Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

Մի բուռ հողն անգամ իր համար շատ թանկ էր, իսկ աշխարհում հայ լինելը՝ պարծանք

22:27, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ.
Մի բուռ հողն անգամ իր համար շատ թանկ էր, իսկ աշխարհում հայ լինելը՝ պարծանք
     2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախ աշխարհում պատերազմ սկսվեց...Հանուն հայրենիքի փրկության առաջնագիծ մեկնեցին հայ քաջազունները: Նրանց թվում էր հայրենասիրության ոգու տեր Վաչիկ Բալայանը:
     Վաչիկ Բալայանը ծնվել է Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքում 1996թվականի դեկտեմբերի 6-ին:
     Առաջին հայացքից արտաքնապես կոպիտ էր թվում, սակայն օժտված էր մարդկային լավագույն հատկանիշներով: Անսահման բարի էր, սրտաբաց ու անասելի ընկերաասեր, համեստ էր, գիտեր մեծին հարգել ու փոքրին օգնել, քչախոս էր, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր ասված խոսքը հակիրճ ու բովանդակալից էր, շրջապատում հարգված էր և վայելում էր բոլորի սերը: Սիրում էր սպորտը, իսկ ամենաշատը՝ ֆուտբոլը. այն իր համար կենսակերպ էր դարձել, մասնակցում էր ֆուտբոլային տարբեր մրցույթների և ցուցաբերում մեծ ակտիվություն ու լավ խաղ:
     2015 թվականին Վաչիկն անցավ պարտադիր զինվորական ծառայության Ջաբրայիլում, ավագ սերժանտ էր ու լավագույն դիրքի ավագներից: Մասնակցել է Ապրիլյան պատերազմին և իր ցուցաբերած խիզախության համար ստացել մեդալներ ու պատվոգրեր: Ամբողջ ծառայության ընթացքում վայելում էր հրամանատարության սերը:
     Երբ սկսվեց 2020-ի պատերազմը, Վաչիկն առանց երկմտելու մեկնեց առաջնագիծ՝ անառիկ պահելու Արցախի սահմանները, պահելու իր հայրենիքը, որտեղ ծնվել ու մեծացել էր որպես իրական հայրենասեր: Քաջաբար մարտնչել է Մարտունու երկրորդ պաշտպանականի դիրքերում, այնուհետև կամավոր մեկնել է Ֆիզուլի. չէր ուզում լավագույն ընկերոջը մենակ թողնել այնտեղ: Մասնակցել է ամենաթեժ մարտերին և, ցավոք, հոկտեմբերի 23-ին միացել անմահների շարքին՝ հոգու մեջ ամուր պահելով իր հայրենասիրությունը, իսկ իրենից հետո թողնելով Մարդ տեսակի իր կերպարը: Նա հայրենիքի պաշտպանությունը վեր դասեց իր մատաղ կյանքից, երազանքներից ու նպատակներից. դեռ քանի՜ գարուններ նա պիտի ապրեր...
     Ու դեռ չապրած բազում գարուններ՝
     Գնաց մարտի դաշտ հանուն Արցախի,
     Վաչիկ էր մեր քաջի անունը,
     Արցախ աշխարհի հզոր ծնունդը:
     Մենք պարտական ենք նրան: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
     Հավերժ փա՛ռք ու պատի՛վ հերոս Վաչիկ Բալայանին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2505 | 0 | 0
Facebook
COMMENT.am