Հայաստանի Առաջին Հանրապետության օրը Աքորու մշակույթի տանը նշանավորվեց «Հայրենիքը սրտիս ափի մեջ» խորագիրը կրող հայրենասիրական միջոցառմամբ, որին մասնակցում էին ապագա զինվորներ, իսկ հատուկ հյուրերի շարքում էին «Նեմեսիս»
մահապարտների ջոկատի հրամանատար Գառնիկ Ղուկասյանը, ջոկատից ներկայացուցիչներ, զինվորականներ, ուսուցիչներ...
Աքորու մշակույթի տանը հաճախ են կազմակերպվում տարաբնույթ հայրենասիրական ծրագրեր, սակայն այս միջոցառումն առանձնանում էր իր բազմաբովանդակ բնույթով:
Խաղաղություն, պատերազմ, ցավ, հուսահատություն, հավատ, ոգեշնչում, հույս, լավատեսություն... ահա թե ինչին ականատես եղավ հանդիսատեսը՝ ներկա գտնվելով միջոցառմանը:
Գաղափարի հիմքում ընկած էր սերը առ հայրենիք, այն սերը, որը կարող է տեղավորվել միայն սրտի ափի մեջ, և որի դրսևորումներից է հայրենիքը չլքելը, հայրենի հողին ամուր կապված լինելը, այնտեղ քարը քարին դնելը, այգի տնկելը...
Միջոցառման ավարտին Գառնիկ Ղուկասյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հատկացված պատվոգրեր հանձնեց Արցախյան պատերազմի մասնակիցներին:
Ներկաները հանդես եկան գնահատանքի խոսքերով և այն հավատի արտահայտմամբ, որ դեռ ծնվելու են հերոսներ, ովքեր բերելու են Արցախի լուսաբացը: