: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (ապշած) Բաց են դռնե՞րը: Թե չհաստատվի ասածդ հանկարծ Հենց այդ դռներից ես քեզ կկախեմ: ՄԱՐԴՊԵՏ Ինչպե՞ս կարող է լուրն անհավաստի Նվաստս հայտնել արքային պարսից: Դռներն իսկապես բաց են, տիրակա՛լ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Ինչպե՞ս հասկանամ: ՄԱՐԴՊԵՏ Ինչ-որ մահաբեր մի հիվանդություն Դատարկել է ողջ ամրոցը վաղուց: Մի քանի մարդ կա հիմա լոկ այնտեղ Եվ Փառանձեմը՝ թագուհին հայոց, Որը ինձ անսաց, դարպասը բացեց: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Լսածից զարմացած՝ մի պահ լռում է): Ձեր բարի կամքը Չափազանց շատ է ուշացել, մարդպե՛տ: Այն հիմա արդեն քայլ է ճարահատ Եվ խիստ պարզունակ... Չի՛ լինի այժմ ոչ մի ներում ձեզ: Մարդպետը հայացքը բարձրացնում, նայում է Շապուհին... Մերուժան Արծրունին մոտենում է իր վրանին և տեսնում կնոջը՝ Խանդուխտին: ՄԵՐՈՒԺԱՆ Խանդո՞ւխտ: Դու այստե՞ղ: Եթե տեսնեի իմ վրանի մոտ մորս հանգուցյալ, Թերևս այսքան չէի զարմանա: Քո տեսքը, սակայն, նման է գույժի: (Մտնում են վրան: Մերուժանը մոտենում է, որ գրկի, բայց կինը չի թողնում): Փակո՞ւմ ես դու քո գիրկը իմ առջև: ԽԱՆԴՈՒԽՏ Գիրկն իմ օծված է հայոց մեռոնով... ՄԵՐՈՒԺԱՆ (խռովված) Եկել ես այստեղ՝ ինձ տալու դասե՞ր: ԽԱՆԴՈՒԽՏ Ես եկել եմ, որ քեզ ուշքի բերեմ: Դարձի՛ր, Մերուժա՛ն, ճանապարհից այս: ՄԵՐՈՒԺԱՆ Ճանապարհից այս չկա հետադարձ: ԽԱՆԴՈՒԽՏ Ուրեմն հավերժ, հավերժ կանիծվի Արգանդը քո մոր: ՄԵՐՈՒԺԱՆ Օրհնվում է միշտ Թագավոր ծնած արգանդը, Խանդո՛ւխտ: ԽԱՆԴՈՒԽՏ Ի՞նչ են կոչելու զավակներին մեր: ՄԵՐՈՒԺԱՆ Արքայազուններ կկոչեն հարկավ: ԽԱՆԴՈՒԽՏ Աղաչում եմ քեզ... ՄԵՐՈՒԺԱՆ Կես ճանապարհից սովոր չեմ շրջվել: ԽԱՆԴՈՒԽՏ Մե՛կ էլ մտածիր: ՄԵՐՈՒԺԱՆ Ի՛նքդ մտածիր, եթե ուզում ես դառնալ թագուհի: ԽԱՆԴՈՒԽՏ Դու այդ սև գահին երբեք չես հասնի: ՄԵՐՈՒԺԱՆ Ոտքս դրել եմ արդեն սանդուղքին: ԽԱՆԴՈՒԽՏ Խաբկանք է դա լոկ: Պատրանք է միայն: Գահն էլ հո սիրուն կի՞ն չէ, Մերուժա՛ն, Որ Շապուհը քեզ տա իբրև նվեր, Ինչպես քրոջն իր, Քո Որմիզդուխտին... ՄԵՐՈՒԺԱՆ Անիծո՞ւմ ես ինձ: ԽԱՆԴՈՒԽՏ Ես եկա միայն, որ զգուշացնեմ... Վահան Մամիկոնյանը՝ վրանում: Ընդունել է սուրհանդակին: ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Տիկինն ասաց, որ Սամվելը վրդովված է: Այն էլ՝ սաստիկ: Չի հանդուրժում ատրուշանը: Դարձել է խիստ դյուրագրգիռ: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Որտե՞ղ է նա հիմա, գիտե՞ս: ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Ողականից նա դուրս եկավ ինձնից առաջ: Ասաց՝ հայտնեմ, Որ ուզում է քեզ հանդիպել: Արտագերսի պարիսպների մոտ: Պարսկական մի զորախումբ հասնում է բաց դարպասին