Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

40 օրվա պայքարը քեզ նվիրեց միայն 44 գարուններ

16:53, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
40 օրվա պայքարը քեզ նվիրեց միայն 44 գարուններ
     Աշխարհի պատերազմները չարիք են: Պատերազմը կռվող կողմերից և ոչ մեկին օգուտ չի բերում, պատերազմում հաղթող կամ պարտվող կողմ չի լինում, քանզի անխուսափելի են մարդկային կորուստները: Այդպիսինն էր Արցախյան 44-օրյա պատերազմը, որը մինչ օրս շարունակվում է, շարունակվում է այն մարդկանց հոգիններում, ովքեր այդ օրերին ունեցան հարազատ ու շատ թանկ մարդկանց կորուստ: Այդ անիծյալ պատերազմը մեզանից խլեց հազարավոր մատաղ կյանքեր, տան ճրագներ, ազգի իսկական հերոսներ: Նրանց թվում էր հայ ազգի հերոս, լեգենդար Մոնթե Մելքոնյանի հզոր ոգով, գաղափարով ու հայրենասիրությամբ դաստիարակված Վալերի Սերգեյի Աղաջանյանը:
     Վալերի Աղաջանյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 22-ին ԱՀ Մարտունի քաղաքում: Ընտանիքի միակ արու զավակն էր, 3 քույրերի մինուճար եղբայրը: 1982 թ. սկսել է հաճախել Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց: Դպրոցում ուսուցիչների աչքի լույսն էր, կարգապահ ու օրինակելի աշակերտ էր, գիտեր, որ յուրաքանչյուր մարդու կյանքում ուսումը առանձնահատուկ տեղ է գրավում: Բայց ոչ, հայրենապաշտությունը նրա համար վեր էր ամեն ինչից: 1994 թվականի մարտի 24-ին, դեռ դպրոցը չավարտած, ընկերների հետ մեկտեղ անցավ պարտադիր զինվորական ծառայության: Արցախյան գոյապայքարում իր հայրենանվեր գործունեությունն է կատարել հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Ծառայության ողջ ընթացքում վայելում էր հրամանատարության սերն ու հարգանքը, միշտ բարձր էր պահում հայոց բանակի պատիվը: 1996թ-ին, երբ ավարտել էր իր պարտքը առ հայրենիք, և պետք է տուն վերադառնար, նա չկարողացավ թողնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը. առանց երկմտելու համալրեց հայոց բանակի շարքերը Մարտունու 3 պաշտպանական շրջանում, որպես հրետանավորների գումարտակի հրամանատար: 2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, և անառիկ պահել իրեն վստահված պաշտպանական դիրքերը: Նույն թվականին ստացել է 4Հգ շտաբի պետի, հրամանատարի տեղակալ, մայորի կոչում, իսկ 2018 թվականին՝ 4-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետի կոչում: Արցախյան երկու պատերազմներում իր ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սահմանի ողջ երկայնքով անցել էր հարձակման, հերոսը եղել է դիրքերում, կռվել է քաջաբար՝ չտալով և ոչ մի զոհ: 28 տարի շարունակ նա կարողացել է բոլոր պատերազմներում անառիկ պահել իրեն վստահված պաշտպանական դիրքը, քանզի Արցախի սահմանների անառիկ լինելը նրա համար դարձել էր գերնպատակ: 40 օր անընդմեջ նա պայքարում էր թշնամու դեմ, 40 օր շարունակ նա կենաց ու մահու կռիվ էր տալիս հանուն Արցախի, հանուն իր Մոնթեաբերդի պաշտպանության ու պահպանման: Սակայն նոյեմբերի 4-ին, երբ պայքար էր մղել Ղուրուչուխ կոչվող դիրքի համար, նա իր վրա վերցրեց թշնամու դավադիր հարվածը՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով իր դիրքի տղաններին: Այդ օրը նա դարձավ մեր անմահ հերոսներից մեկը, հերոս, ում մասին երբեք անցյալով մենք չենք խոսելու, ում պատիվը հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով միշտ բարձր ենք պահելու. հենց նրա նման հայրենասերների շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ու արարում ենք հայրենիքից մեզ մնացած այս մի թիզ հողում: Հերոսը ամուսնացած էր. ունի 5 երեխա՝ երկու որդի ու 3 դուստր: Նա հոգատար հայր էր, նվիրված ամուսին ու որդի, ընտանիքի հենասյուն, լավ ընկեր, եղբայր, ծառայակից, հրամանատար, սրտացավ էր բոլոր բոլորի նկատմամբ, թև ու թիկունք էր ամենքին, նա կատարյալ ու անթերի էր իր ՄԱՐԴ տեսակով: Նրա ավագ որդին՝ Մասիսը, այսօր ծառայում է հայոց բանակում, և լավ է գիտակցում հերոս հայրիկի պատգամը՝ պահել ու փայփայել Արցախը, ու տերը լինել այս չքնաղ երկրի:
     Հերոսն այսօր ննջում է Եռաբլուր պանթեոնում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
     Հավերժ փառք քե՛զ, մեր անմահ հերոս, դու միշտ մեզ հետ ես ու մեր սրտերում:
     Պատիվ ունենք, Կոմբատ ջան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1063 | 0 | 0
Facebook