և, այս ու այն կողմ նայելով, ներս մտնում: Բերդի ներսում: Պարսիկ զինվորները ելումուտ են անում դատարկ սենյակները: Ջարդում են, թալանում: Ոտնատակ են տալիս խաչեր ու խաչվառներ, մագաղաթներ ու նկարներ: Մի քանի զինվոր մտնում է գահասրահ, որտեղ գահի վրա նստած է թագուհին՝ շրջապատված նաժիշտներով: Այնտեղ են նաև Դրաստամատ ներքինին, Մանվել Մամիկոնյանն ու բերդապետ Տիգրանը, որոնք, սրերը հանած, ուզում են թագուհուն պաշտպանել, բայց նա հասկացնում է, որ հարկավոր չէ: ՄԻ ԶԻՆՎՈՐ Այստե՜ղ է թագուհին, այստե՜ղ: ԱՅԼ ԶԻՆՎՈՐ (ծաղրանքով) Ողջո՛ւյն՝ բամբիշին: Մի քանի հոգի անմիջապես ձերբակալում է Դրաստամատ ներքինուն, Մանվել Մամիկոնյանին ու բերդապետ Տիգրանին: ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ Տեսեք՝ ինչպես է հայոց թագուհին արդեն դողդողում: ԱՅԼ ԶԻՆՎՈՐ Ցանկությունից է: Պառկել է ուզում: (Ընդհանուր ծիծաղ): Թագուհին, հանձնվելու համար կարծես զղջալով, փորձում է դաշույնով լինել ինքնասպան, բայց զինվորները ձեռքը բռնում են: ՁԵՌՔԸ ԲՌՆՈՂ ԶԻՆՎՈՐ Չէ՛, թագուհի՛, այսպես չեղավ: Շապուհի վրանում: Զեկուցում է մի զորավար: ԶՈՐԱՎԱՐ Արեգակին բարձակից արքա՛ արքայից, Արտագերս ամրոցն ընկած է արդեն, Հայոց Փառանձեմ թագուհին՝ գերված: Եթե կամենա արքան արքայից, Հենց այս իսկ պահին կներկայացվի Տիկինը տիկնանց: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (փայլող աչքերով) Հայոց թագուհի՜ն... Բամբի՜շը հայոց... Վրա՛նս բերեք: Այդ գեղեցկուհուն Նախ կվայելեմ ես արքայաբար, Իսկ հետո, որպես ռազմի ավար, Զորքին իմ կտամ: Հայոց թագուհին պատիվն է հայոց. Թող պղծի նրան իմ ամեն զինվոր: Հայոց թագուհի՛ թող որ վայելի Զինվորը պարսիկ: Քառատրոփ սլանում է մի հեծյալ: Մտնում է հայոց բանակի մեջ և մոտենում Մուշեղ Մամիկոնյանին: ՀԵԾՅԱԼ Տե՛ր Մամիկոնյան, Արտագերսն ընկավ: Բոլորը մի պահ քարանում են: Տիրում է ողբերգական լռություն: Սկսվում է սոսկալի փոթորիկ: Մի հաստաբուն ծառ կոտրվում է... Պարսից բանակում: Շապուհի վրանից թագուհուն դուրս են հրում: Նրան ծաղրում ու անարգում են զինվորները: Երկու հոգի բռնում են ձեռքերը, մեկ ուրիշն ուզում է հանել պատռված զգեստը: ՀԱԳՈՒՍՏԸ ՀԱՆՈՂ ԶԻՆՎՈՐ Այս շորերը քեզ հարմար չեն գալիս: (Դաշույնով օձիքը բացում է): Ա՛յ, լավ է այսպես: ԿԱՐԵՆ (այդ զինվորին) Շատ ես շտապում: Զո՛րք, հապա շարվի՛ր: (Զորքը շարվում է): Հայոց թագուհու մերկությունը մենք Բոլորիս առաջ հիմա կբացենք: (Զինվորները շարունակում են թագուհու ձեռքերը պահել բռնած: Կարենը մոտենում և սրով հագուստները պատռում-հանում է): ՄԵԿ ԱՅԼ ԶՈՐԱԳԼՈՒԽ Բերե՛ք Արշակի դրոշը այստեղ: Դրոշը փռում են գետնին, թագուհուն նետում դրոշի վրա... Վան քաղաքում: Միջնաբերդի սենյակ: Պատուհանի մոտ նստած է Համազասպուհին: Կարդում է ինչ-որ մատյան: Ներս է մտնում դայակը՝ ձեռքին մագաղաթ: ԴԱՅԱԿ Տիրուհի՛, դպիրը Մար Աբաս Կատինայի մատյանն է թարգմանել: Ասում է՝ այստեղ պատմություններ կան նաև մեր մասին: ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ (նոր բերած մատյանը նայելով) Իսկ ի՞նչ լուր կա մեր աշխարհից, Անահի՛տ: ԱՆԱՀԻՏ Միայն բոթ, տիկի՛ն: Քիչ առաջ եկավ լրաբեր: Թագուհին բացել է դարպասն ամրոցի, կամավ հանձնվել: Թշնամին արդեն մեզ է մոտեցել: ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ (Կարճատև լռությունից հետո կարդում է): «Աղեղնավոր Հայկը պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է Բելի կրծքին, և սլաքը, շեշտակի թափ անցնելով նրա կրծքի միջով, գետին է խրվում»: Այսպես է եղել, Անահի՛տ, կլինի այսպես: Հայաստանն ասպատակող պարսկական զորքեր, որոնց առաջնորդում են Մերուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը: Կոտորած: Հրդեհ: Տեղահանում: Հոծ խմբերով գերիներ: Գերեվարված մի խմբի մոտ: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (Նայում է գերիներին և դիմում նրանցից մեկին): Ի՞նչ է անունդ: ԳԵՐԻ Զվիթ են կոչում: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Տեսնում եմ, որ դու հավատի մարդ ես: Հպատակ դարձիր ճշմարիտ Աստծուն, Ստացիր ներում: ԶՎԻԹ Գա՛ռ իմ մոլորյալ, Չի կարող երբեք հավատի մարդը թողնել իր հոտը: Նա կյանքը պիտի հոտին իր զոհի: Շնորհակալ եմ քո գթությունից: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Սատկիր ուրեմն, ինչպես քոսոտ շուն: (Հեռանում է): Ներսես կաթողիկոս, Հուսիկ և Փավստոս եպիսկոպոսներ: ՀՈՒՍԻԿ Տե՛ր հոգևոր, Միաբանման ջանքերը մեր անցան իզուր: Մեր բազմաթիվ նախարարներ մնացին խուլ: Քո կոչն անգամ հորդորալի Հնչեց որպես ձայն բարբառո հանապատի: ՓԱՎՍՏՈՍ Իսկ ժամը արդեն օրհասական է: Պարսիկ բորենին հոտի մեջ մտել ու հոշոտում է: ՀՈՒՍԻԿ Քաղաք քաղաքի հետևից առնում, Բնակչությանը սրի են քաշում: ՓԱՎՍՏՈՍ Ինչը կարող են քանդել, քանդում են: Ինչը կարող են այրել, այրում են: ՀՈՒՍԻԿ Վանքերի տեղում մեհյան են շինում: ՓԱՎՍՏՈՍ Քահանաներից պահանջում են, որ մոգություն անեն: Մեր հավատավոր կանանց* անարգում, Սրբապղծում են: ՀՈՒՍԻԿ Ով չի կամենում հպատակ դառնալ իրենց կրոնին, Քաշում են սրի կամ տանում գերի: ----------------------------------- *Տերմին է կույսերի և մայրապետների համար: Կաթողիկոսը մղձավանջային երազի պես հիշում է իր մոտ եկած պատվիրակությանը: ՏՄՈՐԻՔԻ ՏԵՐ Մենք այլևս չենք կարող դիմանալ ու ոչ էլ՝ կռվել: ԻՆՉ- ՈՐ ՄԵԿԸ Ավելի լավ է, որ հպատակվենք պարսից արքային, Քան թե Արշակին: ՄԻ ԿՈՒՍԱԿԱԼ Եթե Արշակը ուզում է կռվել, Թող Վասակի հետ կռվելու գնա: ԱՐՑԱԽԻ ՏԵՐ Մեզնից ոչ մեկը չի սատարելու այլևս նրան: Շարունակվում է նախորդ դրվագը: ՀՈՒՍԻԿ Արտագերսն արդեն դարձել է ավար: Թագավորական գանձարանից էլ ոչինչ չի մնում: ՓԱՎՍՏՈՍ Ավերված են արդ Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիաշատը, Շահապիվանը, Վանը... ՀՈՒՍԻԿ Բնակչությունը բյուր հազարներով գերի է տարվում: ՓԱՎՍՏՈՍ Մեր աշխարհը դեռ չէր տեսել ցայսօր այսպիսի աղետ: ՀՈՒՍԻԿ Տեղահանություն չէր եղել նման: ՓԱՎՍՏՈՍ Մի աննախադեպ դաժանությամբ է Շապուհը լցված: ՀՈՒՍԻԿ Գերված այրերին նա ոտքի տակ է տալիս փղերի, Կանանց ու մանկանց՝ հանում ցցերի: Երևում են համապատասխան դրվագներ: Պարսիկ զինվորները շղթայակապ տղամարդկանց գցում են փղերի առաջ, որոնց նրանք կնճիթներով բարձրացնում ու խփում են գետնին, կատաղորեն տրորում: Մեկ այլ տեղում ցցի են հանում գերիներին: ՀՈՒՍԻԿ (Շարունակում է) Մեր ազնվական տիկնանց մերկացնում Ու նստեցնում է հրապարակի երկու կողմերում: Անցնելիս աչքը ում հավանում է, Տանում է իր մոտ պիղծ խառնակության: ՓԱՎՍՏՈՍ Սրի է քաշել հրեշն այդ բոլոր այրերին Սյունյաց: Կանանց անարգել ու սպանել է, Երեխաներին՝ ներքինիացրել: ՀՈՒՍԻԿ Չհպատակված մեր իշխանների Կանանց պահում են ամրոցների մեջ: Մազդեզանց հավատն ով չի ընդունում, Կախել են տալիս նրան պարսպից: Վան քաղաքի միջնաբերդում: Համազասպուհի և բերդակալ: ԲԵՐԴԱԿԱԼ Ես հրամանը ունեմ քո եղբայր Մամիկոնյանի: Քեզ դաժան մահով կտամ սատակել, Եթե այսուհետ կրակ չպաշտես: ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ Ասել եմ ես քեզ ի սկզբանե, որ ավելի շուտ Ձեր մոգերն իրենց կաշին կփոխեն: ԲԵՐԴԱԿԱԼ Խոսելուց առաջ թագուհուդ հիշիր: ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ Եվ դու էլ հիշիր, Որ եղբայրը իմ Վասակն է եղել, Իսկ որդուն նրա կոչում են Մուշեղ: ԲԵՐԴԱԿԱԼ Քո մերկ մարմինը Ես կախել կտամ այս աշտարակից: Մերկությունդ թող ամեն շուն տեսնի: ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ Դիվական վարքով ինձ չես վախեցնի: ԲԵՐԴԱԿԱԼ Սև ագռավները կհանեն քո այդ սիրուն աչքերը: Կփտես՝ կախված դու աշտարակից: Մտածի՛ր, տիկի՛ն Համազասպուհի: ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ Արդեն ասացի: ԲԵՐԴԱԿԱԼ (Կանչում է): Դահի՛ճ: Հայկական ասպախումբ: Մաղխազ Խոռխոռունի, Պարգև Ամատունի, Բատ Սահառունի, Նոյ իշխան, Սամվել, Գազավոն և Դարայ սեպուհներ: ԱՄԱՏՈՒՆԻ Մեր օգտին չէ ոչինչ: ՆՈՅ Սատանան գործը իր լավ է տեսել: Պարսկաստանը լեզու է գտել քուշանների հետ, Բյուզանդիան՝ գոթերի, ու երկուսի համար էլ պահը հարմար է, որ մեզ վրա հիմա սրերը փորձեն: ԳԱԶԱՎՈՆ Եվ ավելացնենք, որ պառակտված է մեր իշխանությունը: ԱՄԱՏՈՒՆԻ Մեր շատ նախարարներ չեն ուզում դարձյալ հպատակ լինել մեր արքաներին, հլու-հնազանդ քաշում են սակայն լուծը օտարի: ՆՈՅ Իրավ այդպես է: Նրանցից ոմանք հարել են հույնին, ոմանք՝ պարսիկին: ԱՄԱՏՈՒՆԻ Ե՛վ պարսիկը, և՛ հույնը ամեն բան անում են քողի տակ հավատի, բայց երկուսի համար էլ հավատը պատրվակ է: Մեր արքան թեև երիտասարդ է, բայց այս ամենը լավ հասկանում է: ԲԱՏ Իմ սրտով չէ, Պարգև՛, որ թաքնվում է մեր թագավորը: Արքան միշտ պիտի իր գահին լինի կամ էլ՝ նժույգին: ԱՄԱՏՈՒՆԻ Իսկ ի՞նչ կփոխվեր, թե գահին լիներ Արտագերսի մեջ: ԲԱՏ Թագավորը երբ գահին չի նստում, ժողովուրդն իրեն անտեր է զգում: ԴԱՐԱՅ (Զգացվում է, որ բորբոքված է): Իրավ ես դու, Բա՛տ: Իրավ է ասում նաև Պարգևը: Բայց չմոռանանք, որ մինչև հիմա դրսի թշնամին չի կարողացել մեզ հաղթել մենակ: (Ներկաները թեթևակի նայում են Սամվելին, որը ներքուստ վրդովվում, բայց իրեն զսպում է): Մենք մեր վրեժը նախ պիտի առնենք ներքին թշնամուց, որ մեզ չհանի ցցերի վրա ու մեր վանքերը չդարձնի մեհյան: ՍԱՄՎԵԼ Սո՛ւս մնա, Դարա՛յ: ԴԱՐԱՅ Ի՞նչ է, հուզվեցի՞ր: Որ հայրդ ու քեռիդ թշնամին են մեր, չի հուզում դա քեզ: Նա, ով մորեմերկ տալիս է կախել անգամ քրոջն իր, դևի ծնունդ է և ոչ թե հայի: ՍԱՄՎԵԼ Քո չափը զգա... ԴԱՐԱՅ Ի՞նչ չափ, իշխանի՛կ, երբ մայրդ էլ արդեն դարձել է պարսիկ: (Ուզում են հարձակվել մեկմեկու վրա, բայց մյուսները միջամտում են): Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը՝ պարսից բանակում, ձիերով: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Արձակել եմ նոր հրաման՝ Այրե՛լ բոլոր տները այն, Ուր կլինի քրիստոնյա: ԱՐԾՐՈՒՆԻ Կա՛մ մեհյաններ պիտի հիմնեն, Կա՛մ էլ՝ մեռնեն: Այլ ելք չունեն: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Չեմ հասկանում, Թե դեռ ինչու չեն հանձնվում: Հույսն էլ ո՞վ է սրանց մնում: ԱՐԾՐՈՒՆԻ Արտագերսը վկա, Վահա՛ն, Իրենց աստված ու Պապ տղան, Որը պիտի իր պապերի Վարձը ամբողջ ինձ վճարի: Գիտես, ինչպես դրանց ձեռքով Կոտորվեց մեր ցեղը ամբողջ: Չի հանդարտվի արյունը իմ երակներում, Վրեժը իմ թե չլուծեմ: Որտեղ էլ որ Պապ կոչեցյալն այդ թաքնվի, Գլուխը իմ սրից կընկնի: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Դավանում են մի սուտ հավատ, Այն էլ՝ սրով պարտադրված: ԱՐԾՐՈՒՆԻ Պարտադրված կլինեն արդ Ուրանալու հավատն էլ այդ: Մոտենում է մի զինվոր և դիմում Մամիկոնյանին: ԶԻՆՎՈՐ Տե՛ր իմ, հենց նոր եկավ բանբեր: Սամվել իշխանն ասել է, որ անտառի մեջ՝ Աղբյուրի մոտ, կսպասի քեզ: ԱՐԾՐՈՒՆԻ Մոլորված որդին վերադառնում է կարծես հոր գիրկը: Սամվել Մամիկոնյանը թիկնապահի՝ Աբելի հետ՝ անտառի ճանապարհին: Հեռվում երևում է պարսից բանակը, որտեղ զինվորները ծանակում են մի խումբ աղջիկների: ՍԱՄՎԵԼ Գոհա՞րն էլ այնտեղ էր, Աբե՛լ: ԱԲԵԼ Այնտեղ էր, Սամվե՛լ: ՍԱՄՎԵԼ Նրանց մե՞ջ: ԱԲԵԼ Չէ՛, իշխան: ՍԱՄՎԵԼ Կանանոցի՞: ԱԲԵԼ (գլուխը պտտելով) Նա փրկվեց, ասպե՛տ... իր սրով: ՍԱՄՎԵԼ Փրկվեց... Իսկ ինձ փրկություն չկա այլևս: (Հայացքն ուղղում է վեր): Ներիր ինձ, Գոհա՛ր իմ... Պարսից բանակում: Զինվորները գերված աղջիկներից պահանջում են մերկանալ: Ով հրաժարվում է, սպանում են: Սամվելն ու թիկնապահը նայում են անզոր կատաղությամբ: Մի աղջկա մերկացնում են բռնությամբ, մեկ ուրիշին՝ գլխատում: Մի քանիսն ուշաթափ ընկնում են: Սամվելը, այլևս չկարողանալով նայել, գլուխը շրջում է: Մի որոշ ժամանակ գնում են լուռ: Պարսից բանակից ծուխ է բարձրանում: ԱԲԵԼ Այրում են... Սամվելը, ձին խթանելով, շրջվում է անտառի կողմը: Վահան Մամիկոնյանը՝ համհարզի հետ, աղբյուրի մոտ: ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Մենք արդեն հասանք, բայց տղաս չկա: ՀԱՄՀԱՐԶ (Նայում է շուրջը: Լսվում է ձիերի դոփյուն): Գալիս է, ահա՛: Վահան Մամիկոնյանը ձիուց ցատկում է և գնում Սամվելին ընդառաջ: Նրա համհարզն ու Աբելը հեռանում են: ՎԱՀԱՆ Վերջապես ես իմ տղային գտա: (Ուզում է ողջագուրվել, բայց Սամվելը խուսափում է): ՍԱՄՎԵԼ Շատերը, սակայն, չեն գտնում արդեն Ո՛չ տղաներին ու ո՛չ հայրերին: ՎԱՀԱՆ Դու տենդի մեջ ես: Արյունով են լի աչքերդ, տղա՛ս: Այրվում է դեմքդ: ՍԱՄՎԵԼ Հիմա մեր ամբողջ՝ Արյունով լցված երկիրն է այրվում: ՎԱՀԱՆ Քեզ մոլորված եմ տեսնում ես, Սամվե՛լ: Երիտասարդ ես, Իսկ իմ մազերը սպիտակում են։ ՍԱՄՎԵԼ Ասում են՝ շատ էր սպիտակ նաև Պարսպից կախված Համազասպուհին: ՎԱՀԱՆ Իսկ դա քեզ արդեն չի՛ վերաբերում: ՍԱՄՎԵԼ Ասում են՝ նրան տեսնելու համար Միջնաբերդ էին շատերը գնում: ՎԱՀԱՆ Ասում եմ՝ վե՛րջ տուր: ՍԱՄՎԵԼ Վե՞րջ տամ: Այո, վե՛րջ, Վե՛րջ տվեք, հա՛յր իմ: Քիչ առաջ տեսա, թե ինչպես էին Քո զինվորները աղջիկներ մորթում: ՎԱՀԱՆ Ես ասացի, որ դու մոլորված ես: ՍԱՄՎԵԼ Ինչպե՞ս կարող է չմոլորվել նա, Ում հայրն ու մայրն են դարձել դավաճան: ՎԱՀԱՆ Խելքդ չի կտրում՝ լավ է, որ լռես: Իմացիր, որ մեզ միայն պարսիկը կարող է փրկել: Շապուհը դեմ չէ, Որ դու էլ իր մոտ զորական լինես: ՍԱՄՎԵԼ Ծաղրո՞ւմ ես դու ինձ: Շապուհը թող որ արքաներ բանտի՝ Խաբելով նրանց: Թող որ նենգությամբ Սպարապետներ անի մորթազերծ, Կին բռնաբարի: Ես եկել եմ, հա՛յր, քեզ ասեմ մեկ բան. Դու մեր ճակատին Ուրացողի սև խարան մի՛ դաջիր: ՎԱՀԱՆ Այդ ո՞ւմ վրա ես բղավում այդպես: ՍԱՄՎԵԼ Ես խնդրում եմ քեզ: Հորդորում եմ, հա՛յր... Պահանջո՛ւմ նաև... ՎԱՀԱՆ Սպառնո՞ւմ ես դու: Սպառնում ես ի՞նձ: ՍԱՄՎԵԼ (Ձեռքը տանում է սրին): Պահանջում եմ ես մի վերջին անգամ... ․ |
Abone ol ve malalelerin yayınla: